Ինքնանպատակ գործընթացներ

Ցանկացած կուսակցություն պետք է արտահայտի հասարակության որոշ շերտի շահերը,
աշխարհայացքը, ունենա երկրում տիրող իրավիճակի քաղաքական գնահատականը եւ զարգացմանը
միտված իր բանաձեւերը:


Այդ պարագայում կուսակցությունը դիտվում է որպես մեխանիզմ-գործիք, որը օգտագործվում
է հասարակությանը պիտանի առաջընթացը ապահովելու համար: Երբ բացակայում է այդ ամենը,
կուսակցությունը վերածվում է ինքնանպատակ մեխանիզմի: Նրա գործունեությունը
անհասկանալի է լինում հասարակության համար: Նման իրավիճակներում կուսակցությունները
հանգամանքների բերում կարող են հայտնվել պահի թելադրանքով ստեղծված իշխանական
ինքնանպատակ կոալիցիաների կամ ընդդիմադիր անգաղափար դաշինքների ճամբարներում եւ
բնականաբար չեն ստանում հասարակական գիտակից ու ձեւակերպված շահեր ունեցող շերտի
աջակցությունը: Նման դեպքերում այդ իրարամերժ ճամբարներից կարելի է լսել
հայտարարություններ, որ հասարակությունը ապաքաղաքական է կամ տհաս:

Ստեղծված անհեթեթ քաղաքական իրավիճակում հասարակությունը զուրկ է կողմնորոշիչներից
եւ բնականաբար իր համար որեւէ ընտրություն կատարելու հնարավորությունից:

Քննակվող սահմանադրական փոփոխությունները միայն առիթ են, այլ ոչ պատճառ: Այսօր
արհեստական են ինչպես «այո», այնպես էլ «ոչ» քարոզարշավները: Ցանկացած անկախ
տեսակետ արտահայտելուց հետո Դուք Ձեր կամքից անկախ կարող եք համարվել այս կամ այն
ճամբարի անդամ: Ցանկացած տեսակետ արտահայտելու դեպքում Ձեզ կճզմի «բարոյական» մեղքը:
«Բարոյական» չափանիշները այսօր ձեւավորում են Նախագահի նախկին խորհրդականները,
նախկին ոստիկանության աշխատակիցները, նախկին պետական բարձր պաշտոնյաները, որոնք
ընդդիմադիր համարվելով միանգամից համալրում են սրբերի շարքը: Հակառակ կողմում նորից
«նույն» կազմն է, ուղղակի դեռեւս իշխանության գրկում մնացած:

Այսօր հասարակությունը չունի չափանիշներ եւ չափորոշիչներ: Հասարակությունը չունի
անհրաժեշտ կողմնորոշման առանցքներ: