NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում սահմանադրական հանրաքվե. միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխան, սակայն լուրջ չարաշահումների դեպքերով
2005թ. նոյեմբերի 27-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկող Եվրոպայի
խորհրդի դիտորդները ափսոսանքով նկատում են այն փաստը, որ իշխանությունները որոշում
կայացրեցին կանխել այլ միջազգային դիտորդների մասնակցությունը։ Հանրաքվեի
թափանցիկության ապահովումը էլ ավելի տուժեց խորհրդարանական ընդդիմության կողմից
ընդունված որոշմամբ՝ հետ կանչել ընտրական հանձնաժողովներում իրենց
ներկայացուցիչներին։ Ափսոսանք է հարուցում նաև այն փաստը, որ ընտրական տեղամասերում
քաղաքական բազմակարծությունը չսատարվեց տեղական դիտորդների առավել մեծ
մասնակցությամբ։

Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 14
անդամներից բաղկացած պատվիրակությունը նկատեց, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ
արտահայտեց քվեարկողների ազատ կամքը։ Սակայն, քվեարկության օրը մի քանի ընտրական
տեղամասերում դիտորդները վկա եղան լուրջ չարաշահումների, որոնք ստվեր են գցում
պաշտոնապես հայտարարված քվեարկության մասնակիցների քանակի վստահելի լինելու վրա։
Նոյեմբերի 25-ին և 26-ին պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ իշխանությունների,
ընդդիմության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների,
լրատվամիջոցների և միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ։ Դիտորդները
տպավորություն ստացան, որ հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում
լրատվամիջոցների հավասար հասանելիությունը ապահոված չէր։ Սա ոչ հավասար պայմաններ
ստեղծեց սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողների համար և խափանեց իրական
ժողովրդավարական քննարկումների կազմակերպումը։
Քվեարկության օրը Եվրոպայի խորհրդի դիտորդները այցելեցին մոտ 150 ընտրական տեղամաս
մայրաքաղաքում և մարզերում։ Ընդհանուր մթնոլորտը հանգիստ էր և հասարակական կարգը
խանգարող միջադեպեր չեն նկատվել։ Այցելած տեղամասերի մեծամասնությունում
քվեարկությունը կազմակերպվել էր միջազգային չափանիշներին համապատասխան։
Սակայն, Երևանում և մարզերում գտնվող նշանակալի թվով ընտրական տեղամասերում
իրավիճակը այդպիսին չէր։ Քվեարկությանը ծայրահեղ ցածր մասնակցությունը
չհամապատասխանեց ընտրական հանձնաժողովների տրամադրած բարձր ցուցանիշներին։ Նկատվել
են նաև ընտրացուցակներում ավելացված ստորագրությունների կեղծման և լցոնման հստակ
դեպքեր։ Ընտրական ընթացակարգը, որը պահանջում է քվեաթերթիկների վրա քվեարկելուց
հետո կնիք տեղադրել, առաջացրեց բազմաթիվ այնպիսի իրավիճակներ, որոնց ընթացքում
չհարգվեց քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Զինվորականների քվեարկությունը
բացահայտեց ազատ կամքի արտահայտման բացակայությունը, որը հանդիսանում է
ժողովրդավարական մասնակցության հիմքը։
Եզրափակելով՝ պատվիրակությունը գտնում է, որ հանրաքվեի ընթացքում տեղ գտած
չարաշահումները դեմ էին հայ ժողովրդի նպատակներին և շահերին։ Պատվիրակությունը
ակնկալում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրակրկիտ կերպով կհետաքննի
իրեն ուղղված բոլոր բողոքները, և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները կեղծիքների
համար պատասխանատուներին պատժելու համար։
Պատվիրակությունը, որի համանախագահներն էին Թոմաս Յիրսան (Չեխիայի Հանրապետություն,
Խորհրդարանական վեհաժողով) և Շոն Օ' Բրայընը (Իռլանդիա), կազմված էր.
Խորհրդարանական վեհաժողով
Թոմաս Յիրսա (Չեխիայի Հանրապետություն)
Լորդ Թոմիլսոն (Միացյալ Թագավորություն)
Ժորժ Կոլոմբյե (Ֆրանսիա)
Յան Ռժըմելկա (Լեհաստան)
Կլաուս–Յուրգան Հեդրիխ (Գերմանիա)
Գաբոր Զալայ (Հունգարիա)
Նայջել Էվանս (Միացյալ Թագավորություն)
Եվրոպայի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես
Շոն Օ' Բրայըն (Իռլանդիա)
Ալեն Շենար (Ֆրանսիա, Կոնգրեսի նախկին Նախագահ)
Լուկա Չիրիանի (Իտալիա)
Գրետա Քազընս (Միացյալ Թագավորություն)
Քրիսթըֆեր Նյուբերի (Միացյալ Թագավորություն)
Շոն Օ' Բրայըն (Իռլանդիա)
Մարյա Վան Դեր Տաս (Նիդեռլանդներ)
Վիմ Վան Գելդեր (Նիդեռլանդներ)
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
- Խորհրդարանական վեհաժողովի տեղեկատվության բաժին, հեռ.՝ +33 (0)3 88 41 31 93
- Կոնգրեսի տեղեկատվության բաժին, հեռ.՝ +33 (0)6 66 32 85 19
Եվրոպայի Խորհրդի Մամուլի Բաժին
Հեռ. +33 3 88 41 25 60 - Ֆաքս. +33 3 88 41 39 11
Էլ. փոստ: PressUnit@coe.int
Պաշտոնական տարբերակը՝ անգլերեն
http://press.coe.int/cp/2005/651a(2005).htm
