Հայաստանի եվրոպական այլընտրանքը

Վահրամ Սողոմոնյանն արժանացել է DAAD 2005 մրցանակին

Հարավային Կովկասում ԱՄՆ երկրառազմավարության
և Ռուսաստանի «լիբերալ կայսրության» կողքին


Եվրոպական ինտեգրացման գործընթացի ընդլայնումն ու խորացումը կանգնեցնում են
Եվրամիությանը նոր մարտահրավերների առջև, ինչի շնորհիվ, թերևս, առաջին անգամ ավելի
ցայտուն կերպով երևան է գալիս աշխարհաքաղաքական գործոնը: «Նարնջագույն
հեղափոխությունն» Ուկրաինայում ևս մեկ անգամ պարզ դարձրեց, որ Եվրոպայի արևելյան
թևում Թուրքիայի հետ առաջիկա բանակցությունների և անդամության հեռանկարին զուգընթաց
ի հայտ են գալիս նոր մոտեցումներ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի
ընդլայնման հետ կապված: Չնայած Եվրամիության ռազմավարությունն այսպես կոչված «Ընդլայնված
Եվրոպայի
»1 տարածաշրջանում դեռևս լիարժեքորեն ձևավորված չէ, սակայն «բազմամակարդակ
Եվրոպայի», ինչպես նաև՝ իր նոր հարևանության շրջանում Եվրոպայի «հրամայական
մարտահրավերի» մասին թեզերն արդեն լայն քննարկման առարկա են դարձել քաղաքագիտական
շրջանակներում:

Երբեմնի խորհրդային ընդհանուր համակարգից դեզինտեգրացվող Հայաստանին այսօր առաջին
հերթին անհրաժեշտ է նոր «ասպարեզ»` սեփական քաղաքական կշիռն արդյունավետորեն
մեծացնելու, և ընդարձակ արտոնյալ շուկա` արտահանման մեծացմանն ուղղված իր տնտեսական
պահանջները բավարարելու համար: Այս համատեքստում Եվրամիության հարաճուն
ներկայությունը մեր տարածաշրջանում հավակնում է դառնալ Հայաստանի ռազմավարական
այլընտրանքը: Վրաստանի օրինակով՝ ամերիկյան աջակցությամբ տեղի ունեցած քաղաքական
վերնախավի լիակատար «փոխատեղումից», կամ էլ՝ ներքաղաքական զարգացումների
հոռետեսական սցենարներից խույս տալու պարագայում հայկական մոդելի էությունը կարող է
հանգեցնել պարզապես հասարակական-քաղաքական կյանքի եվրոպականացման որդեգրմանը: Նման
գիտակցությունն առկա է, թերևս, և՛ կոալիցիոն, և՛ ընդդիմադիր շրջանակներում, իսկ,
ավելի ճիշտ՝ դրանց բարեփոխիչ ֆրակցիաներում, սակայն երկու ճամբարն էլ անհետաձգելի
որակական վերափոխման առաջ են կանգնած:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Եվրոպական ինտեգրացման գործընթացին առդեմ կանգնած են ԱՄՆ-ի երկրառազմավարությունն
ու պաշտոնավարման ժամանակահատվածում ձևավորված՝ «լիբերալ կայսրության» հայեցակարգը:2 Ամերիկացի երկրառազմավար Զբիգնև Բրզեժինսկու կարծիքով՝ «Ռուսաստանի միացումը
եվրոպական և վերատլանտյան կառույցներին, կամ էլ՝ անդամակցության որևէ ձևաչափ, երեք
կովկասյան պետության` Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի համար, որոնք գլուխները
կորցրած տենչում են միանալ Եվրոպային, մուտքի դռներ կբացի»: Հետաքրքիր է այն
հարցադրումը, թե՝ ի՛նչ ուրվագծեր է ձեռք բերում եվրոպական նախագիծը Հարավային
Կովկասում, և դրանում ի՛նչ քաղաքական գործիքներ են օգտագործվում Եվրամիության
կողմից:

Եվրոպական Միության Սահմանադրության նախագծում խարսխված և անդամ պետությունների
կողմից մինչ այժմ բազմիցս կիրառված՝ «ուժեղացված համագործակցության» սկզբունքն
ակնհայտորեն հեռանկարում հնարավոր է դարձնում նշանակալիորեն ընդլայնել Հարավային
Կովկասի երկրների հետ Եվրամիության փոխգործակցության ասպարեզը: Ըստ այդմ՝ առանձին
որևէ երկիր, ինչպես, օրինակ, Հայաստանն է, կկարողանա այնքանով մասնակցել
ինտեգրացման շրջանակին, որքանով ի վիճակի է դրան: Այսպիսով՝ «բազմամակարդակ Եվրոպան»
կարող է իր աշխարհաքաղաքական հավակնությունները շրջապատող բավականին ընդարձակ
աշխարհագրական տարածքում իրականացնել ընտրողական եղանակով: Ձեռք կբերի՞, արդյոք, ԵՄ
այլընտրանքը ժամանակի ընթացքում նաև հրամայական գծեր՝ կախված է նախ և առաջ այն
հանգամանքից, թե՝ ի՛նչ հաջողությամբ տեղի կունենա մինչև 2010 թվականը նախատեսված
եվրոպական 60 հազարանոց զորախմբի կազմավորումը, և արդյո՞ք այդ զորախումբը կկարողանա
ստանձնել խաղարարար առաքելություններ Հարավային Կովկասում: Եվրախորհրդի, այդ թվում
նաև՝ Աթկինսոնի հեղինակած, վերջին զեկույցները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,
այնուամենայնիվ, վկայում են, որ Հայաստանի և մյուս կողմերի շահերի ներկայացումը
եվրոպական կառույցներում դեռևս չի կարող փոխվստահություն ներշնչող համարվել: Այս
իրողությունը պարտավորեցնում է Հայաստանին՝ հետևողականորեն լծվել եվրոպական
հաստատություններում հայկական շահերի ներկայացման կառույցներ ձևավորելու գործին:
Թուրքիայի հնարավոր անդամակցությամբ պայմանավորված՝ Հայոց Ցեղասպանության մասին
եվրոպական բանավեճի սկիզբը, որքան էլ հակասական կարող է հնչել՝ առաջին գործուն
լծակներն է ընձեռում Հայաստանին՝ եվրոպական օրակարգի վրա ներազդելու համար: Մյուս
կողմից՝ տարածաշրջանի պետությունների արտաքին քաղաքական դոկտրիններում եվրոպական
հիմնական ամրացումը կարող է բնորոշվել որպես ռուս-ամերիկյան հակասություններից «փախուստ»
և կողմնորոշում դեպի Եվրոպական Միությունը` որպես հարաբերականորեն չեզոք և
հավասարակշռված աշխարհաքաղաքական դերակատար:3

Մինչդեռ Եվրամիության առանձին անդամ պետությունների՝ Հարավային Կովկասի նկատմամբ
քաղաքականությունը ձևավորվում է ըստ հատկանշական առաջնահերթությունների, որոնք են.
Գերմանիայի համար` ընդհանուր շուկայի ընդլայնումը, Ֆրանսիայի համար` ԵՄ քաղաքական
ներկայության ապահովումը, և Մեծ Բրիտանիայի համար` ատլանտյան
աշխարհաքաղաքականությունը (նավթային նախագծեր և այլն): Արդեն 2004թ. ապրիլին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆիշերն արտահայտեց մաքսային միության տեսքով «ընդհանուր
հարավկովկասյան շուկա
» ստեղծելու գաղափարը: Եվրամիության կողմից տարածաշրջանում
էներգիական և ենթակառուցվածքային ոլորտներին ցուցաբերվող օգնությունը (TRACECA,
INOGATE, բանկային համակարգ և այլն) որոշ առումով հենց եվրոպական այլընտրանքն է ԱՄՆ-ի
աշխարհաքաղաքականությանն ու նպատակ ունի հարավկովկասյան երկրներին ընդգրկելու
Եվրոպայի ազդեցության ոլորտում: Այս մասին Դեթլև Վոլտերը գրում է. «Եվրոպական
Միությունը պետք է ուժեղացված կերպով զարգացնի իր դերակատարումը Հարավային
Կովկասում՝ որպես օրինակարգող ուժ, առանց գերիշխանության հավակնության և, մյուս
դերակատարների նկատմամբ, ամբողջ թափով գործի դնի սեփական համեմատական
առավելությունները, ինչպիսիք են աշխարհագրական և մշակութային մերձությունը,
էներգիական և ենթակառուցվածքային շահերն ու պայմանագրորեն ամրագրված
տարածաշրջանային քաղաքական երկխոսության խրախուսումը»:

ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ

Հարավկովկասյան երկրների և վարչական սուբյեկտների կողմից զարգացման նախընտրելի
մարտավարությունները պահանջում են տնտեսական փոխադարձ կախվածությունների խորացում.
իհարկե, առկա «ստատուս քվոյի» պահպանման նախապայմանով: Շահերի այդ դասավորությունը
կարելի է պատկերել այսպես կոչված «համագործակցության հակված ոչ զրոյական խաղի»
տեսքով: Այսպես, օրինակ՝ Վրաստանի համար տարանցիկ երկրի շահութաբեր գործառույթն
ապահովվում է մասամբ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների
ճգնաժամի շնորհիվ, ինչի հետևանքով Հայաստանը զրկված է արևելք-արևմուտք կապուղով
տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից: Դրանից ելնելով էլ Վրաստանի
շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղում լարվածության շուտափույթ թուլացման մեջ
չնչին է: Մյուս կողմից՝ ԲԹՋ նավթամուղի գործարկումն Ադրբեջանի համար եկամուտի
վճռորոշ աղբյուր է, և հակամարտության նոր բռնկումը նավթամուղի անմիջական
հարևանությամբ այլևս չի կարող բխել Բաքվի շահերից: Այնուհետև նշանակալի է Վրաստանի
կառավարության դիրքորոշումը` Ռուսաստանի հետ իր պրոբլեմատիկ հարաբերությունները
հայկական կողմի օգնությամբ հավասարակշռելու և այդպիսով խուսափելու
թուրք-ադրբեջանական առանցքից ուժեղ կախվածության մեջ ընկնելուց:

Հարավային Կովկասում միջպետական հարաբերությունների կարգավորման ընթացքում
տնտեսական գործոնին գնալով աճող կենտրոնացումը վկայում է, որ հասունացել է այն
բեկումնային շրջանը, որից սկսած՝ հարավկովկասյան պետությունների քաղաքական
վերնախավերն այլևս չեն կառչում ազգային-մշակութային բախումնային թեմաներից, այլ՝
իրենց որոշումները ենթարկեցնում են այսպես կոչված «անընդմեջ վերալցման»
(spill–over) գործընթացի պահանջներին: Spill–over երևույթի հասկացությունն
արտացոլում է եվրոպական ինտեգրացման կարևորագույն պատճառային մեխանիզմներից մեկը,4 ըստ որի՝ մի բնագավառում համագործակցությունը սրում է հիմնախնդիրների լուծման
անհրաժեշտությունը մեկ այլ բնագավառում:

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵՐՏԱՃՈՒՄ

2005 թվականի հունվարին Ռումինիայի կառավարությունը քննարկման ներկայացրեց
Ուկրաինան, Մոլդովան և Հարավային Կովկասն արևելաեվրոպական ազատ առևտրի գոտում
ընդգրկելու վերաբերյալ առաջարկը: Արևելյան Եվրոպայի երկրներն արդեն իսկ վերացրել են
«նոր» Ուկրաինայի նկատմամբ առևտրային խոչընդոտները, և ազատ առևտրի այս գոտու
ընդլայնումն ընդհուպ մինչև Հայաստան կարող է զգալի նվազեցնել Ռուսաստանի հետ առևտրի
մասնաբաժինը` ի նպաստ Եվրամիության: Այստեղ տարածաշրջանի երկրները, իհարկե, ամենից
առաջ գնահատվում են ըստ այն ներուժի, որով ի վիճակի կլինեն հանդես գալ որպես
արտադրական հզորությունների կուտակման և աճի կենտրոններ: Անշուշտ, այս համատեքստում
որպես գլխավոր նախապայման առաջնաբեմ են մղվում Հայաստանում օլիգարխիական
կառույցների հաղթահարման և իրավագիտակցության ամրապնդման խնդիրները, առանց որոնց
անհնար կդառնա արտադրական կապիտալի անընդհատական վերարտադրումը:

Հարավային Կովկասում զգալի տարբերվում են տնտեսական քաղաքականության գործիքներն ու
համապատասխան ազգային տնտեսական ռազմավարությունները: Ադրբեջանը կենտրոնացրել է իր
ջանքերը նավթի և գազի արտահանման ծավալների մեծացմանը: Վրաստանը տնտեսական օգուտներ
է ակնկալում աշխարհաքաղաքական բարենպաստ դիրքի և տարանցիկ գործունեության շնորհիվ,
ընդ որում՝ 2004 թվականի «վարդագույն» շրջադարձից հետո սպասվում է, որ
սեփականաշնորհման երկրորդ ալիքի շնորհիվ (սևծովյան Փոթի և Բաթումի նավահանգիստներ,
երթևեկության ենթակառուցվածքներ և այլն) զգալի կմեծանա արտասահմանյան կապիտալի
դերակատարումն այս երկրում: Հայաստանը փորձում է զարգացնել հումքից կախում չունեցող,
այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների արտադրությունն ու տրանսպորտային ծախսեր խնայող
տնտեսության ճյուղերը («փոքր ծավալ – մեծ արժեք» սկզբունքով),5 որի նպատակն է
ավելացնել արտահանումը և տնտեսությունն աշխուժացնել նաև Սփյուռքի կապիտալի
մասնակցությամբ: Դրա հաջողության գրավականը մեծապես կախված է այն հանգամանքից, թե՝
արդյոք կկարողանա՞ հայկական պետությունն ստանձնել իր կարգավորիչ դերը կապիտալի
բազմաթիվ, այդ թվում՝ Սփյուռքի նոր ձևավորվող ազգային բուրժուազիայի, օլիգարխիական
թևի և վերազգային ընկերությունների ֆրակցիաների միջև: Ընդ որում՝ պետական
կարգավորման ու կարգի առումով ճիշտ շեշտադրումների ընտրության դեպքում Հայաստանն
իրական հնարավորություն կստանա ստանձնելու առևտրատնտեսական (դրանից բխող նաև՝
աշխարհաքաղաքական) կամրջի իր երբեմնի դերը` Մերձավոր և Միջին Արևելքի հետ առկա
ավանդական կապերի շնորհիվ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի երեք երկրի կարևորագույն
առևտրային գործընկերն է, այդ երկրների տնտեսվարող սուբյեկտներն առևտրաքաղաքական
տեսանկյունից սերտաճում են ԵՄ ընդհանուր շուկայի հետ: Վրաստանում և Հայաստանում
1997 թվականից ի վեր գործում են խորհրդատվական կենտրոններ (AEPLAC և GEPLAC),6 որոնք
այս երկրների կառավարություններին և խորհրդարաններին ապահովում են ազգային
օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու գործում մշտական
խորհրդատվությամբ:7 Այսպիսով՝ Եվրամիության անդամ երկրների կողմից ձևական
հաստատությունների ներմուծման շարունակվող գործընթացը կողմնորոշման վճռորոշ գործոն
է դառնում և կառուցվածքային հենք ստեղծում՝ Եվրամիության տարածաշրջանային դերի
հետագա մեծացման համար:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Հարավային Կովկասում երեք աշխարհաքաղաքական դերակատարների (ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստան)
հեգեմոնիալ նախաձեռնությունների մրցակցության ծիրում ավելի ու ավելի պարզորեն են
նշմարվում «մեղմ ուժի» (soft power) գործադրման վրա հիմնված եվրոպական այլընտրանքի
ուրվագծերը` քաղաքական, տնտեսական և հասարակական օժանդակություն նախատեսող
տարածաշրջանային միասնական օրակարգի տեսքով արտահայտվելով: Եվրոպայի հարավկովկասյան
քաղաքականությունը կոնկրետանում է ինչպես Եվրոպական Միության նոր հարևանության «Ընդլայնված
Եվրոպա
» (Wider Europe) հայեցակարգի, այնպես էլ՝ Եվրամիության TRACECA, TACIS և այլ
ծրագրերի, ինչպես նաև՝ «Հարավային Կովկասի կայունության դաշնագրի» գաղափարի միջոցով:

Հայաստանն այս զարգացումներում խնդիր ունի կատարելու իր նպատակահարմար ընտրությունը
դեպի եվրոպական ընտանիք, որի արժեքային համակարգի մասն է և, ի վերջո՝ հաղթահարելու
պատմականորեն բազմիցս արձանագրված՝ «մեկուսացվածության» չարաբաստիկ բարդույթը:

[1] «Ընդարձակ Եվրոպա – Նոր Հարևանություն» ծրագիրը, որը հաստատվեց 2003թ. հունիսին
Սալոնիկի գագաթաժողովում, սահմանում է այն քաղաքական եզրագծերը, որոնց
շրջանակներում պետք է հարաբերություններ հաստատվեն ընդլայնված ԵՄ-ի հարևան
պետությունների հետ:

[2] «Անատոլի Չուբայսը, Ռուսաստանի «РАО ЕЭС»-ի նախագահը, հրատարակել է իր հիրավի՛
նապոլեոնական նախագիծը հետխորհրդային տարածքում «լիբերալ կայսրություն» ձևավորելու
գաղափարի վերաբերյալ, ինչը հնարավոր կլիներ առանց բացառության բոլոր ԱՊՀ և Բալթյան
երկրների էներգահամակարգերի նկատմամբ գերակայության հաստատման միջոցով» (“The Noyan
Tapan HIghlights”, #42, հոկտեմբեր, 2003):

[3] «Դեպի Եվրամիություն Թուրքիայի մղումներից թափ առած քննարկումն այն մասին, թե՝
որտե՛ղ են ավարտվում Եվրոպայի (քաղաքական) սահմանները, անմիջապես ծավալվում է
այսրկովկասյան բաղադրիչի շուրջը: Եթե կա մի «կրկներգ», չնայած և՝ տարբեր
ուժգնությամբ, որն ընդհանուր է Բաքվում, Թբիլիսիում, Երևանում և նույնիսկ Լեռնային
Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքական վճիռ կայացնողների համար, ապա դա
մոտավորապես հետևյալ կերպ է հնչում. «Մենք ուզում ենք մաս կազմել եվրո-ատլանտյան
կառույցներին»: («Եվրոպական հարցապնդումներ. Հարավային Կովկասի երկրները ձգտում են
դեպի եվրո-ատլանտյան կառույցներ», Կլաուս-Դիթեր Ֆրանկենբերգեր, Ֆրանկֆուրտեր
Ալգեմայնե Ցայտունգ, 13 նոյեմբերի 2004թ., էջ 8):

[4] Ըստ «գործառույթն է պայմանավորում ձևաչափը» (form follows function) բանաձևի:

[5] Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում վերջին տարիների ընթացքում
կտրուկ աճել է: Այդ ճյուղի արտահանումը 2003 թվականին կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ
դոլար:

[6] Հայ-եվրոպական քաղաքական և իրավական խորհրդատվության կենտրոն (AEPLAC) և
Վրաց-եվրոպական քաղաքական և իրավական խորհրդատվության կենտրոն (GEPLAC):

[7] «Մենք այլ ընտրություն չունենք, քան ֆորմալ հաստատությունները ներմուծել
Եվրամիությունից
» (Տիգրան Ջրբաշյան, AEPLAC-ի նախագահ, «Գործարար էքսպրես», Երևան,
13.10.2004):