NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օլիգարխացում հայկական ձեվով, կամ՝ ինչպիսի՛ն է ժամանակակից հայաստանի քաղաքական կերպարը
Ներկայումս, խոսելով Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման անհրաժեշտության
մասին, հայ քաղաքագետները սիրում են խոսել իշխանության համակարգում պառլամենտի դերի
ուժեղացման անհրաժեշտության մասին՝ դրանով ժողովրդին հուշելով մասնակցել գործող
Սահմանադրության ուղղումների հանրաքվեին, շեշտելով հատկապես հիշյալ դրույթը: Սակայն
ոչ ոք չի քննարկում այն հարցը, թե՝ արդյոք Հայաստանի ներկայիս քաղաքական կարգը
համապատասխանո՞ւմ է գործող Սահմանադրության նորմերին:

Այս հարցը, սակայն, այնքան էլ պարզունակ չէ: Պառլամենտի դերի ուժեղացման մասին
կարելի էր խոսել այն դեպքում, եթե երկրի բազմաբնույթ անհաջողությունների պատճառը
թաքնված լիներ Սահմանադրության անկատարության մեջ, այսինքն՝ եթե Սահմանադրության
նորմերի խստագույն պահպանումը հանգեցրել է «չկատարելագործված» քաղաքական համակարգի:
Կարծում եմ՝ նման պնդումը մեր երկրում կարող է միայն ծիծաղ առաջացնել, որովհետև
ամեն ոք համոզված է, որ Հայաստանում կառուցված քաղաքական ռեժիմը ոչ մի կերպ չի
բխում Սահմանադրության նորմերից: Հարց է առաջանում` այստեղ ի՞նչ գործ ունեն հին ու
նոր նորմերը, երբ երկիրն ապրում է բոլորովին այլ նորմերով: Ինչո՞ւ է այդպես: Չէ՞ որ
երկրի ամեն մի քաղաքացուն պետք է հայտնի լինի, որ սահմանադրական երկրում քաղաքական
համակարգը կառուցվում է ընտրությունների միջոցով: Սահմանադրական նորմերի
իրականացման այլ մեխանիզմ պարզապես գոյություն չունի: Բացի այդ՝ ազգային ողջ
իրողությունը գնահատվում է օրենքներին իր համապատասխանությամբ, և այստեղ նույնպես
չի կարող գնահատանքի այլ չափանիշ լինել: Հայաստանում որտե՞ղ եք դուք նման մոտեցում
նկատել: Արդյոք մեզ մոտ կա՞ն մարդիկ, ովքեր լրջորեն կարծում են, թե՝ Հայաստանում
իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով: Կամ` կա՞ն կասկածողներ, որ
Հայաստանում կյանքը հիմնվում է իրականում գործող այնպիսի կանոնների ու մեխանիզմների
վրա, որոնք ոչ մի կապ չունեն Սահմանադրության նորմերի հետ: Գոյություն ունեցող
համակարգը չի ընկալվում որպես անարժան և ահավոր: Միայն դժգոհություն է արտահայտվում
այդ համակարգի գործունեության արդյունքների նկատմամբ: Մշտապես անվերջ բողոքներ են
լինում ճակատագրի և ամենուր հանդիպող անարդարությունների հանդեպ: Ո՞րն է այդ
անարդարությունների հիմնական պատճառը. քչերը կկարողանան պատասխանել այս հարցին: Այդ
իսկ պատճառով չի դադարում պտտվել անարդարությունների անխոնջ անիվը՝ ավելի
բարձրացնելով հուսալքության ալիքը:
Հարց է առաջանում` մինչև ե՞րբ այդ ամենը գոյություն ունեցող տեսքով կպահպանվի: Եվ,
ապա՝ ինչի՞ց են այդպես դժգոհ երկրի քաղաքացիները: Ի՞նչ են նրանք ուզում:
Պատասխանը շատ հասարակ է` նրանք ուզում են կյանքի արդարացի վերակառուցում: Բոլորն
են ուզում ունենալ մյուսների հետ հավասար հնարավորություններ, բայց քչերն են
կռահում, որ ավելի վճռական ժողովուրդներն այդ նպատակով էլ սահմանադրական
պետություններ են կառուցում, որ օրենքի առջև հավասար իրավունքների ու հավասար
պատասխանատվության վրա հաստատված կյանք ունենան: Հենց դրա՛ մեջ են նրանք հասկանում
արդարությունը: Իսկ Հայաստանում քանի՞ մարդ է ծարավ՝ օրենքի առջև հավասար
պատասխանատվություն ունենալու: Հնարավորությունների հավասարությունը շատ շատերը չեն
ընդունում. յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ հնարավորություններ՝ ուրիշների
հաշվին: Հազիվ թե կարելի լինի վիճարկել մեր այդ հոգեբանական վիճակը: Ինչպիսին
ժողովրդի մտածողությունն է, այնպիսին էլ պետության կառուցվածքն է: Եվ դրան ենք եկել
ո՛չ մեկ օրվա ընթացքում:
Ջանալով գտնել վերը նշված հարցերի պատասխանները՝ կարելի է անթաքույց խորամուխ լինել
Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի էության մեջ, շատ չխորանալով այդ
իրավիճակի ստեղծման ծագումնաբանության մեջ:
Դժվար է մերժել այն պնդումը, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքն
անկախության հռչակումից հետո մինչ մեր օրերը խիստ տարբերվում է Սահմանադրության
պահանջներից: Հռչակելով իրենց հավատարմությունը Սահմանադրության պահանջներին՝
քաղաքական վերնախավը երբեք լուրջ չի վերաբերվել դրված նպատակներին հասնելու գործում
այդ պահանջներին հետևելու կենսական անհրաժեշտությանը: Երկրի հասարակական-քաղաքական
կյանքի կառուցումը կատարվել է պահի պահանջմունքների նպատակահարմարությամբ:
Միով բանիվ, պետք է համաձայնել, որ այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական
կառուցվածքը բնութագրվում է այն հանգամանքով, որ գոյություն ունեն վերահսկման ու
կանոնակարգման հաստատված ոչ սահմանադրական մեխանիզմներ և բացակայում են
սահմանադրական նորմերին հետևելու պարտադիր պայմանները: Որպես արդյունք՝
սահմանադրական նորմերը մի կողմ են քշված պետական կյանքի հունից:
Երկրում գործող վերահսկման ու կանոնակարգման իրական մեխանիզմներ ասելով՝ առաջին
հերթին պետք է հասկանալ իշխանության կենտրոնացված ճիգերը (որոնք արդեն
ինսիտուցիոնալ բնույթ ունեն)՝ կաթվածահարելու ընտրությունների միջոցով իշխանության
ձևավորման մեխանիզմը, արգելելու ազատ ձեռներեցություն, վերահսկելու դատական
համակարգը, արգելափակելու ազատ մամուլը, սահմանափակելու հասարակության օրինական
նախաձեռնություններ:
Նշված մեխանիզմների անարգել գործունեությունն ապահովում է պետական կյանքում
զոնաների և բնագավառների քաղաքական ու տնտեսական ազդեցությունների պայմանագրային
բաժանման հատուկ համակարգերի, ինչպես նաև՝ ֆինանսական քվոտաների ու ձեռներեցության
ստվերային հարկավորման համակենտրոնացված համակարգերի կիրառումը:
Այսպիսով՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքի իրական մոդելը դիտվում է
որպես պետական իշխանության լծակներին տիրապետող՝ հասարակության ունևոր մասի, և
երկրի կենսագործունեության վրա ազդելու հնարավորությունից զրկված՝ հասարակության
մնացյալ մասի ռացիոնալացված (պայմանագրային) փոխհարաբերությունների համակարգ: Տեղի
է ունեցել օլիգարխացում՝ հայկական ձևով:
Նկարագրված մոդելի արմատավորումը Հայաստանում հնարավոր է դարձել հասարակության
գաղափարական ապակողմնորոշման և նրա քաղաքական պասսիվության շնորհիվ: Հայաստանի
հասարակությունը, զրկված լինելով իրավագիտակցությունից և հավատարիմ բռնատիրական
գաղափարներին, մինչև վերջին ժամանակներս իր կյանքը բնորոշել է ճիշտ և սխալ ոչ թե
օրենքի սանդղակի միջոցով, այլ՝ կյանքի իրողության համաչափությունների ուղիով` լավի
և վատի մասին իր առասպելական երևակայությամբ: Նման մոտեցման դեպքում
հասարակությունը դարձել է անկարող` պարզելու իր անհաջողությունների պատճառները:
Ջանալով կազմակերպելու իր քաղաքական ակտիվութունը՝ հասարակությունն իր
նախասիրությունը տվել է կուսակցություններին, որոնք հիմնադրվել ու գործում են
անձնական ավտորիտարիզմի հիման վրա: Այդ միավորումները, ունենալով միայն մեկ նպատակ
(գոյություն ունեցող ռեժիմը տապալելու միջոցով իշխանությանը տիրելու), իրենց
էությամբ անկարող եղան հանդես գալ որպես գործող քաղաքական ռեժիմի այլընտրանք:
Որպես երկրի ռազմավարական խնդիր մշտապես բարձրացնելով իշխանափոխության հիմնահարցը՝
ընդդիմադիր կուսակցություններն իրենց գործունեությունն ակամա վերածել են
հասարակությանը վերջնականապես ապակողմնորոշելու մեխանիզմի: Այդ ուժերն այդպես էլ
չկարողացան գիտակցել երկրում սահմանադրական կարգի հաստատման խնդիրը՝ որպես ներքին
քաղաքականության վերջնական հիմնահարց:
Ներկայումս այդ կուսակցությունների հեղինակությունն զգալի նվազել է, սակայն ո՛չ այն
պատճառով, որ բացահայտվել է իրենց ոչ կառուցողական էությունը, այլ միայն՝ որովհետև
շատերը կորցրել են իշխանությունը վերցնելու իրենց կարողության նկատմամբ հավատը:
Իրենց վիճակի իսկական պատճառն այդ կուսակցությունները դեռ չեն գիտակցում: Որպես
արդյունք՝ հասարակությունը մնացել է է՛լ ավելի անկազմակերպ, չկողմնորոշված և
իրավիճակի վրա ազդելու հնարավորություններից զրկված: Անկարողության վիճակը շատերին
է համակել:
Վերը նկարագրված վիճակից կարևոր եզրակացությունն այն է, որ ներկայումս ծավալված
սահմանադրական գործընթացում ամեն ինչ հանգել է վերացական սխեմայի` կողմ կամ դեմ
իշխանությանը: Այստեղ դժվար է նշմարել լայնամաշտաբ սահմանադրական կարգեր հաստատելու
նկատմամբ հետաքրքրությունն ու ջանքերը:
Իշխող վարնախավն իր էությամբ չի կարող թույլ տալ ինչ-որ փոփոխություն երկրի
քաղաքական կառուցվածքում, քանի որ սահմանադրական կարգերն ուղղակի «ոտնձգություն» են
Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքի՝ գոյություն ունեցող մոդելի նկատմամբ:
Նման ոտնձգությունը հղի է իշխանության և տնտեսական հնարավորությունների կորստով:
Ընդդիմադիր ուժերը չեն հետաքրքրված երկրում սահմանադրական նորմերի հաստատմամբ, քանի
որ, դրան հակառակ՝ ձգտում են իշխանությունը փոխել ոչ սահմանադրական եղանակներով:
Բացի այդ՝ երկրի սահմանադրական վերակառուցման արժեքը ոչ լրիվ է գիտակցված որպես
կենսական կարևոր հիմնահարց:
Այսպես, թե այնպես՝ ստիպված ենք խոստովանել, որ Սահմանադրության մեջ ուղղումներ
ներմուծելու շուրջ գործընթացների ցանկացած զարգացում չունի ներկայումս Հայաստանում
գործող քաղաքական համակարգի մոդելը փոխելու հնարավորություն: Նպատակահարմարության
գաղափարով կառուցված համակարգը շարունակում է ինքնակատարելագործվել նույն
սկզբունքների հիման վրա: Միայն՝ պահանջ է առաջացել իր զարգացման գործընթացում
առավելագույնս ներառել հենց երկրի Սահմանադրության մեջ:
Հասարակությունը դեռևս չի համակերպվի այն փաստին, որ ազգային հասարակական-քաղաքական
իրողությունների միակ չափանիշը կարող է լինել միայն օրենքը, և մարդկանց մեջ դեռևս ի
հայտ չի գա պատրաստակամություն` հարգելու միմյանց իրավունքները, երկրում չի կարող
հավասար իրավունքների հիման վրա քաղաքական կարգ արմատավորվել: Իսկ սահմանադրական
նորմերը կմնան որպես իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների խախտման
լրացուցիչ մեխանիզմներ: Այն, ինչ կոչվում է իրավագիտակցություն՝ սահմանադրական
մեխանիզմների հավելում չէ, այլ՝ երկրում Սահմանադրության նորմերով հիմնադրված
պետության արմատավորման գլխավոր պայմանը:
