NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախիջևան, 2005թ. օգոստոս
Շոտլանդացի լուսանկարիչ, հրապարակախոս Ստեֆան Սիմը ըստ էության, նորագույն
շրջանի միակ եվրոպացի ճանապարհորդն է, որն անձամբ այցելելով Նախիջևան՝ հասու է
դարձել այնտեղ հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման իրողությանը։
Անցյալ ամռանը այնտեղ կատարած իր դիտարկումներից հետո նա հանգել է այն
եզրակացությանը, որ հայկական պատմաճարտարապետական հուշարձանների զանգվածային
ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված և հետևողականորեն
իրականացվող քաղաքականության արդյունք է։ Ստորև ներկայացնում ենք նրա տեղեկագիրը
Նախիջևանում իր այցի և կատարած դիտարկումների վերաբերյալ, որը գերմաներենից
թարգմանեց Աշոտ Հայրունին։

Նախիջևան, 2005թ. օգոստոս
Ստորև ներկայացնում եմ 2005թ. օգոստոսին Ադրբեջանի Նախիջևանի շրջան կատարած իմ այցի
մանրամասները: Այցի գլխավոր նպատակն էր պարզել այդ շրջանում գտնվող բազմաթիվ
հայկական հուշարձանների արդի վիճակը` հաշվի առնելով 1998թ.և 2002թ. Ջուղայի
(ներկայիս Ջուլֆայի արևմտյան մաս) միջնադարյան հայկական գերեզմանատան նկատմամբ
իրականացված ոտնձգությունները, որոնք լայն արձագանք են ստացել:
Այցելության վայրերի ցուցակը կազմելիս` ընտրեցի ճարտարապետության տեսանկյունից
առավել հետաքրքիր այն հուշարձանները, որոնք նշված էին քարտեզի վրա և Հայաստանի
սահմանին շատ մոտ չէին գտնվում: Այս գործում ինձ օգնում էին Արմեն Այվազյանի՝ 1990թ
լույս տեսած «Նախիջևանի հուշարձանները» գրքում զետեղված լուսանկարներն ու
տեղեկությունները: Նշեմ, որ հիշյալ գրքի լուսանկարները կատարվել էին 1965-1987թթ
ընկած ժամանակահատվածում:
Նախիջևան մտա ցամաքով, Թուրքիայի կողմից և նախ և առաջ ուղղվեցի դեպի Նախիջևան
քաղաքը: Հաջորդ օրը ավտոմեքենա և վարորդ վարձեցի ու ճամփա ընկա դեպի արևելք՝ 25 կմ
հեռավորության վրա գտնվող Երնջակ հովիտը: Հեռվում վեր խոյացող Յիլանլիդաղը կամ
Օձասարը ամբողջացնում էր հովտի ընդհանուր պատկերը: Այն շատ տպավորիչ կոնաձև մի
բլուր է, որը բավական բարձր է և տեսանելի է Նախիջևանի գրեթե բոլոր կողմերից:
Հայկական եկեղեցիներ ունեցող տարբեր գյուղեր այցելելու համար ապահով պատրվակ
ունենալու նպատակով վարորդին ասացի, որ ուզում էի ավելի մոտից տեսնել լեռը և մոտակա
Ալինկա (Երնջակ) գագաթը:
Երնջակի հովտում առաջին բնակավայրը Աբրակունիս գյուղն է (այն հայտնի է նաև
Աբրագունիս կամ Աբրակոնթս անուններով): Ճանապարհին վարորդին բացատրեցի, որ լսել էի
տեղի հին եկեղեցու մասին և ցանկանում էի տեսնել այն: Գյուղի մուտքի մոտ մոտավորապես
12 տարեկան մի տղայի հարցրեցի, թե որտեղ է եկեղեցին: Տղան մատնացույց արեց գլխավոր
ճանապարհի աջ կողմում գտնվող ինչ-որ դատարկ տարածություն, որ ձգվում էր մինչև
արահետը և ընկած էր գրեթե մեր դիմաց:
Ես ավտոմեքենայից դուրս եկա, բարձրացա արահետով` շուրջս դիտելու: Դա մի ամայի
տարածք էր, ուր հողը խիստ խորդուբորդ էր և բացարձակապես բուսազուրկ: Փխրուն հողից
դուրս էին ցցվել բազմաթիվ աղյուսե բեկորներ: Տեղանքի՝ իմ և Այվազյանի գրքում
պատկերված լուսանկարների հետ համամետությունը կասկած չի թողնում, որ նախկինում
Աբրակունիսի հայկական եկեղեցին գտնվել է հենց այդ վայրում: Արտաքին բուսածածկույթի
լրիվ բացակայությունը նկատի առնելիս խիստ անհավանական է թվում, որ եկեղեցին ավերված
լինի 2004 թ-ից ավելի շուտ:
Աբրակունիսի եկեղեցին, որ հայտնի է եղել Սբ. Կարապետ անվամբ և նախկինում վանքի մաս
է կազմել, կառուցվել է 1381 թ. մեկ այլ եկեղեցու հիմքի վրա: Այն ունեցել է
քառամույթ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք: Եկեղեցու ստորին հատվածները կառուցված
են եղել բազալտե քարից, բայց աղյուսե գմբեթն ու նրա շարվածքը ավելի ուշ են կառույցն
ամբողջացրել: Եկեղեցու ներսում գտնվել են 1740-ականներին պատկանող, պարսկական ոճով
արված որմնանկարներ: Դրսի կողմից պատերը ծածկված են եղել բազմաթիվ
զարդաքանդակներով՝ խաչերով, արծիվներով և այլն: Հարավային պատի արևմտյան հատվածի
դիմաց գտնվել է երկրորդ եկեղեցին` Սբ. Ստեփանոսին նվիրված փոքրիկ մատուռը: Մատուռն
ամբողջական տեսք է ստացել 1705 թ. զանգակատան կառուցումից հետո: Այվազյանի գրքի
լուսանկարները ցույց են տալիս, որ թեև մինչև 1980-ականները եկեղեցին, մատուռը և
զանգակատունը մատնված են եղել մոռացության ու անգործության, բայց հիմնականում
անվնաս էին:
Աբրակունիսից հետո գալիս է Բաբանիյարը (հայերին հայտնի է Ապարանք անունով), որը ուշ
միջնադարում կարևոր հայկական բնակավայր էր: Գյուղի կենտրոնում գտնվող բարձր բլուրի
վրա առնվազն մինչև 1970-ականները պահպանվելիս են եղել միջնադարյան մեծ եկեղեցու
ավերակները: Մենք հարցրինք, թե գյուղում եկեղեցի կա՞։ Պատասխանեցին, սակայն, որ՝
ոչ: Գյուղի արևելյան մասում, բարձր բլրից, մեզ էր նայում նորակառույց մզկիթը` զույգ
գմբեթով աղյուսե մի վիթխարի կառույց: Հաջորդ գյուղը, որ մայրուղուց մի փոքր հեռու
էր ընկած, Սալթաղը կամ Սալիթաղն էր: Ժամանակին այստեղ եղել էր 19-րդ դարին
կառուցված մի հայկական եկեղեցի, սակայն եկեղեցին գլխավոր ճանապարհից չափազանց հեռու
էր, և ես չկարողացա այն տեսնել:
Հետո գնացինք Նորաշեն: 12-րդ դ. կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին առնվազն մինչև
1960-ականները գոյություն է ունեցել գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում: Այվազյանի
գրքում պատկերված է Սբ. Աստվածածին կոչվող հայկական եկեղեցին, որ գտնվում էր գյուղի
ներսում` գլխավոր ճանապարհի կողքին: Այն մեծ, քարակերտ, առանց գմբեթի բազիլիկա էր,
որը հավանաբար կառուցվել էր 17-րդ դարում: Այվազյանի գրքում տպագրված լուսանկարները
վկայում են նաև ընդարձակ միջնադարյան հայկական գերեզմանատան մասին, որտեղ եղել են
խոյաձև և սնդուկանման տապանաքարեր: Ես չգտա ո’չ եկեղեցիների, ո’չ էլ գերեզմանատան
գոյությունը վկայող որևէ հետք:
Նորաշենն անցնելուց հետո ճանապարհը բաժանվեց մի քարաժայռի մոտ, որը նախկինում
հայտնի է եղել որպես Երնջակ, իսկ ներկայումս` Ալինջա: Դրա վրա պահպանվում են ինչ-որ
ամրոցի ավերակներ: Ձախակողմյան ճանապարհը տանում էր դեպի հյուսիս, իսկ աջակողմյանը
իջնում էր Հանաղա գյուղ: Տեղի բլուրներից մեկը բարձրանալիս, որտեղից ի դեպ երևում
էր ողջ Հանաղան, աչքովս ընկավ ինչ-որ գմբեթավոր կառույց, և որոշեցի այցելել այն:
Երբ ավելի մոտեցա, պարզվեց, որ այն հին մահմեդական սրբավայր է՝ բաղկացած մեկ
գերեզմանաքարից ու աղոթասրահից: Այստեղ ընթանում էին վերանորոգման վերջին
աշխատանքները, որոնք ավելի շուտ հիմնահատակ վերակառուցում էին հիշեցնում։
Հուշարձանում ո’չ մի հին աղյուս և քարի կտոր չկար: Բլուրի բարձր դիրքից
հնարավորություն ունեցա մի լավ ծանոթանալ Հաղանայի ու նրան կից գյուղի հետ: Չգիտեմ,
թե երբևէ եղել են եկեղեցիներ այս գյուղերում: Այնուամենայնիվ այժմ ոչինչ չկա:
Նախիջևանում գտնվելու երրորդ օրը ես նստեցի տասն անց կեսի՝ Նախիջևան-Ջուլֆա
գնացքը: Մինչ ես կայարանում էի, մի ոստիկան բարձրացավ գնացք և խնդրեց իմ անձնագիրը:
Գնացքը նոր էր հեռացել կայարանից, երբ երկաթուղու երկու աշխատակից հարցրեցին, թե
արդյոք չեմ ցանկանում գնալ գնացքի ճաշարան` նրանց հետ թեյելու: Այնպիսի
տպավորություն ստացա, թե սա ավելին էր, քան պարզապես հրավերը: Հավանաբար ոստիկանը
նրանց խնդրել էր հետևել ինձ: ճաշարանում հարցրեցի, թե կարո՞ղ եմ լուսանկարել Արասի
(Արաքս) կիրճը, բայց ինձ ասացին, որ արգելված է, անկախ նրանից՝ լուսանկարչական
սարքն ուղղված է դեպի Ադրբեջան, թե` Իրան:
70 րոպե չանցած՝ իրանական կողմում մի մեծ շինություն նկատեցի: Ուղղանկյուն, կարմիր
գմբեթով, կիսաշրջանաձև տանիքով մի կառույց էր` շրջապատված քաղաքի ավերակներով:
Շինության արևելքից արևմուտք ուղղվածությունը ցույց էր տալիս, որ հավանաբար եկեղեցի
էր:
Քիչ անց գնացքի հակառակ կողմում հանկարծ երևաց Ջուղայի գերեզմանատունը: Մի բլուր
տեսա, որի երեք եզրերն ամբողջովին պատված էին սալաքարերով: Բոլոր գերեզմանաքարերը,
առանց բացառության, գլխիվայր էին ընկած: Երկաթուղուն մոտ շատ գերեզմանաքարեր կային,
և ինձ հաջողվեց տեսնել դրանց որոշ մանրամասներ: Արևելյան հատվածում` տապանաքարերի
միջև փորված, դատարկ, մեծ հողակտորներ էին, իսկ քարերի 1/3-ը ոչնչացրել էին:
Կենտրոնում և ամբողջ արևմտյան հատվածում գերեզմանաքարերը տեղում էին, սակայն
գլխիվայր ընկած:
Գերեզմանատունը գտնվում էր սահմանը հսկող անվտանգության ցանկապատից դուրս:
Այնուամենայնիվ, կիրճի մուտքի մոտ գտնվող զինվորական պահակակետում արգելում էին
անցնել բլուր տանող միակ ճանապարհով: Անհնար էր զինվորներից աննկատ կիրճ մտնել, այդ
պատճառով որոշեցի չփորձել գերեզմանատուն ալցելել: Պահակակետից անմիջապես հետո
գնացքը դանդաղեցրեց ընթացքը, որպեսզի կանգ առնի հաջորդ գյուղում: Նախքան գյուղ
հասնելը ես մի փոքր գերեզմանատուն ևս նկատեցի, որտեղ դեռ ուղիղ կանգնած մի քանի
խաչքարներ կային: Գերեզմանատունը ընկած էր երկաթուղուց դեպի հարավ` միջնադարյան
Ջուղա քաղաքի մնացորդներից ներքև: Ցերեկվա ժամը 12-ին գնացքը ժամանեց Ջուլֆա քաղաք:
Ջուլֆայից տաքսիով մեկնեցի Օրդուբադ: Հուսով էի, որ այստեղից կկարողանամ հասնել
Ագուլիս (փոքրիկ մի գյուղ, որտեղ առնվազն մինչև 1980-ականները պահպանվում էին
բազմաթիվ եկեղեցիներ ու խաչքարեր): Դժբախտաբար, Օրդուբադի այն ռեստորանը, որտեղ
որոշել էի ճաշել, գտնվում էր տեղի ոստիկանատան կողքին, և հետևաբար բազմաթիվ
ոստիկաններ նույնպես ճաշում էին այստեղ: Ռեստորանից դուրս գալիս ինձ մոտեցավ
անվտանգության մի աշխատակից և տարավ ոստիկանատուն, որտեղ ստուգեցին պայուսակս և
հարց ու փորձ արեցին Օրդուբադ կատարած այցիս նպատակների մասին: Այնուհետև
անվտանգության մի աշխատակցի ու անգլերեն խոսող մի տեղացու ուղեկցությամբ ինձ տարան
շրջագայության Օրդուբադի հնագույն շրջաններով, որից հետո ստիպված էի նրանց հետ կես
ժամ սպասել քաղաքի բացօթյա թեյարանում, մինչև նրանք կարողացան ինձ նստեցնել
Նախիջևան վերադարձող հաջորդ գնացքը:
Այն ամենից հետո, ինչին ես ականատես եղա Երնջակ հովտում, ցանկանում էի իմանալ, թե
արդյոք Նախիջևանում հայկական հուշարձանների ոչնչացումը արդյո՞ք միայն հեշտ հասանելի
և Նախիջևան քաղաքին մոտ գտնվող վայրերով է սահմանափակվել: Այս պատճառով որոշեցի
այցելել Օձասարի՝ հյուսիս-արևելյան շրջանի հեռավոր Շոռոթ գյուղը:
Շոռոթը կամ Շոռութը ուշ միջնադարյան փոքր հայկական քաղաք էր, որը հայտնի էր իր
եկեղեցիներով, դպրոցներով, վանքերով, քանդակներով և իր տասնյակ հազարավոր
բնակչությամբ: 1980-ականներին Շուռութում դեռ կանգուն էին 4 եկեղեցի` Սբ.
Ստեփանոսը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը, Կուսանաց Անապատի կամ Սբ. Աստվածածին եկեղեցին
և գյուղի գլխավոր` Սուրբ Հակոբ-Հայրապետ եկեղեցին:
Ավանից 3կմ դեպի հարավ գտնվող Սբ. Ստեփանոս եկեղեցին փոքրածավալ, միանավ կառույց է:
Ամբողջովին որմնաքանդակներով զարդարված այս կառույցը գտնվում է քարաժայռի գլխին,
որտեղից երևում է ամբողջ գյուղը: Եկեղեցու հորինվածքում հայերեն արձանագրությամբ
խաչքար է եղել, որտեղ փորագրված են եղել 9 նվիրատուների անուններն ու խաչքարի
կանգնեցման տարին` 926թ.:
Գյուղից մոտ 1 կմ դեպի հյուսիս գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է
միջնադարում և վերանորոգվել 18-րդ դարում: Այն կառուցված է եղել որմնանախշերով,
ունեցել է սյունազարդ նախասրահ` նույնպես քարե, և զանգակատուն: Մի ժամանակ Շոռութի
բնակավայրը փռված է եղել եկեղեցու շուրջը, և շրջակա դաշտերում դեռ կարելի էր տեսնել
տների ավերակները:
Սբ. Աստվածածին կամ Կուսանաց Անապատի եկեղեցին կառուցվել է 1631թ. նախկին եկեղեցու
հիմքերի վրա: Այն կառուցված էր որմնաքարերից, իսկ հորինվածքում ուներ 17-րդ դ.
գեղաքանդակ որմնանկարներ: Եկեղեցու հյուսիսային մասում գտնվում էր 924 թ կանգնեցված
խաչքար-գերեզմանաքարը:
Շոռութի կենտրոնում գտնվում էր Սբ. Հակոբ-Հայրապետ եկեղեցին: 12-րդ դ. կառուցված և
17-րդ դ. վերանորոգված այս եկեղեցին համարվում էր Նախիջևանի ամենատպավորիչ ու
ազդեցիկ եկեղեցին: Սա մի վեհասլաց կառույց էր` Աբրակունիսի եկեղեցու նման բազիլիկ
հորինվածքով: Սբ. Հակոբ-Հայրապետ եկեղեցին աչքի էր ընկնում 1706թ. կառուցված՝
աղյուսե շարվածք ունեցող սրագագաթ գմբեթով: Եկեղեցու արևմտյան մուտքը երիզված էր
զարդագոտիներով, գնդաձև խոյակներով ու մոնոլիտե ճակատաքարով:
Շոռութ հասնելու համար տաքսիով վերադարձա Երնջակ հովիտ: Աբրակունիսում անցորդներից
ճանապարհը հարցրեցինք, հետո թեքվեցինք աջ` դեպի մի գյուղ, որի ներկայիս անունն ինձ
հայտնի չէ: Հայերն այն անվանում էին Քրնա: Համաձայն Այվազյանի «Հուշարձաններ»
աշխատության` Քրնա բլուրի վրա էին գտնվում 19-րդ դարի եկեղեցու ավերակները: Դա
քարայրե, մզկիթի նման մի կառույց էր, որը դժվար կլիներ չնկատել: Սակայն այս
եկեղեցու երբեմնի գոյության մասին վկայող հետք անգամ չտեսա, երբ մեքենայով շրջում
էինք գյուղով մեկ, և անգամ երբ գրեթե անանցանելի ճանապարհով անցնում էին Օձասարի
հարավային կողմով:
Քրնայից հեռանալուց կես ժամ անց հասանք դեպի հյուսիս տանող չասֆալտած նեղ
ճանապարհի: Եվս 15 րոպե հետո մտանք մի քանի ցաքուցրիվ տներից բաղկացած մի փոքրիկ
գյուղ. Գահ գյուղն էր, որտեղ 19-րդ դ. մեծ հայկական եկեղեցի էր կառուցվել: Այդ
եկեղեցու լուսանկարը ևս կարող եք գտնել Այվազյանի գրքում: Այսօր դրանից ոչինչ չի
մնացել:
Գահից հետո մենք ճանապարհին մի մարդ նկատեցինք: Վարորդը նրան Շոռութ եկեղեցու տեղը
հարցրեց: Մեզ ասացին, որ այն ավերել են:
Շարունակեցինք ճանապարհը և 15 րոպեից հասանք Շոռութ: Գյուղի մուտքի մոտ` զառիթափի
ստորոտին, մեծ ջրաղացաքար նկատեցի: Անցանք ճանապարհի վերջին մի քանի մետրն ու կանգ
առանք գյուղի հարավային սահմանի մոտ գտնվող մի մեծ բաց տարածության կենտրոնում, որի
այս կողմում տասնյակ ցաքուցրիվ տներ կային: Տաքսիից դուրս եկա` շուրջս դիտելու:
Գետնին տեսա այն նույն մատնիչ նշանները, որոնք արդեն տեսել էի Աբրակունիսում`
հարյուրավոր աղյուսե բեկորներ: Վերջերս կառուցված տներից մեկի պատերի մեջ մի քանի՝
արձանագրություններ ունեցող քարեր կային: Քիչ այն կողմում մի մեծ սալաքար էր ընկած:
Հակառակ կողմում արձանագրության հետքեր նկատեցի: Հավանաբար եկեղեցու մուտքի
ճակատաքարն է եղել: Մտա գյուղ, սակայն պարզ էր, որ նայելու բան չկար: Այժմ Շոռութը
փոքր, խղճուկ մի վայր է: Այդ մի քանի տներից և ոչ մեկը առանձնապես հին չէր։ Շատերն
էլ փայտաշեն էին: Ես աչքի անցկացրի շրջակա լեռները` ժամանակին այստեղ գոյություն
ունեցած այլ եկեղեցիների կամ գյուղի գերեզմանատան հետքեր գտնելու հույսով, սակայն
ապարդյուն:
Վերադառնալով` տեսա, որ գյուղացիներ են խմբվել տաքսիի շուրջ: Մի մարդ 12 ամյա դստեր
հետ էր: Աղջիկը, որի անունը Նիկո էր, կարողանում էր մի փոքր անգլերեն խոսել: Նրա
միջոցով հայրը հարցրեց, թե ինչու եմ Շոռութ եկել:
Երբ ասացի, որ եկել եմ Շոռութի հին եկեղեցին տեսնելու, նա պատասխանեց.
-Ո՞վ է ձեզ ասել, որ այստեղ եկեղեցի կա:
-Գիրքը,- պատասխանեցի ես:
-Գի՞րքը: Այն ձեզ հե՞տ է,- նորից հարցրեց նա:
Գիրքն ինձ հետ չէր:
-Այստեղ երբեք եկեղեցի չի եղել,- թարգմանեց աղջիկը,- Ես այստեղ եմ մեծացել և
նույնիսկ այն ժամանակ այստեղ ոչ մի եկեղեցի չկար, Շոռութում երբեք հայեր չեն
բնակվել:
Այդ պահին դուրս ցցված տգեղ ոսկե ատամներով մի ծերունի առաջ եկավ ու մի քանի
անհասկանալի նախադասություններ շպրտեց դեմքիս: Սկզբում կարծեցի՝ գերմաներեն լեզվով
խոսելու փորձ էր:
-Հայերեն է խոսում,- ասաց աղջնակը: (Ենթադրում եմ` փորձում էր պարզել, թե արդյոք
հայ եմ): Որպեսզի բացատրեր, թե ինչպես էր հայերեն խոսող մարդը հայտնվել մի
գյուղում, որտեղր երբեք հայեր չեն եղել, նա շտապ ավելացրեց.
-Նա եկել է Հայաստանից:
Տեղացող հարցերին վերջ դնելու և նրանց` ստեղծված իրավիճակից քաղաքավարի դուրս գալու
հնարավորություն տալու համար ասացի. «Միգուցե մեկ այլ Շոռութ էլ կա, որտեղ էլ
գտնվում է այդ եկեղեցին»: Սակայն նրանք խայծը կուլ տվեցին. «Ոչ, միայն մեկ Շոռութ
կա»:
Այս տհաճ հարց ու պատասխանը դեռ մի որոշ ժամանակ շարունակվեց, սակայն ի վերջո մենք
տաքսի նստեցինք, և աղջնակի հայրը մեզ ճանապարհի համար հաց, միս ու պանիր տվեց:
Արդեն հեռացել էինք Շոռութից, երբ վարորդն ասաց, որ գյուղի բնակիչները
ուստիկանություն են զանգահարել, և որ հավանաբար մի ոստիկանական մեքենա սպասելիս
կլինի մոտակայքում:
Իսկապես, Գահից քիչ հեռու մեզ մի մեքենա էր սպասում, մեջը` մի ոստիկան և
քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդ: Ոստիկանը դուրս եկավ իր մեքենայից և նստեց
տաքսին: Իր վատ անգլերենով բացատրեց, որ պետավտոտեսուչ է:
«Դուք քարտեզ կամ ծագումնաբանական որևէ գիրք ունե՞ք ձեզ հետ» ,-հարցրեց նա:
Ես ասացի` ոչ։ Սակայն նա թռուցիկ կերպով զննեց պայուսակս:
Շարունակեցինք մեր ուղևորությունը և ասֆալթապատ ճանապարհին հասնելուն պես թեքվեցինք
ձախ` դեպի Ջուլֆա քաղաքը: Այստեղ մենք կանգ առանք ոստիկանական գրասենյակի մոտ,
որտեղ նախ և առաջ ինձ տարան ճանապարհային ոստիկանության ղեկավարի, իսկ հետո`
ոստիկանության պետի տեղակալի մոտ (այստեղ իմ պայուսակը նորից զզնման ենթարկվեց): Մի
որոշ ժամանակ միջանցքում սպասելուց հետո ինձ մեքենայով տարան տեղի Արազ Հյուրանոց:
Տաքսին գալիս էր մեր հետևից: Ինձ առաջնորդեցին դեպի հյուրանոցի հետևում գտնվող
պարտեզը: Սեղանի մոտ մեզ էին սպասում 50-ամյա մի պարոն ու քսանամյա մի երիտասարդ:
Իմ ուղեկիցը նույնպես տեղավորվեց և ինձ ևս հրավիրեց նստել: Տաքսու վարորդին
նստեցրին մի քանի մետր հեռու: Դա մոտավորապես 5.30-ին էր: Ժամը 8-ն էր, երբ
վերջապես ինձ թույլ տվեցին հեռանալ: Ես չեմ ձանձրացնի ինձ տրված հարցերի
մանրամասներով: Միայն կնշեմ այն հարցերը, որոնք, ըստ իս, լույս են սփռում հայերի և
առհասարակ հայկական ծագում ունեցող ամեն ինչի նկատմամբ ադրբեջանցիների
վերաբերմունքի վրա:
Պայուսակս տակնուվրա արեցին, ամեն ինչ մանրամասն զզնելուց հետո անգամ պայուսակն
ուսումնասիրեցին` կարծելով, թե այնտեղ կարող էին գաղտնի սարքեր թաքցված լինել: Այս
ամենը լռելյայն տևեց 15 րոպե: Այնուհետև սկսեց խոսել երիտասարդը, որն ավելի շուտ
տարեցի հարցերն էր թարգմանում (վերջինս, իմ կարծիքով, անվտանգության աշխատակից էր,
քանզի այդ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չնշեց իր անունը կամ զբաղեցրած պաշտոնը):
Սկզբում հարցրեցին թե ինչ մասնագիտություն ունեմ, որտեղ եմ աշխատում, որքան եմ
վաստակում, ով է ինձ վճարել Նախիջևան գալու համար, թե ինչու պետք է սեփական
գումարով գնայի այնտեղ:
Նա ուշադիր ուսումնասիրեց նոթատետրս: Այնտեղ ես նաև գրել էի Թուրքիայի գրախանութում
վաճառվող՝ Օսմանյան հայերի մասին պատմող գրքի վերնագիրը: Վերնագրում «Ermeni»
անունը տեսնելուն պես` հարցրեց դրա մասին: Երբ բացատրեցի, թե ինչն ինչոց է։
Կասկածամտություն ի հայտ եկավ նրա ձայնում: Նա ակնհայտորեն զարմացել էր, որ հայերի
մասին պատմող՝ թուրքահայի հեղինակած գիրքը վաճառվում է Թուրքիայում, թուրքերենով, և
որ թուրքերը կարող են ցանկանալու դեպքում գնել այն:
Նրանք զննեցին բոլոր լուսանկարները, որ դեռ պահված էին թվային լուսախցիկում:
Բարեբախտաբար Երնջակի հովտում արված լուսանկարները թողել էի հյուրանոցի իմ
համարում: Հատուկ հետաքրքրության արժանացավ Նախիջևանում արված այն լուսանկարը,
որտեղ պատկերված էր Մոնիմա Հաթում դամբարանի դիմացի պարտեզում ընկած մի սալաքար
`շրջապատված մեծ թվով խոյաձև տապանաքարերով: Սալաքարի ուղղանկյուն խորանով
հորինվածքում խաչ էր պատկերված` երկծայր խաչաթևերով, իսկ վերևի խաչաթևը
կիսաշրջանաձև էր: (Կարծել էի` խաչքարի պարզ տեսակ է):
-Ի՞նչ եք կարծում` սա ի՞նչ է,- հարցրեց նա:
-Կարծես խաչքար է,-պատասխանեցի ես:
-Ոչ, խաչքար չէ: Չի էլ կարող լինել: Նախիջևանում միայն մահմեդականներ են բնակվել,-
ավելացրեց նա:
-Դե, այդ դեպքում, ձեր կարծիքով ի՞նչ է սա,- շտապեցի հարցնել:
Որոշ ժամանակ մյուսների հետ քննարկելուց հետո՝ ասաց.
-Վերևում պատկերված կիսաշրջանը կիսալուսին է` մահմեդական խորհրդանիշ: Դա էլ ցույց է
տալիս, որ իրոք մահմեդական քանդակ է:
Թվում էր` գոհ էին իրենց հորինած բացատրությունից: Այդ էր պատճառը, որ շատ զարմացա,
երբ ավելի ուշ իրերս ստուգելիս հայտաբերեցի, որ ջնջել էին սալաքարի երկու
լուսանկարները:
Հարցրեցին, թե ինչու եմ կարծում, թե Շոռութում եկեղեցի կա:
-Գրքում եմ կարդացել այդ մասին,- պատասխանեցի ես:
-Փչոց է: Սուտ են գրել: Հայկական գիրք է, չէ՞։
-Այո,- ասացի:
-Տեսնու՞մ եք` հայերը միշտ ստում են, ստում են բոլորին:
Չկարողացա ինձ զսպել և ասացի, որ գրքում կային նաև Շոռութ եկեղեցու լուսանկարները:
Դրան նրանք պատասխանեցին՝ ասելով.
-Հայերը եկել են այստեղ, լուսանկարել են Շոռութ գյուղը, վերադարձել են Հայաստան և
այնտեղի եկեղեցու նկարներ են օգտագործել ձեր ասած լուսանկարը ստանալու համար:Դրանք
սոսկ հայկական ստեր են: Խաբում են ձեզ: Նախիջևանում երբևէ որևէ հայկական եկեղեցի չի
եղել: Այստեղ երբեք հայ չի ապրել: Դե եթե հայ չի եղել, ինչպե՞ս կարող էին
եկեղեցիներ լինել, հը՞: Ոչ մի եկեղեցի չի եղել ո’չ Աբրակունիսում, ո’չ Շոռութում,
ո’չ էլ Ջուլֆայում:
Ինձ հետ հարցազրույցն իր գագաթնակետին հասավ, երբ միմյանց հետ ինչ-որ բան
քննարկելուց հետո ասացին.
-Կարծում ենք՝ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ լավ մտադրություններով չէ, որ
եկել եք այստեղ:
Ինձ ասացին, որ մինչև կեսգիշեր պետք է հեռանամ Նախիջևանից: Վարորդի հետ
պայմանավորվեցինք, որ լրացուցիչ 50 դոլարով ինձ հետ կտանի Նախիջան քաղաք, այնտեղից
էլ` Թուրքիայի սահման: Ես հատեցի սահմանը կեսգիշերից 45 րոպե շուտ:
© Steven Sim, January 2006
