NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղաքական ընդդիմությունը վախճանվել է տաս տարի առաջ
Լայն հանրությունը դա նոր է գիտակցում
«Քաղաքական ընդդիմությունը սպառել է իրեն»,- սահմանադրական հանրաքվեից հետո այսպիսի
արտահայտություն կարելի է լսել ամենուր: Եվ իսկապես, քաղաքական դաշտը դարձել է

միաբևեռ, ուր տոն են տալիս բացառապես իշխանամետ ուժերը:
Ինչու՞ ստացվեց այսպես, ինչու՞ ընդդիմությունը թուլացավ չգոյության աստիճան, երբ
միևնույն ժամանակ իշխանությունների իրական վարկանիշը անհամեմատ ցածր է: Մի՞թե չպիտի
գործեր նժարի օրենքը և իշխանության վարկանիշի անկումը ապահովեր ընդդիմության
վարկանիշի աճ:
Դասընթաց սկսնակների համար
Երրորդ Հանրապետության տարիներին առաջին իրական ընտրություններին հայ հանրությունը
«ականատես» եղավ 1995 թվականին: Ժողովրդավարական հովերով տարված ընդդիմությունը, որ
հույս ուներ ընտրությունների միջոցով Ազգային Ժողով ձևավորել, կանգնեց տխուր փաստի
առաջ. իշխանություններն օրենքով արգելված եղանակներով իրենք ձևավորեցին
խորհրդարանը:
Ընդդիմությունը սա համարեց սոսկ նախավարժանք և պատրաստվեց նախագահական
ընտրություններին` հույս ունելով սահմանադրական ճանապարհով վերցնել իշխանությունը:
Թե ինչ եղավ արդյունքում` քաջ հայտնի է ամենքին:
Գաղտնիք չէ, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար, այլ
պայմանների թվում, հարկավոր է ունենալ անկախ դատական համակարգ, որը հարկ եղած
դեպքում միջամտում և լուծում է հակամարտող կողմերի միջև ծագող հնարավոր վեճերը:
Հայաստանում 1995 թվականին դատական համակարգն անկախ չէր և գտնվում էր գործադիր
իշխանության ձեռքում, կամ, ինչպես ընդունված է ասել` գրպանում: Եվ առավել քան
սպասելի էր, որ այն ժամանակ գործող վարչակազմի` ընտրություններում պարտվելու
դեպքում իշխանությունը կամովին թողնելուց հրաժարվելու դեպքում ընդդիմության
դիմում-բողոքները արդարադատության մարմիններին` լուծվելու էին հօգուտ վարչակազմի:
Մի կողմից` չկար արդարադատության անկախ համակարգ, մյուս կողմից կար իշխանությունից
հեռանալու իշխանությունների համառությունը, որը հանրագումար է մի շարք
բաղադրիչների: Այդ բաղադրիչների իմացությունը խիստ անհրաժեշտ է քաղաքական ուտոպիայի
գիրկը չընկնելու համար: Նախ, անցումային փուլում գտնվող երկրում իշխանություն
ունենալը տալիս է պաշտոնեական դիրքի օգտագործումով ահռելիորեն մեծ շահի ստացման
հնարավորություն` ապահովելով անպատժելիության: Բացի այդ, քաղաքական պայքարի
կուլտուրա չունեցող մի երկրում, որպիսին Հայաստանն է, իշխանությունը ագրեսիվորեն
տրամադրված հակառակորդին զիջելը կարող է և հանգեցնել ֆիզիկական ոչնչացման:
Այս ամենը հաշվին առնելով, դժվար չէր հաշվարկել, որ 1996-ին սահմանադրական
ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու քաղաքական որևէ հիմք չկար, ինչը և
ամրագրեց այն ժամանակվա պաշտպանության նախարարը` հայտարարելով, թե ընդդիմությունը
հարյուր տոկոս քվեներ ստանալու դեպքում անգամ իշխանություն չէր ստանա:
Իշխանափոխություն ծրագրած «հին» ընդդիմությունը այս ամենը չհաշվարկեց և չգիտակցեց,
որ իշխանությունը վերցնել հնարավոր է բացառապես ոչ սահմանադրական ճանապարհով:
Արդյունքը եղավ դաստիարակչական ծեծը խորհրդարանի դահլիճում:
Իրականում ե՞րբ վախճանվեց ընդդիմությունը
Պայքարի սահմանադրական ուղին որդեգրած ընդդիմությունն իրականում վախճանվել է տաս
տարի առաջ, պարզապես լուրջ քաղաքականությունից գլուխ չհանող լայն հանրությունը նոր
է դա գիտակցում: 1996 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները լուրջ դաս էին
ուտոպիզմի մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական հոսանքների համար, որպեսզի մեկընդմիշտ
գիտակցեին /թեև ասացինք` պարտավոր էին դա իմանալ նախապես/, որ եվրոպական ներկայիս
չափանիշների ժողովրդավարությունը մեզ համար չէ, որ հազար ու մի պատճառներով մեր
հանրությունը պատրաստ չէ կառավարման այդ համակարգը երկրում հաստատելու համար:
Այդտեղից պիտի հետևեցվեր, որ պայքարի նախա96ական մեթոդները անիմաստ են, որ
ապարդյուն է անցնելու հաջորդող ընտրություններին հասարակությանը նախապատրաստելու
քարոզչական հին մեթոդների կիրառումը:
Ընդդիմությունը ուներ երկու ուղի. կամ իշխանությունը վերցնել հեղափոխությամբ, կամ
հեղափոխականությունից հրաժարվելով /թեկուզ արտաքուստ, ձևականորեն/` փորձեր հնարավոր
նպաստավոր պայմաններից օգտվելով`ժողովրդավարական բնույթի զիջումներ կորզել
իշխանություններից:
Մեր ընդդիմությունը շարունակեց գնալ երրորդ` սահմանադրական պայքարի ճանապարհով:
Դասընթաց նոր սկսնակների համար
1998 թվականի փետրվարին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները
ընդդիմություն-իշխանություն քաղաքական պայքարի դասական մեխանիզմներից դուրս են, և
ստորև չենք քննարկի դրանք: Թեպետ նկատենք, որ Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը մինչև
հիմա էլ գտնում է, որ եթե իրենք 1995 և 1996 թվականների ընտրություններով
չթուլացնեին առաջին նախագահի դիրքերը` իշխանությունից նրա հեռացումն այդքան դյուրին
չէր լինի կամ կլիներ անհնարին: Որպես առարկություն ներկայացնենք արդարության
բարդույթ ունեցող չորս ընտրությունների առկայությունը երկրորդ նախագահի քաղաքական
կենսագրության մեջ. նախագահ, որը դրանից ոչ միայն չի թուլացել ու չի երերում, այլև
ոչնչացման է դատապարտել ընդդիմությունը:
1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը, որ դաս չէր առել
երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից, փորձեց մեծ ժողովրդականություն
ունեցող լիդերի օգնությամբ ապահովել մեծ թվով քվեներ և երկրում կատարել
իշխանափոխություն: Ու թեև այս անգամ իշխանական համակարգից որևէ մեկը բացեիբաց
չհայտարարեց, թե քվեների քանակով չի որոշվում հանրապետության նախագահի ով լինելը,
միևնույն է, այդպես էլ արվեց:
Առավել քան սպասելի էր, որ այս ամենից հետո քաղաքական ընդդիմությունը վերջապես
կգիտակցեր սահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելու անհնարինությունը և
տարիներ չէր վատնի անիմաստ տեղապտույտի վրա, սակայն այդ գիտակցումին խանգարեց
երիտասարդ, նախորդ իրադարձություններին չմասնակցած քաղաքական նորաթուխ գործիչների
հարկադիր ի հայտ գալը:
Դասընթաց նորաթուխների և լայն հասարակության համար
Այս գործիչները փոխ առան և նույնությամբ կրկնեցին ԱԺՄ-ի կողմից 1992-96 թվականներին
կիրառված պայքարի մեթոդները` բացարձակապես դաս չառնելով նրանք փորձից: Ավելին,
քաղաքական պայքարը նրանք տարան շատ ավելի վատ ձևով, քան իրենց նախորդները. նրանք
շեշտը դրեցին մաքուր քարոզչական տեխնոլոգիաների վրա, սակավ ուշադրություն դարձնելով
հասարակության առանձին շերտերի կազմակերպվածության աստիճանի մեծացմանը, որի կարիքը
զգացվելու էր ընտրությունների «արդյունքների» հրապարակումից հետո. շարունակաբար
խոսելով ետընտրական հնարավոր հեղափոխության մասին, նրանք միջոցներ ձեռք չառան
հասարակությանը դրան նախապատրաստելու ուղղությամբ: Արդյունքը եղավ այն, որ
ընտրություններից մի քանի օր անց հասարակական ակտիվությունը մարեց:
Այս վերջին, սահմանադրական հանրաքվեից հետո, երկրի քաղաքական իրավիճակը դարձավ ճիշտ
այնպիսին, ինչպիսին 1996 թվականի ձմռանն էր: Փաստորեն, ընդդիմության` ճիշտ
հաշվարկել չկարողանալու պատճառով վերջին տաս տարիները քաղաքական պայքարի
տեսանկյունից անցան անիմաստ: Միակ ձեռքբերումն այն է, որ հասարակության լայն
շերտերը գիտակցեցին սահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելու
անհնարինությունը: Մինչդեռ կորուսներն անչափելի են.
-մի քանի ջախջախումներ ունեցած և ձեռքբերումի նշույլ անգամ չարձանագրած
հասարակությունը խոր հուսալքության է մատնված և այսուհետ անհամեմատ դժվար կլինի
նրան նորից քաղաքական պայքարի հանել,
- ընտրությունների ժամանակ իր անվտանգությունը երաշխավորելու մտահոգությունից
դրդված` իշխանությունները հարկադրված քանիցս գործակցել են ոչքաղաքական տարրերի հետ,
որի արդյունքում, ինչպես իրենք, ընդդիմադիրներն են ասում, իշխանությունները
քրեականացել են,
- ինքնապաշպանության նկատառումներով իշխանությունները հարկադրված ուժային
կառույցներին քանիցս արտոնել են դիմել բռնության, և այդ կառույցները ներկայում
ագրեսիվ վիճակում են ու առօրյա կյանքում քաղաքացիների հանդեպ թույլ են տալիս
արարքներ, որոնք դժվար էր պատկերացնել նախա2003յան Հայաստանում,
- վարկաբեկվել է երկրի հեղինակությունը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում
պետության համար արտաքին քաղաքականություն վարելու ընթացքում:
Ո՞րն է ելքը
Քաղաքական ընդդիմությունը ինչ-ինչ վերադասավորումներ է իրականացնում, ինչ-ինչ
ֆորմատներ է ձևավորում, հավատարիմ մնալով պայքարի` իրեն սպառած հին մեթոդներին:
Ընդդիմությունը պատրաստվում է ... գալիք ընտրություններին, իսկ հանրությունն այլևս
ուշադրություն չի դարձնում նրանց վերադասավորումներին: Նկատելի է նաև քաղաքական
առանձին գործիչների հեռացում ընդդիմությունից:
Հետաքրքիր զարգացումների միտումներ են նկատվում նաև իշխանական ճամբարում` իշխանական
գործող կուսակցություններից զատ, ինքնուրույն ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու
հայտ են ներկայացնում տնտեսական վերնախավի խոշոր ներկայացուցիչներն ու բարձրագույն
պաշտոնյաները: Հզոր ընդդիմության բացակայության պարագայում իշխանությունը
ներկայացնող այդ ուժերը 2007 թվականին միասնական թիմով հանդես գալու հարկադրանք չեն
ունենա և սպասվում է, որ ընտրությունների ժամանակ կվերահսկեն մեկ-մեկու քայլերը`
թույլ չտալով ուրիշներին «գրպանել» իրենց քվեները: Սա նշանակում է, որ նրանք
գործուն քայլեր կիրականացնեն սեփական էլեկտորատ ձևավորելու և անհրաժեշտ թվով մաքուր
քվեներ ունենալու համար: Իսկ դա, փող բաժանելուց զատ /ի դեպ, չի բացառվում, որ
իշխանական ուժերը միմյանց վերահսկելով` կասեցնեն նաև բացահայտ ընտրակաշառքի
փորձերը/, հնարավոր է ժողովրդին արվող զիջումների միջոցով:
Հայաստանում ժողովրդավարական համակարգ կառուցել ձգտող քաղաքական գործիչները, մեր
կարծիքով, խելացի վարված կլինեն, եթե կարողանան օգտվել պատեհ առիթից և մինչ
ընտրությունները ժողովրդավարական բնույթի էական զիջումներ կորզեն
իշխանություններից` նույն այդ իշխանությունը ներակայացնող առանձին թևերի միջոցով:
Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ արմատական ընդդիմությունից /որն
ապացուցել է իր անճարակությունը/ հեռացողները դավաճան են որակվում:
