NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդյո՞ք փլուզվում Է իշխող կոալիցիան
Փետրվարի սկզբին իշխող կոալիցիայի անդամները հանդես եկան միասնական
հայտարարությամբ, որը պետք է ցուցադրի նրանց պատրաստակամությունը միասնական
գործունեությունը շարունակելու մասին մինչեւ 2007 թվականի խորհրդարանական
ընտրությունները: Այդ հայտարարության փաստն իսկ վկայում է, որ գոյություն ունեն
լուրջ տարաձայնություններ իշխող կոալիցիայի կուսակցությունների միջեւ: Ակնհայտ է,
որ այդ քայլը բացատրվում է 2003 թվականին տեղի ունեցած կոալիցիոն պայմանագրի
չորրորդ կողմի` նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությամբ: Դեռեւս անցյալ տարվա
դեկտեմբերի վերջին Քոչարյանը հիշեցրեց այդ պայմանագրի շրջանակում կողմերի միմյանց 
առջեւ ստանձնած պարտավարությունների մասին: Դրա պատճառը սահմանադրական
փոփոխությունների հանրաքվեից հետո կողմերի միջեւ առաջացած տարաձայնություններն էին:
Այդ ժամանակ Օրինաց Երկիր կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի`
հանրաքվեի ընթացքում կատարված կեղծիքների մասին անսպասելի հայտարարությունները
համարվեցին կանխամտածված քաղաքական քայլ: Կոալիցիայի մյուս կողմերը` Հայ
Հեղափոխական Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը ըստ երեւույթին այդ
հայտարարությունը համարեցին 2007-ի խորհրդարանական ընտրություններին միտված
ինքնուրույն գովազդային քայլ: Դրա վառ ապացույցն էր Հանրապետական
կուսակցությանդեկտեմբերին կայացած համագումարում հնչած նյարդային արձագանքները: Այդ
կուսակցության առաջնորդները իրենց հերթին հանդես եկան ընտրություններին ընդառաջ
հակահայտարարություններով: Ինքնուրույնություն հանդես բերեցին նաեւ
դաշնակցականները:
Թվում էր, որ հանրաքվեին վերաբերող քննարկումները ակնթարթորեն ուղղվեցին առաջիկա
ընտրությունների թեմային եւ այդ կուսակցությունների ապագային վերաբերող հարցերին:
Սկսվեցին զանգվածաբար քննարկվել ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված
հարցերը, հնարավոր դաշինքների, նոր կուսակցությունների առաջացման, անգամ ապագա
Նախագահի թեմաները: Արդյունքում իշխանության ամբողջականությունը սկսեց ճաքեր տալ:
Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ զգացմունքները ժամանակավրեպ
էին: Իրենց զգացնել տվեցին արտաքին քաղաքական խնդիրները: Եվրախորհրդի
խորհրդարանական ասեմբլեան բոլորի ուշադրությունը բեւեռեց հանրաքվեին, կոչ անելով
պատժել կեղծարարներին: Ավելի անսպասելի հնչեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի
դիրքորոշումը, որը օգնության հատկացումը պայմանավորեց հանաքվեի արդյունքների հետ:
Հայաստանից պահանջեցին արդար կառավարում, ինչին միացավ ԱՄՆ-ը:
Իրավիճակը ավելի լրջացավ նրանով, որ ՀՀ իշխանությունները այդ պահանջներին որեւէ
կառուցողական պատասխան չտվեցին: Դա միանգամից արտացոլվեց Եվրախորհրդի
խորհրդարանական ասեմբլեայի մոնիտորինգի խմբի հայտարարությունում, որտեղ Հայաստանի
իշխանությունները մեղադրվեցին երկրում արդարության մթնոլորտրի ձեւավարման
ցանկության բացակայության մեջ: Այդ մեղադրանքի համար հիմք հանդիսացավ ՀՀ Գլխավոր
Դատախազության պահվածքը, որը չցանկացավ հետաքննել հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած
կեղծիքները, անտեսելով դրանց առկայության մասին ԱԺ Նախագահի դեկտեմբերին
դատախազությանն ուղղված եւ մամուլում հրապարակված դիմումը:
Հանրաքվեի ընթացքում տեղ գտած կեղծիքների հարցը ներքաղաքական զարգացումներում
դարձյալ հրատապ դարձան: Ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները առաջ
քաշեցին նոր պահանջներ հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած կեղծիքները հետաքննելու
համար: Սակայն Գլխավոր Դատախազությունը շարունակում է պնդել փաստերի բացակայության
թեզը: Այդ բանավեճը մինչ այսօր շարունակվում է:
Հասկանալի է, որ հանրաքվեի արդյունքները վերաքննելու պահանջը եւ առաջիկա
խորհրդարանական ընտրությունների շունչը նեղացրեցին ապագա քաղաքական զարգացումների
տրամաբանությունը: Կոալիցիոն կուսակցությունների հետագա ճակատագրերը քաղաքական
զարգացումների եղանակի վճռորոշ կռվանները դարձան:
Ստեղծված ներքաղաքական իրավիճակով նախագահ Ռոբերտ Քոչարյանի անհանգստությունը արդեն
երեւաց ընթացիկ տարվա առաջին իսկ ամսում: Հետեւեցին գործադիր իշխանության մի շարք
օղակների հրապարակային պախարակումները: Սկսվեց քննարկվել Կառավարության կադրային
փոփոխությունների հարցը: Անգամ որոշ պաշտոնանկություններ տեղի ունեցան: Սակայն
Նախագահի այդ քայլերը էլ ավելի շիկացրեցին մթնոլորտը:
Այդ ամենը ամենաակնհայտ երեւաց փետրվարի 8-ին, երբ Կոալիցիայի կողմից առաջադրված
Օմբուդսմենի թեկնածուն չհավաքեց անհրաժեշտ ձայների քանակը: Չնայած Կոալիցիայի
ղեկավարները սկսեցին համոզել, որ համերաշխորեն քվեարկել են կոալիցիայի թեկնածուի
օգտին, այնուամենայնիվ շատերը սկսեցին դա վերագրել Կոալիցիայի ներսում առկա
անհամաձայնությանը: Հիշեցնենք, որ այդ ամենը կատարվեց Կոալիցիայի
փոխհամագործակցության մասին արված հայտարարությունից հետո: Բոլոր դեպքերում դա
համագործակցության անորոշ սկիզբ էր, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները,
ժամանակը ցույց կտա: Այն էլ այն ժամանակ, երբ իր մասին նորից է սկսել հիշեցնել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավանդական գաղափարը: Անցյալի փորձը հուշում
է, որ ներքաղաքական անորոշության պայմաններում Ղարաբաղյան կարգավորման
դիվանագիտությունը ուղղակիորեն ազդեցություն է ունենում: Ներքաղաքական հարցերում
այդ խնդրի ներուժից բոլորն են սովորել օգտվել:
Հատկանշական է, որ ԱԺ-ում սկսված անորոշությունը առաջացավ Փարիզում ընթացող
Ալիեւ-Քոչարյան բանակցությունների ժամանակ: Թե ինչով կվերադառնա Փարիզից Քոչարյանը,
դեռեւս անհայտ է: Սակայն այս կամ այն արդյունքը կարող է ինչպես ապակայունացնել,
այնպես էլ հակառակը` կայունացնել իրավիճակը:
Այսպես, թե այնպես, նոր քաղաքական բաժանումների, առաջին հերթին նոր քաղաքական
Ֆորմատների առաջացումն անգամ չզինված աչքով է երեւում: Միայն հարց է առաջանում, թե
դա ինչպես կարտահայտվի մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Վարկածներն այն
մասին, որ այդ ընտրությունները կարող են արտահերթ տեղի ունենալ, նույնպես քիչ չեն:
Այնուամենայնիվ ակնհայտ է, որ նման տարբերակները կապված են գործադիր իշխանության
ճակատագրի հետ: Եթե այդ հարցում հնարավոր լինի պահպանել միակարծությունը, ապա
ԱԺ-ում տեղի ունեցող վայրիվերումները դժվար թե արագացնեն գործընթացները:
Ենթադրել, որ Կոալիցիայի կուսակցությունների գործողությունները միմիայն
պայմանավորված են նրանց ախորժակով կամ երկյեւղով, ճիշտ չի լինի: Տեղի ունեցող
գործընթացները պայմանավորված են գործադիր իշխանության առաջատար դեմքերի
ակտիվությամբ:, իսկ նրանց գործողությունները պայմանավորված չեն իրենց կուսակցական
պատկանելությամբ: Կուսակցությունները կարող են հավակնել մասնակցել այս կամ այն
ներքաղաքական խաղերին, որոնց հեղինակները իրենք չեն:
Այնպես որ, երբ խոսում ենք Կոալիցիայի ապագայի մասին, պետք է խոսել երկրի ընդհանուր
ներքաղաքական համակարգում տեղի ունեցող զարգացումներում կուսակցությունների դերի
մասին: Ինչ-որ իմաստով հենց այդ պարագան է, որ նշանակալի է դարձնում Կոալիցիայի
ճակատագրի նկատմամբ եղած հետաքրքրությունը: Հենց այդ ճակատագիրը կարող է հասկանալի
դարձնել իրադարձությունների իմաստը:
