NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրենքն ու բարոյականությունը հասարակությունում
Պետական օրենքը որպես անբարոյականության փոխհատուցում
Հաճախ կարելի է լսել այն տեսակետը, որ պետական օրենքները Հայաստանում չեն գործում,
որովհետեւ հասարակության մեջ բացակայում է բարոյականության նորմերը։ Համարվում է,
որ սահմանադրության ընդունումը դեռեւս բավարար չէ, անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց
սոցիալականացման աստիճանը։ Այսինքն, սոցիալականացումը նույնացվում է
բարոյականության հետ (բնական առաքինություն)։

Հնարավոր է, որ այդ պնդումները եւ ընդհանրապես քննարկվող խնդիրը ժամանակավրեպ է։
Սակայն, ինչպես ինձ թվում է, հասարակության մոտ բարոյականության եւ օրինականության
փոխկապակցվածության մասին հստակ հասկացության բացակայության պատճառով է, որ
հասարակությունը գնալով ապակողմնորոշվում է, ստեղծելով արգելքներ օրենքի վրա
հիմնված կենսագործունեության համար։ Հենց նման ապակողմնորոշման պատճառներց մեկն այն
է, որ նույնացվում են բարոյականությունն ու գիտակցությունը։
Խնդիրը այն է, որ բարձր բարոյական արժեքներ ունեցող անձինք իրենց նման
մահկանացուների կողմից ստեղծված օրենքի անհրաժեշտությունը չունեն։ Նրանք լավ գիտեն,
թե ինչպես պետք է կառուցել փոխհարաբերությունները իրենց նմանների հետ։ Նրանց
օրինապահությունը հիմնվում է բարձր բարոյական այն սկզբունքներին վրա, որ սուտը,
գողությունը եւ ուրիշի կյանքի վրա ոտնձգություն կատարելը աներկբա ժխտվում են։ Նման
բարոյական արժեքներ դավանող մարդը շատ լավ էլ հասկանում է հասարակական կյանքի
թերությունների պատճառները։ Նրանք ներքին բարձր գիտակցության շնորհիվ է, որ չեն
կատարում այն ամենը, ինչը անգամ շատերի համար բնականոն է։
Սակայն յուրաքանչյուր հասարակության մեջ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում։
Մեծամասնությունը հակված է իրենց բարեկեցությունն ապահովել ուրիշների հաշվին։ Դրա
համար նրանք չունեն արգելքներ, թեկուզ իրենց տգիտության պատճառով։ Դա բնորոշ է
մարդկության մեծամասնությանը։ Հենց այդ պատճառով է առաջանում անհրաժեշտություն
հասարակական կյանքը կանոնակարգող օրենքների սահմանման համար։
Այսինքն, երկրային օրենքները անբարոյականությունը սանձող ունիվերսալ գործիքներ են։
Դա ինչ–որ իմաստով մարդկանց ուղարկված Աստծո պատիժ է։ Օրենքների առկայությունը ոչ
մի դեպքում չի արտացոլում հասարակության բարոյականության աստիճանը։ Ավելի ճիշտ
արտացոլում է, բայց հակառակ իմաստով։ Որքանով ավելի բարոյական է հասարակությունը,
այնքան ավելի ուժեղ են ոչ թե պետական, այլ՝ հասարակական օրենքները։
Այդ ամենի ամենացցուն օրինակները կարող են լինել հանցագործ աշխարհի օրենքները,
որոնք հասարակական ինքնակազմակերպման ամենածայրահեղ ձեւերից են։ Այդ օրենքները
ամենածայրահեղ դաժանության օրինակներն են այնպիսի հասարակությունների համար, որտեղ
ընդհանրապես չեն գործում որեւէ բարոյական չափանիշներ։ Դա մարդկանց գիտակցականության
յուրահատուկ ձեւերից է, որտեղ փոխհարաբերությունների պայմանավորված կանոնները
հիմնվում են միմիայն ամենադաժան պատժի նկատմամբ երկյուղի վրա։ Կարելի է ասել, որ դա
անբարոյական հասարակությունների ինքնակազմավորման ամենածայրահեղ եղանակներից է,
ինչ–որ իմաստով Աստծո պատիժը անբարոյական հասարակությունների համար։
Հենց այստեղ է երեւում բարոյականության ու գիտակցականության տարբերությունը։
Բարոյականությունը հիմնվում է մարդու էության բնական հասկացությունների վրա, որտեղ
կա պահվածքի բանական կանոնակարգ։ Բարոյական մարդը հավատում է այդ կանոնների
արարչական իմաստին եւ հատուկ երկյուղածությամբ է դրանց մոտենում։ Նա դրանց մեջ
տեսնում է պաշտպանվածության եւ ազատության ուղին (Փրկության ճանապարհը)։
Գիտակցվածությունը ընդամենը այն բանի ընկալումն է, որը մարդուն իր նման մարդկանց
կողմից պատժվելու վախը սահմանափակում է գործողությունների մեջ։ Գիտակից մարդը
երբեմն կարող է լինել խիստ անբարոյական, ողջ կյանքի ընթացքում ներքուստ պայքարելով
ցանկացած տիպի նորմեր դեմ, անգամ վերածվելով դաժանագույն արարածի։
Հասարակությունները, գիտակցելով քրեական օրենքների անընդունելիությունը, ձգտում են
մարդկանց ներարկել պահելակերպի ընդհանուր նորմեր, որոնք որոշակիորեն հիմնվում են
բարոյականության վրա։ Այստեղ կարելի է վիճել, արդյո՞ք
դա հետեւանք է այն բանի, որ հասարակության բարոյական գիտակցությունը բարձրացել է։
Թող այդպես լինի, սակայն իրականում պետական օրենքները իրենց տրաբանության մեջ
ոչնչով չեն տարբերվում քրեական աշխարհի օրենքներից։ Երկու դեպքում էլ ներմերը
պարտադրվում են դրանք խախտելու համար պատժելու ճանապարհով։ Տարբեր են միայն նորմերի
բնութագրերն ու դրանց ընդունման փիլիսոփայությունը։
Եթե քրեական աշխարհում անբարոյական գործողությունները՝ սուտը, բռնությունը,
գողությունը, սպանությունը, ճանաչվում են պահելակերպի ընդունելի ձեւեր, ապա պետական
օրենքներում նման գործողությունների համար պատժում են։ Օրենքի տրամաբանությունը
դրանով չի փոխվում՝ մարդուն տրվում է իրավունք իր նման մեկ այլ մարդու պատժել՝
հանուն օրենքի ։ Այստեղ կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով են այդ օրենքներն
ընդունվում։ Դա կարող է լինել Աստծո անունով ստեղծված օրենք, որը հաստատում է որեւէ
տիրակալ։ Դա կարող է հասարակական պայմանագրի հիման վրա ընդունված օրենք լինել։
Դրանից էությունը չի փոխվում։ Յուրաքանչյուր մարդ նախապես իր վրա է վերցնում այդ
օրենքներին հետեւելու պարտավորությունը։ Հետեւաբար, ստեղծվում են օրինական հիմքեր
այս կամ այն ընդունված կանոնների խախտման համար իրականվող պատիժների համար։
Ժամանակակից աշխարհում քրեական ու պետական օրենքների փիլիսոփայության հիմնական
տարբերությունը դրանց բովանդակությունն է։ Եթե քրեական աշխարհում տվյալ
հասարակության որոշիչ ձեւը հիմնված է ազդեցության տարածքի՝ զոնաների բաժանման
գաղափարի վրա, ապա հասարակական պայմանագիրը մարդու հավասար իրավունքների եւ դրանց
ապահովման մեխանիզմների մասին է։
Այսպիսով, ոչ մի հասարակություն չի կարող ապրել առանց օրենքների։ Ամբողջ խնդիրը
կայանում է նրանում, որ հասարակությունը հաճախ չի ընդունում գործող օրենքները եւ
պահանջում է ուրիշ օրենքներ։ Սակայն ամբողջ հարցը այն է, որ շատ հասարակություններ
չեն կարողանում հասնել այն աստիճանի գիտակցության, որն անհրաժեշտ է պետական
օրենքները մարդկանց մեջ ներարկելու համար։ Նման դեպքերում հաճախ քննարկում են
հասարակության անբարոյականության հարցը, սակայն չեն խոսում դրա իրական պատճառների
մասին։ Այդ անորոշության պատճառով հասարակության մեջ սկսում են գործել քրեական
աշխարհի օրենքներ, եթե անգամ այդտեղ ձեւականորեն ընդունված են պետական օրենքներ։
Հայաստանի պետականության զարգացման ժամանակակից փուլը աշխարհում եղած նման բազմաթիվ
հասարակությունների ընդամենը մեկ օրինակ է, որտեղ հասարակական կյանքը ենթարկվում է
քրեական աշխարհի օրենքներին։ Պետական օրենքների գործունեության ոլորտը շատ նեղ է եւ
չի տարածվում հասարական կյանքի որոշիչ ոլորտների վրա։ Գործերի նման իրավիճակը
բացատրվում է ոչ միայն հասարակության մեջ պետական օրենքների էության գիտակցության
բացակայությամբ, այլեւ հասարակական գիտակցության հակվածությամբ էթնոկրիմինալ
հասկացություններին ու նորմերին։ Մարդիկ չեն էլ նկատում, թե ինչպես են հենց իրենք
առաջնությունը տալիս քրեական աշխարհին բնորոշ օրենքներին, դրանց մեջ տեսնելով
որոշակի աստիճանի պաշտպանվածության ապահովում։
