NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական կողմի ցույցն ու «գիտաժողովը»
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված՝ այս տարվա թուրքական
քարոզարշավը սկսվելով Բեռլինում՝ իր տխրահռչակ ավարտին հասավ Թուրքիայի
մայրաքաղաքում։ Ինչ վերաբերում է Բեռլինին, ապա, ինչպես արդեն տեղեկացվել է, թուրք

ազգայնականները նախատեսել էին Հարդենբերգի փողոցին հարող հրապարակում գտնվող՝
նացիոնալ-սոցիալիզմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ մարտի 15-ին կազմակերպել մի
մեծ հանրահավաք, այնտեղ ծաղկեպսակ դնելով՝ հարգել Թալեաթի հիշատակը, իսկ մարտի
18-ին իրականացնել զանգվածային ցույց Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության
վերաբերյալ անցյալ տարվա հունիսին ընդունված բանաձևը չեղյալ համարելու և դպրոցական
դասագրքերում ցեղասպանության թեմային տեղ չհատկացնելու պահանջով։ Հանրահավաքը,
սակայն, որի մասնակիցների թիվը մոտ երկու տասնյակի էր հասնում, նախատեսված վայրում
տեղի չունեցավ, քանի որ այն արդեն զբաղեցրել էր այդ միջոցառման դեմ այնտեղ նմանապես
հանրահավաք կազմակերպած՝ Բեռլինի «Ճանաչում» աշխատանքային հանձնախումբը։ Անակնկալի
եկած թուրք այցելուները ստիպված էին Թալեաթին նվիրված ծաղկեպսակը դնել փոքր-ինչ
հեռու գտնվող մի ձյունածածկ սիզամարգի վրա և այնուհետև մի քանի պաթետիկ ճառեր
արտասանելով՝ հեռանալ։
Թուրքական քարոզարշավի առանցքային նախաձեռնությունը հանդիսացող մարտի 18-ի ցույցը,
որին ըստ այն նախաձեռնող «Կարմիր խնձորների կոալիցիայի» կողմից հրապարակված
տվյալների պետք է մասնակցեին ոչ պակաս քան չորս միլիոն թուրքեր, նույնպես «ոգևորիչ»
ընթացք և ավարտ չունեցավ։ Բեռլինի ոստիկանության ղեկավարությունը արգելեց այն, որից
հետո թուրք ազգայնականները արգելքը վերացնելու համար Բեռլինի դատարանում դատական
գործ հարուցեցին։ Դատարանը ոստիկանական արգելքը չեղյալ համարեց։ Ի պատասխան դրա,
սակայն, Բեռլինի ոստիկանության ղեկավարը արգելքը վերականգնելու համար դիմեց վճռաբեկ
դատարան, որը մարտի 17-ին որոշում ընդունեց ցույցը թույլատրել, սակայն այն
նախապայմանով, որ ցուցարարները չպետք է ժխտեին հայոց ցեղասպանությունը։ Նրանք
իրավունք չունեին կարգախոսներ կրել և նաև իրենց ելույթներում հայոց
ցեղասպանությունը «կեղծիք» անվանել։
Այս որոշումը միանգամայն ողջունելի քայլ էր, քանի որ դրանով դատարանի կողմից հայոց
ցեղասպանության ժխտումը համարվում էր քրեորեն պատժելի։ Թվում էր, թե այդ
իրավիճակում թուրքերը պետք է հրաժարվեին ցույցի իրականացման մտքից, քանի որ այն
այլևս չէր կարող ծառայել իրենց կողմից նախանշված նպատակին։ Այնուամենայնիվ
իրականում այդպես չեղավ։ Ցույցը, որի մասնակիցների թիվը, ըստ Բեռլինի ոստիկանության
տվյալների, հասնում էր 1700-ի, տեղի ունեցավ։ Ավելին, այն ընթացավ դատարանի որոշման
կոպիտ խախտումներով՝ ուղեկցվելով հայոց ցեղասպանության ժխտման և այդ «կեղծիքի» դեմ
պայքարի կարգախոսներով։ Դատարանի որոշման զանցառումը, ամեն դեպքում, ցուցարարների
կամ առնվազն ցույցի կազմակերպիչների համար անհետևանք մնալ չի կարող։ Ինչպես
տեղեկացնում է գերմանական մամուլը, Բեռլինի ներքին գործերի սենատոր Էրհարթ
Կյորտինգը մարտի 22-ին երկրամասային պառլամենտում հայտնել է, որ թուրքական ցույցը
անհետևանք չի մնալու։ Թուրքական աշխատավորական կուսակցության ղեկավարի՝ Դոգու
Պերինչեկի դեմ հարուցվելու է դատական քննություն, քանի որ նա ցույցի ժամանակ ժխտել
է հայ ժողովրդի զանգվածային սպանդը։ Դա կարող է այն հետևանքն ունենալ, նշել է նա,
որ Պերինչեկին այսուհետ արգելվի մուտք գործել Գերմանիա։ Բացի այդ, ըստ սենատորի,
ցույցի կազմակերպիչների կողմից ցեղասպանության ժխտումը հակազդման հիմք է ընձեռում
նման միջոցառման կրկնման դեպքում։ «Այդօրինակ հանրահավաքի արգելման շանսերը այժմ
շատ ավելի մեծ են, և մենք նաև կօգտագործենք այդ հնարավորությունը»,- հայտնել է Է.
Կյորտինգը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական քարոզարշավի հաջորդ
առանցքային քայլը դարձավ Ստամբուլում «Նոր ընձյուղներ թուրք-հայկական
հարաբերություններում» վերտառությամբ մի՝ այսպես կոչված գիտաժողովի իրականացումը,
որին մասնակցելու համար հրավիրվել էին նաև երեք հայ գիտնականներ։ Հայկական կողմը,
սակայն, իրավացիորեն մերժել էր միջոցառմանը մասնակցելու առաջարկը՝ ելնելով այն
հանգամանքից, որ հայոց ցեղասպանության խնդիրը արդեն իսկ այնքան փաստարկված է, որ
քննարկման առարկա չի կարող դառնալ։ Հայկական կողմն իր դիրքորոշման պարզաբանումն ու
հիմնավորումը պետք է, թերևս, ըստ հնարավորին հրապարակայնացներ, այնպես, որ լսելի
դառնար բոլորին, քանի որ նրանք, ովքեր հարցին իրազեկ չեն կամ առնվազն անտեղյակ են
վերջին տարիներին լույս ընծայված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստական
նյութերին, կարող էին հրաժարման հիմքում այլ դրդապատճառներ որոնել։ Հայոց
ցեղասպանության վերաբերյալ կատարված ուսումնասիրություններին և հրապարակված
գերմանական դիվանագիտական փաստաթղթերին, անկասկած, ծանոթ չէր նաև գերմանական «Die
Welt» պարբերականի աշխատակից Բորիս Կալնոկին, որը ներկա էր եղել միջոցառմանը և
Գերմանիա վերադառնալով՝ թերթի մարտի 20-ի համարում լույս ընծայեց մի հոդված «Հայոց
ցեղասպանության մասին Ստամբուլի մեծ գիտաժողովը կարող է զարգացման մի նոր փուլ
նշանավորել» վերնագրով։ Ըստ հոդվածագրի, գիտաժողովը կարող էր քննարկումների հարթակ
դառնալ, որի վրա հայ պատմաբանները թուրք պատմաբաններին ստուգապես ցույց կտային, թե
ինչպես է հայ ժողովուրդը 1915-1917 թվականներին «թուրքական ձեռքով» բնաջնջվել։ Քանի
որ, սակայն, հրավիրված երեք հայ գիտնականները Ստամբուլ չէին մեկնել, որպես հայոց
ցեղասպանության թեզի կողմնակիցներ գիտաժողովում ներկա էին միայն՝ գերմանացի Հիլմար
Կաիզերը, իսրաելցի պատմաբան Յաիր Ավրոնը և Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի
ներկայացուցիչ Արա Սարաֆյանը։ Նրանք, ըստ հոդվածագրի, ուշադիր ունկնդրում էին, թե
ինչ են ասում իրենց հակառակորդները, և արդյունքը «հետաքրքիր էր»։ «Սարաֆյանը
վերջում իր համաձայնությունը հայտնեց TTK-ի հետ (մի հաստատության, որն իր
առաջադրանքն է դարձրել ցեղասպանության տեսակետի հերքումը) համատեղ ծրագրեր
իրականացնելու համար», նշում է Բ. Կալնոկին։
Իսկ ինչպիսի՞ բովանդակություն ունեին թուրք պատմաբանների ելույթները։ Յուսուֆ
Զարինայը, ինչպես նշվում է հոդվածում, ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց
Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան աքսորյալ հայերին
հարձակումներից պաշտպանելու համար ձեռնարկել է խիստ միջոցներ և նաև անձամբ
ստորագրել է 1643 թուրք սպաների, զինվորների և գործիչների մահավճիռը, որոնք
ոտնձգություն են կատարել հայ աքսորյալների դեմ։ «Այն, որ այդպիսի մահապատիժներ
կային, հայտնի էր դարձել դեռ նախկինում,- նշում է Բ. Կալնոկին,- նորը Թալեաթ փաշայի
անձնական դերակատարումն էր, որին հայկական կողմը համարում է անխնա հայատյաց և
«ցեղասպանության» ճարտարապետ»։
Մեկ ուրիշ զեկուցող՝ գերմանաբնակ թուրք պատմաբան Կեմ Օզգոնուլը իր ելույթում
անդրադարձել է դր. Յոհաննես Լեփսիուսի կողմից հրատարակված՝ հայոց ցեղասպանությանը
վերաբերող գերմանական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուին և որպես «իր սեփական
հետազոտության» արդյունքը հանդիսացող «հայտնագործություն», ծանուցել, որ այնտեղ
բազմաթիվ փաստաթղթեր կրճատված կամ փոփոխումների են ենթարկված, որ Լեփսիուսն այդ
ամենը արել է ոչ միայն գերմանական մեղսակցության պնդումները վնասազերծելու, այլև
առաջին հերթին օսմանյան ղեկավարության գործելակերպին ռասիստական բնույթ հաղորդելու,
հայկական ողբերգությունը և հայ զոհերի թվաքանակն ուռճացնելու, թուրք խաղաղ
բնակչության հանդեպ հայ ապստամբների և կամավորների արարքները քողարկելու և այլ
նմանատիպ նպատակներով։ Հեծանիվ հայտնագործած թուրք պատմաբանը գուցե կարող էր տեղյակ
չլինել այդ հարցի՝ բազմաթիվ ուսումնասիրողների կողմից արդեն վաղուց կատարված
հանգամանալից գիտական քննությանն ու պարզաբանմանը, սակայն նա չէր կարող անտեղյակ
լինել այդ նույն ժողովածուի՝ գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստի կողմից
կատարված բնագրային ամբողջական հրատարակությանը և նաև մյուս՝ ոչ պակաս արժեքավոր
ժողովածուին, որը գերմաներեն լեզվով հրատարակել է ակադեմիկոս Վարդգես Միքաելյանը, և
որտեղ ամփոփված են Կայսերական Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվում
գտնվող՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող ավելի քան 400՝ մինչ այդ հանրությանն
անհայտ մնացած դիվանագիտական տեղեկագրեր։ Նշված երկու ժողովածուներն էլ, որոնք
ներկայացված են ինտերնետային ցանցում, հայոց Մեծ եղեռնը, հայ ժողովրդի բնաջնջման
ծրագրայնությունը, մեթոդներն ու հետևանքները այն աստիճան համակողմանի և փաստական
այնպիսի հագեցվածությամբ են ներկայացնում, որ Լեփսիուսի ժողովածուի դեմ թուրք
պատմաբանի կողմից կատարված հնամաշ քննադատությունը կարելի է միայն զավեշտով
ընկալել։ Պատմաբանը, սակայն, գերադասել է լռել այդ ժողովածուների մասին։ Եվ, որքան
զարմանալի է, լռել են նաև հայկական տեսակետը ներկայացնող վերոնշյալ երեք
պատմաբանները։ «Հիլմար Կաիզերը»,- գրում է հոդվածագիրը,- ունկնդրում էր Օզգոնուլի
փաստարկումները, սակայն որևէ առարկությամբ կամ քննադատությամբ հանդես չեկավ։
Հետաքրքիր կլինի այդ տեսանկյունից քննարկմանը հետևել առաջիկա ամիսներին։ Եթե
Օզգոնուլի գործը փաստորեն դիմանա քննադատական զննությանը, դա կարող է անպատճառ
զարգացման մի նոր փուլ նշանավորել հայոց ցեղասպանությանը վերաբերող բանավեճում»։
Այնուհետև նշելով, որ քննարկման պարագայում ցեղասպանության իրողության հաստատումը
միանգամայն իրագործելի է, հոդվածագիրը հույս է հայտնում, որ նմանօրինակ հաջորդ
միջոցառմանը հայ պատմաբանները կմասնակցեն՝ իրենց տեսակետը ներկայացնելու համար։
Արդեն բավականաչափ փաստարկված իրողությունները քննարկման ոլորտ տեղափոխելը հայոց
ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի՝ թուրքական ռազմավարության ավանդական
բաղադրիչներից մեկն է, որի կիրառումը, սակայն, վերջին շրջանում հրապարակ եկած
փաստական սկզբնաղբյուրների, մասնավորապես գերմանական դիվանագիտական տեղեկագրերի
առկայության պարագայում արդեն պարզապես անհեթեթ է դառնում։ Ինքնին հասկանալի է, որ
հայ պատմաբանների դիրքորոշումը միանգամայն ճիշտ էր, քանի որ ըստ ամենայնի
փաստարկված պատմական իրողությունները քննարկումների դաշտ տեղափոխելը կլիներ ոչ այլ
ինչ, քան ահեթեթություն։ «Die Welt» պարբերականի հոդվածագրին և հարցին ոչ
բավականաչափ իրազեկ այլ անձանց ու հասարակական շրջաններին նման «գիտաժողովների»
միջոցով ստեղծվող թյուրըմբռնումներից զերծ պահելու համար ներկայումս անհրաժեշտ է
պարզապես հայոց ցեղասպանությանը վերաբերող կարևորագույն սկզբնաղբյուրներին,
մասնավորապես գերմանական, ավստրոհունգարական և ամերիկյան դիվանագիտական
տեղեկագրերին ըստ հնարավորին լայն շրջանառություն և հրապարակայնություն ապահովել,
ինչը կարող է հնարավոր դառնալ դրանց թարգմանության և նաև ամբողջական կամ մասնակի
վերահրատարակությունների միջոցով։
Ինչևէ, վերոնշյալ հոդվածին արդեն անդրադարձել է գերմանացի ականավոր հայագետ,
Բեռլինի «Ճանաչում» աշխատանքային հանձնախմբի նախագահ դր. Թեսսա Հոֆմանը՝ «Հին
քացախը հին տակառներու՞մ» խոսուն վերնագրի ներքո խմբագրությանն ուղարկելով այդ
հրապարակմանը վերաբերող իր նկատառումներն ու պարզաբանումները։ Ստորև ներկայացնում
ենք նրա նամակի հայերեն թարգմանությունը։
