Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Ծառայության Հասարակական դիտորդների խումբ

Եվրոխորհրդին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունում սկսվեց
օրենսդրության եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացը: Առաջնահերթ
խնդիրներից էին բանտային համակարգում իրականացվող բարեփոխումները: Քրեակատարողական
համակարգը ներքին գործերի ծառայությունից փոխանցվեց Արդարադատության
նախարարությանը:


2002թ. ընդունված եւ գործողության մեջ մտած «Կալանավայրերում պահվող անձանց մասին»
նոր օրենքում ենթադրվում էր մարդու իրավունքների առավել պաշտպանվածություն: Այս
ոլորտում կատարվող բարեփոխումերի իրագործման համար մեծ դերակատարում ունի
հասարակությունը, որը հնարավորություն է ստացել մասնակցելու ժողովրդավարական
պետության կայացմանը:

2003 օգոստոսին ՀՀ Արդարադատության նախարարը ստորագրեց «ՀՀ արդարադատության
նախարարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում
հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» հրամանը, որի
հիման վրա ստեղծվեց եւ 2004-ից գործում է հասարակական դիտորդների խումբը, որի մեջ
ներգրավված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սակայն Հայաստանի հասարակությունը, կարելի է ասել, առհասարակ տեղյակ չէ, թե ինչպիսի
պարտականություններ ու լիազորություններ ունի այդ խումբը:

Ըստ կանոնակարգի խմբի առնվազն երկու անդամ ցանկացած օր ցանկացած ժամերին իրավասու
են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում՝ ոչ աշխատանքային
օրերին: Այցելությունների ժամանակ դիտորդները կարող են ծանոթանալ կալանավորված
անձին վերաբերվող փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորվածի
համաձայնությամբ, նրա անձնական գործին, գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթի նշում
ունեցողներից, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր վիճակին, ինչպես նաեւ` հանդիպել
կալանավորված անձանց:

Դիտորդական խմբի գործունեության նպատակները.

  • քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների
    պաշտպանությունը,
  • հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,
  • քրեակատարողական ծառայությունում առկա մարդու իրավունքների խախտումների
    բացահայտումը եւ դր‎անց կանխարգելմանն ուղղված գործունեության ծավալումը,
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը եզրակացություններ ու
    առաջարկություններ ներկայացնելը:

Դիտորդական խմբի աշխատանքները կանոնակարգված են: Քրեակատարողական հիմնարկ կատարվող
մեկ այցելության ընթացքում հնարավոր չէ բավարար չափով ուսումնասիրել բոլոր
ոլորտները, ուստի այցելություններից առաջ նպատակահարմար է, որ մանրամասն քննարկվի
եւ որոշվի, թե տվյալ քրեակատարողական հիմնարկում որ ոլորտներն են այդ այցելության
համար առավել առաջնային: Դիտորդական խուբը առաջիկա մեկ ամսվա կտրվածքով պլանավորում
է , թե երբ եւ որ քրեակատարողական հիմնարկ է այցելելու եւ ուսումնասիրման համար որ
ոլորտներին է առաջնահերթություն տալու: Խումբը բաժանվում է մի քանի փոքր խմբերի՝
ըստ ուսումնասիրման ոլորտների: Դա նպատակահարմար է այն առումով, որ երբ ամբողջ
խումբը միասնական վերահսկողական այց է կատարում հանրապետության հեռավոր
մեկուսարաններից մեկը, հնարավոր է դառնում կարճ ժամանակահատվածում բավարար չափով
ուսումնասիրել տվյալ քրեակատարողական հիմնարկի ընտրված ոլորտները:

Երբ վերահսկողական պլանային այցելությունը կատարվում է խմբի երկու անդամների
կողմից, ապա նպատակահարմար է ուսումնասիրությունները կատարվեն մեկ ոլորտի
բնագավառում, օրինակ՝ խցային պայմանների:

Ըստ միջազգային չափանիշների խցում կալանավորների քանակը պետք է պայմանավորված լինի
խցի չափերից. մեկ շնչի համար պետք է նախատեսված լինի առնվազն չորս քառակուսի մետր:
Սակայն, ցավոք, հանդիպում են խցեր, որոնցում խախտված են այդ չափանիշները: Շատ
ժամանակ զավեշտական են լինում կալանավորների պատասխանները խցերի վիճակի եւ
պայմանների մասին: Հաչախ է կարելի լսել. «ամեն ինչ նորմալ է»: Սա այն դեպքում, երբ
այդ «նորմալ» կոչվածը անգամ որպես ախոռ էլ չի կարող ծառայել: Դիտարկումն ավարտելուց
հետո խմբի անդամները հաշվետվություն են պատրաստում, որտեղ իրավիճակը վերլուծվում եւ
նկարագրվում է այնպես, որ հստակ պատկերացում կազմվի մեր կողմից դիտարկված ոլորտի
մասին։

Դիտորդական խմբի անդամները տարին առնվազն մեկ անգամ պետք է այցելեն բոլոր
մեկուսարանները: Խմբի անդամները քրեակատարողական հիմնարկ կատարած այցի վերաբերյալ
պատրաստում են հաշվետվություն:

Եթե լինում են ահազանգներ, ապա խմբի անդամներն անհապաղ արձագանքում են դրանց:
Քրեակատարողական հիմնարկի մեկուսարան այցելելուց հետո հնարավորինս կարճ
ժամանակահատվածում տվյալ այցի վերաբերյալ Արդարադատության նախարարին հաշվետվություն
է ներկայացվում: Հաշվետվությունը կարող է ազդել խնդրահարույց իրավիճակի վրա:

Մեր հաշվետվությունները կարող են նպաս¬տել նրան, որ մարդու իրավունքների
խախտումների խնդրով հետաքրքր¬վող կազմակերպություններ, ինչպես նաեւ մասնավոր անձիք
հանգեն այն համոզմունքին, որ կարելի է համատեղ գործողություններ ձեռնարկելու
միջոցով իրավիճի վրա դրական ազդեցություն ունենալ։ Մարդու իրավունքների խախտումների
կոնկրետ օրինակները , որոնք ներկայացնում են իրադարձու¬թյուն¬ների պատկերը փաստերի
ու ապացույցների հիման վրա, ամրապնդում են դիտորդական խմբի հեղինակությունն այն
անձանց մոտ, որոնց իրավունքների պաշտպանությամբ էլ լծված են զբաղվելու:

Որպեսզի մեր գործունեությունը պարզ լինի, բերեմ մի քանի օրինակները:

2005 Օգոստոսին դիտորդական խմբի անդամները ստացված ահազանգի հիման վրա այցելել էին
«Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում էր «Հիվանդանոց դատապարտյալների համար» ՔԿՀ-ում
հսկիչների կողմից ծեծի ենթարկված մի կալանավոր։ Վերջինիս հետ առանձնազրույցի
ժամանակ պարզվել էր, որ հսկիչներն իրեն ծեծել էին ռետինե մահակով եւ երկաթյա
ամրանով։ Տուժողի գլխին եւ մարմնի վրա դիտորդները տեսել էին խոշտանգման հետքեր։ Այդ
ժամանակ հարեւան խցում հիմնարկի աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվում մեկ այլ
կալանավոր։ Կալանավորի աղեկտուր բացականչությունները լսելով, դիտորդներից մեկը
փորձել էր տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Այս ամենը, սակայն, խիստ դժգոհությամբ էր
ընդունվել հիմնարկի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից, որը, անգամ
իմանալով Դիտորդի առաքելությունն ու այցելության նպատակը, պահանջել էր հեռանալ
հիմնարկից հետեւյալ անվայելուչ արտահայտությամբ` «Դու գործ չունես, լավ եմ անում,
ծեծում եմ»։ Դիտորդները միջադեպը քննարկել են մեկուսարանի պետի առանձնասենյակում:

Վերը նշված դեպքից ընդամենը մեկ օր անց, հացադուլ հայտարարած կալանավորի հետ
հանդիպումից առաջ, դիտորդները տեղեկացրել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին, որ
ցանկանում են լուսանկարել հացադուլավորների խցային պայմանները, սակայն պետը արգելել
է լուսանկարել: Ավելին, այցելության ավարտից հետո հիմնարկի պետը հնարավորություն
չէր տվել դիտորդներին ծանոթանալ կալանավորված անձանց առողջության վերաբերյալ
բժշկական քարտերին, չնայած կային վերջիններիս գրավոր համաձայնությունը (որը գտնվում
էր ՔԿՀ պետի մոտ)։ ՔԿՀ-ի պետն իր գործողությունները հիմնավորեց ուղղակիորեն
հայտարարելով`. «Ինձ հրահանգված է չթույլատրել»։

Այս ամենի մասին նամակով Արդարադատության Նախարարին դիմելուց հետո, երկու դեպքերի
կապակցությամբ կատարվեցին ծառայողական քննություններ: Տեղի ունեցավ հանդիպում ՔԿՎ
աշխատակիցների հետ, որոնք ծանոթացրեցին խմբի անդամներին կատարված ծառայողական
քննության արդյունքների հետ: Ըստ նրանց, խմբի անդամների ոչ բոլոր փաստերն էին
հիմնավորված:

Նշված փաստերը, ինչպես նաեւ նախկինում դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնության
բացահայտված դեպքերը վկայում են, որ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց նկատմամբ
բացահայտորեն կիրառվում են խոշտանգումներ եւ նրանք հաճախ արժանանում են դաժան,
մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: