Արտակարգ իրադրության կանոններով

Հայաստանում, ինչպես նաեւ մյուս ետխորհրդային երկրներում բացակայում է քաղաքական
մշակույթը եւ դա ունի իր բացատրությունը: Խորհրդային ամբողջատիրական համակարգը իր
քաղաքացիներին արգելում էր հասարակական կյանքում ինքնուրույն նախաձեռնություններով

հանդես գալ: Անգամ մեղվապահների միությունները հսկվում էին կուսակցական մարմինների
և անվտանգության ծառայությունների կողմից: Ինչպես ժամանակին սովետական մարդիկ,
այնպես էլ արդեն նորաստեղծ պետությունների քաղաքացիները չգիտեն, թե ինչպես է կարելի
անցկացնել քաղաքական ընտրությունները, փոխել քաղաքական իշխանությունը կամ պարզապես
ազդել նրանց վրա: Քաղաքական որոշումները Խորհրդային Միությունում «իջեցվում» էին
վերեւից ներքեւ: Այդ` կառավարման համար պարզ ու հրապուրիչ գործելակերպը շարունակում
են կիրառել կայսրության հետնորդները: Հայաստանում, ինչպես ավատատիրական
հասարակարգում, քաղաքականությամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր իշխանության
կազմում են, այսինքն նրանք, ովքեր «խաղի» մեջ են: Շարքային քաղաքացին տոտալիտար
հասարակարգում կարող է հույսը դնել միայն իշխողների բարեհաճության վրա,
քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը թողնելով կուսակցականներին:

Հայաստանում 7 տարի իշխանությունը պատկանում էր այն ուժերին, որոնք իրագործեցին
ազգային հեղափոխություն, վերաձեւավորեցին տնտեսությունը, հաջողությամբ ավարտեցին
ղարաբաղյան պատերազմը: Ժամանակին մի լեհ լրագրող հայկական հեղափոխությունը անվանել
էր «մաթեմատիկոսների հեղափոխություն»: Ինչ իմաստ էլ դրած
լիներ լրագրողը այդ արտահայտություն մեջ, այն լավագույնս էր արտահայտում այդ
տարիներին իշխանության ղեկի մոտ գտնվող մարդկանց հոգեբանությունը: Երեւույթների
հանդեպ մաթեմատիկոսներին հատուկ վերացական մոտեցումը
արտահայտվում էր նախորդ իշխանությունների գործելակերպում: Մաթեմատիկոսները
եւ ֆիզիկոսները խորհրդային մտավորականության այն հատվածն էր, որը մասնագիտության
բերումով ազատ մտածելու իրավունք ուներ: Ոչ ոքի մտքով չէր անցնի արգելել
Պյութագորասի թեորեմը, կամ չեղյալ հայտարարել ատոմի կառուցվածքը: Դա այդպես էր
կիբեռնետիկայի և գենետիկայի ասպարեզում ստալինյան հալածանքներից հետո, որի
արդյունքում խորհրդային պետությունը ինֆորմատիկայի և գյուղատնտեսության ասպարեզում
Արևմուտքից անհուսալի կերպով ետ շպրտվեց: Նրանց թույլատրվում էր իրենց մշակույթի
տներում կազմակերպել ավանգարդիստական ցուցահանդեսներ, կազմակերպել ռոք համերգներ եւ
այլն: Այդ ժամանակներում ծնվեց այդ միջավայրում տարածված «լեգալ այլախոհությունը»
տերմինը, և դժվար չէր նկատել, որ ՀՀՇ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ սերում էին այդ «լեգալ
այլախոհության» աշխարհից: Մաթեմատիկոսը կամ ֆիզիկոսը հեռու
են տաղտկալի կենցաղից: Նրանց պատկերացումները լինելով իդեալիստական, այս կամ այն
չափով կրում էին սխեմատիկ, դոգմատիկ կամ ուտոպիստական պատկերացումների կնիքը: Հենց
այդ պատճառով էլ նրանք այնքան էլ վտանգավոր չէին համարվում: Մյուս կողմից նրանք «սովետական»
էին, քանզի ուտոպիստներ և իդեալիստներ էին նաեւ այդ պետության
հիմնադիր-գաղափարախոսները: Հենց այդ պատճառով էլ ժողովուրդը իր անսպասելի պոռթկման
պահին հենց նրանց վստահեց պետության ղեկը, քանզի համընդհանուր ցինիզմի մթնոլորտում
նրանք թվում էին եղածներից լավագույնը: Նրանք ուտոպիստներ և իդեալիստներ էին,
որովհետև «կապիտալիզմին», «շուկայական տնտեսությանը» վերաբերվում էին որպես մի նոր
ուտոպիայի, որոնք ինքնաբերաբար մեզ «պայծառ ապագա» էին բերելու: Եթե փորձենք
համառոտ ձևակերպենք նրանց անհաջողության հիմնական պատճառը, ապա դա կարելի է այսպես
ասել` իդեալիզմը հակասության մեջ մտավ դառը իրականության հետ:

«Այլախոհները» Խորհրդային Միության բուժման համար ունեին մի պարզ դեղատոմս` պետք է
ամեն ինչ անել ճիշտ հակառակ կերպով: Այսինքն, թեյնիկի մեջ ջուր լցնելու փոխարեն
պետք է թեյնիկը ջրի մեջ գցել: Նկատենք, որ այս ձևով շատ բան «լցվեց ջուրը»:
Նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից 15 տարի անց մենք դեռեւ ապրում ենք
Խորհրդային Միության հայելիային անդրադարձման կախարդական տարածությունում: Բայց այդ
տասնհինգ տարին կարելի է բաժանել երկու փուլերի:

Այդ փուլերի հաջորդականության մեջ կարելի է նկատել դիալեկտիկական բացասման
սկզբունքը: Այսինքն, կարելի է համարել, որ Հայաստանում տերպետրոսյանական «իդեալիզմի»
փուլին հաջորդել է քոչարյանական «հակաիդեալիզմի» փուլը: Բայց այդ երկու փուլերին
միավորում է նրանց սնող տոտալիտար հասարակության ազդեցությունը:

Ռ. Քոչարյանը Տեր-Պետրոսյանի կողմից Հայաստան էր հրավիրվել ակնհայտորեն այն
պատճառով, որ օժտված էր կամքի ավելի մեծ ուժով, քան տեսաբան հհշականները: Հարկավոր
էին մարդիկ, որոնք կկարողանային ընդունված որոշումները իրագործել:

Հիշեցնենք, որ սովետական հասարակությունում ոչ բոլոր մարդիկ էին միատեսակ մտածում:
Եթե քաղաքական եւ մտավոր հարթությունում ընդիմադիրներին անվանում էին «այլախոհներ»,
ապա տնտեսական մեջ այդ մարդկանց կարելի էր անվանել «այլատնտեսավարներ», բայց քանի
որ այդ շերտը իր տնտեսական նպատակներին կարող էր հասնել խախտելով գործող օրենքները,
ապա նրանց մեծ մասը քրեական հոգեբանություն ունեցող մարդիկ էին: «Այլությունը»
Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ կրկնվում է, եթե ոչ կոմեդիայի, ապա
գոնե հոլիվուդյան քրեական թրիլլերի ձևով: Հայկական ներկա վերնախավը հիմնականում
ծագում է այդ մարդկային տիպից` «այլատնտեսավարներից»: Համադրելով «այլախոհների» հետ,
մենք կարող ենք ասել, որ խորհրդային տարիներին հրապարականորեն ընդունված վարքի
կանոններին, որքան էլ նրանք պարուրված լինեին կեղծ բարեպաշտության քողով, եկավ
փոխարինելու քրեական «անդերգրաունդի» օրենքը: Քոչարյանը խորհրդային տարիներին չի
եղել «այլախոհ» կամ «այլատնտեսվարող» եւ այդ պատճառով նա կարող էր «մահակի լեզվով»
խոսել նրանց հետ: Սակայն Տեր-Պետրոսյանը հաշվի չէր առել, որ Քոչարյանը ժամանակին
զուգընթաց նույնպես կարող է փոխվել:

Ոչ մի «լեգալ» օրենք չի կարող արդարացնել ավտորիտար համակարգի վարչական
գործողությունը: Եթե օգտվենք Կառլ Շմիդտի «արտակարգ դրության» հասկացությունից, ապա
կարող ենք վերոհիշյալը վերաձևակերպել այսպես. ավտորիտար համակարգի վարչական
գործողությունը «արտակարգ դրության գործողություն» է:

Արևմուտքում, եւ հատկապես Ռուսաստանում հալածանքի օբյեկտների են վերածվել
միգրանտները: Հայաստանյան ավտորիտար համակարգի պայմաններում հալածման օբյեկտի է
վերածվել բնակչության ճնշող մեծամասնությունը: Հայաստանիում հաստատված ռեժիմը
համեմատելի է լատինամերիկյան ավտորիտար համակարգերին: Այդ պատճառով արժի
համեմատություն անցկացնել Պարագվայի դիկտատոր Ստրեսների և Հայաստանում հաստատված
իշխանության միջև: Ստրեսները «արտակարգ իրավիճակի» տրամաբանությունը հասցրել էր
աբսուրդի գագաթնակետին:

Պարագվայը, համաձայն իր սահմանադրական կարգի, հանդիսանում էր «նորմալ»
խորհրդարանական դեմոկրատական պետություն: Բայց այն բանից հետո, երբ Ալֆրեդո
Ստրեսները հայտարարեց, որ մենք բոլորս ապրում ենք արտակարգ իրավիճակի պայմաններում,
քանզի ընթանում է համաշխարհային պայքար ազատության և կոմունիզմի միջև,
սահմանադրության կետերի լիակատար իրագործումը հետաձգվեց անորոշ ժամանակով և մտցվեց
արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը վերացվում էր չորս տարին մեկ` մեկ օրով,
որպեսզի հնարավորություն լիներ անցկացնել ազատ ընտրություններ: Այդ ընտրությունները
պետք է հաստատեին Ստրեսների Կոլորադային կուսակցության «հաղթանակը»:

Հայաստանի ներկա վարչակարգը իր «արդյունավետությունը» մեծացնելու համար կարող է
օրինակ վերցնել Պարագվայից:

Երբ Տեր Պետրոսյանն ասաց, որ իշխանության է գալիս «պատերազմի» կուսակցությունը,
նկատի ուներ, որ նոր ղեկավարները ազգայնամոլներ են, որոնք կարող են երկիրը տանել
ավանտյուրայի: Այս կանխատեսումը, որի ելակետները ընդհանուր առմամբ ճիշտ էին,
ընդունելու համար պետք է նաեւ հաշվի առնել հետեւյալ գործոնները` նոր ղեկավարների
իշխանասիրությունը, ավտորիտար համակարգ ձևավորելու ձգտումը և ընդհանրապես ավտորիտար
համակարգի տրամաբանությունը: Նրանց համար ազգայնականությունը երբեմն ուղղակի շղարշ
է: Ղարաբաղյան հակամարտությունը չլուծելու նրանց մղումը պայմանավորված էր
հիմնականում նրանով, որ դա թույլ էր տալիս նրանց գործել «արտակարգ իրադրության
կանոններով»: Այդ պայմաններում ընդդիմության գոյությունը կամ ընդդիմության ձգտումը
իշխանության` նշանակում է դավաճանություն ազգային անվտանգության շահերին: Այսինքն,
ժողովրդավարական օրենքներով քաղաքական պայքարը պետք է հետաձգվի մինչև արտակարգ
իրադրության պատճառը հանդիսացող ղարաբաղյան հակամարտության լուծումը: Այդպես է
Հայաստանում, այդպես է նաեւ Ադրբեջանում, որի ղեկավարությունը ևս ձգտում է
երկարաձգել արտակարգ իրադրությունը, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը:

Անշուշտ, ո’չ Հայաստանում, ո’չ էլ Ադրբեջանում ձևականորեն արտակարգ դրություն չի
հայտարարված: Ձևականորեն Ռուսաստանը ևս չի ընդունել նյուրենբերգյան օրենքներ:

Ա. Ստրեսները արտակարգ իրավիճակ էր հայտարարել, որպեսզի կոմունիստական
ընդդիմադիրները չգան իշխանության: Այսինքն` արտակարգ իրադրությունը միջոց է
արտակարգ իրավիճակի` իշխանափոխության դեմ: Արտակարգ իրադրությունները փոխվում են
արտակարգ միջոցառումներով, ինչը կոչվում է ժովրդավարության հաստատում: