NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ռուսաստանի հայերը «փոխարինում» են հրեաներին
Հայ-ռուսական հարաբերությունները գնալով սրվում են, իսկ պաշտոնական անձինք փորձում
են անտեսել այս խնդիրը։ Հարցը երկկողմանի է։ Մի կողմից Ռուսաստանի Դաշնության
քաղաքականությունը Հայաստանում գնալով կայսրական երանգներ է ստանում։
Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանին Մոսկվայում ընկալում են իբրեւ Տամբովյան

գուբեռնիայի նման մի փոքր մարզ։ Հայկական էներգետիկ համակարգի գնումը, խոչընդոտները
Իրան-Հայաստան գազամուղի հարցում, Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների
անգործությունը լուրջ փոփոխություններ առաջացրին հայաստանյան հասարակական կարծիքում։
Մյուս խնդիրն է ՝ վերաբերմունքը հայերի հանդեպ Ռուսաստանում։ Այստեղ գնալով մեծ թափ
են առնում նացիստական, ֆաշիստական կազմակերպությունները։ Դրանց գործողությունները
օտարազգիների դեմ արդեն դուրս են եկել հասարակ քրեական վիճակագրության շրջանակներից:
Հարձակումները շեշտված նացիստական բնույթ են կրում, իսկ իշխանությունները անում են
ամեն ինչ, որպեսզի ներկայացնեն դրանք որպես հասարակ խուլիգանություն:
Ամենահետաքրքիրն այն է, որ ռուսաստանյան մամուլը վերջին ամիսներին հատուկ
ուշադրություն է սեւեռում հայերի վրա հարձակումներին, դրանով սրելով կրքերը:
Իրավիճակը պայթեցրեց Մոսկվայի մետրոյում Վիգեն Աբրահամյանցի սպանությունը։ Չնայած
վկաները պնդում էին, որ մարդասպանը սափրած գլխով նացիստ էր, իրավապաշտպանները
արեցին ամեն ինչ, որպեսզի կրկին հարցը տեղափոխվի խուլիգանության հարթություն։
Ավելին՝ Վիգենը ներկայացվեց որպես մեղավորներից մեկը։
Այս պատահարից հետո հարձակումները հայերի վրա շարունակվեցին, ակտիվացան ռուս
նացիստները, որոնք իրենց ատելությունը սեւեռեցին հայերի վրա։ Ամբողջ ինտերնետը
հեղեղվեց հակահայկական հիստերիայով։ Զանազան ռուս ազգայնամոլների խմբավորումներ եւ
կազմակերպություններ վերջին երկու ամսում սեւեռել են իրենց ուշադրությունը հայերի
վրա։ Այսօրվա դրությամբ հիմնականում հայերն են ներկայացվում որպես հիմնական չարիքը
ռուսների համար։
Ըստ ռուս նացիստների, հայերը նենգաբար ներկայացնում են իրենց որպես քրիստոնյաներ եւ
Ռուսաստանի դաշնակիցներ, իսկ իրականում հերետիկոսներ են, որոնք օգտագործում են ՌԴ-ն։
Իսկ վերջին օրերս ինտերնետում լայն տարածվում են մտքեր, թե հայերը այժմ
Ռուսաստանում «փոխարինում են ջհուդներին»։
Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ նման հակահայկական հիստերիայի ետեւում
կանգնած են Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները, որոնք նոր ներքին
թշնամու կերպար են կերտում ռուս հասարակության համար։ Այս վարկածի օգտին է խոսում
այն, որ ազգայնական կազմակերպությունների մեծ մասը հովանավորվում է զանազան պետական
ծառայությունների կողմից։ Բացի դրանից, ռուսաստանյան լրատվամիջոցները վերջերս
անընդմեջ շեշտում են հայերի ազգային պատկանելիությունը բոլոր միջադեպերի ժամանակ,
դրանով էլ ավելի գրգռելով կրքերը։
Նման քաղաքականությունը կարող է արդեն մոտակա ժամանակներս բերել հայ-ռուսական
բախումների ՌԴ-ում, եւ որպես հետեւանք՝ հայերի արտագաղթի նոր ալիքի։ Ինտերնետային
քննարկումները արդեն ցույց են տալիս, որ հայ երիտասարդների զգալի մասը իրեն
անապահով է զգում Ռուսաստանում եւ հնարավորություններ է փնտրում վերադառնալ
Հայաստան կամ ապաստան գտնել երրորդ երկրում։
Իրադարձությունների նման պայթունավտանգ զարգացումը բավականին հանգիստ է ընդունվում
Հայաստանի իշխանությունների կողմից։ Մինչեւ վերջերս Երեւանում ձգտում էին չտեսնելու
տալ հայերի դեմ բոլոր հարձակումների ազգայնական ենթատեքստը։ Միայն երիտասարդության
եւ հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաները եւ դիմումները ստիպեցին
Հայաստանի իշխանություններին «մտահոգություն» հայտնել նման դեպքերի կապակցությամբ։
Նույնպես նոր ակտիվություն ցուցաբերեցին Հայաստանի դեսպանությունը ՌԴ-ում եւ
Ռուսաստանի Հայերի միությունը։ Սակայն առ այսօր Երեւանը վախենում է նկատողություն
անել մեծ եղբորը եւ ռազմավարական գործընկերոջը՝ թույլ տալով հայերին դարձնել
ռուսաստանյան կայսրության ներքաղաքական խաղալիք։
