Հայկական քրեական թրիլլեր

Համարվում է, որ Ռ. Քոչարյանը կամային և գործունյա քաղաքական գործիչ է: Նա երբեք չի հավակնել կրել որեւէ կոնկրետ գաղափարախոսություն: Տեսական մտածողության պակասն իր պատճառներն ունի: Դա կարող է պայմանավորված լինել նրա կրթական մակարդակով՝ խորհրդային շրջանի գործարանի ինժեներատեխնիկական անձնակազմից էր, նրա աշխարհայացքով, հոգեբանական

առանձնահատկություններով: Բայց նա համար առաջին քաղաքական գործիչն է, և նրա գործունեությունը ենթարկվում է որոշակի օրինաչափությունների, որոնք ուշադիր վերլուծողին կարող են թույլ տալ այնուամենայնիվ խոսել որոշակի տեսության առկայության մասին: Չեմ կարծում, որ այդ տեսությունը հստակորեն գիտակցվում է այն կրողի կողմից: Բայց դրանից որոշակի ճշտումներ է մտցնում նաև պատմության տրամաբանություն: Եթե գործիչն ունի քաղաքական մտածողություն, ապա նա կարող է դառնալ պատմության սուբյեկտը, եթե ոչ՝ ապա պատմությունն ինքն է սկսում մտածել քաղաքական սուբյեկտի փոխարեն, այսինքն նա քաղաքական սուբյեկտից վերածվում է սոսկ պատմության օբյեկտի: Օբյեկտը ևս կարող է մտածել, բայց այլ կերպ, քան սուբյեկտը: Այդ մտածողությունը կարելի է պայմանականորեն անվանել թույլ կամ ոչ-հստակ մտածողության ոճ: Մյուս կողմից, կամային քաղաքական գործիչը, իսկ Ռ. Քոչարյանը այդպիսին է, կարիք ունի պարզ և հստակ պատկերացումների, որպեսզի կարողանա գործել:

Ո՞րն քոչարյանական ժամանակաշրջանի հաջողության հասած անհատի կերպարը: Ո՞վ է մեր ժամանակաշրջանի հերոսը:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հայաստանյան ներկա սոցիալ-հոգեբանական իրադրությունում հաջողության են հասնում իրավաբանական հոգեբանության լեզվով ասած՝ քրեական հոգեբանությամբ անձերը: Իսկ նրանց մեջ հատկապես ծանր հանցագործություն գործողները, մեծամասնություն են կազմում փսիխոպատները: Այժմ նրանց ընդունված է անվանել ասոցիալ անձնավորություններ կամ սոցիոպատներ: Մարդկային այս տիպը առաջինը՝ 1835-ին նկարագրել է J.C. Prichard-ը, որն այդ մարդկանց բնութագրել է որպես բարոյական խելագարներ: Համարվում է, որ ամենահաջող բնութագրումը տվել է Բուրստենը, ըստ նրա՝ դրանք մարդիկ են, որոնք ձգտում են սարքել ուրիշներին՝ նրանց մանիպուլյացիայի ենթարկել: Այս ձևակերպումը չի ենթադրում անմիջական կապը քրեական վարքի հետ, այլ տալիս է ներքին դրդապատժառների բնույթը: Սոցիոպատ կարող է լինել մարդասպանը, բայց կարող է լինել նաև նրբամիտ տպավորություն թողնող անհատը: Սոցիոպատներ են եղել Ս. Եսենինը, Մ. Ցվետաեւան, նաեւ Ե. Չարենցը:

Ավտորիտար համակարգը նպաստավոր է նման մարդկանց համար (հիշենք աֆրիկյան և լատինամերիկյան բազմաթիվ դիկտատորներին, բայց լավագույն օրինակը, որպես հետխորհրդային պետության ղեկավար, կարող է լինել Բելառուսի դիկտատոր Ալեքսանդր Լուկաշենկոն):
Մենք բոլորս էլ ունենք այս կամ այն խառնվածքը, պատկանում ենք այս կամ այն տիպին: Մարդը կարող է ունենալ առողջ հոգեկան կազմություն, բայց տառապել այս կամ այն նեվրոզով: Սոցիոպատը կարող է մեզ թվալ առողջ մարդ, բայց նեխած կարող է լինել նրա միջուկը: Այս տարբերությունը կարող է արտահայտվել մեկ այլ ձևով՝ երբ մարդը տեսնում է իրեն, և երբ մարդը չի տեսնում իրեն:

Եթե կինը շատ հաճախ է լվացք անում, ապա նա կարող է անհանգստություն զգալ, որ իր արարքը անբնական է: Նա դիստոնային է: Եթե կարծում է, որ մյուսները քիչ են լվացք անում, որովհետև փնթի են, ապա նա սինտոնային է: Հանցագործություն գործած մարդը կարող է խղճի խայթ զգալ, բայց կարող է լիովին արդարացնել իրեն: Այս առումով նա միանգամայն ներդաշնակ է ինքն իր հետ (սին-տոնային՝ թարգմանված է նույն տոնայնություն ունեցող): Երկրորդ դեպքում նա իր քրեական վարքի մեջ ոչ մի դատապարտելի բան չի կարող տեսնել: Հակառակ դեպքում նա հազիվ թե կրկներ իր արարքը: Գողական օրենքը այս առումով քրեական անհատի ինքնարդարացման հնարքների կոդիֆիկացված հավաքածու է: Այդ պատճառով կարելի է ասել, որ սինտոնային անհատների մոտ լուծումները կայուն են և հարմար են գալիս ցանկացած իրադրության համար: Այսինքն՝ սոցիոպատ անհատները մտավոր և այլ առումներով միանգամայն առողջ են, նրանց մոտ պարզապես բացակայում է խիղճը: Սոցիոպատները այլևս չեն թաքնվում, նրանք հանրային տարածության երևելի տեղերում են, կյանքի հոսանքի ալիքի վրա: Եթե սովորաբար սովորական քաղաքացին նրանց մասին իմանում էր քրեական խրոնիկայից կամ դետեկտիվներից, ապա արդեն մեր հասարակական կյանքն է դարձել քրեական դետեկտիվ, իսկ վերջին տարիների քաղաքական, տնտեսական, սոցիալական անցուդարձը ընկալվում է որպես ժամանակակից քրեական թրիլլեր:

Ըստ հոգեբան Նիկոլայ Ռուբակինի, որի գաղափարներն այժմ զարգացնում է «Գրականության փսիխոպաթոլոգիա» գրքի հեղինակ Վ. Բելյանինը, գրքի ընթերցողները նման են նրա հեղինակին: Հետևելով Ռուբակին-Բելյանինի հիպոթեզին, կարող ենք ասել, որ հայ օլիգարխները (իշխանության գրքի ընթերցողները) նման են հեղինակին (Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգին):
Եթե նկատել եք, ժամանակակից հոլիվուդյան քրեական թրիլլերում համարյա պարտադիր հոգեվերլուծողը կարծես իր վրա վերցրած լինի յուրատեսակ Շերլոկ Հոլմսի գործառությունը: Հետևենք ժանրի կանոններին և դիմենք հոգեբանությանը:

Քոչարյանական հոգեբանությունում առկա է երեք կարևոր գիծ՝ կարգի և մաքրության նկատմամբ սերը, տնտեսվար լինելը և համառությունը: Դրան հարկավոր է ավելացնել մտածողության ճկունության բացակայությունը, իր արարքները կողքից չտեսնելու ունակությունը (սինտոնանությունը):
Փորձենք մեկնաբանել այս հատկությունները՝ հիշելով, որ դրանք կարող են լինել միայն ենթադրություններ: Երբ մարդն անգիտակցականում կեղտոտ մտքեր ունի, նա անընդհատ մաքրում է ձեռքերը, երբ ցանկանում է ձերբազատվել կեղտոտ արարքներից, ձգտում է մաքրություն, կարգ ու կանոն հաստատել իր շուրջը:

«Կարգի և մաքրության» մարդկանց բարձր են գնհատում արտադրական ձեռնարկություններում՝ նրանց ճշտապահության եւ կազմակերպվածության համար: Տարբեր գրասենյակներում այսօր աշխատում են երիտասարդ մարդիկ, որոնք քվեարկել են հենց նրա օգտին: Նրանք հասկանում են, որ եթե իրենք լինեին Ռ. Քոչարյանի նման, ապա իրենց գործատեղում կունենային ավելի մեծ հաջողություն: Նկատենք, որ սինտոնային Ռ. Քոչարյանը փորձում է բոլորին վերափոխել իր մարդկային տեսակի համեմատ՝ «կառուցել կազմակերպված պետություն»:
Բայց հազիվ թե հայաստանցիների մեծամասնությանը դուր գա քոչարյանական պլանը, քանզի նման մոտեցումը ճիշտ հակառակ արդյունք է տալիս: Միջավայրում, ուր գնահատվում է այդօրինակ կազմակերպվածությունը, հաղթում են մարդիկ, ովքեր հաջողության մեջ չունեն դիստոնային անհատներին հատուկ կասկածը: Այսինքն ունենք պետություն, ուր իսկական տերերը հիմնականում քրեական խառնվածք ունեցող օլիգարխներն են: Այս է «նոր հայերի»ամբողջ հոգեբանական գաղտնիքը:

Ռ. Քոչարյանը հակված է էքստրեմալ և բրուտալ տիպի սպորտաձևերին: Դա կարող է վկայել առաջին հերթին ինքն իր նկատմամբ անողոք վերաբերմունքի մասին, մյուս կողմից՝ ուրիշների հանդեպ դաժան լինելու հնարավորության մասին: Այսինք ուտոպիական ծրագրերին փոխարինման եկած պրագմատիկ սկիզբը իրականում արտահայտում է երկու տարբեր մոտեցումներ նպատակի և միջոցների նկատմամբ: Ուտոպիստական սկզբունքը նպատակն է, ուր միջոցները հստակեցված չեն: Դա չի նշանակում ցանկացած միջոց արդարացված է, գուցե՞ ընդհակառակը: Դա նշանակում է, որ կարևորվում են արժեքները, ՀՀՇ-ի դեպքում ազատության, շուկայական տնտեսության, քաղաքացիականության արժեքները: Նրանք ավելի շուտ հոգեբանորեն փնթի են և այդ հոգեբանական փնթիության լավագույն խորհրդանիշը Վանո Սիրադեղյանն է: Փնթիությունը լայն դիապազոն ունի՝ գիտնականի ցրվածությունից, պոետի այնաշխարհությունից, փիլիսոփայի իդեալիզմից մինչև ցինիզմը:

Պետք է ասել, որ բանդիտական պետություններ են համարյա բոլոր հետխորհրդային հանրապետությունները: Հարցը միայն բանդիտների տեղաբաշխման մեջ է: Ասենք, Վ. Պուտինը աշխատում է բիզնեսից բանդիտներին «վերևից» դուրս մղել դեպի «միջին» ոլորտը: Այդ անել կարելի է միայն ավտորիտար մեթոդներով, ինչը նա անում է սեփական իշխանությունը ամրապնդելու, ազգայնամոլության և օտարատյացություն սերմանելու միջոցով: Ավտորիտար են բոլոր պետությունները հետխորհրդային տարծքում, և Հայաստանը տարբերվում է միայն նյուանսներով:

Ավտորիտարիզմը Հայաստանում և այլուր պայմանավորված է իշխանության համար պայքարով: Իշխանության համար պայքարը առկա է նաև ժողովրդավարական համակարգերում և, ուրեմն, խնդիրը այն է, թե ով է պայքարում իշխանության համար: Նրանք, ովքեր անհատականացման ընթացքը անցել են բարեհաջող, ձգտում են ինքնաիրագործվել, իսկ նրանք, ում մոտ պահպանվել են ներքին պայքարի պրիմիտիվ ձևերը, ձգտում են ինքնահաստատվել: Այն բանին, որ մեկ ուրիշը դառնա խնդիր անհատի համար, կարող է խանգարել մի բան՝ երբ ինքդ խնդիր ես: Այսինք, ունենք դասակարգման ևս մեկ սկզբունք՝ ուրիշի նկատմամբ վերաբերմունքը: Սինտոնային մարդը հակված է ուրիշների վրա գցել մեղքը, դիստոնայինը ընդունակ է մեղադրել նաև իրեն: Ավտորիտար համակարգի հաջողություն մի որևէ երկրում վկայում է այն մասին, որ նույնիսկ ընտրախավի մեջ գերակայում են սոցիոպատ, սինտոնային, ուրիշների նկատմամբ անզգա մարդիկ: Նրանց «վերևում» լինելը պայմանավորված է ինքնահաստատման մղումով, ինչը «արևի տակ տեղի համար» պայքարին հաղորդում է հայտնի կոշտություն:
Ինքնահաստատումը, ներքին ծանր կոնֆլիկտը նրանց խանգարում են նկատել մյուսներին, ավելի ճիշտ ուրիշը ներկա է միայն տոտալ ընդհանրության, ասենք ազգի ձևով: Հեռավորը նրանց թերզարգացած երևակայության համար չափից ավելի վերացական է, որպեսզի նրանք, մասնավորապես ունենան քաղաքացիական մտածողություն: Նրանց հոգատարությունը, կոնկրետ մտածողության արդյունքում, տարածվում է միայն այն մարդկանց վրա, ում հետ նրանք անձնապես կապված են՝ ազգականների, հարևանների ու ընկերների վրա: Նույնիսկ քաղաքական հասկացությունները՝ «պետություն», «ազգ», «հանրություն», ընկալվում են կոնկրետ՝ «ընտանիքի» կատեգորիայի միջոցով:

Հայաստանցուն հայտնի բոլոր դատարկաբանությունները «ազգային արժեքների», «ազգային ինքնության» վերաբերյալ վկայում են ինքնահաստատման խնդրի մասին: Վերջինները կասկածի տակ դնելը փլուզում է փխրուն անհատական կառուցվածքը, և հետևաբար կասկածողների դեմ պայքարում են հուսահատության հասնող համառությամբ: Ռ. Քոչարյանի հոգեբանական առանձնահառտկությունները կարող էին ունենալ դրական իմաստ, եթե դրանք չլինեին սինտոնային, և հայկական ներկա վերնախավը չտառապեր ռեֆլեքսիվության պակասից: