NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտարարություն «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնությունը 2005 թվականի նոյեմբերի 11-ին հանդես էր եկել
հայտարարությամբ «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ,
որով կոչ է արվում ՀՀ կառավարությանը ետ կանչել օրենքի նախագիծը Ազգային Ժողովից, և

վերանայել նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հայտարարությունը ստորագրվել
էր 64 հասարակական կազմակերպությունների կողմից և ուղարկվել էր ՀՀ կառավարություն,
ՀՀ Արդարադատության նախարարություն, Ազգային ժողովի նախագահություն, հանձնաժողովներ
և պատգամավորական խմբակցություններ:
Մինչ այդ, մի շարք հասարակական քննարկումներ էին կազմակերպվել գործընկերության
կողմից` օրենքի նախագծի վերաբերյալ, քաղաքացիական հասարակության դիրքորոշումը և
մտավախությունները` կառավարությանը և Ազգային Ժողովին ներկայացնելու նպատակով:
Գործընկերությունը պատրաստել և կառավարությանն էր ներկայացրել օրենքի նախագծի
վերաբերյալ հայեցակարգային դիտողություններ, նշելով որ նմանատիպ օրենքի ընդունումը
լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական հասարակության համար` օրենսդրական դաշտի
ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների մասնակցային գործընթացի ապահովման համար:
Օրենքի նախագծի դեմ ձայն էին բարձրացրել նաև բազմաթիվ այլ հասարակական
կազմակերպություններ և քաղաքացիական կոալիցիաներ:
Զավեշտաբար, «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագծի օրենսդրական
գործընթացը հանդիսանում է օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված մտավախությունների
արտացոլում: Անտեսելով հասարակական քննարկումների ժամանակ հնչեցված և հասարակական
կազմակերպությունների կողմից գրավոր ներկայացված նախագծի վերաբերյալ բազմաթիվ
դիտողությունները և մտավախությունները, «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի
նախագիծը կառավարության ներկայացմամբ ներառվեց Ազգային ժողովի մեծ օրակարգ: Այս
փաստը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ
աշխատանքների մասնակցային գործընթացի բացակայության կամ իմիտացիայի պայմաններում
նման օրենքի ընդունումը Հայաստանում ավելի կնվազեցնի քաղաքացիական հասարակության
հնարավորությունները որևէ ազդեցություն ունենալ որոշումների կայացմանը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը մեկ անգամ ևս կոչ է
անում ՀՀ կառավարությանը ետ կանչել «Լոբբիստական գործունեության մասին» օրենքի
նախագիծը Ազգային ժողովից և վերանայել օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Գործընկերությունը կոչ է անում նաև Ազգային ժողովի պատգամավորներին, պատգամավորական
խմբերին և խմբակցություններին, հանձնաժողովներին` դեմ քվեարկել օրենքի նախգծին:
Միևնույն ժամանակ Գործընկերության անդամները պատրաստակամությունն ու ցանկությունն
են հայտնում շարունակել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի
քննարկումները շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել իրենց դիրքորոշումը նախագծի
վերաբերյալ:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն
26 հունիսի 2006
