NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի քաղաքական համակարգը տրանսֆորմացվում է
2006 թվականը վկայում է, որ վերջին ութ տարիների ընթացքում կառուցված քաղաքական
համակարգը կորցրել է իր հավասարակշռությունը: 2003 թվականից հետո ավտորիտար բնույթ
կրող իշխանությունը վերափոխվեց խորհրդարանական մեծամուսնություն կազմող ուժերի եւ
նախագահի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա գործող իշխանության: Սակայն այժմ
իշխանության այդ վերջին կռվանը արդեն գոյություն չունի: Երբ կոալիցիայի մաս կազմող
Օրինաց Երկիր կուսուկցությունը համալրեց ընդդիմության շարքերը, իշխանությունը
բաժանվեց երկու ճամբարի:
Կառավարության բարձրագույն պաշտոնյանները, այդ թվում պաշտպանության նախարարը,
պատգամավոր-գործարարները կենտրոնացան Հանրապետական կուսակցությունում, իսկ նախագահ
Ռոբերտ Քոքարյանը ստեղծեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ իր քաղաքական
ապագան պայմանավորեց այդ կուսակցության ու իրավապահ մարմինների հետ: Ինչո՞վ էր
պայմանավորված այդ տարանջատումը: Պատճառները հասկանալու համար ժամանակի ընթացքում
սպրդվեցին բավականաչափ փաստեր: Պարզ դարձավ, որ 2008-ին նախագահի պոստը լքող Ռոբերտ
Քոչարյանը զինվում է իշխանափոփոխության սեփական ռազմավարությամբ, որն այնքան էլ չի
համապատասխանում գործադիր իշխանությունը ներկայացնող խոշոր չինովնիկների շահերին:
Վերջիններս պատրաստվում են Քոչարյանին բարով-խերով վաստակաշատ հանգստի ուղարկելուց
հետո ամբողջովին տիրել երկրին:
Թվում էր, որ ոչինչ չէր խանգարում Քոչարյանին իր շահերը միաձուլել չինովնիկների
շահերին, եւ նրանց միավորելով ադմինիստրատիվ լծակներով ու ֆինանսական մրցակից
չունեցող կարողությունները մեկ կուռ իշխանական բուրգում, հեշտությամբ լուծել
իշխանության խնդիրը: Սակայն դա չի արվում, եւ դրա համար երեւի կան ծանրակշիռ
պատճառներ: Համենայն դեպս 2006-ի հուլիսի 15-ին Օսկանյանի կողմից հնչեցված պետական
քաղաքականության ռազմավարության որոշ դրույթներ վկայում են, որ արտաքին
քաղաքականության ոլորտում կան լուրջ խնդիրներ: Օսկանյանի այն միտքը, որ Հայաստանը
թեւակոխում է իր քաղաքական ռեֆորմների հաջորդ փուլը, որը կհակասի էլիտայի
ֆինանսական եւ տնտեսական շահերին, կարծես թե ազդեցիկ չինովնիկներին ու
պատգամավոր-գործարարներին նետված մարտահրավերի է նմանվում: Ինչ ռեֆորմների մասին է
խոսքը, երբ նախագահը պատրաստվում է լքել իր պաշտոնը: Այդ ամենը նման չէ Հայաստանում
ձեւավորված քաղաքական ավանդութներին: Գործող կլանային իշխանությունը մտահոգված է
եղել միայն մեկ բանում` տարբեր ձեւաչափերով վերարտադրել իրեն: Այլ հարց է, որ մեր
նորագույն պատմության կարճատեւ ժամանակահատվածում միշտ չէ դա հաջողվել:
Այս ամենին կարելի էր նայել որպես իշխանության հերթական ապակողմնորոշող թատրոնի,
որի միակ նպատակը ներսին ու դրսին խաբելն է` իշխանությունը պահելու մեկ եւ գլխավոր
նպատակի համար: Սակայն եթե հաշվի առնենք, որ հայկական չինովնիկների իշխանություն
պահելու մենթալիտետը վերաբերում է ոչ թե ռեժիմին, այլ անձնական իշխանությանը, ապա
ընթացող իրադարձությունները դառնում են ոչ այնքան հասկանալի: Ավելի պարզ ասած,
իշխանության վերարտադրման հայկական տարբերակը նշանակում է մեկ բան` Ռոբերտ
Քոչարյանը իշխանությունը հանձնում է Սերժ Սարգսյանին եւ մնացած ամեն ինչ մնում է իր
տեղում: Դա Հանրապետական կուսակցության ծրագիրն է: Իսկ ի՞նչ է իրականում տեղի
ունենում: Ամենահարուստ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Քոչարյանը ստեղծում
է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որին տրամադրվում են հսկայական ֆինանսական
ռեսուրսներ: Դրա հետ մեկտեղ այդ կուսակցությունը փակ է ազդեցիկ չինովնիկների ու
խոշոր գործարարների առջեւ: Այն համալրվում է տարաբնույթ մտավորականներով: Կարելի էր
ենթադրել, որ դա արվում է , որպեսզի առանց մեծ կեղծիքների Խորհրդարան խցկեն նոր,
դեռեւս չարատավորված մարդկանց: Կարելի էր ենթադրել նաեւ, որ նրանք հետագայում
կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դա ավելի հեշտ կլինի անել, եթե
կուսակցությունում հայտնվեն նաեւ հայտնի ընդդիմադիրներ: Կարծես թե այդպես էլ արվում
է: Սակայն այդ դեպքում պարզ չէ, թե ինչի՞ համար էին կոնսոլիդացնում
ամենավարկաբեկված չինովնիկներին ու կրիմինալիզացված գործարարներին Սերժ Սարգսյանի
հովանու ներքո: Ինչի՞ էր պետք նման քայլը: Ակնհայտ էր, որ նման միավորումը պետք է
քննադատությունների ու հարձակումների թիրախ դառնար: Այդպես էլ եղավ, շրջանառության
մեջ մտավ կրիմինալի կոնսոլիդացում Հանրապետականի հովանու ներքո, որոնք պատրաստվում
են իրականացնել կրիմինալ հեղաշրջում միտքը :
Հնարավոր է, որ Պաշտպանության նախարարի նման քայլը 1988 թվականին ստեղծված
կարծրատիպի ազդեցության տակ էր արված: Այն ժամանակ Պաշտպանության նախարարի ու
Կառավարության միությունը երկրում հաջողված հեղեշրջում կազմակերպեց: Ներկա
իրավիճում նման քայլը մարգինալիզացրեց Հանրապետական կուսակցությանը եւ խթանեց
ընդդիմության ակտիվությունը:
Հարց է առաջանում` արդյո՞ք այդքան միամիտ են մեր չինովնիկները: Հնարավոր է, որ դա
այդպես էլ կա, սակայն մեր կարծիքով նրանք այլ ճանապարհ չունեին էլ: Իշխանությունում
առաջացած ուժերի դասավորությունը Հայաստանի համար աննախադեպ է: Աննախադեպ է նաեւ
այն իրավիճակը, որ նախագահը ինքնակամ լքում է իր պաշտոնը: Այդ իսկ պատճառով բոլորը,
բացի նախագահից, գործում են նախկին վարկածներով: Իսկ ինչպե՞ս է տեսնում իր ապագան
Ռոբերտ Քոչարյանը, ոչ ոք չի կարող ասել:
Իշխանության ճամբարում ստեղծված հոգեբանական վիճակը ապակառուցողական է: Ոչ ոք ոչ
ոքի չի հավատում, բոլորը ենքակա են ապատեղեկությունների ազդեցություններին, եւ
յուրաքանչյուրը հենվում է միայն իր ուժերի ու հնարավորություների վրա: Իսկ նրանց
բոլորի ճիգերը միտված են մեկ ուղղությամբ` պահպանել ստատուս-քվոն, հաղթահարել
2007-2008թթ. ընտրությունները եւ ամեն ինչ թողնել իր տեղում:
Թվում է, որ նման հոգեբանական ուղղվածությունը բարդացնում է ներքաղաքական իրավիճակը:
Պատահական չեն չինովնիկների եւ գործարարների սպանությունները, Հանրապետական եւ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջեւ եղած հրապարակային լեզվային
փոխհրաձգությունները:
Եւ հատկապես հետաքրքիր են Նախագահի մամլո ծառայության հաղորդագրություններն այն
մասին, որ Նախագահի եւ Հանրապետական կուսակցության միջեւ որեւէ տարաձայնություններ
չկան, այլ կան տարաձայնություններ այդ երկու կուսակցությունների միջեւ:
Կարող է թվալ, որ Հայաստանում կատարվող ոչ այնքան հասկանալի գործընթացները
յուրահատուկ են, սակայն դրանք հասկանալու համար մեզ կարող են օգնել այլ երկրներում
(օրինակ` Ռուսաստանում) կատարվող գործընթացները: Այնտեղ հայտարարել են, որ երկրին
պետք է երկրորդ ուժեղ` նախագահի հովանու տակ գործող կուսակցություն, քանի որ
ժողովուրդը հոգնել է չինովնիկների կուսակցությունից (իմա Միացյալ Ռուսաստանից): Եթե
Հայաստանի նախագահը չի բացատրում իր քաղաքական հավակնությունները, ավելին, իրեն իբր
հեռու է պահում Բարգավաճ Հայաստանից, նրա ռուսաստանցի գործընկերն ավելի անկեղծ է եւ
ուղղամիտ: Ռուսաստանի օրինակը Հայաստանի քաղաքական կյանքում պարզություններէ
մտցնում:
Չի բացառվում, որ Քոչարյանը Հայաստանի իշխող էլիտայում փորձում է փոփոխություններ
իրականացնել: Հնարավոր է, որ նա դա անում է ոչ իր կամոք, այլ դրսի ուժերի
ազդեցության տակ: Պետք չէ մոռանալ, որ իշխանությունից հեռանալու ձեւը կենսական
նշանակություն ունի յուրաքանչյուր նախագահի համար: Անվտանգության որեւէ երաշխիք
կարելի է ստանալ նոր իշխանություն ձեւավորելու միջոցով: Սակայն մեզ մոտ այլ
իրավիճակ է ստեղծվել: Այդ հարցում նախագահ Քոչարյանը հույսը ավելի շատ կարող է դնել
արտաքին ուժերի վրա, քան ներքին: Դրա համար էլ նա ամոթխած կերպով լռում է, անհարմար
է զգում դա խոստովանել զինակիցներին: Հնարավոր է, որ ներքին իրավիճակի ճգնաժամային
բնույթը նույնպես նրան ստիպում է գնալ այդ քայլին: Դժվար է հավատալ, որ մոտակա
ընտրությունների ընթացքում վերարտադրված իշխանությունը կարող է կենսունակ լինել եւ
գործել երկար ժամանակահատվածում: Դժվար է ասել, որ հասարակության հետ ուղիղ
առճակատման գնալով, չինովնիկները կկարողանան վերարտադրել իշխանությունը:
Հավանականությունը այն բանի, որ երկիրը կարող է հայտնվել հեղափոխական իրավիճակում,
մեծ է:
Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Պարզ է միայն մեկ բան, որ նոր
կուսակցություն ստեղծելով, Քոչարյանը մեղմել է ինչպես հեղափոխության
հնարավորությունը, այնպես էլ ներիշխանական հեղաշրջման վտանգը: Հանրապետականներից,
Բարգավաճ Հայաստանից եւ ընդդիմությունից կազմված համակարգը նման զարգացումներից
զերծ մնալու երաշխիքներ է ստեղծում: Ուժերի նման դասավորվածությունը թույլ է տալիս
նաեւ անցկացնելու քաղաքական ռեֆորմներ, եթե, իհարկե, նման ցանկություններ, կամ կամք
գոյություն ունեն: Գուցե Վարդան Օսկանյանը այս անգամ մտածված է խոսել:
Այս հոդվածը ռուսերեն՝
Севак Маркарян
Политическая система
Армении трансформируется
եւ անգլերեն՝
Sevak Margaryan
Political system of Armenia
transforms
