NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մի՛ խառնեք մեզ ձեր ցեղերին
1989 թ. հուլիսի 3-ից գործող Հայ Ազգային Երիտասարդական Միության (ՀԱԵՄ) հիմքի
վրա 1991 թ. ապրիլի 14-ին հռչակվել եւ հունիսի 10-ին գրանցվել է Հայաստանում 3-րդ
հասարակական քաղաքական կազմակերպությունը` Հայաստանի ազգային պահպանողական
կուսակցությունը: Երբեւէ չենք մեջբերելու` լուսահոգի Աշոտ Նավասարդյանի հետ ունեցած

մեր կուսակցությունների անվանումների ընտրությանն առընչվող զրույցները, ինչպես նաեւ
մեզնից առաջ թողնված ՀՀԿ-ի գրանցման պատմությունը: Մեր երկու կուսակցությունների
ծրագրերում առաջնային նպատակ էր Հայաստանի անկախացումը: Այս ընդհանրությունը մի
շարք խնդիրների շուրջ համագործակցելու հիմք է հանդիսացել. մասնավորապես` 1991-ի
օգոստոսին վեց կուսակցություններ, այդ թվում Ազգային պահպանողականն ու
Հանրապետականը, համատեղ կոչով դիմեցին ժողովրդին «Այո» քվեարկել: Քաղաքական
համատարած թերկրթվածության պատճառով սկզբնական շրջանում դժվար էր մարդկանց բացատրել
ի՞նչ է ազգային պահպանողականությունը, ինչո՞վ է այն տարբերվում ազատականությունից
կամ ընկերվարությունից, մանավանդ դժվար էր հակադարձել «ի՞նչն եք պահպանում»
հեգնանքին: Կաղապարները հետեւողականորեն կոտրվեցին`առաջին հերթին ազնիվ
մտավորականների ջանքերով, իսկ 98-ից հետո, երբ կուսակցության նախագահ ընտրվեց
Միքայել Հայրապետյանը եւ ակտիվացրեց գաղափարական քարոզչական աշխատանքները,
քաղաքականությամբ լրջորեն հետաքրքրվող ցանկացած մարդու համար պահպանողականությունը
այլեւս խորթ եւ անհասկանալի երեւույթ չէ:
Գաղափարական-քաղաքական գործչի համար ողջունելի է, որ պահպանողականության
բարձրագույն արժեքները ուղենիշ են դառնում քաղաքական, հասարակական գործիչների եւ
գործարարների համար. ի վերջո մեր նպատակը ոչ թե լոկ կուսակցության, այլ գաղափարի
հետեւորդներ ձեռքբերելն էր եւ է: ճշմարիտ քարոզչության արդյունքում հարյուրավոր
անհավատներ դարձան քրիստոնյա, հազարավոր սոցիալիստներ հրաժարվեցին դասակարգային
պառակտիչ պայքարից եւ հասարակական համերաշխության ջատագովը դարձան, տասնյակ
հազարավոր վախկոտ հարմարվողականներ դարձան անկախության նվիրյալներ:
Հայաստանակենտրոն ուժն ըստ էության պահպանողական կարող է լինել, բայց Անկախության
եւ ժողովրդավարության երկրորդ փուլը չանցած նախկին խորհրդային երկրներում
իշխանության կուսակցությունն ապագաղափարական է: Պայթելու աստիճան փքված
հանրապետականի կայացող այլընտրանքը, ասել է թե վաղվա կառուցողական ընդդիմության
դիրքերը զբաղեցնելու հավակնությունն ունեցող ԲՀԿ-ն նույնպես ապագաղափարական է,
նույնպես փքված եւ իրեն նույնպես հռչակել է պահպանողական: Այս երկուսն էլ
պահպանողականության հետ դժբախտաբար ոչ մի ընդհանուր բան դեռեւս չունեն: Լավատեսական
գնահատականի դեպքում առաջինը կարող է Նժդեհին մի քիչ էլ հարմարեցնելով` չափավոր
ազգայնականի, գուցեեւ լիբերալ դեմոկրատականի համարում ձեռք բերել, երկրորդն ըստ
հռչակված կարգախոսների եւ վարքի` սոցիալ-ռեֆորմիստական: Բայց եթե իշխանության
կուսակցության պարագայում ապագաղափարականությունը քաղաքական հիմնավորներ կարող է
ունենալ, ապա ընդդիմության պարագայում գաղափարական-քաղաքական հայեցակարգի
լղոզվածությունը, առավել եւս բացակայությունը, անբնական է եւ կարող է հանգեցնել
ժողովրդավարական վակուումի: Ցավալի է իհարկե, որ պահպանողական բառը դատարկամիտների
կողմից արժեզրկվում է ազատականի ու սոցիալիստականի նման` առանց ըմբռնման
արժանանալու: Կնշանակի առաջնորդը լինելու է օտարի շահը. եւ օտարի փնտրտուքը
միանգամայն ավելորդ է:
Պահպանողականությունը կամ քրիստոնեա-դեմոկրատիան հեթանոս կամ ցեղակրոն
դրսեւորումներ չունի ո՛չ Ամերիկայում, ո՛չ Եվրոպայում ո՛չ էլ նույնիսկ Աֆրիկայում:
Սա քաղաքականության կանոնների, ավելին` տարրական տրամաբանության վրա հիմնված
փաստարկ է: Քրիստոնեավարական մեթոդոլոգիան կարեւորում է հասարակական
համերաշխությունը, բացում է պատուհանները աշխարհի, Աստծո առաջ, այլ ոչ թե ցեղի
տականքի հալածման կամ աշխահի զարգացումներին դիմագրավելու ճանապարհին
մարդատյացություն կամ գետտոյականություն սերմանում: Նույն սխալը կրկնելը
հուսահատեցնում է: Դարասկզբին հայ քաղաքական գործիչները ռուսների մեծապետական
հավակնության խաղալիքը դարձան, հետո տրվեցին վիլսոնյան ուտոպիային ու սթափ
քաղաքական վարքի բացակայության պատճառով կորցրին Աստծո ընծան` Անկախությունը:
Տարաբնույթ, առավել եւս ժամանակավրեպ տեսություններին ավելորդ նվիրվելն ու
մաքսիմալիստական արկածախնդրությունները միայն վտանգում են պետության ապագան:
Պահպանողականի համար առաջնայինը ազգային շահն է՝ քաղաքացու եւ հասարակության
անվտանգությունն ու բարեկեցությունը:
Հաճախ տգիտության պատճառով կամ միտումնավոր կերպով՝ պահպանողականությունը (կոնսերվատիզմ)
շփոթում են ավանդապաշտության (տրադիցիոնալիզմ) հետ: Պահպանողականությունն
էվոլյուցիոն, անվերջ կատարելագործվող ուսմունք է, այլ ոչ թե ծիսականության վերածված,
քարացած, դոգմատիկ գաղափարախոսություն: Ավանդապաշտության դրույթները a priori
դատողություններ են եւ հիմնավորում չեն պահանջում, հետեւաբար քննադատության ենթակա
չեն: Պահպանողականության մաքսիմները անալիտիկ կամ սինթետիկ բնույթի դատողություններ
են, բացառապես քաղաքական տրամաբանության ենթակա, հետեւաբար շահագործելի:
Ավանդապաշտական համակարգը նորն ընդունում է ավտորիտար կամ տոտալիտար մեթոդներով եւ
չի հանդուրժում մրցակցությունը, իսկ պահպանողականը բաց է այն նորի առջեւ, որը
ժամանակի քննությունը կբռնի եւ ազնվորեն կհաղթի մրցակցին: Ավանդապաշտական
կաղապարված մոտեցումները բնորոշ են գետտոներին, փակ` ոչ քաղաքացիական
հասարակություններին, որոնք կրավորական կեցվածք, երբեմն` չգիտակցված ագրեսիվություն
են ընդունում, որը որպես կանոն ավարտվում է անձնական կամ հանրային ողբերգությամբ:
Պահպանողականությունն առաջնորդվելով խելամիտ բարոյականությամբ` ինքնադրսեւորվելու
հնարավորություն եւ անվտանգության երաշխիքներ է ստեղծում, պահպանելով այն, ինչն
առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ եւ միայն այն ավանդույթները,
որոնք ներդաշնակ են մարդկային էությանը:
19-րդ դարավերջի ազգային պահպանողական հոսանքը հայ ժողովրդի պես երկփեղկված էր
արեւելյան եւ արեւմտյան հատվածների: Մեր կողմից ուսումնասիրված ազգային
պահպանողական հոսանքի 27 առավել աչքի ընկած գործիչների վարքն ու գործնեությունը
բազմաթիվ տարբերություններով հանդերձ մեկ ընդհանուր նպատակ ուներ. «Մեր նպատակն
ազգությունն է»` ասել է թե ազգային պետությունը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս: Այս պատճառով
հոսանքը պատմաբանները բնորոշել են ազգային: Երբ 1991-ին հիմնեցինք Հայաստանի
ազգային պահպանողական կուսակցությունը, մեր նպատակները նույնն էին, մեր ծրագրի
առաջին կետը անկախության վերականգնմանն էր վերաբերում: Իսկ երբ ազգությունը`
Հայաստանի Հանրապետություն իմաստով արդեն ձեւավորվել է, ազգային կոչվելը
ժամանակավրեպ է: Իսկ ընդհանրապես քաղաքականության մեջ պահպանողականությունն
ազգայնական, ապազգային կամ վերազգային լինել չի կարող. այն միայն պետական կարող է
լինել: Ըստ պահպանողականության` կառավարման ինստիտուտներից բարձրագույնը
Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, եւ
միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն: Դե հիմա, եթե կարող եք, այս ամենը
փորձեք հագցնել նորերս իրենց պահպանողական հռչակողներին. չի՛ ստացվի, իսկ ստացվածքը
կլինի միայն խղճուկ ծաղրանկար:
Դասական պահպանողականությունից դեպի նեոպահպանողականություն անցումը սոսկ
ժամանակային չէ, այլ պայմանավորված է հասարակական-քաղաքական փոփոխություններով:
20-րդ դարի երկրորդ կեսին այսպիսի անցում կատարելու արդյունքում ԱՄՆ-ի, Մեծ
Բրիտանիայի, Ֆրանսիայի պահպանողական գործիչները որոշիչ տեղ գրավեցին աշխարհը
ճարտարապետելու մեծ քաղաքականության մեջ: Շրջանառության մեջ դրվեց ժողովուրդների
հավասարության մասին դրույթը, ինչը առարկայացավ երիտասարդ պահպանողականների
միջազգային միությունների տեսքով:
Չարիքի կայսրության կործանման եւ անվտանգ աշխարհի կառուցման հարցում նոր
պահպանողականներն առաջին հաջողությունն արձանագրեցին անցյալ դարավերջին եւ մինչ օրս
շարունակում են հաղթարշավը: 1990-ից Հայաստանում փոխվեց իշխանությունը, քաղաքական
համակարգը. պատերազմին հաջորդեց մշակութային վերելքը, հասարակական կյանքի
աշխուժացումը, տնտեսության կայուն կլանավորումը, կոռուպցիան եւ քրեականացումը:
1998-ի դոգմատիկ իշխանափոխությամբ արդարացված քաղաքական կուրսի փոփոխությունը
զարգացման խոչընդոտների պատճառ դարձավ. տարածաշրջանային եւ համաշխարհային
գործընթացներում Հայաստանը կրավորական դեր ստանձնեց եւ արհամարհվեց: Այս
իրողությունը ստիպեց պահպանողականներին ծրագրային եւ մարտավարական փոփոխություններ
կատարել դեպի նոր պահպանողականություն, խնդիր ունենալով կասեցնել ահագնացող
արժեքային այլասերումը, դադարացնել վհուկների որսն ու վերջակետ դնել ազգային
գաղափարախոսության մասին պարզամիտ շահարկումներին. ՀՀ աշխարհաքաղաքական շահերի
տիրույթում գործող զարգացման համապարփակ եւ ստեղծագործաբար ծավալվելու ունակ
ծրագրից եւ այդ ծրագրի իրականացման՝ հայ ազգի էությանը եւ ազատ ինքնադրսեւորման
ինքնահատուկ կերպին համապատասխան ճանապարհներից բացի՝ ցանկացած այլ «ազգային
գաղափարախոսություն» համարվում է անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա:
Հոգեւոր-բարոյական նահանջը նյութական կորուստների հետ համեմատ դժվար վերականգնելի
եւ ժամանակատար է: Իսկ ինքնիշխանությունից նահանջը եւ միջազգային վարկի իջեցումը
վերականգնելու համար կարող է տիտանական ջանքեր պահանջվել: Պահպանողականի
բարձրագույն արժեքներն են՝ Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը,
պետական լեզուն՝ հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները,
խղճի ազատությունը, սեփականության իրավունքը: Այսօրվա վարիչները չունեն այս
արժեքների կարեւորության գիտակցումը. մեր պետության անվտանգությունը «ապահովում է»
օտար պետությունը, հասարկական բարոյականությունը արդարացնում է քցողներին ու
անարխիստներին, օտար լեզվով ավելի շատ են գրում քան մայրենիով, մշակութային
քաղաքականություն, նույնիսկ քննադատություն չկա, իշխանավորի անձնական օրինակով
ներշնչվում է օրինամերժություն եւ ջայլամային կրավորականություն, անկախության մասին
ամենափոքրիկ ակնարկն իսկ կոմունիստական մեքենայով հալածող կոմսոմոլն այսօր ցեղվել է
ու գովազդում է անկախության 15 ամյակը. սա՛ է այսօրվա բարոյականությունը: Օրվա
իշխանության այսօրինակ կեցվածքը, ոչ մի արդարացում չունի եւ երբեւէ չի ունենալու եւ
հենց այդ պատճառով պետք է զիջի իր տեղը պահպանողականներին. որքան շուտ` այնքան լավ,
որպեսզի բացվի պայծառ առավոտը անկախ Հայաստանի` ազգային բարեկեցության պետության
վրա: Հայաստանի պետությունը` հայ մարդու Հայրենիքը, 21-րդ դարում կարող է գոյատեւել
եւ զարգանալ միայն ժողովրդավարության, հարեւան երկրների հետ բարիդրացիական
հարաբերությունների, քաղաքացիական հասարակարգ եւ եվրոպական իրավական մոդել, բարձր
զարգացվածությամբ կրթական եւ գիտական համակարգ ունենալու, ամուր եւ կարգապահ բանակի,
պետական քաղաքականությամբ ուղղորդվող եւ ազատ շուկայի կողմից ղեկավարվող
տնտեսության, համաշխարհային գործընթացներից առաջ կամ ետ չընկնելով՝ դրանց
ներդաշնակորեն ինտեգրվելու պայմաններում:
