NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները
Թարգմանություն անգլերենից
Անգլերեն տարբերակը՝
Overview of Major Human Rights Issues in the Republic Of Armenia
Տեսեք նաեւ մամլո հաղորդագրությունը՝
Մարդու իրավունքների
միջազգային ֆեդերացիան հայտնում է իր մտահոգությունը հարավային Կովկասում մարդու
իրավունքների վիճակի վերաբերյալ

Հաշվետվությունը պատրաստել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր գործընկեր կազմակերպություն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի
(ՔՀԻ) հետ համատեղ
Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների տեսակետից ներկայացնում է կտրուկ
հակասությունների մի պատկեր. թղթի վրա այն կարող է ծառայել որպես օրինակ Հարավային
Կովկասի համար, քանզի վավերացրել է Եվրոպական Մարդու իրավունքների գործիքների մեծ
մասը և հիմնական օրենսդրական բարեփոխումներ կատարել այդ գործիքներին համապատասխան:
Սակայն զգալի մտահոգության տեղ են տալիս հետևյալ խնդիրները. թեև երկիրը ցուցադրել է
առանձնակի աճ վերջին տարիներին, այդ տնտեսական և սոցիալական վիճակից
հասարակությունը հավասարաչափ չի օգտվում: Թերի անցումը խորհրդային կոմունիստական
համակարգից դեպի ազատ տնտեսություն ստեղծեց հսկայական անհավասարություն՝ անձերի և
կլանների էլիտար մի խմբի, որը մենաշնորհել է ռեսուրսների մեծ մասը, մի կողմից և
մնացած բնակչության միջև, մյուս կողմից: Թեև ստեղծվել է միջին խավ, այդ խավը դեռ
սոցիալական սանդղակի ամենաներքևում է գտնվում: Ավելին, նոր հարուստները, որոնք
փոխկապակցված են քաղաքական իշխանությունների հետ, ստեղծել են իրենց սեփական զինված
ոստիկանությունները, ենթարկելով երկիրն ու քաղաքացիներին շոշափելի վտանգի և
բռնության ակտերի՝ բխած քաղաքական կամ տնտեսական շահերից։ Երկրում բարձր է
ինստիտուցիոնալ կոռուպցիան, որն ընդհանրապես այս ռեգիոնում համատարած բնույթ է
կրում: 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական կարևորագույն ընտրությունների
շեմին նկատվում են ավելի ուժգին և վտանգավոր միտումներ ընդդեմ իրավունքների և
ազատությունների: Այն գործոնները, որոնք օգնում են կառավարել երկիրը՝ ներքին
քաղաքականության հանդեպ անտարբեր բնակչություն, էթնիկորեն միաբան երկիր, ուժեղ
աջակցություն սփյուռքի կողմից, նաև հնարավորություն են տալիս իշխանություն
ունեցողներին չարաշահումների գնալ։ Քաղաքական և տնտեսական իշխանությունները
անձեռնմխելի են:
Օրենքի գերակայությունը
Սահմանադրական փոփոխություններ. Իշխանությունների հավասարակշռություն և արդար
դատավարության իրավունքի ընդլայնում
Սահմանադրական փոփոխությունները ընդունվել են 2005թ նոյեմբերի 27-ին և դրական
գնահատում ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այդ փոփոխությունները ամրապնդել են
իշխանությունների տարանջատումը և ստեղծել բարելավված հավասարակշռություն գործադիր և
օրենսդիր իշխանությունների միջև, նաև ամրապնդել դատական իշխանության անկախությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը այլևս ընտրվում է Ազգային ժողովի կողմից, Ազգային
ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի անդամները և Արդարադատության խորհրդի (բարձրագույն
դատական իշխանությունը, որը պատասխանատու է դատավորների նշանակման, մասնագիտական
առաջընթացի և պաշտոնանկության համար) անդամները նշանակվում են գործադիր և օրենսդիր
իշխանությունների կողմից հավասար ձայների հիման վրա։ Բացի այդ, Հանրապետության
նախագահը, Արդարադատության նախարարը և Գլխավոր դատախազը այլևս ընգրկված չեն
Արդարադատության խորհրդի աշխատանքի մեջ։ Խորհրդի ինը անդամ դատավորները նշանակվում
են Դատավորների Ընդհանուր ժողովի կողմից։ Ի լրացում, երկու մասնագետ նշանակվում են
Նախագահի և երկու մասնագետ էլ Ազգային Ժողովի կողմից։ Սահմանադրական դատարան
դիմելու իրավունքը զգալիորեն լայնացել է. այդ իրավունքն արդեն ունի յուրաքանչյուր
մարդ, տեղական ինքնակառավարման մարմինները և Մարդու իրավունքների պաշտպանը։ Մինչև
բարեփոխումները գերագույն դատական մարմին դիմելու իրավունք ունեին միայն Նախագահը,
Ազգային ժողովի անդամների առնվազն մեկ երրորդը, և նախագահական և խորհրդարանական
ընտրությունների թեկնածուները։
Վերջերս կատարված բազմաթիվ օրենսդրական փոփոխություններից հատուկ պետք է նշել
մահապատժի վերացումը, նոր Քրեական օրենսգրքի ընդունումը 2003թ., նոր Աշխատանքային
օրենսգրքի ստեղծումը 2005թ. և հին խորհրդային վարչական օրենսգրքից պահպանված
վարչական կալանքի վերացումը (այդ պատժամիջոցը կիրառվել էր 2003 և 2004թթ. երթերի
մասնակիցների և ընդդիմության անդամների նկատմամբ)։
Օրենքի իրականացումը մնում է թույլ, և իրավիճակն ավելի է ծանրանում
հիմնարկություններում տիրող կոռուպցիայի շնորհիվ։ Մարդու իրավունքների խախտումները
մնում են անպատիժ դատավորների ինքնակամության պատճառով։
Բյուզանդ փողոցի դեպքը. սեփականության իրավունքի ոտնահարում Երևանի Բյուզանդ և այլ
կենտրոնական փողոցների, հիմնականում հին տների բնակիչները վտարվել են իրենց տներից
վերջին երկու տարվա ընթացքում։ 2006 թ. հունվարին մի քանի տեղական և միջազգային
կազմակերպությունների կողմից ստորագրված միասնական հայտարարության մեջ նշված է. «Տների
սեփականատերերը փոխհատուցվել են գնորդի կողմից ընտրված ընկերությունների կողմից
մակերեսի եւ գնի հիման վրա կատարած գնահատումների համաձայն, ինչը չի բավարարել
սեփականատերերին։ Սակայն, դատարանը մերժել է այլընտրանքային գնահատում կատարելու
պահանջը։ Այդ համեստ ֆինանսական կարողություններ ունեցող ընտանիքները ի վիճակի չեն
համարժեք բնակարաններ գտնել տրամադրված գումարներով։ Դատական որոշման համաձայն, այն
ընտանիքները, որոնք հրաժարվել են լքել իրենց տները, Արդարադատության նախարարության
դատական կատարածուների կողմից ուժով դուրս էին վռնդել իրենց տներից:»1
2006թ. մարտին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է
Սահմանադրական դատարան հարցումով, թե որքանով է սահմանադրական կարավարության #1151
որոշումը և Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի այն հոդվածները, որոնք հիմք են
ծառայել այդ որոշման համար, ըստ որի հարյուրավոր հին տներ պետք է ոչնչացվեն։
Ապրիլի 18–ն, Սահմանադրական դատարանը վճռեց, որ կառավարության որոշումը ՀՀ
Սահմանադրությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ չունի պետական վտարման պայմանները
սահմանող օրենսդրություն։ Սահմանադրական դատարանի որոշման վերջին կետը նշում է, որ
Ազգային ժողովը պետք է ընդունի նոր օրենք ոչ ուշ քան 2006թ. հոկտեմբերի 1–ը։ Մինչ
այդ, ներկա օրենքները պետք է կիրառվեն։ Այս կետը հակասական բնույթ է կրում և
իրավաբանների կողմից արժանանում տարբեր մեկնաբանությունների։ Թեև Սահմանադրական
դատարանը հայտարարել է, որ կառավարական որոշումը հակասահմանադրական է,
կառավարությունը շարունակում է հանդուրժել այս տների ոչնչացումը։ Քանի դեռ Ազգային
ժողովը չի ընդունել նոր օրենք և չի սահմանվել, թե որն է «պետական կարիքը», նմանատիպ
դեպքերի ռիսկը շատ բարձր է մնում։
Սիլվա Ասատրյանի դեպքը. դատական համակարգի կոռուպցիան և օգտագործումը
Այս դեպքը այն
բազմաթիվ դեպքերի շարքում է, երբ քաղաքացիները հետապնդվում են պետական մարմինների
կողմից և պաշտոնական մեղադրանքները ապացուցված չեն և հիմնված են տնտեսական և/կամ
անձնական հարաբերությունների վրա։ Տիկին Սիլվա Ասատրյանը և նրա ամուսին Արթուր
Գյուրջինյանը մի փակ ընկերության փոքրամասնական ավանդատուներ էին, և այդ
ընկերության գրասենյակը գտնվում էր հայ սփյուռքի ներկայացուցչին պատկանող մի
շենքում։ Ամուսինները նաև ունեին բնակարան նույն շենքում։ Պարոն Մելիք Գասպարյանը,
տեղացի գործարար, սկսում է գնել այդ տարածքի հողերը։ Նա գնում է ամուսինների
բնակարանը, բայց վճարում պայմանավորված գնի միայն 80% և խոստանում մնացածը վճարել
ավելի ուշ։ Նույն ժամանակահատվածում նա հաջողացնում է հասնել այդ փակ
ընկերությունից մյուս շենքի օտարմանը՝ պատրաստելով կադաստրի կեղծ գրանցում։ Շենքի
տերը դիմում է դատարան և պարտքեր անում, որպեսզի ապացուցի, որ պարոն Մելիք
Գասպարյանը կեղծ փաստաթղթեր է պատրաստել հողի գրանցման մասին։ Դատարանը որոշում է,
որ պրն. Մելիք Գասպարյանը այդ սփյուռքի ներկայացուցչին պետք է վճարի տուգանք՝
300000 ԱՄԴ չափով։ Պարոն Ադամյանը չի ցանկանում վճարել մնացած 20% տիկին Ասատրյանին
և նրա ամուսին Արթուր Գյուրջինյանին։ Քիչ ժամանակ անց, պարոն Մելիք Գասպարյանի
ավտոմեքենան ոչնչացվում է պայթուցիկ նյութի միջոցով։ Նա մեղադրում է տիկին
Ասատրյանին և պարոն Գյուրջինյանին այդ պայթյունի մեջ։ 2001թ. դեկտեմբերի 29–ն,
դատախազությունը ձերբակալում է ամուսինների տղային և համարյա մեկ տարի պահում
մեկուսարանում՝ չներկայացնելով որևէ ապացույց պայթյունի դեպքի մեջ նրա
ներգրավվածության մասին։ Նա ազատագրվում է 2002թ. սեպտեմբերի 27–ն., իսկ 2004թ.
ձերբակալվում է նրա մայրը, տիկին Ասատրյանը, և պահվում ազատազրկման մեջ մեկ տարի։
Նրա ընդգրկվածությունը պայթյուն կազմակերպելու մեջ նույնպես չի ապացուցվում։ Ինչպես
գրանցվել է Արդարադատության նախարարության ազատազրկման վայրերի Հասարակական
դիտորդների խմբի զեկույցում, Սիլվա Ասատրյանի մեկուսացման ժամկետը լրացել է 2005թ.
նոյեմբերի 23–ն։ Առաջին ատյանի դատարանը մերժել է երկարացնել մեկուսացման ժամկետը
(օրենքին համապատասխան, նախնական կալանքի ժամկետը չպետք է գերազանցի մեկ տարին)։
2005թ. նոյեմբերի 23–ն, Սիլվա Ասատրյանին կանչեցին վերաքննիչ դատարան: Վերաքննիչ
դատարանի նիստը հետաձգվեց մինչև հաջորդ օրը, սակայն բաց թողնելու փոխարեն, ինչպես
պահանջվում է օրենքով, դատարանի աշխատակիցները տարան նրան Ազգային անվտանգության
մեկուսարան, որտեղ գաղտնիորեն պահեցին մինչև հաջորդ օրը: Հաջորդ օրը Վերաքննիչ
դատարանը տիկին Ասատրյանի բացակայությամբ ընդունեց որոշում, ըստ որի կալանքի
ժամկետը երկարացվեց: Դատախազության երկու քննիչ ձևացրեցին, որ չգիտեն տիկին
Ասատրյանի գտնվելու վայրը: Դատական հաստատությունը խախտեց օրենքը ոչ միայն նրանով,
որ բաց չարձակեց տիկին Ասատրյանին նոյեմբերի 23-ն, այլ նաև որ թաքցրեց իրեն և
չթողեց, որ նա մասնակցի հաջորդ օրվա նիստին: Տիկին Ասատրյանը դեռ գտնվում է
մեկուսարանում: Բացի այդ, 2006 թ. սկզբին ճնշումներ են գործադրվել նրա ամուսնու վրա
և նա էլ է բանտարկվել հինգ ամսով՝ դատախազությունը փորձել է նրան մեղադրել մի
գործով, որը տեղի է ունեցել 14 տարի առաջ: Վերջապես նրան բաց են թողել ապացույցների
պակասի պատճառով: Փաստաբանների կարծիքով, այս ընտանիքի հետապնդումների պատճառն այն
է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա պարոն Մելիք Գասպարյանը, որը
հակասական անձ է, ճնշում է գործադրում, փորձելով վերադարձնել փողերը այն
սփյուռքահայից, որին վճարել էր տուգանք և որը Ասատրյան/Գյուրջինյան ընտանիքի փակ
ընկերության գործընկերն էր: Հնարավոր է, որ պարոն Մելիք Գասպարյանը օգտագործել է իր
կապերը Ազգային անվտանգությունում, որպեսզի տիկին Ասատրյանին առավանգեն և
գաղտնիորեն պահեն մեկուսարանում:
Հալածանքներ, սպառնալիքներ և ճնշումներ քաղաքական գործիչների նկատմամբ
2006թ. հոկտեմբերի 8-ն, Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ և
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը ենթարկվել
է հարձակման։ Ինչպես հայտնեց կուսակցությունը, երկու մարդ հարվածել էին նրան, գցել
գետնին և ոտնահարել: Սուրեն Աբրահամյանը, որը հրապարակայնորեն քննադատում է ներկա
իշխանություններին, մասնավորապես, Պաշտպանության նախարարին, վերջերս Հակաքրեական
շարժման շրջանակներում ելույթ էր ունեցել: Երբ լրագրողները խնդրեցին նշել անուններ,
նա նշեց Անդրանիկ Մարգարյանին և անվանեց նրան «քրեական տարր»: Ոստիկանությունը
սկսել է նախնական հետաքննություն:
Անկախ Հայաստանի առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ինքնաթիռ
նստելիս խուզարկում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ փնտրում էին
փաստաթղթեր, որոնք պարունակում են «պետական գաղտնիք»: Հովհաննիսյանը մեկնում էր
Կիեվ՝ «Դեմոկրատական ընտրանքի Ֆորում»-ին մասնակցելու համար: 2006 թ. շարունակվում
էր Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած Ժառանգություն կուսակցության հետապնդումը: Շենքի
վարձառուն, խախտելով պայմանագիրը, արգելել է կուսակցությանը շենք մուտք կատարելու։
Պարոն Հովհաննիսյանը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանի որոշման մեջ նշվել
է, որ վարձատուի գործողություններն անօրինական են։ Սակայն, քանի որ այդ որոշումը չի
իրականացվել, պարոն Հովհաննիսյանը դիմել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ՝
խնդրելով պարզաբանել առաջին դատարանի որոշումը։ Այդ ժամանակահատվածում, երբ
գրասենյակը զմրսված էր, 2006թ. մարտի 8-ն, անհայտ մարդիկ ներխուժել, քննել և
թալանել են գրասենյակը: Ըստ մասնագիտական քննության, որը կազմակերպել էր
ոստիկանությունը, պարզվել է, որ համակարգիչը, որը պարունակում էր կոնֆիդենցիալ
տվյալների շտեմարան, մասնավորապես, կուսակցության անդամների մասին, ենթարկվել է
ներխուժման և տվյալները արտագրվել են:
Մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքներ և հալածանքներ
2005թ. սեպտեմբերից մինչև 2006թ. փետրվարը, փաստաթղթեր կեղծելու և դրամաշորթության
մեջ մեղադրանքով, մեկուսացվել է Վահե Գրիգորյանը՝ այն ընտանիքների, որոնք ապրում
էին Բյուզանդ փողոցի վրա և շարունակում պայքարել իրենց տներից վտարելու դեմ,
փաստաբանը: Բյուզանդ փողոցի բնակիչների կարծիքով, Վահե Գրիգորյանի ձերբակալման
պատճառն այն էր, որ նա հրապարակայնորեն խոսում էր բռնի վտարման մասին և պաշտպանում
իրենց իրավունքները տարբեր դատարաններում: Նա ազատ արձակվեց 2006թ. փետրվարի 14-ն:
Դատախազությունը քրեական գործ հարուցեց ցմահ բանտարկության դատապարտված երեք հայ
զինվորների փաստաբանների՝ Զարուհի Բոստանջյանի, Աշոտ Աթոյանի և Ստեփան Ոսկանյանի
դեմ։ Մարդու իրավունքների տեղական և միջազգային խմբերի կարծիքով, այս գործը
պարունակում է կեղծ մեղադրանք երեք երիտասարդ զինվորների դեմ՝ սպանություն
կատարելու մեջ: Փաստաբանները հետաքննվում են Հայաստանի Վերաքննիչ դատարանի երեք
դատավորի, որոնք որոշում էին կայացրել անցած մայիսին, նկատմամբ անհարգալից
վերաբերմունք ցուցադրելու համար: Պարզ չէ, արդյոք դատավորները պաշտոնական բողոք
ներկայացրել են դատախազություն թե ոչ: Գլխավոր դատախազությունը սկսել է քրեական
գործ փաստաբանների դեմ հոկտեմբերի 10-ն, մեկ օր անց այն օրից, երբ Վճռաբեկ դատարանը
ընդունեց փաստաբանների հայտը, որ բողոքարկվի ցմահ բանտարկության մասին ծայրահեղ
հակասական որոշումը: Փաստաբանները հերքում են դատարանին անհարգալից վերաբերմունքի
մասին մեղադրանքը և դիտում դատախազության այս քայլը որպես պատժամիջոց՝ բանտարկված
զինվորներին իրենց հրապարակային աջակցության համար. «Այս քայլով նրանք ուզում են
մեզ ստիպել թողնել այս գործը», ասել է Ոսկանյանը Ազատություն ռադիոկայանին: Նա ասել
է, որ երեք դատավորները, որոնք նիստերի ընթացքում շարունակաբար վիրավորել են իրենց,
պետք է դատաքննության ենթարկվեն»: Այս արտահերթ քրեական գործերը նոր ուղղություն են
տալիս Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի երկարատև պատմությանը:
Այս երեք երիտասարդները սկզբից ձերբակալվել էին Լեռնային Ղարաբաղում իրենց հետ
ծառայող զինվորների սպանության մեղադրանքով և դատապարտվել 15 տարվա բանտարկության՝
առաջին ատյանի դատարանի կողմից 2005թ. ապրիլին: Նրանք իրենց անմեղությունն էին
պնդում ամբողջ դատավարության ընթացքում և բողոքարկեցին այդ որոշումը, որը Վերաքննիչ
դատարանը խստացրեց՝ դարձնելով բանտարկությունը ցմահ: Զինվորական դատախազությունը
մեղադրում է Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին, որ նրանք սպանել են երկու ալլ
զինվորի և նետել նրանց մարմինները հյուսիսային Ղարաբաղում գտնվող ջրամբարի մեջ 2003
թ. դեկտեմբերին: Որպես սպանության պատճառ նշվում է զինվորներից մեկի կողմից ստացված
ծանրոցի ուտելիքի համար կռիվը: Մեղադրանքը հիմնվել է Սարգսյանի տված խոստովանքի
վրա, որտեղ նա ընդունել է դեպքի նկարագրության այս տարբերակը: Սակայն հետագայում
Սարգսյանը հերքել է իր տված ցուցմունքները, բացատրելով, որ նա մեղավոր է ճանաչել
իրեն և իր ընկերներին, որովհետև ենթարկվել է խոշտանգումների: Սարգսյանը, որ առողջ
երիտասարդ տղամարդ էր, այսօր տառապում է այդ դաժան վերաբերմունքի հետևանքներից:
Մյուս երկու մեղադրյալները, որոնք չեն ընդունել մեղադրանքը, նույնպես ենթարկվել են
դաժան վերաբերմունքի մեկուսարանում: Երկու ատյանի դատարանները հրաժարվել են քննել
խոշտանգումների փաստը, ինչի պատճառով իրավապաշտպանները և Հայաստանի մարդու
իրավունքների ակտիվիստները հայտարարել են, որ դատավարությունը նման էր
արդարադատության խեղկատակի: Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն
Սահակյանը լուրջ մտահոգություն է հայտնել այս երեք փաստաբանների դեմ հարուցված
գործի վերաբերյալ:
Այս դեպքը նաև արձագանք է ստացել Հայաստանից դուրս. Human Rights Watch կազմակերպությունը գտնում է կտտանքների վերաբերյալ բողոքը հավաստալի և խնդրում է
Վճռաբեկ դատարանին ապահովել արդար դատավարություն երիտասարդների գործով։ Սեպտեմբերի
12–ն նրանք նամակ են գրել Հայաստանի Վերաքննիչ դատարանին, ասելով. «Human Rights
Watch կազմակերպությունը հավաստիացած է, որ շատ կարևոր է որոշում կայացնել
կտտանքների բողոքների վերաբերյալ, համապատասխան քննություն անց կացնել և միջոցներ
ձեռնարկել, որ այն մեղադրանքները, որոնք հիմնված են կտտանքներով կորզված
ցուցմունքների վրա, հաշվի չառնվեն»։ Երեք օր անց, Մարդու իրավունքների Միջազգային
Հելսինկյան ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ահարոն Ռոուդզը նույնպես իր մտահոգությունն
արտահայտեց նմանատիպ նամակում. «Սպանությունների հետաքննության և հետագա
դատավարությունների ընթացքում այնպիսի սխալներ են կատարվել, որ հարց է ծագում հայ
դատախազների և դատավորների մասնագիտական որակի և միջազգային ստանդարտներին
համապատասխան արդար դատավարություն ապահովելու պատրաստակամության վերաբերյալ»։ Երեք
իրավապաշտպանները կասկածում են, որ սպանությունները կատարվել են Ղարաբաղյան բանակի
զորամասի, որտեղ որ ծառայել են սպանված զինվորները, հայտնի սպայի կողմից։ Նրանց
կարծիքով, այդ սպան ծեծել է զինվորներից մեկին, որի արդյունքում վերջինս մահացել է,
և սպանել մյուսին մի քանի օր անց, որովհետև նա հրաժարվել է խոստովանել իր կատարած
«հանցագործությունը»
Կտտանքներ և դաժան վերաբերմունք
Մայիսի 31, 2006թ. Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «Խոշտանգումների եւ այլ
դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի
դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։ 2006թ. ստեղծվել է ՀՀ Ոստիկանության
ձերբակալվածներին պահելու վայրերի հասարակական դիտորդների խումբ։ Արդեն երկու տարի
է գործում է ՀՀ Արդարադատության նախարարության ազատազրկման վայրերի Հասարակական
դիտորդական խումբը, որը երկու անգամ տարեկան հաշվետվություն է հրապարակել իր
գործունեության մասին։ Չնայած նրան, որ այս դիտորդական խմբերի ստեղծումը իրական
առաջընթաց է, դեռ առկա են կտտանքների և մարդու իրավունքների խախտումների դեպքեր։
Երկու հասարակական դիտորդական խմբերը իրավունք ունեն ազատ և առանց
նախազգուշացնելու, ցանկացած ժամի այցելել բոլոր ձերբակալվածներին,
կալանավորվածներին և դատապարտյալներին պահելու վայրերը։ Սակայն Ոստիկանության
հասարակական դիտորդական խումբը չի կարող այցելել ոստիկանության բաժինները, որտեղ որ
հիմնականում կատարվում են խախտումների, կտտանքների և դաժան վերաբերմունքի դեպքերը։
Մի շարք փակ հաստատություններ դեռևս մնում են առանց հսկողության, օրինակ զինվորական
մեկուսարանները, հոգեբուժարանները, երեխաների հաստատությունները, ծերանոցները և
զորամասերը։
Մի շարք հայտնի դեպքեր որակավորվել են որպես կտտանքի և դաժան վերաբերմունքի դեպքեր։
Նրանցից երկուսը լայն արձագանք են ստացել Հայաստանի լրատվական միջոցներում։
- Գորիսի քրեական հաստատությունում, դատապարտյալի և քննիչի միջև բախում է տեղի
ունեցել, ընդ որում այդ քննիչը տվյալ դատապարտյալի գործի քննիչը չէր։ Այս պատահարի
ավարտի պես դատապարտյալը պատժվել է։ Նաև պատժվել են բոլոր դատապարտյալները և
ազատազրկվածները, որոնք պահվում են այդ բանտում։ Նրանց ծեծել են և նրանց իրերը
վառել։ Մինչև հիմա այս խախտումների վերաբերյալ չի կատարվել հետաքննություն և ոչ մի
պաշտոնական տեղեկություն չի տրվել։ - Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի գործը
Այս գործը ցայտուն արտահայտություն է այն խախտումների, որոնք կատարվում են բանակում
փակ, գաղտնի պայմաններում և ազդեցություն թողնում երիտասարդ զինվորների վրա։ Ռազմիկ
Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղավոր են ճանաչվել երկու
զորակիցների սպանության մեջ (նայել վերևում)։ Ռազմիկ Սարգսյանը բացատրել է
դատարանում, որ խոշտանգումների է ենթարկվել և իրեն ծեծել են նախնական քննության
ընթացքում, ստիպելով խոստովանել սպանությունը։ Սերոբյանն ու Զալյանը նույնպես
հայտարարել են, որ կտտանքների են ենթարկվել, բայց իրենց մեղավոր չեն ճանաչել։
Սակայն Սյունիքի մարզի դատարանը չի հետաքննել դաժան վերաբերմունքի և կտտանքների
մասին բողոքը և թույլ չի տվել իրավապաշտպաններին բողոք ներկայացնել։ Առաջին ատյանի
դատարանը դատապարտել է նրանց 15 տարվա բանտարկության, իսկ Վերաքննիչ դատարանը՝ ցմահ
բանտարկության։
Ոստիկանության խոսնակը նշել է, որ 2006թ. 815 կարգապահական գործ է հարուցվել
ոստիկանության աշխատակիցների դեմ։ Նրանցից 68 հեռացվել են աշխատանքից, և 11 գործ
հանձնվել է նախնական քրեական հետաքննությանը։ Սակայն 68 աշխատակցի հեռացումը չի
բացատրվել։ Պետք է նաև նշել, որ Զինվորական ոստիկանությունը, որն օգտագործվում է
մեղադրվող զինվորների համար, և նաև որոշ հանրության համար «զգայուն» քրեական
գործերի համար, ունի իր մեկուսարանները, որոնք հասանելի չեն հասարակական դիտորդական
խմբերին։ Բացի այդ, Զինվորական ոստիկանության գոյությունը, ըստ Հայաստանի
Հանրապետության ներկա օրենսդրության, իրավական հիմք չունի։
Մամուլի և լրատվական միջոցների ազատությունը
Նշանավոր է, որ Հայաստանը, ըստ Reporters Sans Frontières (RSF) Մամուլի
ազատությունը աշխարհում ուսումնասիրող տարեկան հաշվետվության, իջել է 83–րդ (2004)
տեղից 102–ը (2006)։
2006թ հուլիսի 17–ն, 8 թերթի խմբագիր, 2 լրագրող և 2 մարդու իրավունքների
կազմակերպություններ միասնական հայտարարություն են հրապարակել, որտեղ արտահայտել են
իրենց մտահոգությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա ճնշումների ուժեղացման
վերաբերյալ և դիմել իշխանություններին, որպեսզի հարգեն ժողովրդավարական
հաստատությունները, ներառյալ մամուլը. «Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված
է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում
է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները
նրանց հասցեին: Սրանք արվում են այն անձանց եւ ուժերի կողմից, ովքեր հիմքեր ունեն
զգուշանալու քննադատությունից եւ իրենց գործունեության որոշ կողմերի
բացահայտումներից:»
Բոլոր հեռուստակայանները ենթարկվում են գրաքննության՝ Ա1+ և Նոյյան Տապան
հեռուստակայաններին եթերից զրկելուց հետո։ Հայաստանի լրատվամիջոցների մոնիտորինգը
բացահայտել է, որ բազմակարծությունը լրատվամիջոցներում չի ապահովվում և գործում է
ներքին գրաքննություն։
Գագիկ Շամշյանը, Չորրորդ Իշխանություն և Առավոտ թերթերի ոչ–հաստիքային լրագրող, իր
մասնագիտական պարտականությունները կատարելիս, ենթարկվել է հարձակման, ֆիզիկական
վնասվածքներ ստացել և կողոպտվել։ Երկու թերթերն էլ դիմել են Ազգային անվտանգության
ծառայություն և Դատախազություն և նշել որպես հարձակման հնարավոր պատճառ իրենց
լրագրողական գործունեության նկատմամբ տածած «դժգոհությունը»։ Գագիկ Շամշյանը
նույնիսկ նշել է առանձին մարդկանց անուններ, ովքեր որ սպառնացել և անհանգստացրել են
իրեն։ Սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվել հարձակվողների դեմ։
Սեպտեմբերի 6–ն, Իրավունք թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը ենթարկվել է
հարձակման իր տնից դուրս գալիս։ Երկու երիտասարդ, սափրած գլուխներով տղամարդ,
հարձակվել են նրա վրա, նետել գետնին և ոտնահարել։ Բժշկական տեղեկանքի համաձայն,
Հովհաննես Գալաջյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Զոհը ոստիկանությունում
նշել է, որ իրեն նախորդ գիշեր հեռախոսով սպառնացել են և նա տեսել է հարձակվողներից
մեկին հաջորդ օրը։ Նա ասել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարը կարող է լինել
հարձակման հավանական կազմակերպիչը, որովհետև հարձակումը կատարվել է իր կողմից
հրապարակված քննադատական հոդվածների կապակցությամբ։ Նախագահ Քոչարյանը ի պատասխան
քաղաքական և լրատվական բոլոր ուժերի պահանջին՝ գտնել այս բռնության հանցագործներին,
հայտարարել է, որ «իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի
մեղավորները գտնվեն և պատժվեն»։
Այս պարագայում զարմանալի չէ նաև այն փաստը, որ Գլխավոր դատախազությունը ոչ մի կերպ
չի արձագանքում մի շարք դիմումների՝ կասեցնել Արման Բաբաջանյանի, Ժամանակ Երևան
թերթի խմբագրի նախնական կալանքը: Մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական
ընտրությունների մթնոլորտը լիովին կախված է պետության պատրաստակամությունից՝
պաշտպանել իր քաղաքացիներին քրեական խմբավորումներից, որոնք ամեն գնով ձգտում են
իշխանությանը, և հարգել ժողովրդավարական ինստիտուտները, մասնավորապես, մամուլը:
Արման Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսի 27-ն, մեղադրվել փաստաթղթերի
կեղծման մեջ (Քրեական օրենսգիրք, հոդված 324, մաս 2) զինվորական ծառայությունից
խուսափելու համար (Քրեական օրենսգիրք, հոդված 327, մաս 2, պարբերություն 2): Նա
մեղավոր է ճանաչվել միայն այս վերջին կետով և դատապարտվել Կենտրոն և Նորք Մարաշ
համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա բանտարկության՝ 2006թ.սեպտեմբերի
8-ն: Սեպտեմբերի 25-ն, Վերաքքնիչ դատարան է ներկայացվել դիմում՝ դատավճիռը
վերանայելու մասին: Հոկտմեբերի 24-ն կայացած նիստի ժամանակ պարզվել է, որ ՀՀ
դատախազությունը բողոքարկում է Առաջին ատյանի դատարանի որոշումը և պահանջում ավելի
խիստ պատիժ: Արմեն Բաբաջյանյանը, իր հերթին հայտարարում է, որ նա հրաժարվում է
նախկին փաստաբանից և ժամանակ խնդրում նոր փաստաբան վարձելու համար: Դատարանը
ընդունում է այս միջնորդությունը: Հաջորդ նիստը նշանակվում է նոյեմբերի 7-ն: Մարդու
իրավունքների պաշտպանը սեպտեմբերի 14-ն մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ
«իրավաբանական տեսակետից, Արմեն Բաբաջանյանի պատիժը, հնարավոր է, հիմնավորված է,
սակայն դատավճիռը չափազանց խիստ է» և հետո ավելացրեց. «Կան կարծիքներ, որ այսպիսի
խիստ մոտեցումը բացատրվում է այն փաստով, որ նա (Բաբաջանյանը) ընդդիմադիր թերթի
խմբագիր է»:
Կոռուպցիա
Կոռուպցիան բարդ խնդիր է Հայաստանի և ամբողջ հետսովետական աշխարհի համար: Եվրոպայի
խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «անհանգստացած է Հայաստանում կոռուպցիայի
չափերով, որն արդեն հասել է անթույլատրելի աստիճանի: Նրանք սպասում են, որ
իշխանությունները ցուցադրեն վարքագծի իրական փոփոխություններ և քաղաքական կամք՝
կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար»: Հայաստանը գտնվել է 88-րդ տեղում,
ըստ Transperancy International 2005թ. Կոռուպցիայի ընկալման սանդղակի, չնայած որ
Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Ընդդեմ կոռուպցիայի պետությունների խմբում
(GRECO) և ֆինանսավորվում է Համաշխարհային բանկից՝ հակակոռուպցիոն միջոցներ
ձեռնարկելու համար:
Կառավարության հակակոռուպցիոն նախաձեռնությունների ձախողման հիմնական
պատճառներն են.
- Կոռուպցիայի դեմ պայքարելու իրական քաղաքական կամքի պակասը
- Փոխկապակցված քաղաքական և տնտեսական շահերը, ինչը հանգեցնում է պետական թալանի՝
չափազանց հիերարխիկ կառավարման համակարգի մեջ փոքր «էլիտար» խմբի կողմից - Քաղաքական դաշտի քրեականացումը և, միեւնույն ժամանակ, հասարակ քաղաքացիների
հիմնական իրավունքների պաշտպանության բացակայությունը - Պետական պաշտոնյաները հաշվետվություն չեն տալիս և իշխանավորները անձեռնմխելի են
- Օրենքի վատ իրագործությունը և իրական վերահսկողության և պատժման մեխանիզմների
բացակայությունը - Բացթողումները հիմնական օրենքների մեջ և անհամապատասխանությունը օրենքների եւ
ենթաօրենսդրական ակտերի միջեւ - Հանրային անվստահությունը՝ կառավարության նկատմամբ և հանդուրժողականությունը՝
կոռուպցիայի նկատմամբ - Կոռուպցիայի նկատմամբ միջազգային հանրության խիստ և հետևողական դիրքորոշման
պակասը
Վերջաբան
Հայաստանը միանշանակորեն ընդունել է Եվրոպական պետություններին համահունչ
Սահմանադրություն և բազմաթիվ օրենքներ: Սակայն իրականությունը և օրենքի կիրառումը,
մասնավորապես, դատական համակարգում, պետք է ապացուցեն, որ օրենքի գերակայությունը և
ժողովրդավարությունը միայն թղթի վրա չեն: Հայաստանի իշխանությունների համար
առաջնահերթ է վերացնել անպատժելիության մթնոլորտը, պայքարել պետական
հաստատությունների կոռուպցիայի դեմ և հավասարաչափ կերպով ապահովել ամեն քաղաքացու
իրավունքներն ու ազատությունները: Մինչև խորհրդարանական ընտրություններ մնացած կարճ
ժամանակը մարտահրավեր է ներկայացնում գործադիր իշխանությանը:
Առաջարկներ
ՖԻԴՀ և ՔՀԻ կազմակերպությունները իրենց խոր անհանգստությունն են արտահայտում մարդու
իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ և կոչ անում Հայաստանի կառավարությանը.
- բոլոր դեպքերում հետևել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած մարդու
իրավունքների Եվրոպական կոնվենցիաներին - անհապաղ և առանց որևէ նախապայմանի դադարեցնել կտտանքները, դաժան և անմարդկային
վերաբերմունքը ազատազրկման վայրերում և մեկուսարաններում - պայքարել քաղաքական և տնտեսական շրջանակների անպատժելիության դեմ; մշակել էթիկայի
կանոններ բոլոր պետական պաշտոնյաների համար, նաև այն պաշտոնյաների, ովքեր
ներգրավված են կազմակերպված հանցագործության դեմ պայքարի մեջ; ստեղծել և ապահովել
կանոնավոր հսկողություն անկախ վերահսկիչ մարմնի միջոցով - մշակել և իրականացնել լայնածավալ և լավ մտածված հակակոռուպցիոն ծրագիր
- մարդու իրավունքների մշակույթը զարգացնել՝ ձևավորելով և իրականացնելով
անհանդուրժողականություն՝ իրավապաշտպան մարմինների բոլոր ատյաններում, բանակում և
պենիտենցիար համակարգում բռնությունների նկատմամբ - կանգնեցնել ամեն տեսակի հետապնդումներն ու միջամտությունը՝ մարդու իրավունքների
պաշտպանների, լրագրողների, քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչնեի դեմ
FIDH և ՔՀԻ-ն կոչ են անում Եվրոպայի Միությանը
- Ամրապնդել քաղաքական պատրաստակամությունը և ֆինանսական օժանդակությունը Հայաստանի
Հանրապետությունում օրենքի գերակայությունը ապահովելու համար - Գործողությունների Ծրագրում կենտրոնանալ ժողովրդավարության, օրենքի
գերակայության, մարդու իրավունքների ապահովման, հակակոռուպցիոն, հիմնականում,
դատական համակարգի, խնդիրների վրա - Հայաստանի կրթական և գիտական բնագավառներում միջոցներ ներդնել, որոնք կօգնեն
Հայաստանին ստեղծել գիտելիքների վրա հիմնված տնտեսություն՝ միակ կենսունակ մոդելը
կրթված բնակչության և մեկուսացված դիրքի պայմաններում - Այս Գործողության Ծրագրի շրջանակներում նախատեսել անկախ մոնիտորինգային ծրագրեր և
մեխանիզմներ, ներգրավելով Հայաստանի և միջազգային քաղաքացիական հասարակությանը:
1 Հետընթաց օրենքի գերակայության սկզբունքից եւ
ժողովրդավարությունից Հայաստանում, 31 հունվարի,
www.fidh.org
