NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել մարդու իրավունքների խախտումները կանխելու համար»
Զեկույցի տեքստը անգլերեն՝
Armenia: Human Rights Watch report 2006
«2006 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել` մարդու
իրավունքների էական խախտումները կանխելու ուղղությամբ», - հինգշաբթի օրը
հրապարակված զեկույցում արձանագրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունը:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ «մամուլի ազատության սպառնալիքները
շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների
թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ
աչքի են ընկնում բազմակարծության պակասով»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի բոլոր անդամները նշանակվում են երկրի նախագահի
կողմից», - փաստել են միջազգային կազմակերպության փորձագետները եւ հավելել. - «Իշխանության
վերահսկողության պատճառով Հանրային հեռուստատեսությունը բավարար չափով անկախ չէ`
իրադարձությունները անաչառ եւ բազմակողմանի լուսաբանելու համար»:
Չնայած այն փաստին, որ «Ա1+»-ը արդեն 4 տարի է, ինչ եթերում չէ, իրավապաշտպանները
շարունակում են մեծ ուշադրությամբ հետեւել հեռուստաընկերության պատմությանը եւ
փաստում են, որ անցած տարվա ընթացքում «Ա1+»-ը երկու անգամ դիմել է հեռարձակման
արտոնագիր ստանալու համար եւ երկու անգամն էլ մերժվել է:
Lրագրողների դեմ իրականացված բռնությունների թվում միջազգային կազմակերպությունը
մատնանշում է Վանաձորի «Lոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե
Ավետիսյանի ու «Չորրորդ իշխանության» լրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարձակումները, «Իրավունք»-ի
խմբագրի ծեծն ու «Ժամանակ Երեւան»-ի խմբագրի ազատազրկումը: Նշված բոլոր դեպքերում,
ըստ փորձագետների, լրագրողները բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական
գործունեության պատճառով:
«Շարունակվում են բռնությունները նաեւ կալանավայրերում, բանակում եւ ոստիկանության
բաժանմունքներում», - գրում են զեկույցի հեղինակները: Մայիսի 30-ին ցմահ
բանտարկության դատապարտված երեք զինվորներից մեկին, ըստ զեկույցի, քննիչները ծեծել
են եւ ցուցմունքները կորզել բռնաբարության սպառնալիքի տակ:
Հատուկ կետով փորձագետներն անդրադարձել են նաեւ սեփականության իրավունքի ոտնահարման
դեպքերին: «Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ստիպեց
հարյուրավոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր
գին: Ու թեեւ Սահմանադրական դատարանն այս գործընթացը անօրինական որակեց,
կառավարությունը, այդուհանդերձ, չվերանայեց սեփականության դիմաց քաղաքացիներին
տրամադրված փոխհատուցման չափը», - գրում են միջազգային կազմակերպության
իրավապաշտպանները:
Զեկույցում հիշատակվում է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի
պաշտոնանկության փաստը: «Այն բանից հետո, երբ առաջին օմբուդսմենի գրասենյակը հանդես
եկավ կառավարության աշխատանքը քննադատող զեկույցով, նախագահի եւ Lարիսա Ալավերդյանի
հարաբերությունները սրվեցին, եւ 2006-ի հունվարին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց
Lարիսա Ալավերդյանին: Քայլ, որը կասկածի տակ է առնում Հայաստանի իշխանությունների
ստանձնած պարտավորությունը անկախ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու վերաբերյալ», -
փաստում է Human Rights Watch-ի տարեկան զեկույցը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա
