NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդ դառնալ եվ ապրել` ինչպես բոլորը
Այսօր չեն կիրառվում պարոն, տիկին, օրիորդ, տիար դիմելաձեւերը, այլ եղբայր (ախպեր),
հորեղբայր (հորոխպեր), մորաքույր (մորքուր), քույր (քուրո), ինչպես նահապետական
կարգերում, իսկ պարոնով դիմում են հասարակական բարձր դիրք, ավելի ճիշտ` մեծ
սեփականություն ունեցողներին` ինչպես ֆեոդալական կարգերի ժամանակ: Չի վերացել նաեւ
անուն-հայրանունով ռուսական դիմելաձեւը: Սա սկսվում է դպրոցից. ուսուցչին դիմելիս
կիրառվում է ընկերը, ոչ թե պարոնը կամ օրիորդը, ինչպես նախալենինյան կամ
բոլշեւիզմին չառնչված հայկական դպրոցներում: Եվ այս` արտաքուս մանր թվացող այս
հարցը չափազանց լուրջ խորքեր ունի:

Եվրոպական ֆեոդալական-արիստոկրատական հասարակությունները միավորում էին
բարձրաստիճան քաղաքական-կղերական-զինվորական-ազնվական վերնախավին: Նրանք միմյանց
դիմում էին ինչպես վայել է` ըստ տիտղոսների: Բուժուա-դեմոկրատական հեղափոխության
արդյունքում հասարակական բարձր դիրք ունեցողի նկատմամբ դիմելու ձեւը դարձավ
համընդհանուր, հասարակ մարդը դարձավ Քաղաքացի, ձեւավորվեց քաղաքացիական
հասարակություն: Ասպարեզ ելած գաղափարական-փիլիսոփայական տեսություններն ու
հասարակական-քաղաքական շարժումներն արտացոլեցին այս փոփոխությունը:
Լուսավորչականությունը փորձում էր վերացնելով անգրագիտությունը` չեզոքացնել հասարակ
մարդու եւ ազնվականի միջեւ կրթական-գաղափարական անջրպետը եւ հասնել հասարակական
ներդաշնակ համերաշխության: Ռեալիզմը, ազատվելով սխոլաստիկ դոգմաներից,
ունիվերսալիաների միջոցով փորձում էր արմատավորել ընդհանրություններ` հասարակական
նոր ձեւավորված խմբերի եւ ընդհանրապես հանրության միջեւ: Ռոմանտիզմը հեգնանքի
միջոցով ձեւավորում էր հասարակական հանդուժողականության մթնոլորտ, իսկ էքստազի
էֆեկտը հնարավորություն էր տալիս գրկել աշխարհը, իրեն զգալ նրա լիարժեք եւ
անբաժանելի մասնիկը: Մեր մշակույթում վերը թվարկված ուղղությունների
ներկայացուցիչներ, իհարկե, եղել են, բայց ըստ արժանվույն չեն քննադատվել եւ չեն
հասկացվել` առանց բացառության: Քննադատությունը կառուցվել է սոցիալիզմի
հասարակության կայացման դիրքից, որը քաղաքացիական հասարակության հակառակ խրամատում
էր: Ներկայումս սոցիալիզմի արժեքները փոխարինվել են ոչ թե քաղաքացիականով, այլ
սոցիալ-նահապետականով: Իրական եւ կեղծ նժդեհականներին թյուրիմացաբար, իսկ զառամյալ
սոցիալ-հեղափոխականներին` անկեղծորեն թվում է, թե պարոնով կամ օրիորդով դիմելը
խորթացնում է մեզ, որովհետեւ բուրժուական ձեւ է: Մինչդեռ հենց դա է հոգեբանական
բարդույթ, որ բնորոշ է հետամնաց էթնիկ խմբերին, փակ-սոցիալիստական
հասարակություններին: Իրականում ներկա իշխանության քաղաքականության ընկալումը
ռուսահպատակի բնորոշ ընկալում է, ըստ որի Հայաստանը Կայսրության վերջին գաղութն է (ֆորպոստը
շռայլություն է), իսկ բնակիչներն էլ` ոչ թե քաղաքացի, այլ գաղութաբնակ` առանց
քաղաքացիական որեւէ իրավունքի: Սա հետամնացություն չէ, գավառամտություն չէ.
դավադրություն է հանրապետականության դեմ, ազգ դառնալու` ազգային-պահպանողական երազի
դեմ:
Պարոնը քաղաքական ազատություններ եւ իրավունքներ ունեցող մարդու անբաժանելի տիտղոսն
է: Որքան փոքր թիվ լինեն պարոնայք, հակառակ համեմատությամբ այնքնան մեծ կլինեն
ազգային եւ հանրային ձեռքբերումները պահպանելու եւ ժառանգելու դժվարությունները,
այնքան խայտառակ կիլնեն ընտրակեղծիքները: Օրվա վերնախավը վստահ է, որ կարող է
հաղթել ընտրություններում (կեղծելով կամ առանց), որովհետեւ հասարակությանը
միավորում է ոչ թե Ազատության գաղափարը, այլ սոցիալ- նահապետական արժեքները (փողը,
բնամթերքը, ախպերությունը, «հեղինակության» կարծիքը), որոնք ոչ միայն ազատ, արդար
եւ թափանցիկ, այլ ընդհանրապես ընտրությունների հետ ոչ մի կապ չունեն եւ հենց
իրենցով իսկ բացառում են ընտրություն գաղափարը: Այսպիսի հասարակության համար
քաղաքական ազատություններն ընդհանրապես արժեք չեն: Անազատներին կարող է միավորել
սոսկ բարոյական նորմը` իմա` պարտավորությունը, իսկ Ազատներին միավորողը
նախաձեռնությունն է կամ ազատ վարքի պրեդիկատ` Սերը: Եվ եթե մարդն ազատ է, ապա նա
պարոն բառի հետ փոխանցում է ինքնահարգանք ու նաեւ սեր:
Խորհրդային իներցիայով` պարոնն ընկալվում է հեգնանք առ քաղքենին: Երբ 1988-ի
հանրահավաքներից մեկում առաջին անգամ հնչեց` «Տիկնայք եւ պարոնայք», ամբոխը
գալարվեց ու հասկացավ, որ նոր հասարակություն է կառուցվելու: Իսկ հակահեղափոխության
հաղթանակից հետո հասարակությանը դիմելու ձեւը դարձավ «սիրելի հայրենակիցները»: Իշխանությունն այնքան է դեգրադացվել եւ մեծամտացել, այնքան է հեռացել ազատության -
անկախության գաղափարից, որ նրան թվում է, թե քաղաքացիներին կարող է միավորել սոսկ
հայրենակցությունը (զեմլյաչեստվո):
Իսկ ի՞նչ կլինի եթե դիմեն «տիկնայք եւ պարոնայք». մարդիկ իրենց կզգան ազատ-հավասար
նրանց` ում դիմել են: Քաղաքացիները կպատկերացնեն, թե իրենք ազատ-հավասար են, եւ
իրենցից մեծահոգաբար կվանեն դուրսպրծուկներին, մեծամիտներին եւ գավառամիտներին, ու
տեղի կունենա որակական փոփոխություն` սոցիալ-նահապետական հասարակարգը կփոխարինվի
քաղաքացիականով: Առանց կրակոցի:
