NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձեռքերդ հեռու մեր ցավից
Անկախ այն բանից, թե քանի երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այն որպես
կենսագրական փաստ նստած է յուրաքանչյուր հայի գենետիկ կոդի մեջ` այս կամ այն կերպ
պայմանավորելով մեր մարդկային ու ազգայաին վարքականոնները: Այդ օբյեկտիվ
պայմանավորվածություններից շատերի մասին բազմիցս խոսել են մասնագետները. պաթոլոգիկ
վախ թուրքից, որպես հակակշիռ` պաթոլոգիկ ռուսասիրություն, ազգային արվեստի մեջ
հիմնացնցման դրսեւորում ու վերապրում, ինչպես նաեւ հակառակ ծայրահեղությունը`
մինչեւ վերջ հրաժարում ու մոռացման ճիգ, եւ այլն եւ այլն:

Առաջին հանրապետության շրջանում դեռ շոկն ավարտված չէր, ուստի օբյեկտիվորեն
հնարավոր էլ չէին վերագնահատումներ կատարելն ու նոր կեցության մոդուլներ մշակելը:
Իսկ անկախությունից զրկվելու պահից` 1920-ի դեկտեմբերից` այդ վերագնահատման ու
մոդուլամշակման բոլոր լիազորություններն օրինաչափորեն հանձնվեցին Հայաստանի Առաջին
Հանրապետությունը կապիտուլացրած կողմին` Խորհրդային Կայսրությանը, որն էլ իր շահերի
տեսանկյունից մշակեց այդ մոդուլներն ու կատարեց համապատասխան ուղղորդումներ: Մեր
ժողովրդի մի հսկայական հատվածն էլ` Սփյուռքը, որ դեմ առ դեմ էր կանգնել
ազգապահպանման գերագույն խնդրին, բնականաբար չէր կարող պետականություն ունեցող
ազգերի սառը բանականությամբ մոտենալ իր ցավին: Ուստի մոտեցումը պայմանավորված էր
տեղանքի, տվյալ երկրի առանձնահատկություններով:
Ու մեր մեծագույն ցավը, մեր վարքականոնը մշակող այդ անընդգրկելի ողբերգությունը`
ցեղասպանությունը, իմպրովիզացիոն տարաձեւ մոդուլավորումների էր ենթարկվում մոլորակի
տարբեր անկյուններով, ուր հայեր էին բնակվում: Անկախության ձեռքբերումից` 1991-ից ի
վեր մենք կանգնեցինք պետականության մի մարտահրավերի առջեւ եւս. մեզ վերադարձվեց մեր
ցավի հետ վարվելու ինքնուրույնության իրավունքը: Սակայն երկիրը նորածին էր ու վտիտ,
իր ծննդից առաջ արդեն խճճված պատերազմական արհավիրքների մեջ: Կարող էր լինել երկու
մոտեցում. եւ դրանք եղան: Առաջինը` հեշտը, այն էր, որ մեզ ուղեկցել էր
ցեղասպանությունից ի վեր. գրել ոտանավորներ մեր ցավի մասին, պաթետիկ ճառեր ասել մեր
արդարության ու թուրքի անիրավության մասին, շարունակել հույսը կապել տարբեր`
հիմնականում քրիստոնյա երկրների (անվիճարկելի առաջնությունն իներցիայի օրենքով
թողնելով Ռուսաստանին) միջոցով ինչ-որ կերպ արդարությունը վերականգնելու հետ:
Երկրորդը` մեր ցավը զգացմունքազերծելն էր ու քաղաքական հարթություն տեղափոխելը, ուր
հակացուցված են բանաստեղծականությունն ու տնայնագործությունը: Եթե առաջինը հեշտ էր
այնքանով, որքանով մենք իրականում հրաժարվում էինք գործուն քաղաքականության
պարտավորվածությունից` շրջանցելով պետության առկայության փաստը, եւ ենթադրում էր
մեր ցավը դարձյալ թողնել օտարների կողմից բժշկելու ողորմածությանը, ապա երկրորդը
բավականին բարդ, մեզ համար օրգանապես անընկալելի ու հազարամյա ավանդույթի ուժով`
անընդունելի էր, քանի որ մեզ զրկում էր ցավը բթացնող 80-ամյա ցավազրկող դոզաների
վրա նստելուց ու հրամայում ինքնուրույնաբար լուծումներ գտնել:
Պետականության արշալույսին դեռ առկա էր ազգային հուժկու Շարժման արդյունքում ծնված
ուժը, իսկ ուժեղը կարող էր հրաժարվել ցավազրկող միջոցներից ու թեկուզ վերքը
փորփրելիս ստանալիք ցավի գնով անցնել իրական բուժման: Սակայն Արցախյան` մեզ համար
շահավետ պայմաններում կնքված պատերազմի սառեցման ժամանակ արդեն բավականին
արյունաքամ եղած ժողովուրդն ու նրա քաղաքական, մշակութային վերնախավը թուլացել էր,
եւ նահապետական «ազգասիրությունը» 1998-ից եկավ փոխարինելու երկրորդ` սթափության
տարբերակին: Մենք մեր ցավի, իմա` մեր արդեն պետական վարքականոնի, տնօրինումը կրկին
հանձնեցինք այլոց, թեեւ սկսեցինք աշխարհի տարբեր ատյաններից, ուր մեզ պետականության
առկայության շնորհիվ թույլ էր տրված մոտենալ, արտասանել նույն պաթետիկ
ոտանավորները, որ տասնամյակներ շարունակ արել էինք, քանի որ ոչ միայն այլ ելք չէինք
ունեցել, այլեւ որ այդպես էին պահանջել օտար պետությունների շահերը:
Մեր նույն նահապետականության պատճառով մենք ժամանակին չէինք կարողացել ճիշտ
գնահատել ցեղասպանության նախերգանքը` ջարդերը: Երբ նայում ենք մեծ տերությունների`
Հայկական հարցին առնչվող 19-20-րդ դարագլխի դիվանագիտական փաստաթղթերը, երբ նայում
ենք մեր արձագանք գործողությունները` ընդհուպ մինչեւ Առաջին համաշխարհային
պատերազմ, տեսնում ենք, որ Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը, Գերմանիան... անում էին
նույնը, ինչ այսօր` Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում. պարզապես
օգտագործում էին հայկական մահակը, որին մենք մեր նահապետական պատկերացումների
պատճառով տրվում էինք ինքնամոռացությամբ ու գլխովին: Միակը թերեւս ԱՄՆ-ն էր, որ
համաշխարհային ճատրակատախտակին այն ժամանակ չուներ այն դերակատարությունն ու ուժը,
ինչ այսօր, խնդիր չուներ շահարկելու Հայկական հարցը, ավելին` իր պետակական
իդեալիստական քաղաքականության արդյունքում` նախագահի` Վիլսոնի մակարդակով ռոմանտիկ
քարտեզագրում էր անում:
Հիմա, երբ դարձյալ միջազգային մակարդակի վրա մենք թույլ ենք տալիս, որ Արեւմուտքը
Թուրքիայի հետ հարաբերություններում օգտագործի հայկական խաղաքարը, մենք ոչ միայն դա
անում ենք մեր սուվերենության հաշվին, այլեւ կրկին անգամ ենք ինքներս մեզ
դատապարտում պատմության ամենադառը էջի կրկնությանը: Իսկ պատմությունն իր ողբերգական
հատվածներով կրկնվում է միայն այն դեպքում, երբ այն չեն կերտում. մենք հրաժարվել
ենք մեր պատմությունը կերտելուց` դրա իրավունքը հանձնելով տարբեր երկրների
ողորմածությանը, ու բացառված չէ այդ ողբերգական էջի նորովի կրկնությունը: Անշուշտ,
խոսքը նոր ցեղասպանության մասին չէ, նոր Դեր-Զորի մասին չէ, բայց ինչո՞վ չի կարող
ցեղասպանություն կոչվել այն, երբ մեր հերոսապանծ հոխորտանքներով հրաշալիորեն
քողարկված կապիտուլյանտության հետեւանքով Հայաստանում պարզապես կմնա այնքան հայ,
որքանը բավարար է միայն էկզոտիկան ապահովելու, բայց ոչ երբեք տարածաշրջանային լուրջ
խաղացող ու իարկանացման արժանի տեսլականներ ունենալու համար:
Եվ այսօր, երբ Ռուսաստանը շարունակում է մեզ պահել հակաթրքության այն ասեղի վրա,
որին իր իմպերիալիստական շահերից ելնելով` նստեցրել էր, դեռեւս 19-րդ դարի կեսերից,
երբ մեր ցեղասպանությունը ճանաչած ու չճանաչած արեւմտյան երկրները շարունակում են
Թուրքիայի հետ հարաբերություններում` հայասիրական իրենց
մակընթացություն-տեղատվություններով խաղարկել մեր ազգային մեծագույն ցավը, ու մենք
էլ մեր նահապետական ազգասիրության զեղումներով տրվում ենք դրան, մեզ զրկում ենք
ապագա Արժանապատիվ ու Մրցունակ Հայաստանից, ինչպես ժամանակին զրկվեցինք Արեւմտյան
Հայաստանից:
Նման հրապարակումը մեր հնամենի պատկերացումներով կարելի էր անել ապրիլ ամսին, երբ
աշխարհով մեկ նշում ենք մեր ողբերգության օրը, սակայն այն առավել հրատապ է հենց
հիմա, երբ օրինաչափ ջղագալարումների մեջ է իր եղբայր Ուկրաինան ու Բելոռուսը
կորցնող, տարեկան մի քանի միլիոն ոչ մուսուլման բնակչության նվազում եւ մուսուլման
բնակչության հսկայական աճ արձանագրող Ռուսաստանը, երբ մեր հարեւան Իրանը հայտնվում
է տարածաշրջանային նոր քարտեզագրման լիազորությունների չափաբաժնի համար մղվող
առայժմ սառը պատերազմի կիզակետում, երբ Եվրոպա մտնելու ջանքեր անող Թուրքիան
կանգնած է քաղաքակրթական լրջագույն ընտրանքի առաջ, երբ օրահարց է դառնում Իրաքի,
Սիրիայի, Իրանի, Թուրքիայի մի քանի տասնյակ միլիոն քրդերի ինքնավարության խնդիրը,
երբ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան առայժմ միայն էներգետիկ եւ կոմունիկացիոն
մասով երեւակվող ալիանս են ձեւավորում, երբ խմորվում է Հյուսիսային Կովկասի
ժողովուրդների ջրբաժան եւ հարավ միտված գիծը:
Պահը դրամատիզացնել, թերեւս, հարկավոր չէ, սակայն շարունակվող հայ
կղերական-համայնքային քաղաքականությունը ստիպում է հիշել, որ ահազանգված լրջանալու
պահը շարունակում է չհաղթահարված մնալ: Իսկ հաղթահարելու համար Տեր է պետք լինել,
տեր` գոնե սեթական ցավին, որ այլոց առեւտուրներում մանրադրամի վերածվելու հակումներ
է դրսեւորում:
