Քաղաքացիության բացառիկությունն է հիմա գերիշխող

Հայաստանի երրորդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանի առաջին քառօրյա նիստը
վերջինն է լինելու, քանի որ ձեւավորված ավանդույթի համաձայն, պատգամավորները
անհարգելի բացակայում են աշխատանքից, մանավանդ նախընտրական շրջանում: Այս
առաջին-վերջին քառօրյայից հետո ամենաշատ քննարկվող թեման երկքաղաքացիությունն է:
Կառավարությունն առաջարկում է երկքաղաքացիներին տալ ընտրելու իրավունք: Մյուս
իրավունքները` ասենք հարկերին կամ պարտադիր այլ վճարներին վերաբերող, որեւէ կերպ
հստակեցված չեն:


Դա մի ժամանակ էր, երբ երկքաղաքացիությունը հաղթարշավով անցնում էր Եվրոպայով: Հիմա
ճիշտ հակառակ միտումն է նկատվում: Միասնական շուկա, առանց սահմանների Եվրոպա, եւ
ընդհանրապես Եվրամիությունը այնպիսի գործիքներ են, որ մարդուն թույլ են տալիս
Լիսաբոնից մինչեւ Վարշավա բարեկեցիկ ապրել, ունենալով ընդամենը մեկ երկրի
քաղաքացիություն: Այժմ աշխարհում գերիշխող է քաղաքացիության բացառիկության
սկզբունքը: Հայաստանը ուրիշների սխալների վրա սովորելու փոխարեն որոշել է կրկնել
ուրիշների սխալները: Սա անգամ այն դեպքում, երբ երկքաղաքացիության ջատագով ՀՅԴ-ի
ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը 2006 թվականին
Մոսկվա կատարած այցից հետո հայտարարեց, որ երկքաղաքացիությունն իսկապես խնդիրներ է
հարուցում: Հենց Ռուսաստանի եւ այլ երկրների օրինակով էլ երեւում է, որ Հայաստանը
շարժման հակառակ ուղղությամբ է գնում. բոլորը քիչ-քիչ հրաժարվում են
երկքաղաքացիությունից, մենք դեռ նոր ենք ուզում ընդունել:

Հայաստանի ռազմավարական գործընկեր հայտարարված Ռուսաստանի Դաշնությունը հարցը
կարգավորում էր երկկողմ պայմանագրերով, եւ երկքաղաքացիների իրավունքներն ու
պարտականությունները կարգավորող պայմանագրեր ուներ միայն Թուրքմենստանի եւ
Տաջիկստանի հետ: 2007 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
նախաձեռնությամբ Ռուսաստանը հրաժարվեց երկքաղաքացիությունից: Գործընթացը սկսվել է:

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի արգելում, բայց եւ չի խրախուսում
երկքաղաքացիությունը: ԱՄՆ-ին հավատարմության երդում տալը պահանջում է այլ երկրին
տրված երդումից հրաժարում: Եթե երկքաղաքացին ԱՄՆ անձնագրի փոխարեն օգտագործի
երկրորդ անձնագիրը, ԱՄՆ կարող է նրան զրկել իր քաղաքացիությունից: Եթե անձը ընդունի
երկրորդ քաղաքացիություն, ԱՄՆ կարող է նրան զրկել իր քաղաքացիությունից:

Գերմանիայում վերջերս գաղթածներն ունեն երկու երկրի քաղաքացիություն, սակայն նրանց
զավակները չափահաս դառնալուն պես պետք է ընտրեն մեկ երկրի քաղաքացիություն:

Իսպանիան երկքաղաքացիություն է թույլատրում միայն Իսպանիայի հետ հատուկ կապեր
ունեցող երկրների քաղաքացիներին: Իսկ դրանք հիմնականում իսպանախոս Լատինական
Ամերիկայի երկրներն են ու նաեւ Պորտուգալիան: Իսկ ահա այլ երկրների քաղաքացիները
Իսպանիայի քաղաքացիություն ստանալու համար պարտավոր են հրաժարվել իրենց երկրի
քաղաքացիությունից:

Նորվեգիայի քաղաքացին իրավունք չունի լինել այլ պետության քաղաքացի: Նորվեգիայի
քաղաքացիություն ստանալու համար հարկ է հրաժարվել եղած քաղաքացիությունից:

Չեխիայում քաղաքացիություն ստանալու համար դիմելու նախապայմաններից մեկն էլ եղած
քաղաքացիությունից հրաժարվելն է:

Երկքաղաքացիությունը, հնացած ինստիտուտ լինելով, խնդիրներ է առաջացնում, որոնք
սակայն արդիական են այսօր էլ: Օրինակ, ինչու երկքաղաքացին իրավունք չունի ծառայել
ՀՀ զինված ուժերում, իսկ միայն ՀՀ քաղաքացին ունի նման իրավունք: Ինչու
երկքաղաքացին չի կարող դառնալ պատգամավոր կամ նախագահ, իսկ միայն ՀՀ քաղաքացին ունի
նման իրավունք: Կամ եթե համաձայն մեր սահմանադրության 14.1 հոդվածի, բոլոր մարդիկ
օրենքի առաջ հավասար են, իմաստ ունի զգայական գործոններով առաջնորդվել եւ միայն
ընտրելու իրավունքի համար իրավական խառնաշփոթ ստեղծել: