NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Սկսել ա...»
«Ժողովուրդ, սկսել ա...»,- այսպես սկսեցին իրենց ելույթը Կոմիտասի արձանի մոտ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդական միությունների անդամները, որոնք իրենց միությունը պայմանական «Սկսել ա» են անվանում:

Երբ նրանցից հարցրեցինք, թե ի՞նչն է սկսել, նրանք այսպես պատասխանեցին. «Սկսել ա էն, որ մեր երիտասարդները պետք ա ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց երկրին»: Մարտի 4-ին նրանց կազմակերպած կես կատակ կես լուրջ Ցույցահանդեսի ժամանակ փակցված լուսանկարներում պատկերված էին Երեւանի այն բնակիչները, որոնք հարկադրված լքել են իրենց բնակարանները, քանի որ այդ տարածքներում այլ շինություններ են կառուցվել: Ի դեպ, Ցույցահանդեի կազմակերպիչներից որեւէ մեկի անունը չի առանձնացվում եւ չի նշվում: Կազմակերպիչներից մեկը՝ Միքայել Հովհաննիսյանն ասաց, որ կազմակերպիչներն այն երիտասարդներն են, որոնք երկրում ինչ-որ բան փոխելու մեծ ցանկություն ունեն:
Ցույցահանդեսին ներկա էին երկու խորհրդանշական կերպարներ՝ սատանան ու հրեշտակը, որոնք ամբողջ ընթացքում պայքարում էին իրար դեմ. հաղթանակ տարավ հրեշտակը: Կոմիտասի արձանի շուրջը տեղադրված ցուցանակներից մեկը հատկացված էր Ժիրայր Սեֆիլյանին: Ցուցանակի վրա գրված էր «Ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը դեռեւս ԿԳ-ում է»: Ի դեպ, Ցույցահանդեսին ներկա էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, ով «Ա1+»-ին ասաց, որ շատ ուրախ է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը ոչ միայն քաղաքական դաշտի քննարկման առարկա է, այլեւ գրավում է երիտասարդների ուշադրությունը:
Թե ինչու են «Սկսել ա»-ի անդամները Ցույցահանդեսը Կոմիտասի արձանի մոտ կազմակերպել, նրանցից մեկը՝ Արսեն Խառատյանը, այսպես մեկնաբանեց. «Կոմիտասը տեսնում է քաղաքի ապրելակերպն ու երկրի զարգացման ձեւը եւ ամեն օր գժվում է: Մենք այսօր նրա մի կողմում դրեցինք մեր երկրում գոյություն ունեցող ցինիզմը, իսկ մյուսում՝ այն լուրջ տեղեկատվությունը, որի կարիքը հանրությունը զգում է: Իսկ մեր բուն ասելիքը թաքնված հաղորդագրությունների մեջ է»: Այդ հաղորդագրությունների բովանդակությունը հետեւյալն է՝ «Այս տարի Եվրատեսիլում շշնջալու է Հայկոն…», «Աննախադեպ ակցիա. ձեռք բեր երկքաղաքացիություն եւ ստացիր երրորդն անվճար», «ԱԺ-ն «Սեփականության օտարման մասին» օրենքից հետո ընդունեց «Սեփականատերերի վտարման մասին» օրենքը»:
Ցույցահանդեսին մասնակցում էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ միջին տարիքի ու տարեց մարդիկ: «Սկսել ա»-ի անդամները խոստացան նմանատիպ ակցիա կազմակերպել 2 շաբաթ հետո:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ՝ փետրվարի 18-ին, «Արի եղ ու բրինձդ տար» խորագրով նույն երիտասարդները կազմակերպել էին Բարեկենդանին նվիրված ակցիա:
