NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իմ գործը
Ինքնաճանաչումը աշխարհընկալման կարեւոր հանգրվաններից է: Անձնական շահի գիտակցմամբ առաջնորդվելն ազատ մարդու նկարագրի անբաժան մաս է կազմում: Մյուս կողմից` հասարակական համագործակցության կարեւորության տեսանկյունից` այն պախարակելի է: Առաջին հայացքից այս հակասությունը շահարկելի է հասարակական համերաշխության քարոզիչների կողմից: Իրականում սա անարխիստական ամենամեծ սադրանքն է, ծուղակ, որտեղից ինչպես էլ դուրս գաս` սոցիալապես անպաշտպան ես լինելու կամ լավագույն դեպքում երկատված:
Բրիտանական օգտապաշտ բարոյախոսության համաձայն` անհատի բարոյականության հիմքում ընկած ընդհանուրի շահն արտահայտվում է որպես մարդկանց մեծ մասի երջանկություն: Շահը սկզբունքորեն այն գործողությունների ընտրության եւ արարքների գնահատման սկզբունքն է, որը միտված է ընդհանուր առավելագույն բարիք ստեղծելուն: Եթե գործողությունն առնչվում է հանրային հետաքրքրություններին, ապա շահը հանրային երջանկությունն է: Ընդհանուր շահի բանաձեւն է` «Առավել թվով մարդկանց համար առավել երջանկություն»:
Երբ հասարակությունն առողջ է, անհատի երջանկությունը տարածվում եւ ընդգրկում է մյուսներին, ինչը նախանձ ու ատելություն է առաջացանում հիվանդ, ձախողակ կամ թշնամացած մարդկանց մեջ: Այն, որ Հայաստանն անկախ է, մեծագույն երջանկություն է Հայաստանի քաղաքացիների համար, եւ միաժամանակ դժբախտություն եւ կորուստ է սովետական հպատակի բարդույթով տառապողների համար: Արցախի միավորումը անչափ շահ է հայ մարդու համար, եւ միաժամանակ կորուստ մեծամիտ ու պնդաճակատ ադրբեջանցիների համար: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական անհեռանկար եւ վտանգավոր ուղեգծի փոփոխությունը խելամիտ, շահեկան, ազգանպաստ ուղեգծով` յուրաքանչյուր ազատ քաղաքացու եւ առողջ հասարակության համար մեծագույն բարիք է, միաժամանակ կորուստ տգետ, մորթապաշտ զանգվածների, արկածախնդիրների եւ ռուսների համար:
Առողջ ժողովրդի համար ավելի մեծ օգուտ, քան ազգային անվտանգության կայունության ապահովումն է, լինել չի կարող: Հայ ազգի անվտանգությունը ներկա աշխարհում երաշխավորում է ժողովրդավարությունը: Այո, մենք բանակ ունենք (գուց եւ` հզոր), ինչպես նաեւ հարուստներ, բայց դրանք պաշտպանվելու համար բավարար չեն: Ուստի կարեւորվում է ԱԺ այս տարվա ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը: Գեներալներն ու օլիգարխները, իրենց սրբազան պարտքն ու բիզնեսը թողած, նետվել են քաղաքականություն, որից քիչ բան են հասկանում, որպեսզի ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխանի: Սա թերեւս ծիծաղելի է: Իրական պատկերը շատ տխուր է. նրանք, չդիմանալով գայթակղությանը, կեղծելու են, խախտելու են օրենքը, եւ ցանկացած ելքի դեպքում` անպետք գործիքի պես շպրտվելու են աղբանոց, իսկ ընտրություններից հետո Հայաստանում չի լինելու ո՛չ գեներալ, ո՛չ օլիգարխ, ո՛չ ընդդիմադիր պատգամավոր: Եվ սրա հասարակական պատասխանն է` ինձ ի՞նչ:
Այն պետություններում, որտեղ գործում է ընդհանուր ընտրական իրավունքը, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է ժողովրդի վրա, հասարակության վրա, քաղաքացու վրա: Վերջինս ձգտելով առավել բարիք ստեղծել իր, երեխաների, ծնողների, բարեկամների, հարազատների, հարեւանների, ընկերների, գործընկերների, հին ու նոր ծանոթների, մտերիմների, գաղափարակիցների, սերնդակիցների, մեծերի, փոքրերի, նահատակների, մարտիրոսների, դեռ չծնվածների, հայրենակիցների, ցանկալի հյուրերի, նախկին թշնամիների, սիրելիների համար, առաջնորդվելով երկնային ու երկրային օրենքներով եւ շահի գիտակցմամբ` իրավունք ունի սխալմամբ (ինչու չէ` դժոխքում մենակ չմնալու համար) իր ձայնը տալու սրիկային, կաշառակերին, որկրամոլին, տգետ պոռոտախոսին, ալբանացուն: Նաեւ իրավունք ունի ընտրելու ազնիվ, ազատասեր, Աստվածահարգ, խաղաղասեր, պահպանողական գործչի:
Օրենքի նկատմամբ դասական երկու վերաբերմունք կա. ա) «Օրենքն իմ օգտին է», բ) «Օրենքն ամեն դեպքում իմ դեմ է»: Առաջինը բնորոշ է քաղաքացու կեցվածքին, երկրորդը` հպատակի: Ոչ լեգիտիմ իշխանության պարագայում առաջանում է սեւ խոռոչ, անդունդ. ընդունվող օրենքները քաղաքացու եւ պետության դեմ են: Քաղաքացին ակամա հայտնվում է հպատակի դիրքերում: Երկուսից մեկը պետք է իր տեղը կորցնի: Ով է ավելի ուժեղ ու համառ` ոչ լեգիտիմ իշխանությու՞նը, թե՞ քաղաքացին: Քաղաքացու համար բարձրագույն արժեքներ են` Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը, պետական լեզուն՝ հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը: Այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը եւ նրան սպասարկողներն ամեն օր ոտնահարում են թվարկված քաղաքացիական-ազգային արժեքները:
Եթե ոչ լեգիտիմ իշխանությունը վերարտադրվի եւ կոտրի քաղաքացուն ու պետությանը, ապա քաղաքական ազատությունները կարող են ավելորդ շռայլություն համարվել. ավելին` Հայաստանի անկախությունը կարող է շռայլություն համարվել: Ուստի ընտրություններին մասնակցությունը կարող է վիճակը շտկել, եթե առաջնային խնդիր է հռչակվում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպես ոչ լեգիտիմ իշխանության, անվստահություն հայտարարելը եւ քաղաքական ասպարեզից հեռացնելը` հանուն քաղաքացու, Հայաստանի Հանրապետության եւ առավել մեծ թվով մարդկանց երջանկության:
