NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այլախոհության սպանություն ուղիղ եթերում
Այն, ինչ պատրաստվում են մեզ ցուցադրել հեռուստատեսությամբ նախընտրական
քարոզչության անվան տակ, իրականում լինելու է իշխանության պրեզենտացիա: Բաժանված են
ոչ միայն ապագա խորհրդարանի 131 տեղերը, այլեւ գործադիր իշխանության շատ պաշտոններ:
Հեռուստաէկրաններից խոսելու են միայն նրանք, ովքեր ստացել են իշխանության «դաբրոն»:
Նույնիսկ «ընդդիմադիրները» քննադատելու են իշխանությանը թույլատրված չափաբաժիններով:
vspace=5 hspace=13 align=left]
Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի կամ ի՞նչ դեր է խաղալու նախընտրական հեռուստատեսային
քարոզչությունը: Շատ կարեւոր: Հենց հեռուստատեսությունն է ամբողջ գործընթացին
լեգիտիմ բնույթ հաղորդելու` ստեղծելով քաղաքական ընտրությունների իմիտացիա:
Նկատած կլինեք, որ մի շարք կուսակցությունների գոյությունը հնարավոր է միայն
հեռուստաէկրանների վրա: Ընտրողների հետ նրանց կապը հեռուստատեսային է, իսկ
գաղափարական հայեցակարգը ներկայացվում է միայն հարցազրույցի ժանրում: Սա նշանակում
է, որ հեռուստատեսությունը եւ ԶԼՄ-ներն ընդհանապես, դարձել են իշխանության աղբյուր:
Փորձագետները վաղուց զգուշացնում են, որ ժամանակակից հեռուստատեսությունը` հատկապես
իր տեղեկատվական եւ PR տեխնոլոգիաներով, օժտված է «առասպելներ եւ կուռքեր»
ստեղծելու կարողություններով, որոնք ծառայում են հիմնականում քաղաքական եւ
կոմերցիոն շահերին: Հեռուստատեսային արտահայտչամիջոցները հաճախ
օգտագործվում են ոչ թե իրականությունն արտացոլելու, այլ վերաձեւելու նպատակով:
Հայաստանում նույնպես հասարակական հսկողության բացակայության արդյունքում
հեռուստատեսությունը դարձել է քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները պահպանելու
գործիք: Բավական է հետեւել, թե ինչպես է մոնտաժվում ուղիղ խոսքը հեռուստատեսային
լուրերում, հասկանալու համար, որ մանիպուլյացիան հեռուստալրատվության հիմնական
նպատակն է:
Այսպես, 2007 թվականի ԱԺ ընտրությունների սցենարը արդեն գրված է. բեմադրությունն
իրականացնելու են հայկական բոլոր հոռուստաալիքները, եւ մայիսի 12-ին մնում է միայն
խաղալ ներկայացումն առանց իմպրովիզացիաների: Կարճ ասաց, տեղի է ունենալու քաղաքական
այլախոհության սպանություն ուղիղ եթերում: Այլընտրանքի բացակայության եւ քաղաքական
մտքի սնանկության պայմաններում չի սպասվում որեւէ լուրջ բանավեճ: Իհարկե,
Կարապետիչն անպայման կհրավիրի ինչ որ մեկին իր հետ բանավիճելու, սակայն սա եւս
վաղուց փորձված տեխնոլոգիա է. երբ խելոքը վիճում է հիմարի հետ, կողքից դիտողը չի
նկատում նրանց միջեւ եղած տարբերությունը:
Ձեւականորեն հեռուստաալիքների առջեւ դրված է հետեւյալ խնդիրը` ստեղծել իշխանության
«դրական իմիջ»: Տեսականորեն այս խնդիրն անլուծելի է, քանի որ տրված պայմանները
միմյանց փոխադարձորեն բացառում են.
1. ոչ մի իշխանություն չի կարող ունենալ դրական իմիջ, եթե սահմանափակում է խոսքի
ազատությունը;
2. ոչ մի հեռուստաալիք, որը վերահսկվում է իշխանության կողմից, չի կարող ստեղծել
արժանահավատ դրական իմիջ;
3. ոչ մի հասարակություն չի կարող դրական ընկալել իշխանությունից կախում ունեցող
հեռուստաընկերության ստեղծած իմիջը:
Ինչպես ասում են ամերիկացիները, «անհնար է մուրաբան քորոցով կպցնել պատին»:
Բոլոր հավաստիացումները ընտրարշավն արդար եւ հավասարակշռված լուսաբանելու մասին,
մեղմ ասած, հավատ չեն ներշնչում, քանի որ հայկական հեռուստաալիքների մեծ մասը,
իշխանությունների հավանությամբ, ստեղծվել են հենց այս օրվա համար:
Եւ հիմա անխուսափելիորեն եթերից թափվելու է իշխանությանը սատարող անթաքույց
միակողմանի քարոզչություն:
Սրա իմաստը նույնն է, ինչ ռազմական շքերթներինը` ուժի ցուցադրումը: Նպատակը մեկն է.
հոգեբանական ճնշում գործադրել, անուղղակի կերպով ներշնչել ժողովրդին, որ
ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է, մի խոսքով` «խաղ չկա»: Իշխանությունը
նույնիսկ չի հայցելու ժողովրդի աջակցությունը, որովհետեւ նրանից կախված չէ:
Վարչական ռեսուրսները տնօրինող իշխանության հույսը հենց ժողովրդի հուսահատությունն
է:
Այս ծրագիրը կյանքի կոչելու համար որեւէ ջանք առանձնապես չի էլ պահանջվում: Դրա
համար վաղուց ստեղծվել են բոլոր նախադրյալները. վերահսկվող հեռուստաընկերություններ,
բացահայտ գրաքննություն, մեդիա-սեփականատերերի կամայական մենեջմենթ, մասնագիտական
էթիկան ինքնակամ մերժած լրագրողներ եւ այլն:
Հեռուստատեսության եւ ԶԼՄ-ների այս դերակատարման համար էլ կարծես հանրապետության
ԲՈՒՀ-երում պատրաստվում են լրագրողական կադրերը, որոնց թերի մասնագիտացումը դառնում
է խիստ անհրաժեշտ այսօրվա պահանջներին:
Իսկապես, մասնագիտական կանոններին եւ էթիկային ծանոթ լրագրողի մտքով անգամ չի անցնի
հարցնել պաշտոնյայի կարծիքը եւ տարածել նրա պատասխանը իբրեւ նորություն: Որոշ
իրադարձություններ տեղի են ունենում միայն լրատվամիջոցների դրդմամբ, օրինակ`
մարքսիստ Դավիթ Հակոբյանի պարբերական հարցազրույցները «Հայլուրին»: Այս հնարքի
իմաստն այն է, որ մարքսիստի երգիծական ելույթներից հետո իշխանական
կուսակցությունները կարող են ավելի լուրջ ընկալվել:
Ընդհանրապես լրագրողներից քչերն են ընդունակ առանց աղավաղելու լուսաբանել այն
իրադարձությունը, որին ներկա են գտնվել: Միայն հայկական հեռուստալուրերում կարող են
գովազդային հոլովակի տեքստը ներկայացնել իբրեւ սեփական լրատվություն:
Մեր հայտնի հեռուստալրագրողներից մեկը, քաղաքական կուսակցությանը սատարելու
մեղադրանքին ի պատասխան, ասաց. ցույց տվեք մի լրագրողի, ով չի ծառայում ոչ մեկին,
իսկ եթե կա նման մեկը, ուրեմն նա լրագրող չէ: Այսպիսի ցինիզմը կարող է ծնվել միայն
հուսահատությունից: Իհարկե, կան պրոֆեսիոնալ լրագրողներ, ովքեր անաչառ կատարում են
իրենց մասնագիտական պարտքը, բայց նրանք եթերում իրոք տեղ չունեն: Փոխարենը
հայտնվում են ՙլրագրողներ՚, ովքեր պատրաստ են հեռուստադիտողի աչքի առաջ քծնել
ցանկացած մեկին, ով կվճարի դրա համար: Զարմանալ կարելի է, թե որքան ներդաշնակ են
երբեմն եթերում մեր քաղաքական գործիչները եւ լրագրողները:
Լրագրողական էթիկայի այս մակարդակով, իշխանության կողմից օգտագործվելու
պատրաստակամությամբ էլ մեր հեռուստաալիքները սկսում են նախընտրական «անաչառ,
օբյեկտիվ եւ հավասարակշռված» քարոզչությունը: Համբերություն բոլորիս:
