Հրանտ Դինքի սպանությունը. Ծայրահեղ ազգայնականների բաց սպառնալիքները ժողովրդավարության և դրա կողմնակիցների դեմ։ Ողբերգությունը Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ վերաբերոմունքի հետ կապված թաքնված խնդիրներ է երևան հանում

Մենք՝ FIDH 36–րդ համաժողովին հավաքված իրավապաշտպան կազմակերպություններս,

հիշում ենք, որ 2007 թվականի հունվարի 19–ին իր գրասենյակի մուտքի առջև սպանվել է հայազգի թուրք լրագրող, երկլեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Հրանտ
Դինքը Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված շարժման առանցքային դեմքերից էր, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և թուրքերի և հայերի միջև երկխոսության ջատագովը.

Նկատում ենք, որ չնայած երկրում 1999 թվականից ի վեր օրենսդրական բարեփոխումների
իրականացմանը, Թուրքիան լուրջ հետընթաց է ապրում մարդու հիմնարար իրավունքների,
հատկապես կարծիքների ազատության և արտահայտման, ինչպես նաև կյանքի հիմնարար
իրավունքի ասպարեզում.

Տեսնում ենք, որ կտրուկ աճ է ապրում, բռնի և միանգամայն անպատժելի դրսևորումներ է
ձեռք բերում ծայրահեղ ազգայնականությունը, որի թիրախում հիմնականում ազգային և
պատմականորեն հաստատված փոքրամասնություններն են, ինչպես նաև դեմոկրատները և
մտավորականները, որոնք պահանջում են վերացնել թուրք հասարակության տաբուները,
ինչպիսիք են հայոց ցեղասպանության ճանաչումը կամ քրդական հարցի քաղաքական և խաղաղ
լուծումը.

Հաշվի առնելով, որ Հրանտ Դինքը զոհ դարձավ իր մտքի և խոսքի ազատության, ինչպես նաև
1915–ին սկսված հայ բնակչության զանգվածային բնաջնջումը և տեղահանումը որպես
ցեղասպանություն որակելու պատճառով.

Հաշվի առնելով, որ չնայած նրա անձի հանդեպ բազմիցս հնչած և ստուգված սպառնալիքների,
թուրքական պետությունը չպաշտպանեց նրա կյանքը.

Հաշվի առնելով, որ ահաբեկիչների դեմ տարվող քրեական հետաքննությունը, չնայած իր
գաղտնի ընթացքին, արդեն իսկ բացահայտել է սպանության գործով մեղադրյալի կապը «ուլտրա»–ազգայնական
ռազմականացված խմբերի և իրավապահ որոշ ուժերի հետ.

Հաշվի առնելով, որ մասնավորապես փոքրամասնություններին վերաբերող պետական
քաղաքականության հարցերում լուրջ և հիմքային բարեփոխումների կոչ անող
իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակության անդամները պարբերաբար սպառնալիքների
են ենթարկվում՝ մեղադրվելով թուրք ազգին կամ պետականությանը իբրև թե հասցրած
վիրավորանքների մեջ և ազգայնական ուժային խմբերի թիրախի են վերածվում.

Հաշվի առնելով, որ թուրքական ներկայիս սահմանադրական և քրեական օրենսդրությունը
խտրական մոտեցում է ցուցաբերում փոքրամասնությունների հանդեպ վերջիններիս վերաբերող
բոլոր հարցերում, և մասնավորապես քուրդ ժողովրդի հանդեպ, որը զրկված է իրավական
որևէ հիմքերից և պաշտպանվածությունից.

Հաշվի առնելով, որ քրդական զինված խմբավորումների և թուրքական բանակի միջև
Թուրքիայի հարավ–արևելքում ընթացող հակամարրտության վատթարացումը, որը հիմնականաում
անդրադառնում է քաղաքացիական բնակչության վրա, քաղաքական մերժման արդյունք է
հանդիսանում.

FIDH համաժողովը պահանջում է՝

  1. Որպեսզի Թուրքիայի դատական համակարգը թափանցիկ և խորը հետաքննություն անցկացնի՝
    Հրանտ Դինքի սպանության համար բոլոր պատասխանատուներին հայտնաբերելու համար և
    օրենքի առաջ կանգնեցնի բարձրաստիճան և պաշտպանված անձանց, որոնք համարձակվել են
    անթաքույց հավանություն տալ սպանությանը կատարյալ անպատժելիության պայմաններում.
  2. Որպեսզի թուրքական կառավարությունը հրապարակավ դատապարտի մարդու իրավունքների
    պաշտպանների և ժողովրդավարական հասարակության կուսակցության առաջնորդների և
    անդամների հասցեին ուղղված սպառնալիքները, ինչպես նաև վերջիններիս իբրև դավաճան կամ
    անլոյալ պիտակավորող քարոզչությունը.
  3. Որպեսզի կասեցվեն լրագրողների, գիտնականների, քաղաքական գործիչների և այլոց դեմ
    գործող Թուրքական նոր քրեական օրենսգրքի թիվ 301, 216 և 220/8, ինչպես նաև
    ազատությունը սահմանափակող այլ հոդվածները.
  4. Որպեսզի վերոհիշյալ բոլոր օրենսդրական նորմերը չեղյալ համարվեն Խորհրդարանի
    կողմից.
  5. Որպեսզի Թուրքիայի կառավարությունը ընթանա սահմանդարական բարեփոխումների
    ճանապարհով թուրքական քաղաքացիությունը վերաձևակերպելու հարցում, ինչպես դա
    սահմանված է 2001թվականի օրենքով և Վարչապետի պատասխանատվությամբ ստեղծված Մարդու
    իրավունքների պաշտպանության բարձրագույն խորհրդի հատուկ հանձնաժողովի կողմից
    ընդունված փոքրամասնությունների և մշակութային իրավունքներին նվիրված պաշտոնական
    հաշվետվության եզրակացություններում.
  6. Որպեսզի թուրքական պետությունը ընդունի և ստորագրի Ազգային փոքրամասնությունների
    պաշտպանության մասին Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիան, ինչպես նաև էթնիկական,
    կրոնական և մշակութային փոքրամասնություններին նվիրված համապատասխան պետական
    քաղաքականության նախագծերը.
  7. Որպեսզի Թուրքիայի կառավարությունը քաղաքական երկխոսություն հաստատի քրդերի հետ
    խաղաղ և ժողովրդավարական լուծման հասնելու նպատակով։

FIDH –Մարդու իրավունքների միջազգային դաշնություն

Այս
հայտարարությունը անգլերեն

[/img]