NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ-ն այնքան էլ ներկայացուցչական չէ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը օրենսդիր մարմին լինելուց զատ եւ գուցե առաջին հերթին ներկայացուցչական պիտի լինի: Սակայն դատելով ՀՀ ընտրությունից ընտրություն ԱԺ կազմի ձեւավորման եւ փոփոխության դինամիկայից, ներկայացուցչականությունը առանձնապես ապահովված չէ:

1995 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց համամասնական ընտրակարգով ընտրություն: 1995 թվականից ընտրությունից ընտրություն նվազեցվել է մեծամասնական ընտրակարգով ընտրվողների քանակը: Այժմ այն 41 է եւ հույս կա, որ 2012 թվականին` ԱԺ հերթական ընտրությունը կլինի բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց նույն 1995 թվականից աճել է մեծամասնական այն ընտրատարածքների քանակը, ուր առաջադրվել է մեկ թեկնածու: Այլընտրանքի բացակայությունը, որ Հայաստանի դեպքում ակնհայտ արհեստական է եւ սարքովի, հաստատ չի նպաստում ԱԺ ներկայացուցչականության ապահովմանը:
1995 թվականին ձեւավորված ԱԺ-ում կար քաղաքական 6 միավոր, «Հանրապետություն» բլոկում` 6 կուսակցություն, այլ խոսքով` ԱԺ-ում ներկայացված էին 10 կուսակցություն: 1999 թվականի ընտրություններից հետո ԱԺ-ում կար 6 քաղաքական միավոր, որոնցում ընդհանուր ներկայացված էին 8 կուսակցություն: 2003 թվականից գործող ԱԺ-ում արդեն 6 խմբակցություն կար եւ 14 կուսակցություն` «Արդարություն» դաշինքում էին 9 կուսակցություն: 2007 թվականի ընտրությամբ ԱԺ է մտել 5 կուսակցություն: Եվ եթե նկատի ունենանք, որ «Արդարությունը» ոչ այնքան քաղաքական-գաղափարական խնդիրներ էր առաջ քաշում, որքան նախագահի ընտրության շուրջ վեճը շարունակում, ապա դժվար է պնդել, որ 2003 թվականի ԱԺ-ն ապահովել էր մեծ ներկայացուցչականություն: Այլ խոսքով, 1995-2007 ժամանակահատվածում ԱԺ ներկայացուցչականությունը նվազել է ավելի քան 15 տոկոսով:
1999 թվականի ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական միավորների օգտին է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների 48 եւ ընտրությանը մասնակցած ընտրողների 92 տոկոսը: 2003 թվականին բոլորը միասին ստացել են ընտրողների 50 տոկոսի եւ ընտրությանը մասնակցած ընտրողների 96 տոկոսի համակրանքը: Իսկ 2007-ին կողմ են քվեարկել ընտրողների 58 եւ ընտրությանը մասնակցածների 97 տոկոսը: Կողմ քվեարկողների աճը դրական արդյունքի կբերեր, եթե սրան հետ միասին, պատկերավոր ասած, փոշիացած ձայների քանակը աճած չլիներ: Եթե մինչեւ 2007 թվականը անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսը չհաղթահարած կուսակցությունները միասին ստացել էին լինում բոլոր կողմ ձայների մոտ 10-12 տոկոսը, ապա 2007-ի ընտրություններում փոշիացավ կողմ ձայների մոտ 25 տոկոսը: Այլ խոսքով. ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առատությունը իրականում գաղափարական լայն սպեկտր եւ բազմակարծություն չի նշանակել, իրականում ընտրողը չի ունեցել լայն ընտրություն, հաճախ խճճվել է եւ արդյունքում` նվազել է ԱԺ ներկայացուցչականությունը: 2007-ի դեպքում իրավիճակը առավել անհեթեթ է դառնում մեկ այլ պատճառով եւս: «Բարգավաճ Հայաստան» անունով, ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող առաջնորդով եւ հավակնոտ կեցվածքով քաղաքական դաշտ մտած կուսակցությունը իր հետ բերեց քաղաքական որակների եւ ներկայացուցչականության հետ կապ չունեցող երեւույթ` կուսակցության անդամների մեծ քանակ: Այս կեղծ արժեքը արագ ընդօրինակվեց, եւ «գլխաքանակի մրցավազքի» արդյունքում արձանագրեցինք, որ ՀՀ ԱԺ 2007 թվականի ընտրություններին մասնակցող կուսակցություններում միասին կար 740 հազար մարդ: Կամ այլ խոսքով` ընտրություններին մասնակցած ամեն երկրորդ ընտրողը կուսակցական էր: Ընտրությունների արդյունքներով սակայն, պարզ դարձավ, որ մի շարք կուսակցություններ ստացել են ավելի քիչ ձայն, քան անդամներ ունեն: Սա նշանակում է, որ կամ կուսակցություններն են իրենց մասին կեղծ տեղեկություններ տարածել, կամ ընտրությունների արդյունքներում ինչ-որ բան այն չէ: Երկու դեպքում էլ տուժում է Հայաստանի քաղաքական կյանքը ընդհանրապես եւ ձեւավորված ԱԺ-ն` մասնավորապես: Ներկայացուցչականության մասին խոսել կարելի է, եթե ասենք 2000 կամ 3000 անդամ ունեցող կուսակցությունը իր գաղափարների ու մոտեցումների համար ստանար մի 200 կամ 300 հազար ձայն:
Հ.Գ. Խոսում ենք միայն թվերի, պաշտոնապես հրապարակված արդյունքների վրա հենվելով: Եթե սրան գումարենք ընտրությունից ընտրություն ԱԺ-ում մականունավորների քանակի աճը ու դրան ուղիղ համեմատական ԱԺ հավաքական ողջամտության եւ ինտելեկտի, եւ օրենք գրել, կարդալ եւ հասկանալու ընդունակ օրենսդիրների նվազումը, պատկերը ավելի ակնհայտ ու միաժամանակ տխուր կդառնա:
