NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավապահների ցանկությանը սպասելիս
Օրենք - Պետական իշխանության բարձրագույն մարմնի սահմանված կարգով ընդունված, գերագույն իրավական ուժով օժտված նորմատիվ-իրավական ակտ, որը կարգավորում է առավել կարեւոր հասարակական հարաբերությունները: Օրենքը ժամանակակից հասարակության իրավունքի դրսեւորման հիմնական ձեւն է. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, էջ 594: Սա նկատի ունենանք ողջ ներքոբերյալ փաստերի համադրության ժամանակ:

Փաստ առաջին: Համաձայն ՀՀ Սահմանադրության, կամ որ նույն է` հիմնական օրենքի հոդված 6-ի` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Փաստ երկրորդ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդված 2-ի համաձայն` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձնանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»: Նույն օրենքի հոդված 12-ի համաձայն` Պաշտպանը ստացած բողոքները ուսումնասիրելիս իրավասու է «ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր եւ փաստաթղթեր»: Օրենքում հստակ գրված է պահանջել եւ ստանալ, գրված չէ` կարող է ստանալ, կամ կստանա, եթե պաշտոնյան բարի կամք դրսեւորի, կամ հավես ունենա:
Եվ փաստ երրորդ: ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության օրը` մայիսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ըստ պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկությունների, ստացած բողոքներին առնչվող պարզաբանումներ է պահանջել թիվ 15 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահից, ում հետո չի հաջողվել գտնել եւ ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակից Խնոեւից, ով չի ցանկացել համագործակցել:
Այլ խոսքով, այս պահին Հայաստանում կա առնվազն երկու պետական պաշտոնյա, ովքեր մեկ օրում, մեկ քայլով խախտել են եւ ՀՀ Սահմանադրությունը, եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, եւ ընդհանրապես լինելով որոշակի հարթությունում օրենքի կիրառման երաշխավոր` մեղմ ասած, ոտնատակ են տվել օրենք հասկացությունը:
Նույն օրենք հասկացության տրամաբանության շարունակությունը հուշում է, որ բոլորի համար գրվածից շեղվողը պետք է որ պատժվի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատժիչ ֆունկցիաներ չունի: Նա կարող է միայն միջնորդել: Կանի թե ոչ` այլ հարց է: Իսկ իրավապահների համար կարգազանցներին պատժելու համար հիմք կարող է լինել նաեւ որեւէ ԶԼՄ-ում հրապարակված տեղեկությունը: Սա էլ, ի դեպ, մեկ այլ օրենքի պահանջ է: Մնում է իրավապահների ցանկությունը:
Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար օրենքով պատասխանատու մարմինը հայտարարել է, որ չնայած խախտումներին եւ որոշ թերություններին, ընտրությունները կայացել են, եւ հաղթել է Հանրապետական կուսակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանին բանի տեղ չդնող առնվազն երկու պաշտոնյաների մասին ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար օրենքով պատասխանատու մարմինը բան չի ասել:
«Գլադիատոր» ֆիլմում պատերազմին չմասնակցած, հորը սպանած, ինքնահռչակ կեսարը Հռոմ է մտնում հաղթողին վայելի տուրքերով, եւ տեսարանին ներկա երկու սենատորներից մեկը մյուսին հարցնում է. «Ո՞ւմ նկատմամբ է նա հաղթանակ տարել»: Սա հիշեցի, երբ մայիսի 13-ի երեկոյան Երեւանը դղրդում էր Հանրապետական կուսակցության հաղթանակի պատվին հրավառությունից: Ու հարցրեցի ինքս ինձ` «ում նկատմամբ է հաղթանակ տարել հանրապետական կուսակցությունը»: Պատասխանը առայսօր չեմ գտել:
