NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բարգավաճող Հայաստանը և «ձեռնարկատերերի պետությունը»
«Պետք է վստահել մարդկանց քաղաքական հոտառությանը: Երբ դուք
նախատում եք, ասելով, որ «դուք ապրում եք ֆաշիստական պետությունում և դրա մասին
ոչինչ չգիտեք», ապա մարդիկ հասկանում են, որ դուք ստում եք: Երբ մարդկանց ասում
եք, որ ազատությունը երբեք այսքան սահմանափակ չի եղել, և կամ երբեք
այն չի եղել այդքան վտանգված, որքան այսօր ու շուտով նոր հիտլերներ են ի հայտ գալու,
մարդիկ հասկանում են, որ դա այդպես չէ»:
Մ. Ֆուկո
Հայաստանի իշխանությունները վարում են մի քաղաքականություն, որը մեկ բառով կարելի է
բնորոշել որպես «նեոլիբերալիստական»: Հայաստանում առկա են որոշակի հաջողություններ,
որոնք մի բառով կարելի է բնորոշել որպես «բարգավաճում»: Իշխանությունը պնդում է, որ
իրենց քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը,
համաձայն է այս տեսակետին եւ չի փորձում ըստ էության հակաճառել իշխանությանը:
Այնուամենայնիվ, չնայած բարգավաճմանը, համակարգային տեսակետից Հայաստանը հետամնաց
երկիր է: Եթե իրավիճակը դիտարկենք քաղաքագիտական տեսանկյունից, ապա հասարակության
կենսամակարդակը կարող էր լինել ավելի բարձր, տեխնոլոգիաները լինեին արդիական, բայց
հասարակական հարաբերությունները լինեին ավելի պարզունակ՝ հիմնված միայն ուժի կամ
հեղինակության վրա, այսինքն՝ այն լիներ ավելի հետամնաց:
Ժամանակակից աշխարհը տարբերվում է դասական դարաշրջանից. այժմ «բարգավաճել» կարող են
նաև «հետամնաց» հասարակությունները, ասենք` Թաիլանդը կամ Մալազիան: Ավելորդ չէր
լինի համադրել հայկական «տնտեսական հրաշքը» հեռավորարևելյան «տնտեսական հրաշքի» հետ:
Բարգավաճ Հայաստան
Հայաստանի զարգացման տեմպերը չափվում են երկնիշ թվերով և այստեղ կա որոշակի
պարադոքս:
Օրինակ. կենտրոնական Եվրոպայի երկրները` Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան և Սլովակիան
2000-2005 թթ ունեցել են միջին տարեկան 4 % աճ, այն դեպքում, երբ հետխորհրդային
երկրների միջին ցուցանիշը 9% է: Հայաստանում այդ թվերն էլ ավելի ներշնչող են՝ 12%,
1995-2000թթ 5% դիմաց: Սա այն դեպքում, երբ այդ երկրների համար բաց են եվրոպական
շուկաները, ինչը չես ասի հետխորհրդային պետությունների մասին:
Անշուշտ, հետխորհրդային տարածքում աճը նաեւ պայմանավորված է տնտեսության անկման մեծ
ցուցանիշով ` 53%: Սակայն այդ պարադոքսը միայն դրանով չի կարող բացատրվել:
Մասնավորեցումը, լիբերալականացումը, կայունացումը, ժողովրդավարությունը,
արդյունավետ կառավարումը դեռևս չի երաշխավորում տնտեսության մեծ աճը:
Հայկական տնտեսական «հրաշքի» հիմքերը, անշուշտ, դրվել են դեռևս Հ. Բագրատյանի
կառավարության գործունեության ժամանակ: Հայտնի օրինաչափություն է, այնտեղ, որտեղ
բարեփոխումները սկսել են ավելի վաղ, իրագործվել են առավել հետևողականորեն,
տնտեսական աճը լինում է ավելի մեծ և տևական: 1996 թ. Ստենլի Ֆիշերը, Ռատնա Սահայը և
Կառլոս Վեգը եկան այն եզրակացությանը, որ ՀՆԱ-ն սկսում է աճել արժեզրկման
կայունացումից հետո, ինչը հետևանք է պետական ֆինանանսների վիճակի բարելավմանը»:
Դեռևս մինչև գործող վարչակարգի իշխանության գալը, կառավարությունը ձգտելով խուսափել
աղետից, կտրուկ փոխեց իր քաղաքականությունը: Առաջին հերթին կրճատվեցին
սուբսիդիաները, որոնք տրամադրվում էին ոչ արդյունավետ ձեռնարկություններին:
Հետևանքը եղավ այն, որ նրանք, ովքեր օգտվելով իրենց պաշտոնական դիրքերից «թռցրել»
էին ձեռնարկություններ, դրանք վաճառեցին ավելի արդյունավետ «նոր ձեռնարկատերերին»:
Տնտեսական բարգավաճման համար հատկապես կարեւոր էին հարկային բարեփոխումները.
իջեցվեցին հարկային դրույքերը, բարելավվեց հարկահավաքությունը: Մյուս ազդեցիկ
գործոնն այն էր, որ պետական քաղաքականությունը միտված էր աջակցելու ոչ թե սպառմանը,
այլ առաջարկին: Այսինքն. բիզնեսի զարգացումը չէր ուղեկցվում սպառողական բազայի
ընդլայնմամբ:
Խորհրդային նախկին հանրապետությունները դարձան մինչև Խաղաղ Օվկիանոս ձգվող
բարգավաճող գոտու բաղկացուցիչ մասը: Կարելի է ասել, որ նրանք սկսեցին հակվել
հեռավորարևելյան տնտեսական մոդելին` ցածր հարկեր, սահմանափակ սոցիալական վճարումներ,
աշխատանքի ազատ/երբեմն վայրենի/ շուկա:
Հայաստանում կարևոր դերակատարում ունեցան Համաշխարհային Բանկը եւ միջազգային
ֆինանսական հաստատությունները, որոնք մեծապես աջակցեցին այդ բարեփոխումներին:
Ռուսական հանրահայտ տնտեսագետ Սերգեյ Եղիշյանցը նկարագրում է այն պայմանները, որոնք
վարկերի և օգնության դիմաց սովորաբար առաջադրում են միջազգային ֆինանսական
հաստատությունները.
- ինվեստիցիաների ներգրավվում ցանկացած գնով, նույնիսկ, եթե դա արվում է սոցիալական
և էկոլոլոգիական խնդիրների հաշվին (Թեղուտի հանքավայրի հետ կապված զարգացումները
այս դրույթի փայլուն ապացույցներից է), - սոցիալական ծրագրերի կրճատումը մինչև նվազագույն փաթեթի: Կրթական, առողջապահական
համակարգի անցումը համարյա բացառապես վճարովի սկզբունքին, առաջին անհրաժեշտության
ապրանքների և ծառայությունների դոտացիայի (լրավճարման) վերացում, սոցիալական
համակարգի մասնավորեցում, - ազգային դրամական միավորի կայունության ապահովում ցանկացած գնով, այդ թվում
բյուջետային կրճատումների հաշվին, - սահմանափակող դրամական քաղաքականություն,
- սպառման սահմանափակում վալյուտային ռեզերվների մեծացման նպատակով,
- կապիտալների տեղաշարժի լիակատար ազատություն,
- մասնավորեցում «բնական մենաշնորհների» բնագավառում, ուր չկա որեւէ մրցակցություն,
- հարկային «բազայի» ընդարձակում, ուղղակի հարկերի գերապատվություն անուղակիների
նկատմամբ:
Մասնավոր սեփականության ինստիտուտի ամրապնդման տեսանկյունից միջազգային ֆինանսական
հաստատությունների վերոհիշյալ քաղաքականությունը թվում է, թե նպաստում է
կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, սակայն մասնավոր սեփականության
խորացումը ու ընդլայնումը դեռեւս կապիտալիստական հարաբերությունների հաղթանակ չի
նշանակում: Դեռեւս Ադամ Սմիթն էր նշում, որ կապիտալիզմի հիմնական բնութագիրը ազնիվ
մրցակցությունն է: Նա զգուշացնում էր, որ կապիտալիստները բնավ էլ շահագրգռված չեն
հասարակության բարգավաճմամբ և ձգտում են առավելագույն շահույթի ամենահեշտ եղանակով`
մենաշնորհների միջոցով: Ամենահավանական կանխատեսումը այն է, որ «շահերի խմբերը»
հետագայում կաշխատեն պահածոյացնել արտոնությունների հանրության համար ոչ թափանցիկ
համակարգը: Դա նշանակում է կապիտալիզմ սահմանափակ քանակությամբ ընտրյալների համար:
Նկատենք, որ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներին բնորոշող է «հետխորհրդային
սինդրոմը»: Այդ սինդրոմի ախտանիշերներն են.
- Թույլ պետություն, ուռճացված բյուրոկրատական համակարգ /այն պարագայում, երբ
պետական մեքենան գործում էր իր հնարավորությունների եզրին/: - Թույլ սոցիալականություն /պետությունը իրագործործում է վերաբաշխում` աղքատներից
դեպի ընտրյալները/: - Թույլ բարոյականություն: Պետական կառավարումը անարդյունավետ է կոռուպցիայի
տարածվածության պատճառով:
Արդյունքում ի՞նչ տնտեսական և քաղաքական համակարգ է ձևավորվում: Պատկերը այսպիսին
է. ինսայդերական /ներքին, ոչ ձևական/ արտոնությունների շնորհիվ ձևավորվում են
«շահերի խմբեր», որոնք «զավթում են» պետությունը: Ընդգծենք` ամբողջ պետությունը,
այլ ոչ թե միայն իշխանությունը: «Զավթիչների» համար մամուլը հնարել է «օլիգարխներ»
ռոմանտիկ եզրը: Օլիգարխիկ համակարգի հաստատմանը հատկապես նպաստում է
«կայունությունը», այսինքն իշխանությունը տեւական է: Մենք արդեն նկատել ենք, որ
որեւէ նախարարի փոփոխություն աննախադեպ իրադարձություն է: Տնտեսությունն այսպիսի
պայմաններում կարող է զարգանալ, դանդաղորեն աճում է նաև կենսամկարդակը:
Կենսամակարդակի բարձրացումը, անշուշտ, կարող է նպաստել քաղաքացիների
արժանապատվության զգացումի ամրապնդմանը, իսկ արժանապատվություն ունեցող մարդիկ
հազիվ թե ցանկանան ապրել բռնապետության պայմաններում: Քաղաքական համակարգի
բարեփոխման անխուսափելիությունը այնքան էլ ակնհայտ չէ: Ընթացքը կարող է տևել
տասնյակ տարիներ: Սակայն այդպիսի զարգացումը ի վերջո բերում է հեղափոխական
տրամադրությունների աճին, որը Հայաստանի նման երկրներում նշանակում է անցում դեպի
ավտորիտար սոցիալիզմի:
