NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՍԴ-ն կարող է, բայց չի ուզում
Եթե կա թեկուզ չնչին հավանականություն, որ ուռենու տակ կանգնած մեկի գլխին կարող
է ծառի ճյուղից խնձոր ընկնել (Նյուտոնի ականջը կանչի), ապա մեծ էր
հավանականությունը, որ ՀՀ Սահմանադրական դատարանը չեղյալ կհայտարարեր ՀՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եւ նոր ընտրություն կնշանակեր: Մարդիկ
անցած անգամ անփոփոխ թողեցին այն ընտրությունների արդյունքները, որ եվրոպացիները
որակել էին եվրոպական չափանիշներին չհամապատասխանող: Միթե կվերանայեին այն
ընտրությունները, ուր ոչ միայն խախտումներ, այլ նաեւ դրական տեղաշարժեր են
արձանագրել նույն դիտորդները: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դարձել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վավերացնող, կամ այլ խոսքով`
հայկական արդարադատության հետ հույսեր կապողներին հուսախաբ անող, սպասումները
չարդարացնող կառույց: Սա սակայն միայն առաջին հայացքից:
Իրականում Սահմանադրական դատարանը, իհարկե ոչ ամբողջ կազմով, սակայն, այնուհանդերձ
իր ամբողջության մեջ երբեմն էական դեր խաղացել է, սխալներ ուղղել է, մարդկանց
հույսերն արդարացրել է: Օրինակ, երբ ՀՀ Աժ մի խումբ պատգամավորներ, կամ ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը այս կամ այն օրենքի սահմանադրությանը համապատասխանության
հարցն էին պարզում Սահմանադրական դատարանում, վերջինս, որքան էլ որ այսօր տաօրինակ
հնչի, որոշում էր որ այս կամ այն օրենքը` մարդկանց սեփականությունը օտարելու դիմաց
վճարված փոխհատուցումների, կամ սոցիալական քարտերը քաղաքացիներին պարտադրելու եւ
հանրությանը հուզող այլ հարություններում չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը:
Այսօրինակ հարցերով ՍԴ-ն, մի տաօրինակ զուգադիպությամբ ընդունում էր նույն որոշումը`
օրենքի այսինչ դրույթը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը: Այն ժամանակ, մի
շարք թերթեր նկատեցին` չի բացառվում, որ Հայաստանում չլինի սահմանադրությանը
համապատասխանող օրենք: Հետո շատերը հասկացան, որ ՍԴ որոշումների նմանությունը ոչ թե
տաօրինակ զուգադիպություն է, այլ պարզ օրինաչափություն: ԱԺ-ն է չէ՞ օրենքներ
ընդունում, իսկ թե ինչպես գիտենք բոլորս: Կենսագրություններում բազմաթիվ մութ ու
բաց էջեր ունեցող պատգամավորների այն մասը որ շատ մոտ է ամբողջին պարզապես մանդատ
ունի, բայց չգիտի, թե դա ինչի համար է եւ դրանով ինչ են անում: Այս ամբողջության մի
մասը ԱԺ չի էլ գալիս, մյուս մասը կոճակ սեղմող է` նվազագույնը 3 կոճակ: Այսքանից
հետո որակյալ օրենք ակնկալել նույն է թե մաղով ջուր տանել:
Բայց սա Ազգային ժողովի խնդիրն է եւ մեր բոլորի ողբերգությունը: ՍԴ-ն ուղղում է այս
սխալները: Ապրի: Բայց ինչու չի ուղղում, կամ չի ուզում ուղղել կենտրոնական ընտրական
հանձնաժողովի սխալները: Չէ որ դրանք կան: Չեն կարող չլինել: Եթե հիմնականում վատ ու
անորակ պատգամավորներ ունենք, ուրեմն ընտրություններ են վատը եղել: Մեկ-երկու հոգի
կարող են սխալվել, բայց որ ավելի քան 10 տարի շարունակ սխալվի ողջ հանրությունը`
առնվազն քիչ հավանական է: Այն խոսքով ՍԴ-ն ոչ թե ուզում է, բայց չի կարող կամ
բժշկական տերմիններով ասած` իմպոտենտ է, այլ կարող է բայց չի ուզում: Այս տեսակին
բնորոշող տերմինի ընտրությունը` ըստ ձեր նախասիրությունների:
Ուրեմն ընտրություններում սխալներ լինում են եւ ՍԴ-ն, որ ունի սխալները
բացահայտելու ներուժ չի ուզում դրանք ուղղել: Չի ուզում մի պարզ պատճառով: Ի
տարբերությունը օրենքների, ընտրությունները ենթադրում են անձնական
պատասխանատվություն: Պատկերացրեք, ՍԴ որոշեց որ թիվ X/X ընտատեղամասում լիքը
խախտումներ են եղել: Ով է X/X տեղամասային հանձնաժողովի նախագահը` մեկ մարդ,
փոխնախագահը` մեկ մարդ, հանձնաժողովի անդամները` մեկ, մեկ մեկ եւ այսպես ինը մարդ:
Ինը հոգու մեջ մեղավորին գտնելը բավականին դյուրին գործ է անգամ մեր` ծառատուկների
եւ շուրջպարերի մեջ հմտացած դատախազության համար: Իսկ հիմա պատկերացրեք ԱԺ օրենք:
Աժ ունի 131 պատգամավոր: 131 հոգու մեջ ինչպես գնտես մեղավորին, երբ նրանք
ընդհանրապես «անհասանելի են» օրվա բոլոր, այդ թվում եւ` աշխատանքային ժամերին: Եվ
բացի դա, եթե ընտրությունները կեղծելը քրեորեն հետապնդելի արարք է, խիստ որոշակի
հետեւանքներով, ապա անորակ օրենք ընդունելը ոչ մի օրենքով չի պատժվում: Համ էլ
ինչպես պատժես կամ ում պատժես. ուրիշի կոճակը սեղմողին, աշխատանքի չներկայացողին թե… Օրենքները ուժի մեջ են մտնում միայն հանրապետության նախագահի ստորագրությամբ
վավերացվելուց հետո:
Ուրեմն ՍԴ-ն ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վավերացնող, կամ
այլ խոսքով` հայկական արդարադատության հետ հույսեր կապողներին հուսախաբ անող,
սպասումները չարդարացնող կառույց է, այլ` «շառից-փորձանքից հեռու» տրամաբանությամբ
առաջնորդվող հերթական պատկան մարմինը: Ինչպես ոստիկանությունը չի համարձակվում
տուգանել «տղերքի» ու նրանց տղերքի կարգազանց մեքենաները, կամ հարկայինն ու
մաքսայինը չեն համաձարկվում օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը գանձել
«տղերքից» ու նրանց տղերքից, այնպես էլ Սահմանադրական դատարանը չի համարձակվում
«տղերքին» ասել, որ լավ չեն արել:
