«Սերմնացանները»

«Մահամերձի համար միևնույն է` արդյոք մաքո՞ւր է իր բարձն ուղղող ձեռքը, թե՞ ոչ...»

Օսկար Ուայլդ


Ազգային հոգեկերտվածքի ( տխրահռչակ մենթալիտետի) չուսումնասիրված շերտերը «քերելու»
հերթական փորձը, ի դեմս խորհրդարանական ընտրությունների, ֆանտաստիկ արդյունք
արձանագրեց` շատուշատերին թողնելով շիվար վիճակում: Քաղաքագիտական և սոցիոլոգիական
տերմինաբանություն ներմուծվեց միանգամայն նոր` «կոռումպացված ժողովուրդ»
ընդհանրական ձևակերպումը, որի հեղինակային իրավունքը պատկանում է երևույթի «իմաստին
ու խորքային նշանակությանը» ծանոթ, փեշով փող «քամուն» տված ու, այնուամենայնիվ,
ֆիասկոյի ենթարկված ուժերին: Վերջիններիս` պաշարած նողկանքին հաջորդած բազմանշանակ
լռությունը` շոկին դիմակայելու, մաժորային լադից մինորի անցնելու խոհեմության,
ասպարեզից ընդմիշտ չհեռանալու և « Օրը կգա` բարին հետը» ինքնահորդորով ուղեկցվող
բնազդային արձագանք կարելի է դիտարկել: Ստացած հարվածը... շատ էր դասական:
Նոկաուտից դուրս գալ չեն կարողանում շատերը` 117 ամյա կենսագրականի փափագ ունեցող,
քաղաքակիրթ ներկայանալ փորձող մարգինալը, կայսրապետական` «Ամբողջը, կամ` ոչինչ»
սկզբունքով առաջնորդվող, սահմանադրական կարգի վերահաստատման դրոշակակրի իմիջից ու
լուսահոգի հոր ստվերից այդպես էլ ձերբազատվել չկարողացող «անկաշառը»: Հենց այդպես
անաղմուկ էլ շատերի կողմից մերժված «ուղտը» չոքեց հենց մերժողների դռանը...Ու այդ
ամենը մի շատ պարզ պատճառով: Մոռացվել, ինքնավստահների կողմից էլ քամահրվել էր
անվրեպ գործող «Բումերանգի օրենքը» ... Այնպես որ` ընտրությունների արդյունքների
օրինականության հանդեպ ունեցած կասկածի որոմը առաջին հերթին հարկ է փնտրել ոչ թե
իշխանությունների աճպարարական հանճարի (ինչը ժխտելը մեղքի պես բան է ), այլ հենց`
ընդդիմադիրների կողմից «ցանքատարածք» նետված «սերմացուի» մեջ...

Ծիծաղում է նա, ով...

Իրազեկների վկայությամբ հետընտրական շրջանում նկատելիորեն ակտիվացել է
գյուղաբնակների հոսքը Երևան: Տոնավաճառներում աշխուժացած առևտուրն ու պարկերով
մարզեր ճանապարհվող ալյուրն ու շաքարավազը մի բանի վկայությունն են: Ժողովրդի
ձեռքին փող է հայտնվել: Հայտնվել է … «չգիտես որտեղից»... Հիմք ընդունելով «գործի
գիտակների» տրտունջները, կարելի է եզրակացնել, որ ընտրությունից ընտրություն խիստ
իրատես դարձող ժողովուրդը, ի զարմանս շատերի, սկսել է համրել «նվեր ձիու» ատամները:
Առաջնորդվելով «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ և անվերապահորեն համոզված`» Նաղդ
թանը` «նիսյա» մածունից լավ ա» մոտեցման կենսունակության մեջ, շարքային ընտրողները
սկսել են այս կերպ «ապահովել» իրենց ընտրաքվեների ՕԳԳ-ն... Ապշեցուցիչ այս
այլակերպումը շանթահարեց անգամ էլեկտորատահմա Կարապետիչին: Սարդոստայն հյուսողն
ինքը հայտնվեց փոսում…Էլ ոչ մի հեռուստացույց, ու ոչ մի շոգեքարշ… Իրավ որ
ձախողությում. Ռաբինդրանաթ Թագորի սիրելուց ու Կրեպիշի որդուց նույնպես Կոմս
Մոնտեքրիստո դուրս չեկավ և նա մնաց «արկղիկի» կառավարիչ… 2003-ի Նախագահի թեկնածու
Ստեփան Դեմիրճյանն էլ լեհ քսյոնձ Ադամ Կազլեվիչի նման, այլևս փորձելու է
վերանորոգել իր` «խորշակներից» մեծապես վնասված «Անտիլոպա Գնուն», այլ կերպ`
կյանքի կոչել սահմանադրական կարգի վերահաստատման իր տեսլականը…

Ասում են, այս առումով ավելի գործնական է «լռության» ղադրն իմացող մյուս
«առաքյալը»` ժողովրդի սրտից մշտապես «ջուր» խմած Արտաշես Մամիկոնիչը: Նա լռելյայն
ձեռնամուխ է եղել 2030 թվականի Հայաստանի հակաճգնաժամային դոկտրինի լրամշակման
աշխատանքներին… «Քամուց» քշվածներից էապես տարբերվում են «թթվածնային քաղցի»
մատնվածները, մարդիկ, ովքեր իսպառ շնչահեղձ չլինելու և անճար ու մենակ չզգալու
նկատառումներով մասնակցում են մերթ Ազատության հրապարակում,մերթ Մատենադարանի մոտ
կազմակերպվող հանրահավաքներին, որտեղ մշտապես արձագանքում է կատարվածից
չընկրկողներին ու ապագայի հետ մեծ հույսեր կապողներին ուղղված և գիտակիցների արեալի
ընդլայնմանը միտված ` « Հեյ, էլ ով կա այդտեղ» կոչը...

Իսկ նույն այդ ընթացքում, շաքարավազի ու հագ ու կապի լոկալ խնդիրները հաղթահարած
ընտանիքներում լիակատար իդիլիա է: Հայտնի երգի` « Մեր հույս մնաց օրորոցին» խրոխտ
հանգերգի ներքո ընտանիքի` «ժամանակի շունչն առած» անդամները արդեն իսկ խորհում են
…հաջորդ ընտրությունների հաշվին վայելելիք համադամ կերակուրների, ու` մինչև էն մի
ընտրությունները պահածոյացվելիք ուտեստների մասին…