NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչու է նախագահի մրցանակը տառասխալով
Միավորված ազգերի կազմակերպությունը տեղացի եւ օտար երկրների փորձագետների մի թիմով մշակել է «Կրթական վերափոխումները Հայաստանում» զեկույցը: Զեկույցում լուրջ մտահոգություններ են արտահայտվում եւ կարդալիս զարմանում ես. լավ, բա ի՞նչ եղավ կովկասյան վագրը, մի՞թե նոր թռիչքների հավես, ժամանակ կամ որ ամենացավալին է` ուժ չունի: Հիշում եմ խորհրդային տարիների մի անեկդոտ. «Ճի՞շտ է, որ կապիտալիզմը անդունդի եզրին է: Այո, նայում է, թե սոցիալիզմը ոնց է անդունդի հատակում թավալ գալիս»: Երեւի մեր վագրն էլ անդունդի հատակից էր թռչում:

Կրթության ոլորտի մտահոգությունները ներկայացնելուց առաջ արձանագրենք, որ ՄԱԿ-ը միջազգային թերեւս միակ կառույցն է, որ Հայաստանում քաղաքական խնդիրներ ու հետաքրքրություններ չունի եւ հետեւաբար ամեն ինչ սեւ գույներով ներկայացնելու խնդիր էլ չունի: Առավել եւս, որ զեկույցում դրական եզրահանգումներ էլ կան: Առավել եւս, որ իրենց եզրակացություններն ու հետեւությունները ՄԱԿ-ի փորձագետները կառուցել են Հայաստանի պետական-պաշտոնական` ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, պետությունն էլ ապահովում ինչպես անվճար միջնակարգ կրթություն, այնպես էլ ֆինանսապես աջակցում բարձրագույն եւ մասնագիտական կրթությանը: «Կրթության մասին» ՀՀ օրենքով էլ հստակ սահմանված է. «հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նախասիրություններին, հակումների եւ ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության եւ յուրացման համար հիմքերի ստեղծմանը»: Իսկ ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրությունների համաձայն, «Հայաստանում շատ հաճախ գնահատվում են ոչ թե սովորողի անձնական արժանիքներն ու ձեռքբերումները, այլ նրա ծնողների սոցիալական կարգավիճակը: Այսպիսով ոտնահարվում է արդարության սկզբունքը, ինչի արդյունքում նվազում է վստահությունը կրթության ինստիտուտի նկատմամբ: Մտահոգիչ խնդիրներից մեկն էլ այն է, որ կրթության գործընթացը սովորողներին ինքնադրսեւորման եւ ինքնաիրացման նվազ հնարավորություններ է տալիս»:
ՄԱԿ-ի փորձագետները ընդունում են, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը Հայաստանի խորհրդային հանրապետության հասարակության նման փակ չէ, բայց նաեւ արձանագրում են, որ մեծ մասայականություն է վայելում դյուրամարս, յուրացման համար մեծ ջանքեր չպահանջող ցածրորակ մշակույթը, «ցածրորակ արժեքները ներթափանցում են կրթական համակարգ եւ գրեթե անհամատեղելի դառնում կրթության բովանդակության միջոցով քարոզվող իդեալական արժեքների հետ: Երեխան չի ընդունում ազնիվ լինելու պատգամը, երբ կյանքում տեսնում է, թե ինչպես է անազնվությունը մարդկանց հաջողություն բերում: Մեր կրթական համակարգը շարունակում է գործել փակ հասարակարգի տրամաբանությամբ` քարոզելով արժեքներ, որոնք սովորողների համար այնքան էլ համոզիչ ու գրավիչ չեն»:
Բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ էլ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունները մխիթարական չեն: Մեղմ ասած: «Ուսումնառության վճարովի համակարգի առկայությամբ բուհն առաջնորդվում է «որքան շատ ուսանող, այնքան շատ փող» սկզբունքով` առանց հաշվի առնելու հետագայում աշխատանքային շուկայում շրջանավարտների տեղավորվելու խնդիրը»: Մեկ օրինակ. դպրոցներում 2001 թվականի համեմատ ուսուցիչների թիվը պակասել է 20 000-ով (քսան հազարով), սակայն պետական մանկավարժական բուհերում ընդունելության տեղերի թիվը աճել է: Սա նկատի ունենալով «Կրթական վերափոխումները Հայաստանում» զեկույցի հեղինակները պնդում են, որ ընդունելության տեղերի քանակը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Իսկ մանկավարժական կրթություն ստացածների` սկսնակ ուսուցիչների նկատմամբ վարվող քաղաքականության ուսումնասիրությունից հետո եզրակացնում են. «սկսնակ ուսուցիչների պարագայում Հայաստանը գործում է «լողա կամ խեղդվիր» սկզբունքով: Սկսնակ ուսուցիչը հիմնականում ինքնուրույն է փորձում հաղթահարել սկզբնական շրջանի անխուսափելի դժվարություններն ու խոչընդոտները»:
ՄԱԿ-ի փորձագետները իրենց 130 էջանոց զեկույցում բազմաթիվ մտահոգություններ են ներկայացնում: Որ դպրոցական խորհուրդները ձեւական են, որ կրթության որակ ասվածը միայն բառեր են, որ ռեպետիտորների ծառայությունների լայն տարածման արդյունքում մի վիճակ է ստեղծվել, երբ դպրոցական կրթության որակի բարելավումը ուսուցչին կարող է զրկել հավելյալ եկամուտներից, որ 1992 թվականին պետությունը կրթության համար առանձնացնում էր ՀՆԱ 7.2 տոկոսը, իսկ 2006-ին` 3.23 տոկոսը, որ աճում է սովորելու ցանկություն չունենալու պատճառով դպրոցից դուրս մնացող երեխաների թիվը` 2003-ին` 1531, 2006-ին` ավելի քան 4 անգամ ավելի` 6482:
Այսքանից հետո մեկ բան հասկացա. արժե՞ արդյոք զարմանալ, թե ինչու է Հայաստանի նախագահի մրցանակը տառասխալով:
