NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արժանապատվություն
Որևէ մեկի նկատմամբ տևական քամահրանքը, նրա իրավունքների ու շահերի մշտական
անտեսումը հասցնում է այն բանին, որ այդ մարդը սկսում է հաշտվել իրերի նման
դրության հետ: Հետզհետե ընկնում է նրա ինքնագնահատականն էլ` դառնալով ադեկվատ իրեն
ցույց տված վերաբերմունքին: Եվ աստիճանաբար նրա գործողությունները, վարքը սկսում են
համապատասխանել իր կրած նվաստացումներին: Ու մեղադրանքներ են հնչում,
դատողություններ, թե` արժանի˜ ես, դու˜ ես թույլ տվել … Եվ անիրավված ու հալածված,
ի լրումն կրած վիրավորանքին, քաշած նեղությանն ու ցավին, մարդն ստիված է կրելու նաև
պարսավանքի դառնությունը:
Այսօր մեր հանրությունը հայտնվել է այս մարդու կարգավիճակում և քիչ է,որ նա կրել է
այսքան նեղություն, այսքան անիրավված է ու թալանված, դեռ մի բան էլ որակվում է`
կամազուրկ, խեղված, բռի ու անկիրթ, ուրեմն և` սեփական խնդիրները լուծելու
անընդունակ: Այսինքն` անհրաժեշտ է «դրսի « միջամտությունը: Այս անգամ դրա անունը
Եվրամիություն է, կամ` արևմտյան արժեքների արմատավորում:
Ու տարփողվում են «արևմտյան արժեքները»` հարկի-անհարկի, շարունակ շեշտվում եթերից
ու թերթերից, իշխանությունից ու ընդդիմությունից: Մի կողմից հնչում է` դեռ
սովորու˜մ ենք: Մյուս կողմից ճչում են` խեղաթյուրվա˜ծ են… Որ խեղաթյուրված են ամեն
մի արժեք` պարզից էլ պարզ է: Սակայն` փոխե'լ է պետք շեշտադրումը… Իսկ սովորելու
մենք շատ բան ունենք: Բայց առաջին հերթին` ինքներս մեզնից, մեր արմատներից: Առաջին
հերթին մեզ ավանդածը, հարյուրամյակների ընթացքում տքնանքով, ջանքով շարադրվածը մեծ
ճիգերով, վտանգների միջով մեզ հասցրածը: Ի վերջո` արևմտյան արժեքներն էլ (հատկապես
դրանց ընդօրինակելի մասը), հանկարծ չեն հայտնվել: Հենց եվրոպացի ու ամերիկացի
մտավորականներն են շեշտում, որ Արևելքն է իմաստության անսպառ աղբյուրը, կեցության,
ողջ գոյի վերաբերյալ գիտելիքի շտեմարանը (Հերման Հեսսեն, օրինակ, գտնում է, որ
Եվրոպայի անկումը կկասեցվի, եթե նա խոնորհաբար արևելյան ժողովուրդներից սովորի
բարոյականություն, առաքինության ու նիստուկացի դասեր ստանա):
Արժանապատվությունը հիմքն է թե՛ մարդկային, թե՛ որևէ հանրության նկարագրի,
ողնաշա՛րը, եթե կուզեք: Ավելին. այն խթանն է այնքան ծամծմված, առիթ-անառիթ հնչեցրած
կոչերի, հռչակված ուղենիշների (որ նաև` կուսակցությունների անուն են դարձել)`
բարգավաճում, ազգային միասնություն ու միաբանություն, քաղաքացիական հասարակություն,
իրավական պետություն և այլն…. Այս ամենի համար բազում- բազմապիսի ծրագրեր են թխվել
ու հրամցվել, որոնցում ամեն մեկն իր շեշտադրումն է արել: Մեկի մոտ դա արցախյան
հիմնախնդրի լուծումն է` ՀՆԱ-ի տոկոսների երկնիշ աճը, մյուսի մոտ` դեմոկրատացումն ու
սահմանների բացումը, մեկ ուրիշի համար` բարեգործությունն ու բարեխոսությունը:
Սակայն, կարծում եմ, գլխավոր շեշտադրումը մի բան պիտի լինի` մարդկային ու ազգային
արժանապատվության վերակերտումը:
Միայն վերագտնված արժանապատվությունն է պարտադրում մարդուն` ճիգ գործադրել, ինքն
իրեն հաղթել, ընկած տեղից ելնել, վատ սովորույթներից ու բարդույթներից ձերբազատվել:
Ստիպում է ջանք ու եռանդ ներդնել, ժամանակի պահանջներին հարիր նոր բան սովորել`
ընտանիքն ավելի բարվոք պահելու, տանն ու հասարակության մեջ վերստին կայանալու համար:
Միայն արժանապատվության իրական գիտակցումով է հնարավոր դառնում մարդկանց միավորվելը
( ոչ` ամբոխվելը ) ինչ-որ բանի շուրջ, կամ ինչ-որ գործի: Այդ դեպքում միայն
կհաջողվի ու կհարատևի որևէ ձեռնարկ-նախաձեռնություն: Այս գիտակցումով միավորված
մարդիկ են, որ կարող են պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները ցանկացած գործատուի
մոտ, ցանկացած հեղինակության ու օլիգարխի մոտ` պատռելով այն փուչիկը, թե ոմանց դեմ
ոչ մի խաղ չկա:
Վերականգնված արժանապատվությամբ է, որ կրկին կյանքի են կոչվում այնպիսի արժեքներ,
ինչպիսին հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցումն է, նրա գորշավուն ներկայի համար
սրտացավությունը, ապագայի համար մտահոգությունը: Միայն արժանապատիվ մարդն է
հետամուտ, որ իր զավակները դավանեն ճշմարիտ արժեքներ, որ ինքը նրանց փոխանցի իր
ստացածն ու դավանածը, ոչ թե կրավորաբար, կարկամած հայեցողի դիրքով հետևի, թե ինչպես
են նրանք ազդվում ինֆորմացիոն էքսպանսիայից, բարոյազուրկ ու անճաշակ մշակութային
խոտանից…
Արժանապատիվ մարդն իր զավակին ներարկում է բարոյական նորմեր, հետևողականորեն
սերմանում առաքինություններ, որոնց համաձայն մարդկանց սատարելն է ճիշտը, ոչ թե`
«գցելը», հարգել - պատվել է պետք, ոչ թե տրորել: Եվ ինչ էլ լինի, իրականությունն
ինչքան էլ հակառակը հուշի, միևնույնն է, զոռբայաբար ուրիշի հաշվին իր տեղը
լայնացնելը, գողանալն ու շորթելը ստոր են ու տմարդի:Կաշառք առնել – տալը, կեղծելն
ու քծնելը կամ` մեկ ուրիշին վիրավորելն ու նվաստացնելը ցած է ու գծուծ:
Արժանապատիվ մարդկանց հանրությունը չի կարող հանդուրժել ամենաթողությունն ու
կամայականությունը, անպատժելի մնացած սպանությունները, կողոպուտն ու թալանը… Նման
հանրությունը թույլ չի տա իր շահերի անդադար ոտնահարումը` ծիծաղելի կենսաթոշակներն
ու նպաստները, մի կերպ գոյությունն ապահովող աշխատավարձը, ոստիկանական
կամայականությունը, պաշտոնյաների սանձարձակությունը, ծանակված արդարադատությունը,
ո՞ր մեկը թվես….Իր արժանապատվությունը վերագտած ասել է, թե ինքնագիտակցության եկած
ժողովուրդը բնական հարց է տալիս` ինչպե՞ս է, որ դարեր օտարներից հալածվածը, անհամար
զրկանքներ կրածը, ցեղասպանություն վերապրածը` այսօր կարող է տմարդի, անհոգի
վերաբերմունքի արժանանալ «յուրայիններից»: Արցախյան հերոսամարտ շահածը, այդ առիթով
ու դրա անվան տակ այնքան նեղություն ու զրկանք կրածըհետո լինել այսքա˜ն անիրավված …
Ավելորդ չէ ասել, որ ուրիշ երկրների վերաբերմունքն էլ մեր երկրի հանդեպ, մեր
խնդիրներին, մեծապես կախված է իշխանությունների` ժողովրդին ցույց տված
վերաբերմունքից, բայց ավելի շատ` մեր արժանապատիվ հանրային նկարագրից. սեփական
շահերին տեր կանգնելու կարողությունից, պահանջներ դնելու ու դրանց հասնելու
հաստատակամությունից, վերջապես` արժանապատվորեն իշխանություն ընտրելու մեր
հմտությունից:
