NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախագծի մերժումը կարող է նախադեպ դառնալ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների անմեղ վերնագիրը չխանգարեց, որ զանգավածային տեղեկատվության ոլորտից տեղյակ շրջանակները նախագիծը անվանեն «Ազատություն» ռադիոկայանը փակելու մասին օրինագիծ: Սա էլ իր հերթին իհարկե չխանգարեց քաղաքական շրջանակներում «կոճակային մեծամասնություն» անվանված կառավարող եռյակին նախագծին կողմ քվեարկել: Նախագիծը, սակայն բավարա ձայներ չհավաքեց եւ օրենք չդարձավ: Հանրապետականների գնահատմամբ, սա ոչ թե խորհրդարանական փոքրամասնության վաստակն է, այլ խորհրդարանական մեծամասնության ոչ բավարար մոբիլիզացիայի հետեւանք: Ով-ով, բայց ԱԺ մեծամասնության հավանությամբ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը լավ գիտի, կամ առնվազն պետք է, որ լավ իմանա անհրաժեշտ պահին ուժերը մոբիլիզացնելու կարեւորությունը եւ դա չանելու դեպքում հնարավոր, մեղմ ասած, անցանկալի հետեւանքները: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների առաջին եւ երկրորդ ընթերցումների արդյունքների համեմատությունից ակնհայտ է, որ խնդիրը ոչ միայն ունեցած ուժերի մոբիլիզացիան է:
Առաջին ընթերցման քվեարկության ժամանակ դահլիճում կար մոտ 75-80 պատգամավոր, սակայն պառլամենտարիզմի հայկական տեսակին բնորոշ դրսեւորումներով քվեարկությանը մասնակեց 95 պատգամավոր: Գուցե սա դարձավ փափուկ բարձ մեծամասնության համար եւ որոշվեց որ մոբիլիզացիայի կարիք չկա: Երկրորդ ընթերցմանը դահլիճում կար մոտ 65-70 պատգամավոր: Ու էլի պառլամենտարիզմի հայկական տեսակին բնորոշ դրսեւորումներով քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել էր մոտ 80-ը: Հենց այստեղ էլ, բայց արդեն ուշացումով պարզվեց, որ մոբիլիզացիայի անհրաժեշտությունը չէր վերացել: Պառլամենտարիզմի հայկական տեսակին բնորոշ դրսեւորումներով քվեարկության համար մեծամասնության առանձին ներկայացուցիչներն գրանցվել էին ոչ միայն իրեն փոխարեն, բայց քանի որ մոբիլիզացիայի «հրաման» չէր եղել, ուրիշի փոխարեն գրացմանը ոչ բոլոր տեղերում հաջորդեց ուրիշի փոխարեն քվերակելը եւ ստացվեց հետեւյալը: Հանրապետական Լեւոն Սարգսյանը, հանրապետականի հետ սերտ կապեր ունեցող Սամվել Ալեքսանյանը, Սեդրակ-Սեյրան Սարոյանը, հանրապետական Արմեն Մխիթարյանը, ՀՅԴ-ական Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրները չեն քվեարկել: Լինելով կառտավարող կուսակցություններից, արել են այն ինչ ուզում էր ընդդիմությունը: Սրանից բացի, կառավարող եռյակը միասին տվել է մոտ 40 բացակա` առավելապես ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական: Ի հավելումն, կառավարող ուժերի ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանն ու Ալվարդ Պետրոսյանը ձեռնպահ են եղել:
Այսքանից հետո 50-55 պատգամավորով 63 կողմ ձայն ապահովելը զուտ թվաբանության առումով դրական արդյունք կարող է համարվել: Բայց քաղաքականությունը թվաբանություն չէ կամ միայն թվաբանություն չէ եւ քաղաքականության մեջ չի աշխատում «մի քիչը հաշիվ չի» սկզբունքը: Էական չէ, թե քանի ձայն պակասեց 1 թե 11 կամ 111: Էականն այն է, որ քո փափագած փոփոխությունները չիրականացան:
Կա նաեւ տեսական հավանականություն, որ փոփոխությունները չընդունվելը կարող է իշխանական ուժերի համար` չարյած փոքրագույն, իսկ ընդդիմության համար` նախադեպ դառնալ: Մի գուցե ընդդիմությունը ոգեւորվի իր հաջողությունից կամ ուրիշի անհաջողությունից եւ նույնկերպ ձախողի մեծամասնությանը հաճո ցանկացած նախաձեռնություն:
