Յոթ օր և վեց հազար դրամ

Գաղտնիք չէ, որ մերօրյա ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դժվար է գտնել հաճելի
ու լավ վարձատրվող աշխատանք։ Նույնիսկ երբ համաձայն ես ցանկացած աշխատանքի, կարող է
պարզվել, որ չես համապատասխանում կամ տարիքային, կամ արտաքին տեսքի առումով։ Որտեղ
եւ ինչ պայմաններում են աշխատում մեր հայրենակիցները, որոնց մի խումբ անլուրջ
մարդիկ փորձում են համոզել, որ իրենք քաղաքացիներ են եւ ունեն իրավունքներ:

Երբեք խանութից նուշ գնելիս չեմ մտածել, թե ովքեր են այն արտադրում: Հանգամանքներն
ինձ ստիպեցին 7 օր աշխատել գետնանուշի մշակման արտադրամասում: Դեռ երկար ժամանակ
պետք է անցնի, որ ես կարողանամ տուփերում փաթեթավորված գատնանուշներին ոչ թշնամական
հայացքով նայել:

Ամառային արձակուրդն եկավ, իր հետ բերելով առաջին հայացքից երանելի թվացող
ժամանակավոր դադար։ Ամեն առավոտ հարկ չկա գնալ աշխատանքի ու կատարել մի բան, որ
վերածվել է ծանր պարտականության, սակայն անցնում են օրերն ու զգում ես, որ անվերջ
պարապությունից կարելի է խենթանալ։ Ու պատկերացրեք իմ վիճակը, երբ այդ ձանձրույթի
երկրորդ շաբաթվա մի օր հարևանուհիս ոգևորված եկավ մեր տուն սուրճ խմելու ու պատմեց,
որ իրեն աշխատանք են առաջարկել: Շատ հեշտ աշխատանք է ու լավ էլ վճարում են։ Ես
բնականաբար նորությամբ հետաքրքրված` խնդրեցի պատմել, թե ինչի մասին է խոսքը։
Պարզվեց, որ դա մի փոքրիկ արտադրամաս է, որտեղ պետք է ընդամենը մաքրել հատիկեղենը
ծեղերից, որ հետո փաթեթավորում և առաքում են խանութներ։ Ինչ վերաբերում է
վարձատրությանը, մի թեթև հաշվարկից պարզ դարձավ, որ այն այնքան էլ վատ չէ, համենայն
դեպս ժամանակավոր աշխատանքի համար։ Ի վերջո ավելի լավ է տանը պարապ նստելու փոխարեն
կատարել այդ թեթև գործը եւ ձեռք բերել նաեւ կյանքի փորձ, գուցե լավ հոդված ստացվի։
Ամենագրավիչ հանգամանքն այն էր, որ այնտեղ թափուր աշխատատեղեր կան ու կարելի է հենց
հիմա էլ գնալ ու պայմաններին ծանոթանալու։ Առանց ավելորդ ժամանակ կորցնելու գնում
ենք այդ երեւանյան Կլոնդայքը փնտրելու։ Մեզ դիմավորում են մետաղյա հսկա դռներով
վերելակի մոտ։ Երբևէ ամերիկյան ֆիլմերում տեսած կլինեք բեռնատար վերելակներ, առանց
դռների: Պակասում են նեգրերը, կներեք աֆրոամերիկացեներ, եւ մեքսիկները: Երբ
դղրդոցով սկսեց շարժվել, այն տպավորությունն էր, որ հանքափորներ ենք ու իջնում ենք
գետնի տակ։ Հետո հասկացա, որ հակառակը, բարձրանում ենք ու վտանգի դեպքում կարող ենք
պատուհանից ճողոպրել: Հետո պարզվեց, որ աշխատանքի ավարտից հետո բանվորները
միաժամանակ են բարձրանում, քանի որ մյուս մուտքի դռները գրեթե միշտ փակ են
կողպեքներով։ Այսինքն դրվածքն այնպիսին է, որ եթե ուզենաս մի քանի րոպեով դուրս գալ,
այդ մասին պիտի տեղեկացնես բոլոր տեղական պատասխանատուներին։

Հասանք պահանջվող հարկն ու մտանք մի երկար միջանցք, որտեղ արդեն սպասում էին
արտադրամասի պատասխանատուները: Մեզ դիմավորեցին խորամանկ ժպիտներով երկու կին,
մետաղյա ատամներով / մոռացել եմ, թե որ մետաղից են արհեստական ատամներ պատրաստում/:
Ինձ մի պահ թվաց, որ մեզ խուզարկելու, մտցնելու են ցնցուղի տակ եւ հագցնելու են
ինչ-որ համազգեստ: Սակայն նրանք անտարբեր հայացքներով մի երկու խոսքով ներկայացրին
աշխատանքը, բացատրեցին մեր պարտականություններն ու մնացած պահանջները: Այդ պահին
դուրս եկավ արտադրամասի տնօրենն ու մեզ վրա մի քննախույզ հայացք գցելով հրավիրեց իր
աշխատասենյակ, ավելի հանգամանորեն զրուցելու։ Խոսակցությունն անցավ ջերմ
մթնոլորտում, ու մեզ այնքան պայծառ գույներով ներկայացվեց առաջարկվող աշխատանքը, որ
մի տեսակ կարելի էր մտածել, թե պետք է ամեն ինչ թողնել մի կողմ ու անմիջապես
ջանասիրությամբ գործի կպչել, որովհետև աշխատանքը հեշտ է, աշխատակիցները շատ լավ
մարդիկ են, իսկ ղեկավարությունը հարազատ հոր պես հոգատար է բոլորի նկատմամբ։ Դե ինչ,
հեռանկարը գայթակղիչ է։ Այնպիսի տպավորություն էր, որ սրանից ավելի լավ առաջարկ
հազիվ թե կարելի է սպասել։ Հասկացա, որ այն հիմնարկներում, որտեղ կադրերի հոսք կա,
աշխատանքի ընդունելու հարցերով պետք է զբաղվեն անպայման տղամարդիկ, այդ նրանք են
սովորության համաձայն ոսկե սարեր խոստանում, անկախ նրանից, դա կարող է
իրականություն դառնալ, թե ոչ։ Մենք էլ ցանկացած կնոջ պես անմիջապես հավատացինք նրա
բոլոր խոսքերին։

Օր առաջին։ Առավոտյան կարգապահ աշակերտի նման ներկայացա, զբաղեցրի իմ տեղն ու
եռանդով գործի անցա։ Գործն ահավոր լարում եւ ուշադրություն էր պահանջում, քանի որ
պետք էր ուշադրությամբ մաքրել տարբեր տեսակի ծեղերն ու հատիկներն առանձնացնել
յուրաքանչյուրն իր կույտիկներում, այսինքն դա ոչ թե մաքրման այլ տեսակավորման
պրոցես էր։ Արդեն պարզ էր, որ գոնե այս հարցում ոչ ստույգ բացատրություն էր տրվել։
Սենյակում նստած մեկ տասնյակից ավելի կանայք անդադար խոսում էին, անկախ նրանից, որ
բրիգադիրուհին ամեն րոպե սաստում էր, կարծես ինքը ուսուցչուհին էր, իսկ մենք ցածր
դասարանների անկարգ աշակերտներ։ Մի քանի ժամ հետո արդեն զգացի, որ մեջքիս մկանները
բողոքում են անշարժ դիրքում երկար մնալու համար։ Բայց բրիգադիրուհին այնպիսի
արագությամբ էր հավաքում արդեն առանձնացված հատիկները, որ տպավորություն էր, թե
ոչինչ չես արել, մի խոսքով երեկոյան արդեն րոպեներն էի հաշվում, թե երբ է գալու
չարաբաստիկ ժամը 7-ը, որ տեղիցս վեր կենամ։ Առաջին օրն անցավ, երեկոյան մատներիս
ցավը մեղմելու համար թրջոցներ դրեցի ու անշարժ պառկած էի մեջքի վրա, տնային բոլոր
գործերն անուշադրության մատնած։ Սակայն խորհրդային պիոներիայի դասերն անցած լինելով,
որոշեցի, որ պետք է էնտուզիազմին անդավաճան մնալ, առաջին անգամ միշտ էլ դժվար է։

Ինձ բնականաբար ոչ ոք չառաջարկեց աշխատանքային պայմանագիր ստորագրել,որտեղ նշված
պետք է լիներ..., դե գիտեք ինչ: Այդ պայմաններում ես ել ամաչեցի նման մտքերի համար,
դրանց համար ինձ լավագույն դեպքում այլմոլորակայինի տեղ կդնեին, իսկ վատագույն
դեպքում...:

Հաջորդ օրը նույնպես ժամանակին ներկայացա աշխատանքի, ավելի վստահ նստեցի իմ տեղում
ու շարունակեցի ինձ վստահված պարկի մշակման, մաքրման-տեսակավորման գործը։ Նախորդ
օրը նկատել էի, որ մինչև կիլոգրամներով հատիկները մատներով հատ-հատ շոշափում,
յուրաքանչյուրն իր տեղն ես լցնում, բավական ժամանակ է անցնում, բայց ուշադրություն
չէի դարձնում դրան, հետո արդեն, չնայած որ մեջքով էի նստած աշխատողների հիմնական
մասին, հասկացա, որ նրանք այնքան էլ մանրակրկիտ չեն վերաբերվում իրենց աշխատանքին,
դրա համար էլ արագ առաջ էին անցնում ու վերցնում հաջորդ պարկը։ Ես հասկացա, որ
արդեն հմտություններ եմ ձեռք բերում: Բրիգադիրուհին, աշխատում էր ազդեցիկ լինել,
գոնե այդ տպավորությունը թողնել, բայց երբ ներս մտավ արտադրամասի տնօրենը, ես դեմքս
շրջեցի ժպիտս թաքցնելու համար։ Ներս մտավ այնպես, կարծես սա իր պլանտացիան էր, մենք
էլ ստրուկները։ Վերակացու-բրիգադիրուհու հետ այնպես էր քննարկվում կատարված
աշխատանքների որակը, կարծես իրենք մենակ էին, ու կոնկրետ աշխատողի մասին, նրա իսկ
ներկայությամբ խոսում էին այնպես, կարծես դա մի անշունչ առարկա է։ Առայժմ դրանք ինձ
չէին վերաբերում, և ես լուռ էի, չնայած պարզ էր, որ սա մի միկրո «հայաստանիկ» է,
որտեղ տնօրենը նախագահն է, առաքիչները, որոնց հիմնական ֆունկցիան վարորդի կողքին
նստած խանութները շրջելն ու ապրանքը բաժանելն է, նախարարներն են, բրիգադիրները`
խորհրդարանի պատգամավորները, իսկ մենք` խեղճուկրակ ժողովուրդը, որին ոչ ոք հաշվի չի
առնում։ Հա, մոռացա նկարագրել մեր տնօրենին: Առաջին անգամ նրան տեսնելուց ինձ թվաց,
որ դեմքը ծանոթ է, հետո հիշեցի, որ նմանեցրել եմ մեր մի շատ կարեւոր նախարարի:
Ճաղատ էր, փոքրահասակ, վազվզող աչքերով: Այդպես էլ չհասկացա, նա ինչ գործ ունի այս
արտադրամասում, մեր ժամանակներում նա պետք է մարզպետ, կամ առնվազն պատգամավոր
լիներ: Պահը բաց է թողնում, կարող է այնպես պատահել, որ ժամանակները փոխվեն, եւ
նման կարեւոր արտաքին եւ ներքին տեսք ունեցողների առջեւ դռները փակվեն: Նա էլ էր
երեւի դա հասկանում, եւ փորձում էր կարեւոր տեսք ընդունել, ձգվելով բարձր
կրունկներով կոշիկների վրա:

Ընդմիջման ժամին որոշեցի մի փոքր հանգստանալ միջանցքում դրված բազմոցին նստած, այդ
պահին դա ավելի գերադասելի էր, քան արագ տեմպով սնվելը, որպեսզի ոչ մի րոպե
չկորսվի։ Բազմոցին նստած սովորությանս համաձայն իմ մտորումներն էի ձևակերպում ու
որոշ բաներ գրանցում նոթատետրիս մեջ, երբ իմ կողքով անցնող, երևի արտադրամասի
«վարչապետը» կանգ առավ ու զարմացած հետաքրքրվեց, թե ինչ եմ նկարում: Ստանալով իմ
պատասխանը, որ սա ոչ թե նկարչություն է, այլ իմ մտորումները պատրաստվող հոդվածի
վերաբերյալ, կլորացած աչքերով նայեց ինձ ու փորձում էր հասկանալ, թե հոդված գրող
մարդն ինչ գործ ունի այստեղ։ Գուցե՞ ինձ վարձել է մրցակից արտադրամասի տնօրենը: Դե
հասկանում եք, գոյության պայքար է, քաղաքական հարցեր կան...: Հետո պարզվեց, որ
մտածում էր, թե իրենց արտադրամասի գործունեության մասին գաղտնիքներ եմ գրանցում,
երևի ուրիշին ներկայացնելու համար։ (Տեղական նշանակության պետանվտանգության
կոմիտե)։ Ծիծաղելի էր, այդ ինչ մի բարդ գործ եք անում, որ դեռ դա էլ կարելի է
ուրիշներին հաղորդել։ Ցանկացած կին այս աշխատանքը, ճիշտ է, ոչ այս ծավալով, բայց իր
տանն անպայման անում է։ Բրիգադիրուհին նկատեց, որ վերադասի հետ զրուցում եմ ու
հարմար պահի մոտեցավ հարցնելու, թե ինչից էինք խոսում։ Արդեն ընկալել էի, որ սա
արտադրամասի «մոսկա»-ն է, որ փղի հովանու տակ փորձում է սեփական կարեւորությունն
ընդգծել։ Երբ նրա հետաքրքրությունը բավարելու համար ասացի,որ խղճի ազատության մասին
հոդված եմ գրում, նրա դեմքը մի պահ քարացավ, հետո սկսեց ժպտալ: Պարզ էր, որ չի
հասկանում, թե ինչի մասին է խոսք գնում: Մի երկու օրից սկսեցի նկատել, որ
ընդգծված սառն են գրանցում իմ աշխատանքի տվյալները։ Շաբաթվա վերջում հաշվարկ արվեց,
աշխատավարձը վճարելու համար ու պարզվեց, որ այդ յոթ տաժանակիր օրվա համար ես պիտի
ստանամ ընդամենը վեց հազար երկու հարյուր դրամ։ Եթե դա բաժանենք 60 ժամի վրա, ապա
ստացվում էր, որ իմ աշխատանքի մեկ ժամը արժեր 88 դրամ եւ 57 լումա: Սա հաշվարկվել
էր իմ մաքրած-տեսակավորած պարկերի քանակի հիման վրա, հաշվի առնելով այն, որ առաջին
օրը մաքրած հատիկեղենի քանակությունը չեն նշել, քանի որ մեկ օր աշխատողները ոչինչ
չեն ստանում, վճարում են երկրորդ օրվանից սկսած, այսինքն առաջին օրը ես ձրի եմ
աշխատել կամ ել մասնագիտական պրակտիկա էր եւ երեւի դեռ ես պետք է վճարեի նոր
մասնագիտություն ձեռք բերելու համար, սակայն իմ նկատմամբ շատ բարի են գտնվել: Դժվար
կլինի նկարագրել իմ դեմքի արտահայտությունը, այն բազմանշանակ էր այնքան, որ խեղճ
հաշվապահը սկսեց արդարանալ, թե ինքը մեղք չունի ու առաջնորդվել է բրիգադիրի
ներկայացրած տվյալներով։ Գրպանս դնելով այդ դառը քրտինքով վաստակած գումարը, դռների
մոտ շրջվեցի ասելու, որ էլ չեմ ուզում աշխատել ընտանեկան հանգամանքներից ելնելով,
մաղթեցի ամենայն բարիք ու դուրս եկա։ Միայն տանը կարողացա մի քիչ ուշքի գալ,
աստիճանաբար նեգրի (ներեցեք աֆրոամերիկացու) կարգավիճակից դուրս գալով զանգեցի
ընկերուհուս, հուզված պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա միայն քրքջում էր, թե սա
նորություն չէ, դու ուղղակի հարմար չես եղել այնտեղ, սպիտակ ագռավի նման, դրա համար
էլ «սարքել են գլխիդ», հիմա դրվածքն է այդպիսին, գործատուն հանգիստ երեսիդ կարող է
շպրտել, թե իզուր մի բողոքիր պայմաններից, դու չլինես, քո հորեղբոր աղջիկը կլինի,
նա էլ չգա, ուրիշին կգտնի։

Պարզվում է, կան դեպքեր, երբ մարդիկ շաբաթական նույնիսկ երեքից-հինգ հազար դրամի
համար են աշխատում, կամ, եթե արտադրանքը չի վաճառվում, դրա արժեքը պահում են
աշխատավարձից, անկախ նրանից, թե մեղավորն ով է։ Մի ծանոթ ունեմ, արտադրամասին պարտք
է հսկայական մի գումար` դժվար չէ պատկերացնել, որ նա դեռ երկար ստիպված է լինելու
ձրի աշխատել …

Սա կարող է նշանակել մի բան, որ մեր սեփական երկրում մենք նորից թույլ ենք տվել, որ
ճորտատիրական հասարակարգի նոր տեսակը գլուխ բարձրացնի։ Սակայն այն ժամանակ գոնե
ճորտերին կերակրել ու հագցրել են: Կարող եք հակառակել, թե նրանք ազատություն
չունեին, բայց ես այդ մի շաբաթվա ընթացքում առիթ ունեցա լսելու, որ
աշխատակցուհիներից մեկի քրոջն մի այլ արտադրամասում աշխատանքից հեռացրել են միայն
այն պատճառով, որ համարձակվել է բժշկի գնալ աշխատանքի ժամին: Համաձայն եմ, կարելի
էր նախազգուշացնել, բայց ի վերջո կարծում եմ, որ առողջությունն ավելի կարևոր է, քան
վաստակած մի քանի կոպեկը, կամ առավել ևս տնօրենի կորցրած շահույթը։ Իսկ երբ այդ
բանվորուհին լուրջ հիվանդությամբ ընկնի հիվանդանոց, ո՞վ է տիրություն անելու։ Ես
նշեցի ընդամենը մի քանի դեպք, իսկ որքան նման բաներ գիտե ընթերցողը։ Մեր
հասարակության հիմնական խնդիրը եղել ու մնում է էգոիզմն ու տարանջատվածությունը
միմյանց պրոբլեմներից։ «Դա իմ գործը չէ» ցուցապաստառը մտովի բարձրացրած ապրում ենք
այնքան ժամանակ, քանի դեռ երևույթը մեզ չի վերաբերում, իսկ անմիջական շփում
ունենալուց հետո էլ գլուխներս կախ դիմանում ենք: Դե ինչ, յուրաքանչյուր ժողովուրդ
ընտրում, կամ ներեցեք` ստանում է այնպիսի ղեկավարություն, որին արժանի է, այդ
օրինաչափությամբ էլ մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքն այնպես, ինչպես ինքն
է որոշում։

Այսքանից հետո ավելացնեմ միայն, որ հարևանուհիս դեռ աշխատում է այն արտադրամասում…