NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինքնամաքրում
…Ներսիցդ կարծես ինչ-որ բան է այրում:Ուզում ես մտքերդ կարգավորել,
խաղաղեցնել,բայց չի ստացվում: Հայացքդ թափառում է այս ու այն կողմ, միտքդ սկսում է
տենդագին փնտրել Ավետարանի փրկարար խոսք- հաբը, չի՜ օգնում...
Փորձում ես աղոթել` դարձյա՜լ ապարդյուն… Սկսում ես հեռուստացույցի ալիքները թերթել,
ուզում ես գտնել որևէ բան, որ հոգուդ զովություն կբերի, կամ` գոնե որևէ բանի վրա
կկենտրոնանաս, քեզ անհանգիստ անող, կամքդ թուլացնող մտասևեռումից կհեռանաս, գոնե
առժամանակ կկտրվես… Եվ սակայն` չի գտնվում մի բան,որ կարող է քիչ թե շատ ամոքել,
դարմանել հուզախռով, չկառավարվող միտքդ. միտքդ, որ, կամքիդ հակառակ, վատ բաներ է
մտածում քեզ այս վիճակին հասցնողի հասցեին… Ու պայքարու՜մ ես, պայքարում դրա դեմ.
ուզում ես խաղաղվել, լավը մտածել, ներողամիտ լինել, մեծահոգի՜… Չ՞է որ իր
թուլությունն է նրան դրդել՝ քեզ վիրավորել, նրա կապվածությունը, գամվածությունը
նյութին, աշխարհին։ Չ՞է որ մարդ է, Աստծո պատկերն է կրում, ու նույնպես փրկվելու
շանս ունի… Չ՞է որ պահ առաջ քեզ զորեղ էիր զգում, սիրելու, ներելու ընդունակ՝ «Ոչ
մի բանով չհաստված, եւ ոչնչով չբանտված»…
Բայց ահա՝ չե՛ս կարողանում ներել։ Չես կարողանում ազատվել անդադար դատապարտվելուց,
վիրավորողիդ հետ մտովի խոսք ու զրույցից, կրածդ նվաստացումը մաքրելու տենչից… Ահա,
այստեղ է գաղտնիքը` կրածդ նվաստացումն է քեզ հալածողը, կոխկրտված
արժանապատվությունը։ Ու հասկանում ես` թունավորվա'ծ ես։ Դառը լեղին լցվել է
էությանդ մեջ ու թունավորու՜մ, գետնում է քեզ, թուլացնում ավելի ու ավելի… Այ՛, դրա
համար էլ չես ներում թե' նրան, թե՛ քեզ, բայց առավել` քեզ: Եվ միայն մի ճանապարհ կա
նորից վերականգնվելու, կրկին այրանալու, ընկած արժանապատվությունդ ետ առնելու`
ազատվե'լ թույնից, վերականգնել խոսակցությունը։ Ու հիմա հազար ու մի տարբերակով
փորձում ես պատկերացնել այդ կայանալիք խոսակցությունը, հազար ու մի երանգ ես
մտցնում՝ առավել համոզիչ լինելու, դիպուկ ու շեշտակի՝ դիմացինին կասեցնելու համար,
նրան շղթայելու, ինչպես ինքնդ ես այժմ շղթայված։ Ըհը', կարծես ամեն բան իր տեղն է՝
ամեն տարբերակ քննել ես, կարծես պատրաստ ես, ցանկացած հակադարձում ու արձագանք
կկասեցնես ու… չե'ս վճռում։ Վարանո՛ւմ ես։ Հա, հեշտ է տանել խոսակցություն՝ մտովի։
Հեշտ է, քանզի այդ ժամանակ քո բոլոր արգումենտներին պատասխանող չկա, ի'նքդ ես
պատասխանում։ Ու շարունակ տենդի մեջ՝ ցանկացած խոսքի, պատասխանի դեմ նոր քայլ,
հակահարված ես մտածում։ Դա նման է ինքդ քեզ հետ շախմատ խաղալուն. կարծես բոլոր
տարբերակները քննել ու հաշվառել ես, կարծես կարող ես ուժեղ մրցակցի դիմաց նստել ու
հաղթել։ Բայց հաշվի չես առել, որ մենամարտի ժամանակ արդեն այլ պայմաններում ես`
հոգեվիճակդ ուրիշ է, կարող են կասկածներ սողոսկել, արգելակում կլինի, ցայտնոտ ու …
կպարտվես։ Ինչպե՞ս վարվել։ Ինչպե՞ս դուրս գալ ինքնակեղեք, տվայտագին տեղապտույտից…
Ցանկացած տվայտումից, տենդագին ճիգերից, ամենալավ պատրաստվածությունից,
մտավախություններից ու դրանց դեմ մարտնչելուց, ինքնակեղեքումից ու կրկին
բարձրանալու աղոթքներից առավե'լ կարեւոր է հավատարմությունը ։
Հավատարի'մ մնալ աստվածապատկեր մարդկային նկարագրին` տե'ր կանգնել, նորոգել կոտրված
արժանապատվությունդ՝ ոչ թե ցավդ մեղմելու, «ես»-իդ վիրավորանքը դարմանելու համար,
այլ, որ պարտավոր ես, պատասխանատո'ւ դրա համար։ Քանի որ Արարչիդ պատկերն ես կրում,
նրան ես ներկայացնում։ Քանի որ ընկրկել ես, ոչ թե ծնկել։ Մի պահ կարկամել ես, ոչ թե՝
անխռով լռել։ Ուրեմն, ինչ էլ լինի, պիտի խոսքդ ասես։ Պիտի՛ գոտեմարտես։ Որ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵՍ ։
* * * * *
Մեր այսօրվա հասարակությունը դիմազրկված է այսքան, մեր ժողովրդի անցած դարերում
ունեցած նկարագրից շեղված է այսքան մեն-մի պատճառով` շարունակ ոտնակոխ
արժանապատվության։ Դրանից է, որ այսքան ընկել է շատ- շատերի ինքնագնահատականը, ու
նրանք ապրում են այդ ինքնագնահատականի վարքով։ Ու կորցրել են նաեւ իրենց
հմտությունները՝ թե մասնագիտական, թե որպես հայր ու ամուսին, առավել եւս՝ որպես
քաղաքացի։ Տրորված արժանապատվությունն է պատճառը, որ չարացած են կամ անտարբեր, որ
ապրում են ինքնահոսի, դժգույն ու անկյանք օրեր են քաշում ու… հուսալքված են։ Ոչ մի
ակնկալիք՝ թե մի բան կփոխվի, կյանքը կնորոգվի։ Բայց չկա, կամ թույլ է ցանկությունը,
որ իրենք նորոգվեն։ Անգամ չեն ուզում վերականգնել հին իմացածը, ուր մնաց նորը
սովորեն: Քանզի թունավորված են։
Շարունակ լլկված արժանապատվությունը՝ իրենց վիրավորելու տեսքով, շահագործելու ու
խաբելու տեսքով, ազատագրական, անկախության համար իրենց պայքարում փայփայած հույսերը
փշրելու տեսքով, զրկանքներ կրելը արհամարհելու, կյանքի վաստակը անհատույց թողնելու
տեսքով, - ահա այս ամենով փշրված արժանապատվությունը թույն է դարձել ու մաղձ, որ
մերթ ընդ մերթ թափվում է սրա-նրա վրա. տրանսպորտում՝ անծանոթի, աշխատանքում՝
ընկերների, տանը՝ հարազատների։ Թափվում է գոռոցի, հայհոյանքի ձեւով, կամ` լուռ
լարվածությամբ, նրա վատը կամենալու, մտմտալու, ետեւից խոսելու… իսկ շատերին
դարձնում է անբարտավան. մղում է նույն կերպ վարվելու այլոց հետ, ինչպես ոմանք իր
հետ են վարվել:
Ովքեր ճոխության մեջ են հիմա, իրենց հետ կարծես կապ չունի շուրջբոլորը ծավալված
թշվառությունը։ Քանզի նրանց չեն հակադարձել հասցրած վիրավորանքն ու զրկանքը։ Չեն
կասեցրել ալան-թալանը, չեն պատժել գործած ոճիրների համար։
Ուրեմն՝ նրանք են ճիշտը, նրա'նց պետք է նմանվել… Ու համալրում են աղբյուրների
պռնկին բազմած հրեշի մարմինը…
Կյանքի նորոգում, հանուր բարօրություն, երջանիկ մանկություն, բարի ու գեղեցիկ
փոխհարաբերություններ, տնտեսական իրական աճ, սոցիալական բարվոք վիճակ` այս ամենը
գտնելու հույսով մերոնք հոծ խմբերով մինչեւ աշխարհի ծայրերն են հասնում, ուշատ
անգամ խոր հիասթափություն ապրում։ Մինչդեռ այս ամենը կլինի այստեղ, կգտնե'նք այստեղ՝
ընդամենը սովորելով, վերստի'ն, կրկի'ն, նորովի'...
