NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայկական ինտելիգենցիայի և ինտելեկտւալների մասին
Այս հոդվածը ռուսերեն՝
Микаел Багдасарян
Эссе об армянской
интеллигенции, интеллектуалах и не только
Ինտելիգենտ /մտավորական/ բառը լատիներենից թարգմանվում է այսպես`
intelligens – հասկացող։
«Մտավորականը մշակույթ ստեղծող մակաբույծ է»
Տադեուշ Կոտարբինսկի
Հայաստանում կրկին փորձում են նմանվել ինտելիգենտներին։ Չե՞ք հավատում։ Դե ինչ`
բերեմ որոշ ապացույցներ։
Մեր անկախության արշալույսին, երբ մտավորական բառը դեռ հպարտությամբ էին
արտասանում, այդ դասի ներկայացուցիչներն ինտելեկտուալների հետ միասին եկան
իշխանության։ Ավելի ճիշտ` հասարակության մնացած ստվար հատվածը հույսով ու հավատով
նրանց բերեց իշխանության։ Սակայն ինտելիգենտները, ինչպես ամենուր, հայտնվելով իրենց
համար ոչ բնական միջավայրում, հասարակությանը հուսախաբ արեցին: Բայց նրանց շնորհիվ
«դարաշրջանի» հայկական հասարակությունում ձևավորվեց նոր քաղաքական, սոցիալական
մշակույթ: Որպես հետևանք, «մտավորականի» հարգված կերպարին սկսեցին փոխարինել նոր և
ավելի հեղինակավոր կերպարներ` «սեւշապիկավորները»/ ինչպես ժամանակին հայ
հեղափախականներին բնութագրեց Գորբաչովը/, «մորուքավորները», հետո արդեն
սափրագլուխները և ժողովրդի ծոցից դուրս եկած այլ երևույթներ։ Գուցե պատերազմը
նույնպես նպաստեց այդ մետամորֆոզներին, սակայն 13 տարուց ավել է, ինչ պատերազմը
վերջացել է, իսկ երեւույթը շարունակում է զարգանալ եւ նոր երանգներ ձեռք բերել:
Բայց ժամանակները փոխվում են։ Այժմ, երբ լրատվությունը դարձել է ավելի մատչելի,
Հայաստանն էլ երբեմն հայտնվում է համաշխարհային տեղեկատվական հոսքերում, երբ մեզ
ավելի ու ավելի հաճախ են այցելում քաղաքակիրթ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները,
բիզնեսմենները, լրագրողները, «մտավորականի» իմիջը կրկին սկսել է արդիական դառնալ։
Մտավորականի, այսինքն կիրթ ու «հասկացող» մարդու տեսք ունենալը դարձել է ոչ միայն
մոդայիկ, այլեւ անհրաժեշտ։ Նույնիսկ նրանց համար, ովքեր դե ֆակտո կրթություն չեն էլ
ստացել, սակայն դե յուրե ունեն բազմաթիվ դիպլոմներ։
Ինչ վերաբերում է «ինտելիգենտ» և «ինտելեկտուալ» բառերի նշանակությանը, ապա ակնհայտ
է այդ հասկացությունների շփոթը։ Եթե մնացյալ աշխարհում ինտելեկտուալն այն մարդն է,
որն ունի բարձր, զարգացած մտավոր ունակություններ եւ ինֆորմացիայի պաշար, ապա
Հայաստանում ինտելեկտուալ, այսինքն մտավորական է յուրաքանչյուրն, ով զբաղվում է
մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական աշխատանքով։ Օրինակ` նախախորհրդային ռուսական
հասարակությունում մտավորական էր համարվում այն անձը, ում հայրը, պապը, նախապապերը
եղել են մտավորական, այսինքն կրթված, դաստիարակված ու քաղաքավարի մարդիկ։
Հայաստանցիների մեծամասնությունը պատմական պատճառներով չի կարող հպարտանալ նման
անցյալով։ Այնպես որ այսօր «մտավորականի» կարգավիճակ է տրվում արտաքին տեսքի և
մայրենի կամ որևէ օտար լեզվի լավ իմացության պարագայում:
Ինչ վերաբերում է ինտելեկտուալ-մտավորականներին, ապա նրանց «միջազգային» բանավեճը
«մտավորական» հասկացության, դրա ծագման և էության մասին մինչ այսօր չի դադարում։
Ոմանք պնդում են, թե դա 19-րդ դարի զուտ ռուսական տերմին է, ոմանք էլ` թե դա
առասպել է կամ անցյալ դարի 20-ական, 60-ական թվականների արժանիքներից։ Բայց մեզ
ի՞նչ։ Մեր պատմությունն այլ է։
Մեր կրթված ժամանակակիցներին պատմությունը բաժանել է երեք գրեթե հավասար մասերի,
մեկը` մտածողները, մյուսը` երազողները, երրորդը` հասկացողները։ Առաջինը`
ինտելեկտուալներն են, երկրորդը` մտավորականները, երրորդը`
մտավորական-բյուրոկրատները։ Երկրորդ խմբի պատմությունն այնքան էլ հետաքրքիր չէ,
քանի որ այնքան էլ չեն տարբերվում հետխորհրդային շրջանի իրենց «եղբայրակիցներից»,
նույն հավակնությունները, նույն հասարակական գործունեությունը, որն ավելի շատ
հողմացույցի դեր է խաղում։ Առաջին և երրորդ խմբերի պատմությունն ավելի հետաքրքիր է,
ցայտուն և պարզ գծագրվող։
Դպրոցական տարիներն ինտելեկտուալի համար անցել են ոչ այնքան սահուն։ Քանի որ նրան
միշտ չէ, որ հետաքրքիր է եղել այն, ինչ դասավանդել է մտավորական ուսուցիչը։ Շատ
բաներ նա արդեն իմացել է գրքերից։ Ապագա բյուրոկրատ-մտավորականը հակառակը`
ջանասիրաբար է սովորել, կամ նրա փոխարեն ջանացել են ծնողները։ Քանզի և՛ նա, և՛ նրա
ծնողները հասկացել են, որ օրագիրը, ատեստատը, կամ այլ ցուցադրական փաստաթուղթ
«մարդու դեմքն» է։ Ինտելեկտուալի նախասիրությունները նրա շրջապատի համար միշտ էլ
թվացել են անիմաստ և անօգուտ, այն դեպքում, երբ «վերնախավի» երիտասարդության
հրապուրանքները միշտ էլ ուղղված են եղել դեպի «պայծառ ապագան»։
Ինտելեկտուալն ընդունվում է ԲՈՒՀ եթե ոչ առաջին, ապա երկրոդ փորձից անպայման, իսկ
ֆակուլտետի ընտրությունը նրա համար պատվի և աշխարհայացքի վրա է հիմնված։
«Վերնախավային» նմուշի դիմորդն ընդունվում է ԲՈՒՀ միայն առաջին «մոտեցումից» և եթե
ոչ առևտրա-տնտեսագիտական, ապա այնպիսի ֆակուտետ, ուր նրա դիպլոմն արդեն պատվիրված
է։
Ինտելեկտուալի ձեռագիրն ընդհանուր առմամբ վատն է, իսկ ստորագրությունն անընթեռնելի։
Էլիտար մտավորականը գրում է անթերի, գրեթե մարգարտահատիկ ձեռագրով, որը տարիների
ընթացքում սեփական ստորագրությունը հղկելու արդյունք է։
Ինտելեկտուալը կարիերա չի անում։ Դա նրան տրված չէ, դե մի կողմից պետք էլ չէ։ Նա
անփութորեն գցում է գրքերը գրասեղանի վրա այն դեպքում, երբ «ձգտող» մտավորականն իր
կուսակցականի անդամատոմսը կամ վկայականը խնամքով կազմում է պոլիէթիլենով,
հասկանալով, որ կարիերան հարգանք է, ենթակաների քանակություն, նորմալ աշխատավարձ և
մնացած ենթադրվող առավելությունները։
Վերնախավային մտավորականը սովոր է համբերել, միշտ հեռատես է և ուշադիր հետևում է իր
երազանքների միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։ Նրան լավագույնս
բնութագրում է պետքական մարդկանց հետ մտերմություն անելու կարողությունը։ Կայանալու
փուլում` ինտելեկտուալների, ինքնահաստատման փուլում «աշխարհի ուժեղների» հետ
ընկերությունը (չմոռանալով օգտվել նախորդ փուլի «արդյունքներից»)։ Իսկ
ինտելեկտուալը, լինելով անկախ Հայաստանի քաղաքացի, կանգնում է ընտրության առաջ` կամ
հեռանալ երկրից, կամ ներփակվել ինքն իր մեջ, կամ էլ…
Բյուրոկրատ-մտավորականների իշխանությունն արդեն թուլացել է։ Երկրի անցման շրջանի
ձգձգումը հնարավորություն է տալիս մի քանի ուղղություններով զարգանալու։
Ուղղություններից մեկն է` երկրի վերջնական հետընթացն ապահովելու ճանապարհների
հարթումը, երկրորդը` ոչ բյուրոկրատների ղեկավարությունը և օտարերկրյա կապիտալի
իշխումը երկրում (որը հնարավոր է այնքան վտանգավոր չէ որքան առաջինը, չնայած ըստ
էության ճանապարհները նման են), երրորդը` ճանապարհ է, որը տանում է դեպի անցյալի և
ներկայի կարծրատիպերի վերաձևման, նոր քաղաքական, հասարակական, սոցիալական
կուլտուրայի։ Վերջին ուղին անհավանական է թվում, բայց այն հնարավոր է, չնայած
գործընթացը ցավագին կլինի։ Իրական է, եթե, իհարկ, բաց չթողնվեն այն
հնարավորությունները, որոնք առաջանում են ներկա «անցման շրջանի» արդյունքում։ Որքան
կտևի այս շրջանը` ոչ ոք չգիտե, գուցե մի երկու տարի, իսկ գուցեև ավելի շատ։
Իսկ առայժմ, ինչպես և 20-րդ դարի վերջում` «վերևներին» մոտ կանգնած սեփականատերերը
ընդլայնում են իրենց ներուժը, առավելագույնս մոտենալով կայսերական
հնարավորությունների։ Հասարակության կրթված շերտը` մտավորականները, դառնալով իշխող
վերնախավի թեկնածու, իրական իշխանության անկյունաքարային լծակներ այդպես էլ
չստացան։ Այսպիսի արդյունքներով էլ նրանք հեռացան քաղաքական ասպարեզից։
Ինչ վերաբերում է ինտելեկտուալներին, ապա նրանք, ի տարբերություն «վերնախավային»
կարգի մտավորականների, չեն կարողանում օգտագործել սեփական մտածողության
հնարավորությունները «պետքական մարդկանց» հետ հարաբերություններում ճկունության
հասնելու համար։ Ինչն էլ թույլ չի տալիս գալ ընդհանուր հայտարարի բանավեճերում, կամ
հենց իրենց նմանների հետ շփումների ընթացքում։ Նրանք որպես «դասակարգ» ձևավորվելու
ըստ ամենայնի ունակ չեն։ Հաշվի առնենք, որ քանակապես նույնպես զիջում են արդեն
կազմավորված դասերին։
Ինտելեկտուալները կարող էին որոշակի պայմաններում դառնալ պատմական ուժ։ Սակայն դրա
համար պետք է պասիվ հայեցողի կարգավիճակից դուրս գալ և անցնել գաղափարներն
ակտիվորեն առաջ մղելու գործընթացի։ Դա պետք է անել բանավեճերի միջոցով։ Ինչ
վերաբերում է արդյունքներին, ապա նրանք շատ լավ գիտեն, որ թերմոդինամիկայի երկրորդ
օրենքը գործում է ոչ միայն բաց, այլ նաև փակ համակարգերում։ Չէ՞ որ, ի վերջո
դարերով կուտակված տգիտության «բեռն» անխուսափելիորեն սկսելու է նվազել։ Սա
հասկանում են ինչպես «հասկացողները», այնպես էլ բնակչության մնացած մասը։ Եթե չեն
հասկանում, ապա անպայման զգում են։ Հարցն այն է, թե ինչպիսին կլինեն
փոփոխությունները` կոսմետիկ, թե՞ արմատական։ Եվ որ արդարանան ապագայի նկատմամբ
հույսերը ոչ միայն մտավորականների, այլեւ բոլորի…
