Պլանային ստուգումնե՞ր, թե՞ «հետապնդումներ».

Տեր-Պետրոսյանին բարյացակամորեն վերաբերվող ընկերություններն արժանանում են
հարկային ծառայության անսպասելի այցերին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց քաղաքականություն
իր վերադարձի մասին Ազատության հրապարակում հոկտեմբերի 26-ի տպավորիչ ելույթում:

Իր վերադարձը քաղաքականություն Տեր-Պետրոսյանը նշանավորեց գործող իշխանությունների
խիստ քննադատությամբ: Մասնավորապես, նա անդրադարձավ բողոքներին հարկային
ծառայության աշխատանքից ու տնտեսական աճի մասին հայտարարություններին, որոնք
անվանեց «ֆիկցիա»:

Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն վերադարձավ՝ կոշտ քննադատության ենթարկելով
ներկա իշխանություններին:

Իրենց հերթին Տեր-Պետրոսյանի հիմնական ընդդիմախոս վարչապետ Սերժ Սարգսյանին
ներկայացնող իշխանությունները՝ արգելափակելով առաջին նախագահի` հեռուստաեթերում
հայտնվելու հնարավորությունը, առանց որևէ լուրջ հակադարձման հայտարարեցին, թե
առաջին նախագահի ելույթն իրենց ավելի չի հետաքրքրում, քան Հայաստանում սննդամթերքի
գների աճը կամ շարքային մեկ այլ ընդդիմադիր գործչի ելույթ:

Սակայն քաղաքական վերլուծաբանների կարծիքով` իշխանությունների իրական արձագանքի
առումով նրանց ձեռնարկած գործողություններն ավելի հատկանշական են, քան նրանց
խոսքերը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը յուրահատուկ հնարավորություն է ընդդիմության
ինքնադրսևորվելու և ակտիվանալու համար»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Սակայն մինչև ընդդիմությունը կսկսեր ցույց տալ իր ակտիվությունը, ակտիվությունը
սկսվեց ոչ միայն քաղաքական ոլորտում:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը սկսեց մանրակրկիտ
ստուգումներ անցկացնել այն կազմակերպություններում, որոնք այս կամ այն կերպ
առնչվում են Տեր-Պետրոսյանին:

Հոկտեմբերից հարկային «ստուգումներ» սկսվեցին Գյումրու «ԳԱԼԱ»
հեռուստաընկերությունում, որը միակն էր հանրապետությունում, որ հանդգնեց
ամբողջությամբ հեռարձակել ՀՀ առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը, որում
Տեր-Պետրոսյանը ներկա իշխանություններին որակում էր «կոռումպացված և մաֆիոզ»:

Ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանի`
ելույթից հետո ինքը բազմաթիվ զգուշացումներ է ստացել ԱԱԾ-ից և «իշխանական»
օղակներից, որպեսզի դադարեցնի Տեր-Պետրոսյանին եթեր տրամադրելը:

«Ես քաղաքական որևէ կողմնորոշում չունեմ,- «ԱրմենիաՆաուին» ասաց Խաչատրյանը՝
հավաստելով, որ իրենց դեմ սկսած հետապնդումների պատճառն ընդդիմության տեսակետների
լուսաբանումն է: - Սակայն որևէ մեկին թույլ չեմ տա միջամտելու հեռուստաընկերության
խմբագրական քաղաքականությանը: Մենք ներկայացնելու ենք հանրությանը մեր երկրում
ընթացող բոլոր զարգացումները»:

Հանրությանը հետաքրքրող հետագա զարգացումները շարունակվեցին նոյեմբերի սկզբին, երբ
հերթական ստուգումներ սկսեցին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի»
հանքային ջրերի գործարանում և Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ
կազմակերպություններում:

Ստուգումները, սակայն, այնքան էլ անսպասելի չէին: Հնարավոր ստուգումների և «Սիլ
կոնցեռնում» նույնիսկ ձերբակալությունների մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռևս
սեպտեմբերի վերջերին, երբ Հայաստանի առաջին հաջողակ գործարարներից մեկը` «Սիլ
կոնցեռնի» հիմնադիր-նախագահ Խաչատուր Սուքիասյանը` չթաքցնելով իր «քաղաքական
նախընտրությունը», կանգնեց առաջին նախագահի կողքին:

«Ես միշտ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին եմ լինելու,- հոկտեմբերի 26-ին կայացած
ընդդիմության վերջին տարիների ամենազանգվածային հանրահավաքի ժամանակ լրագրողներին
ասաց առաջին շարքերում գտնվող Սուքիասյանը: - Ես պատրաստ եմ բոլոր հետապնդումներին:
Երբ ընտրությունդ գաղափարական է, երբ վստահ ես, որ քո ընտրությունը ճիշտ է, այդ
դեպքում պատրաստ ես լինում: Ցանկացած հնարավոր հետապնդում, ճնշում կընդունեմ մեծ
հաճույքով»:

«Հետապնդումները» սկսվեցին նոյեմբերի 5-ին, երբ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության և ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ առանց
զգուշացնելու ներխուժեցին Սուքիասյաններին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարան
և սկսեցին «ստուգումներ» իրականացնել, ինչի արդյունքում ոստիկանություն
տեղափոխվեցին գործարանի մեկ տասնյակից ավելի աշխատողներ և առաքման դուրս եկած 14
մեքենաներից 7-ը:

«Հարկային ստուգումներ միշտ էլ լինում են,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Սիլ կոնցեռնի»
մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը: - Այս ստուգումներն ուղեկցվում էին տարբեր
տեսակի ապօրինի գործողություններով: Օրինակ` «Բջնի» հանքային ջրերի գործարանում
առգրավվել են համակարգիչներ, գրամատյաններ ու փաստաթղթեր, որոնք առ այսօր առանց
որևէ պատճառաբանության չեն վերադարձվել: Մեր գործունությունը կաթվածահար վիճակում
է»:

Հարկային ծառայությունից «ԱրմենիաՆաուին» ասացին, որ իրենց գործողությունների մեջ
ոչ մի «ապօրինություն» չկա:

«Որևէ հրահանգ իշխանություններից մենք չունենք: Պլանային ստուգումներ ենք կատարում
և մոտ մեկ շաբաթից մամուլին կտրամադրենք մեր ստուգումների արդյունքներն այդ
աղմկահարույց գործի կապակցությամբ, ինչպես նաև Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության
ստուգումների վերաբերյալ»,- «ԱրմենիաՆաուին» ասաց հարկային ծառայության մամուլի
բաժնի աշխատակից Աննա Բաղդասարյանը:

Սակայն ըստ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի` իշխանություններն այս քայլով
փորձում են վախի մթնոլորտ սերմանել տնտեսավարողների մեջ, որպեսզի նրանց մտքով
չանցնի հետևել Սուքիասյանի օրինակին և կանգնել առաջին նախագահին կողքին, ինչը, ըստ
Ենոքյանի, ակնհայտորեն «վախեցրել է իշխանություններին»:

Սակայն Սուքիասյանը հավաստում է, որ իրենք վախեցած չեն և շարունակելու են պայքարն
օրենքի շրջանակներում:

«Մինչև վերջ պայքարելու եմ իմ իրավունքների, իրավական պետության կառուցման համար`
չփոխելով իմ քաղաքական հայացքները»,- ասում է Սուքիասյանը՝ չբացառելով պայքարը
մինչև Եվրոպական դատարան հասցնելու հնարավորությունը:

«Կարծում եմ` սա իշխանությունների ավանդական գործելաոճն է, և պետք չէ
զարմանալ,-«ԱրմենիաՆաուին» ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ
Շավարշ Քոչարյանը: - Դա նրանց [իշխանություններին] հատուկ ձեռագիր է, նրանք միշտ էլ
նման դեպքերում դիմում են այդպիսի քայլերի: Արդեն պետք է որ սովորած լինեինք»:

Մարիաննա Գրիգորյան,
«ԱրմենիաՆաուի» թղթակից