NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբը խելամտության է կոչում
«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների
ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, եւ արգելվում է
հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը։
Սպառողներն իրավունք ունեն ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ եւ լրացուցիչ
տեղեկատվություն, այդ թվում՝ արբանյակային, կաբելային (լարային) ցանցերով, անվճար
կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման
բաց ցանցերով։

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի
Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ
հեռուստաալիքի եւ մեկ ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար։
Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման
գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի հեռուստառադիոլսարանի՝ այլ
հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը»։
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենք, հոդված 4։

Գյումրիի անկախ լրատվական ալիք` ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նշված օրենքի նշված
կետը չի խախտել: Օրենքի այլ կետեր էլ չի խախտել:
Գյումրիի անկախ լրատվական ալիք` ԳԱԼԱ հեռուստաընկերության մասին Երեւանում եւ
հանրապետության այլ բնակավայրերում կարող էին եւ չիմանալ: Շատերը չգիտեին մինչեւ
2007 թվականի հոկտեմբեր: ԳԱԼԱ-ն սփռվում է միայն Շիրակի մարզում, այն էլ՝ ոչ բոլոր
բնակավայրերում: Բայց այժմ, ԳԱԼԱ-ի մասին գիտեն բոլորը, գիտեն նաեւ Հայաստանից
դուրս: Գիտեն, որովհետեւ ԳԱԼԱ-ի շուրջ ոչ այնքան բնական զարգացումներ են, արդեն
ավելի քան երկու ամիս:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ցուցադրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
ելույթները եւ մաս-մաս եւ ամբողջությամբ: ԳԱԼԱ-ում պնդում են, որ հենց սրանից հետո
պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր կառույցներ` հարկային տեսչություն,
ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քաղաքապետարան, սկսել են
հալածել եւ հետապնդել իրենց: Նախ հարկային ծառայությունն է ստուգումներ անցկացրել
եւ քրեական գործ հարուցել` հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու համար: Հետո
ոստիկանությունն է «մտել» ԳԱԼԱ: Ի դեպ, ոստիկաններից մեկը բոլորի աչքի առաջ քաշքշել
է ԳԱԼԱ-ի մասնագիտական պարտականությունները կատարող օպերատորին: Այս առթիվ
հարուցված քրեական գործը դատախազությունում է եւ առայժմ առաջընթաց չկա: ԳԱԼԱ
այցելած մեկ այլ ոստիկան օրեր անց, արդեն Երեւանի փողոցներից մեկում, քաշքշել եւ
սպառնացել է ԳԱԼԱ-ում իրեն նկարած լուսանկարչին: Այս փաստի առթիվ անգամ քրեական
գործ չի հարուցվել:

Սրանից հետո Գյումրիի քաղաքապետարանն է գործի անցել: Քաղաքապետարանում հիշել են, որ
ԳԱԼԱ-ն քաղաքի հին հեռուստաաշտարակը զբաղեցնելու եւ օգտագործելու համար պետք է
որոշակի գումար վճարի: Սա այն դեպքում, երբ ԳԱԼԱ-ն անտերության մատնված տարածքը
նորոգել տեսքի է բերել եւ 50 մարդու աշխատանքով ապահովել: Ինչեւեէ, ԳԱԼԱ-ն համաձայն
է վճարել եւ նախկին տարիների եւ հետագայի համար: Եվ եթե ըստ ԳԱԼԱ-ի, տարածքի համար
կարող է պահանջվել ամսեկան 25-30 հազար դրամ, ապա քաղաքապետարանում վստահ են, որ
ամսեկան 200 000 դրամ պետք է վճարվի` անցած ողջ ժամանակահատվածի համար 25 212 000
դրամ: ԳԱԼԱ-ն բնականաբար հրաժարվում է քաղաքապետարանի այս կամակորությունը
հանդուրժել: ԳԱԼԱ-ի շուրջ զարգացումները «խստորեն կազմակերպված դավադրություն» է
որակել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբը: ԳԱԼԱ-ին իրենց զորակցությունն են
հայտնել եւ հեռուստաընկերության դեմ սկսված «խաչակրաց արշավանքը» դատապարտել ոչ
միայն Գյումրիում, այլ նաեւ Երեւանում, Վանաձորում աշխատող մի շարք ՀԿ-ներ: ՀԿ-ները
ստեղծել են ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբ: Ի դեպ, ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբը
տեղեկություն ունի, որ ազգային անվտանգության Շիրակի կառույցը բոլորին ստիպում է
ԳԱԼԱ-ում գովազդ չպատվիրել: Նույն շտաբին դիմած մի շարք ընտրողներ իրենց
մտահոգությունն են ներկայացրել։ Նրանք համոզված են, որ եթե ԳԱԼԱ–ն զրկվի եթերից,
եթերային բազմակարծությունը չի լինի եւ ընտրողները կդժվարանան նախագահական
ընտրությունների ժամանակ ճիշտ կողմորոշվել։
ԳԱԼԱ-ին աջակցող բողոքի հերթական ակցիան կազմակերպել էր հենց այս շտաբը դեկտեմբերի
19-ին` Գյումրիում, որին մասնակցում էին ոչ միայն ԳԱԼԱ–ին սատարող
կազմակերպությունները, այլ նաեւ, Շիրակի մարզի 3 տասնյակ բնակավայրերի բնակիչներ:
Հավաքը անվանված էր «Ազատ քաղաքացիների Գյումրիի հանրահավաք»: Հավաքում բարձրացված պաստառները բավական են ԳԱԼԱ-ին սատարողների տրամադրվածության եւ պահանջների մասին
պատկերացում կազմելու համար: «Ամոթ Զիլֆիմյանին, Ամալյանին եւ մյուս վնասատուներին», «Իշխանությունները փոփոխվում են, ազատությունը հավերժական է», «Լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը», «Նահանջի տեղ չկա», «Վով ԳԱԼԱ-ի ծառը,
մենք նրա անտառը», «ԳԱԼԱ փակողը չի ծնվել, կասկածողների համար մանկապարտեզ ենք բացել», «Առանց խոսքի ազատության մենք չկանք, միացեք մեզ», «Այսօր ոտնձգություններ կատարողները պատժվելու են հանրային արհամարհանքով եւ Աստծո անեծքով, գալու է այդ օրը» եւ այլն: Հավաքին ելույթ ունեցած բոլոր բանախոսներն էլ համոզված էին, որ ԳԱԼԱ-ն հաղթելու է, քանի որ պայքարում է ազատության համար, առավել եւս, որ ԳԱԼԱ-ի հետ տեղի ունեցողը ուղղված է բոլոր ազատ քաղաքացիների դեմ:
Վերջում հավաքի մասնակիցները ԳԱԼԱ-ին հալածող բոլոր կառույցների կոչ արեցին հրաժարվել նման քայլերից: Իսկ «այս պահանջները արհամարհելու դեպքում ձեռնամուխ ենք
լինելու այլ համարժեք միջոցառումների, այդ թվում ձեր պաշտոնանկման հաճելի եւ ազգանպաստ գործընթացին»:
