NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բողոքի ակցիաներ Հրանտ Դինքի հիշատակին
Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթից տեղեկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի «ՆՈՒՌ» երիտասարդական միությունը այս տարի հունվարի 19-ին կազմակերպելու է Թուրքիայի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Երիտասարդական միության անդամներն առաջարկելու են հիշել ու հաշվի առնել այժմյան Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործած բոլոր հանցագործությունները: Սուրբ Հարություն եկեղեցում աղոթք է հնչելու Թուրքիայում սպանված բոլոր քրիստոնյաների համար, Թուքիայի դեսպանատան առաջ հիշատակի ցույց է կազմակերպվելու: Բացի այդ կլոր սեղան է հրավիրվելու «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում» խորագրով, ցուցադրվելու է Հրանտ Դինքի մասին պատմող ֆիլմ: Միջոցառումների ժամանակ հայ երիտասարդները Թուքիայի կառավարությանը կոչ են անելու թուրք գրող Ռեջեփ Զարակողլուին ազատել դատական հետապնդումից: Ինչպես հայտնի է, արդարադատությունը ցանկանում է գրողին «թուրքական ազգին վիրավորելու համար» դատապարտել մինչև 3 տարի ազատազրկման: Զարակողլուի հետապնդման պատճառ է հանդիսացել Լոնդոնում ապրող հայ գրող Ջորջ Ջերջիյանի «Ճշմարտությունը մեզ ազատ կդարձնի» գիրքը թուքերեն թարգմանելը: Նախատեսվում է, որ միջոցառումների արդյունքում կընդունվի մի բանաձև և այն կուղարկվի Եվրոմիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանություններին:
