NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը սպասում է
Գրեթե մեկ ամիս է անցել Հայաստանում նախագահական ընտրությունների օրվանից հետո,
սակայն երկիրն ամենեւին էլ չի խաղաղվել։ Մարտի մեկից մտցված արտակարգ դրության
ռեժիմը միայն արտաքուստ է պահպանում հանգստություն, իշխանությունները պարբերաբար
հայտարարում են, որ ռեժիմի պայմանների լուրջ խախտումներ չեն դիտվում։ Սակայն
նույնիսկ իշխանությունները չեն համարձակվում հայտարարել, որ լարվածությունը
հասարակության մեջ նվազել է։
Այսօր արդեն ակնհայտ է, որ մարտի 21–ը, այն օրը, երբ ավարտվում է արտակարգ դրության
ռեժիմի ժամկետը, պակաս անհանգստություն չի առաջացնում, քան այդ ռեժիմի սկզբնական
շրջանը։ Եվ չնայած Հայաստանի իշխանությունները երկրում հաստատված ռեժիմի երկարացման
մտադրություն չեն արտահայտում, դատելով նրանց գործողություններից, առանձնակի
վստահություն իշխանությունների կողմից չի զգացվում։
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանի ներկայացուցիչների ձերբակալությունները
շարունակվում են, ձերբակալությունների աշխարհագրությունն ավելի ու ավելի
ընդլայնվում է։ Այն հանգամանքը, որ ձերբակալությունների ալիքը բարձրանում է
հանրապետության մարզերում եւ ներառում է ընդդիմության նախընտրական շտաբերի
ներկայացուցիչներին, վկայում է միայն այն մասին, որ իշխանությունները մտահոգված են
մարզերի բնակչության հետագա ակտիվացման հեռանկարով։ Այդ ձերբակալություններին այլ
բացատրություն տալը դժվար է։
Այլ բան չէր էլ կարող լինել, հաշվի առնելով Լեւոն Տեր–Պետրոսյանի
հայտարարությունները այն մասին, որ մարտի 21–ից հետո ընդդիմության ցույցերը
շարունակվելու են։ Եվ, քանի որ նշված ժամկետից հետո պետք է վերացվեն
սահմանափակումները ԶԼՄ–ների գործունեության վերաբերյալ, իշխանությունների տագնապը
կարելի է հասկանալ։ Ակնհայտ է, որ երկար ժամանակ օբյեկտիվ ինֆորմացիայից զրկված
հասարակությունն անկասկած կփորձի հագեցնել տեղեկատվական քաղցը ոչ միայն փոքր
տպաքանակ ունեցող հայաստանյան թերթերի միջոցով։
Հարկ է նշել, որ ոչ միայն ձերբակալությունները եւ խոսքի ազատության սահմանափակումն
են դարձել հասարակության պահպանվող լարվածության պատճառը։ Հիմնականում այդ
լարվածությունն իշխանությունների կողմից մարտի 1–ի ցույցը բռնի ուժով ցրելու եւ
արդյունքում զոհերի առկայության փաստի հանդեպ արձագանքն է։ ԶԼՄ–ներում արծարծված
բանավեճը զոհերի առկայության պատճառների վերաբերյալ, առաջին հերթին, հայաստանյան
հեռուստաալիքների կողմից մարտի 1–ի իրադարձությունների միակողմանի լուսաբանումը ոչ
մի կերպ չեն նպաստում վստահության մթնոլորտի հաստատմանը։ Հակառակը, անվստահության
աստիճանը պաշտոնական տեղեկատվության եւ բուն իշխանությունների հանդեպ կտրուկ
բարձրացել է։
Այստեղ դեր է խաղում նաեւ այն հանգամանքը, որ արտակարգ դրության պայմաններում
ընդունված Սահմանադրական դատարանի որոշումն՝ անցած ընտրությունների արդյունքների
վերաբերյալ, քչերի կողմից է ընկալվում որպես լեգիտիմ որոշում։ Գերակշռում է այն
կարծիքը, որ Սահմանադրական դատարանը կատարել է իշխանությունների պատվերը եւ գործել
անհրաժեշտ ազատության բացակայության պայմաններում։ Այս հանգամանքը գիտակցում են
նաեւ երկրի իշխանությունները, որոնց անդադար ջանքերն՝ ընտրական գործընթացը ավարտված
ցույց տալու վերաբերյալ, ապարդյուն են թվում։
Դրան նպաստում է նաեւ արեւմտյան գերտերությունների մեծամասնության դիրքորոշումը, եւ
նրանց գործողությունները հայտնաբերում են Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի
միանշանակ հաղթանակը ճանաչելու չկամությունը։ ԱՄՆ–ի եւ եվրոպական կառույցների
կողմից Հայաստանի իշխանություններին առաջ քաշված կտրուկ պահանջները, ինչպես նաեւ
Հայաստանի հայտարարված նոր նախագահին՝ գործող վարչապետին ուղղված շնորհավորանքների
բացակայությունը միայն ավելացնում են Հայաստանի հասարակության անվստահությունն
ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այս պայմաններում Հայաստանի
իշխանությունների անհաջող փորձերը՝ հարթեցնել Հայաստանի շուրջ ստեղծված ոչ
միանշանակ միջազգային պայմանները, նույնպես չեն աշխատում նրանց օգտին։
Բացի այս ամենից, միանշանակ չէ նաեւ իրավիճակը իշխանամետ ուժերի ճամբարում։
Վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, որն ուղղված է նոր իշխանամետ
կոալիցիայի ստեղծմանը, առայժմ չի դարձել երկրում իրավիճակի կայունացման լուրջ
գործոն։ Իշխանությունների հետ համագործակցելու ցանկություն հայտնած քաղաքական
ուժերի իմիջը կտրուկ ընկել է հասարակության աչքերում։ Ավելին, լարվածություններ են
առաջացել այդ ուժերի ներսում, դրանց անդամներից շատերը հավանություն չեն տալիս
իրենց ղեկավարների որոշումներին։ Չնայած վարչապետի շարունակական
հայտարարություններին՝ իշխանական համակարգում լուրջ փոփոխություններ անցկացնելու
մտադրությունների վերաբերյալ, այդ հայտարարությունների հանդեպ վստահություն առայժմ
չի նկատվում։
Այսպես թե այնպես, Հայաստանի իշխանությունները ծանր դրության մեջ են հայտնվել։ Մինչ
այժմ հասարակության ակտիվության սահմանափակման լրացուցիչ մեխանիզմների շնորհիվ է
պահպանվում որոշակի կայունություն։ Պետական կառույցներում ռեժիմի խստացումը /հիմնականում
ընդդիմությանը համակրող պետական ծառայողներին գործից հանելու սպառնալիքի միջոցով/,
ընդդիմության հանդեպ ռեպրեսիաները, այլընտրանքային ինֆորմացիայի սահմանափակումը՝
ահա այն մեխանիզմները, որոնք «հենակի» տեսք ունեն եւ որոնց ապավինում են
իշխանությունները։ Այսպիսով, պետք է պարզ լինի, որ իշխանությունների ընդհանուր
գործունակությունը չի համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին։
Այս իրավիճակում ոչ մի արդյունավետ քաղաքական լծակ չի կիրառվում։ Երկրի խորհրդարանը
չի գործում որպես կարեւոր ռեսուրս իրավիճակի քաղաքական կարգավորման համար։ Փաստորեն,
պատգամավորական կազմը սահմանափակվել է նախագահի եւ վարչապետի ցանկացած որոշումների
օրինականացման դերով։ Վերջիններս էլ ռեպրեսիվ լծակները քաղաքականներով փոխարինելու
պատրաստակամություն չեն հայտնում։ Հասարակության ակտիվությունը վերջնականապես
ճնշելու տրամադրվածությունն ուժի մեջ է։ Ըստ երեւույթի, հույս կա վերականգնել
նախընտրական ժամանակների ներքաղաքական ստատուս քվոն։
Նման իրավիճակում հույսը, որ իշխանությունը եւ ընդդիմությունը երկխոսություն
կհաստատեն պատրանքային է թվում։ Պատահական չէ, որ քաղաքացիների առանձին խմբեր
սկսում են ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները։ Առաջին հերթին սա վերաբերում
է ընդդիմադիր թերթերի խմբագիրներին, որոնք արդեն իսկ սկսել են հասկանալ, որ
աշխատանքային սովորական ռեժիմին վերադարձին սպասելը անիմաստ է։ Խմբագիրները
հայտարարել են, որ սահմանափակումների իմաստը լոկ իշխանություններին խանգարող
մամուլի պարալիզացումն է՝ «բռնատիրության պահպանման» նպատակով։
Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցները նույնպես անգործության չեն մատնված։ Ցույցերը
վերսկսելու մտադրություն ունենալով, տարբեր կուսակցություններ դիմում են Երեւանի
քաղաքապետարան՝ արտոնված միջոցառումներ անցկացնելու իրավունք ստանալու համար։ Իսկ
քաղաքապետարանը ոչ երանելի դրության մեջ է, քանի որ ոչ կարող է արտոնել, ոչ էլ
հիմնավորել մերժումը։ Իշխանությունների փոխհարաբերություններն ընդդիմության հետ
կարծես փակուղային են։
Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանությունների առջեւ ծառացած է Սերժ Սարգսյանի
երդման արարողության համար խաղաղ պայմանների ապահովման բարդ խնդիրը, նման
փակուղային իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում։ Արեւմուտքի կոշտ պահանջների
պայմաններում արտակարգ դրության ժամկետի երկարացումը չափազանց բարդ է։ Արդեն իսկ
վտանգի տակ են ԱՄՆ–ի ֆինանսական օգնության ծրագրերը։ Երկրում առաջացել է առաջին
անհրաժեշտության ապրանքների գների աճի վտանգ։ Արտակարգ դրության ռեժիմի վերացումն
առկա ներքաղաքական պայմաններում կարող է դժվարեցնել իշխանությունների առջեւ ծառացած
խնդիրները։ Իսկ մտածելու ժամանակ չկա։
Մնում է միայն հուսալ, որ հակադրվող կողմերը կտրուկ կվերանայեն իրենց
դիրքորոշումները։ Ցանկացած երկխոսություն անկասկած կարող է հանել լարվածությունը։
