NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով
2007թ. մայիսի 12-ի Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցած քրեկան գործի
վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ
Ա.Կարախանյանը եւ Հ.Ղուկասյանը 2008 թ. մարտի 20-ին բողոք են ներկայացրել ՀՀ
գլխավոր դատախազություն:
Ներկայացված բողոքն օրենքով սահմանված կարգով քննարկվել է, որի արդյունքները, հաշվի
առնելով Լ.Գուլյանի մահվան դեպքի շուրջ ձեւավորված հասարակական մեծ հնչեղությունը,
ներկայացնում ենք ստորեւ
«2007թ. մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանությունից Երևան քաղաքի
դատախազություն ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 14:30-ի
սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության
մասնաշենքի մոտ հայտնաբերվել է արական սեռի անձի դիակ: Դեպքի վայրի զննության
ժամանակ պարզվել է, որ հանգուցյալը հանդիսանում է Երևան քաղաքի Եղբայրության փողոցի
14 շենքի 23 բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Լևոն Աշոտի Գուլյանը: Վերջինիս դիակի
արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք առաջացել են
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին
բաժնի պետի` ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված աշխատասենյակի
պատուհանից փախուստի դիմելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
2007թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործը՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել է
նախաքննություն:
2007թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, քրեական գործն
ընդդատության կարգով հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ`
նախաքննությունը շարունակել համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ
Գ.Պետրոսյանը քրեական գործն ընդունել է վարույթ և շարունակել նախաքննությունը:
Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2007թ. մայիսի 9-ին՝ ժամը 22:30-ի
սահմաններում,Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 17 շենքի 1-ին հարկում գտնվող «Պանդոկ»
հացատան տնօրեն Լևոն Աշոտի Գուլյանը ծխելու նպատակով դուրս է եկել հացատնից և
տեսել, որ շուրջ 8-10 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրին Ստեփան Վարդանյանը և
ընկերները վիճաբանում են ոմն «Եմո» մականունով անձնավորության հետ` տալով միմյանց
սեռական բնույթի հայհոյանքներ: Լևոն Գուլյանը մոտեցել է նրանց և պահանջել հեռանալ
հացատան տարածքից, որն առիթ է հանդիսացել Ստեփան Վարդանյանի և նրա ընկերների հետ
վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որի ընթացքում Ստեփան Վարդանյանը հրազենից արձակված
կրակոցներից սպանվել է:
Ստեփան Վարդանյանի սպանության փաստի առթիվ Շենգավիթ համայնքի դատախազությունում
հարուցվել է քրեական գործ և հանցագործության բացահայտման նպատակով մայիսի 10-ի
առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին, ապա նույն
համայնքի դատախազություն է հրավիրվել Լևոն Գուլյանը, որն իր ցուցմունքում նշել է,
որ վիճաբանողներին դիտողություն անելուց հետո վերադարձել է հացատուն, իսկ երբ կրկին
դուրս է եկել` Ստեփան Վարդանյանն արդեն իսկ սպանված է եղել: Մինչդեռ, նույն հացատան
մատուցողուհի Մարինե Հրանտի Գրիգորյանն իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանության,
ծեծկռտուքի և կրակոցների ընթացքում Լևոն Գուլյանը եղել է նրանց կողքին` 2-3 մետր
հեռավորության վրա և հացատուն է վերադարձել միայն միջադեպի ավարտից հետո:
Հիշյալ հակասության պարզաբանման նպատակով 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը և
Մարինե Գրիգորյանը հրավիրվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր
վարչություն: Նշված օրը Լևոն Գուլյանը ժամը 14-ի սահմաններում ներկայացել է
ոստիկանությանՇենգավիթի բաժին, որտեղից ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 2-րդ
վարչության 1-ին բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազորներ Վ.Գիլոյանի և Ս.Մկրտչյանի հետ, «ՎԱԶ
2106» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով եկել է ՔՀԳ վարչություն:
Սահմանված կարգի համաձայն՝ ՔՀԳՎ-ում Լևոն Գուլյանի անվամբ, ժամը 14:30-ին լրացվել է
ՀՀ ոստիկանության վարչական շենք մուտք գործելու հայտագիր և անցաթերթիկ, ինչից հետո
նա հրավիրվել է ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Գ.Թադևոսյանի` ՔՀԳՎ վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակ: Վերջինս
շուրջ 30 րոպե զրուցել է Լևոն Գուլյանի հետ, որի ընթացքում Լևոն Գուլյանը հայտնել
է, որ Ստեփան Վարդանյանի հետ վիճաբանողներից մեկը եղել է «Եմո» մականունով
անձնավորությունը, իսկ մյուսներին չի ճանաչել: Նշված անձի վերաբերյալ տեղեկությունն
իմանալով` Գ.Թադևոսյանը դուրս է եկել աշխատասենյակից` այդ մասին զեկուցելու
նպատակով, իսկ Լևոն Գուլյանի հետ աշխատասենյակում մնացել է ՔՀԳՎ 2-րդ վարչության
1-ին բաժնի պետի տեղակալ Արայիկ Մկոյանը, որն ընդհանուր բնույթի խոսակցություն է
վարել վերջինիս հետ:
Լևոն Գուլյանը զրույցի ընթացքում իմանալով, որ ՔՀԳՎ է հրավիրվել նաև մատուցողուհի
Մարինե Գրիգորյանը, և, հասկանալով առերեսման անխուսափելիությունը, որի արդյունքում
չի կարող թաքցնել վիճաբանության և կռվի մասնակիցների, ապա սպանությունը կատարող
անձի ինքնությունը` որոշել է դիմել փախուստի:
Այդ նպատակով աշխատասենյակում գտնվող Արայիկ Մկոյանից խնդրել է ջուր տալ, իսկ երբ
վերջինս գնացել է ջուր բերելու, աշխատասենյակի պատուհանից փորձել է դիմել փախուստի,
սակայն շուրջ 7 մետր բարձրությունից վայր է ընկել գետնին և ստացած մարմնական
վնասվածքներից տեղում մահացել է:
Քրեական գործի քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2008թ. մարտի 12-ին
որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին` հանցակազմի
բացակայության պատճառաբանությամբ:
Քրեական գործի կարճման մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին ծանուցվել և
վերջիններս քրեական գործի նյութերին ծանոթացվել են 2008թ. մարտի 14-ին:
2008թ. մարտի 20-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանը և
Հ.Ղուկասյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ հատուկ քննչական
ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին
որոշման դեմ, այն վերացնելու պահանջով:
Ուսումնասիրելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանի և
Հ.Ղուկասյանի բողոքը` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ, և այն
համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներին, պարզվել է, որ ՀՀ հատուկ
քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանի որոշումը` հանցակազմի
բացակայության պատճառաբանությամբ, քրեական գործի վարույթը կարճելու մասին օրինական
է, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքն անհիմն է և ենթակա է
մերժման` հետևյալ պատճառաբանություններով`Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները
բողոքում նշել են, որ. «քրեական վարույթն իրականացնող մարմինը նախաքննության
ընթացքում խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները,
այն է` կատարել է քրեական գործի միակողմանի, թերի և ոչ օբյեկտիվ քննություն,
մասնավորապես նշելով, որ պատշաճ գնահատականի չեն արժանացել 2007թ. մայիսի 9-ի լույս
10-ի գիշերվանից մինչև մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում Լ.Գուլյանին
ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ խոշտանգումներ կիրառելուն,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելուն, և ի
վերջո նրան մահ պատճառելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների
գործողությունները»:
Բողոք ներկայացնող կողմը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ
հոդվածը, կոնկրետ չի նշել, թե քննչական որ գործողություններն են եղել միակողմանի,
ոչ օբյեկտիվ և որ գործողությունները չեն կատարվել, որոնք հիմք կարող են հանդիսանալ
քննությունը թերի գնահատելու համար: Ինչ վերաբերում է 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի
գիշերվանից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Լ.Գուլյանին ազատությունից
ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ խոշտանգումներ կիրառելուն, անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելուն, ապա քրեական գործի
նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Լ.Գուլյանը ոչ թե բերման է ենթարկվել,
այլ հրավիրվել է ոստիկանություն, այնտեղ նա ձերբակալված չի եղել, ունեցել է ազատ
տեղաշարժվելու իրավունք, ոչ ոք նրա նկատմամբ բռնություն կամ խոշտանգում չի կիրառել,
ոստիկանությունում հարցազրույցից, ապա հարցաքննությունից հետո վերադարձել է տուն և
նրա վրա որևէ մարմնական վնասվածք չի եղել: 2007թ. մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ի
սահմաններում, ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ՀՀ
ոստիկանության ՔՀԳ վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի երկու ՀԿԳ օպեր -
լիազորների հետ եկել է ՔՀԳ վարչություն, որտեղ ժամը 14:30-ին լրացվել է ՀՀ
ոստիկանության վարչական շենք մուտք գործելու հայտագիր և անցաթերթիկ:
Նշված հանգամանքը հիմնավորվել է ոչ միայն ՀՀ ոստիկանության աշխատակիցների
ցուցմունքներով, այլ նաև տուժողի կնոջ` Ջեմմա Գուլյանի, քեռու` Հովհաննես
Փափազյանի, «Պանդոկ» հացատան մատուցողուհի Մարջիկ Գրիգորյանի և բարմեն Հայկ
Մելքոնյանի ցուցմունքներով` այն մասին, որ ոստիկանությունում և այնտեղից
վերադառնալուց հետո Լ.Գուլյանի մարմնի վրա որևէ մարմնական վնասվածք չեն տեսել և չի
եղել /հատոր 1-ին` գ.թ 80-84, 98-100, 101-104, 105-107, 186-189, հատոր 2-րդ` գ.թ
115-118, 185, հատոր 3-րդ` 155-156, /:
Բողոքում նշված է, որ «նախաքննությունն առավելապես միտված է եղել 2007թ. մայիսի
9-ին Ստեփան Վարդանյանի սպանությանը նախորդող իրադարձություններին, Լ.Գուլյանի
ներկայությունը պարզելուն, ինչը բացարձակապես չի առնչվում քննվող քրեական գործի
հետ», մինչդեռ նշված քրեական գործերի քննության առարկան, անմիջական պատճառական կապի
մեջ է միմյանց հետ` Լ.Գուլյանը հարցազրույցի, ապա հարցաքննության է հրավիրվել նույն
Ս.Վարդանյանի սպանության հանգամանքները պարզաբանելու նպատակով, և սպանության
բացահայտման անհրաժեշտությունից ելնելով է նա հրավիրվել ՀՀ ոստիկանություն`
օպերատիվ հարցազրույցի, որի արդյունքում հասկանալով, որ չի կարող թաքցնել
վիճաբանության և կռվի մասնակիցներին, ապա սպանությունը կատարող անձի ինքնությունը`
փորձել է դրանից զերծ մնալ` փախուստի դիմելու միջոցով: Հիշյալ հանգամանքը չէր կարող
քննության առարկա չհանդիսանալ, հակառակ դեպքում պարզաբանված չէր լինի ՀՀ
ոստիկանության աշխատակիցների կողմից նրան օպերատիվ հարցազրույցի հրավիրելու, թե
պատճառը, և թե օրինականությունը:
Բողոքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նշել են, որ. «նախաքննության
մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի
պահանջները, կանխակալ մոտեցում է ցուցաբերել ապացույցներին, դրանց որոշ մասին,
մյուսների նկատմամբ, առավել կամ նվազ նշանակություն տվել` մինչև դրանց հետազոտումը
պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Այսպես նշելով, որ
Ա/ նախաքննության մարմինն անտեսել է քրեական գործով ձեռք բերված մի շարք
ապացույցներ, որոնք ուղղակիորեն հիմնավորում են Լ.Գուլյանի նկատմամբ ոստիկանության
աշխատակիցների կատարած հանցավոր գործողությունները և դրանց չի տվել իրավական
գնահատական: Նախ և առաջ դա վերաբերում է վկաներ Մ.Գրիգորյանի, Հ.Մելքումյանի,
Ջ.Գուլյանի և տուժողի իրավահաջորդ Ա.Գուլյանի ցուցմունքներին, որոնցով հաստատվում
են ինչպես Լ.Գուլյանի, այնպես էլ «Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներ Մ.Գրիգորյանի և
Հ.Մելքումյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիների կողմից կատարված կամայական և
ապօրինի գործողությունները: Այս ուղղակի մեղադրական ցուցմունքները կարճման որոշման
մեջ ընդհանրապես չեն քննարկվել:
Բ/ Նույն կերպ նախաքննության մարմինը բացարձակ անուշադրության է մատնել քրեական
գործում առկա փորձագիտական հինգ եզրակացությունները, այդ թվում` միջազգային անկախ
փորձագետների կողմից տրված դատաբժշկական եզրակացությունը, որոնք ոչ միայն հերքում
են նախաքննության հենց սկզբից քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջ
քաշված միակ և հետագայում «հիմնավորված» Լևոն Գուլյանի մահվան վարկածը, այլև
ուղղակիորեն մատնանշում, որ Լ.Գուլյանի մարմնի վրա առկա են վնասվածքներ, «որոնք
պատճառվել են մինչև ընկնելը ձեռքի կամ բռունցքի հարվածի հետևանքով»:
Բ/ Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմքում ընկած են միայն տվյալ
գործի ելքով ուղղակի շահագրգռվածություն ունեցող ոստիկանության աշխատակիցների
հաղորդած տեղեկությունները, որոնք քննադատական ստուգման և վերլուծության չեն
ենթարկվել: Դեռ ավելին, ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները որպես
բացարձակ ճշմարտություն ընդունելով, նախաքննության մարմինը նույնիսկ չի փորձել
պարզել, թե ինչ իրավական հիմքով են 2007թ. մայիսի 12-ին /կիրակի և ՀՀ Ազգային
ժողովի ընտրությունների օրը/ իբր «առերես հարցաքննություն» կատարելու նպատակով ՀՀ
ոստիկանության ՔՀԳՎ տարվել Շենգավիթի դատախազության վարույթում գտնվող սպանության
գործով մայիսի 10-ին որպես վկա հարցաքննված Լ.Գուլյանը և Մ.Գրիգորյանը»:
Անհասկանալի է բողոքող կողմի հիշատակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ
հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը և որպես դրա հիմնավորում ներկայացված Ա/,
Բ/, Բ/ ենթակետերը, որոնք իրավական առումով որևէ առնչություն չունեն նշված հոդվածի
պահանջի հետ: Ավելին` նշված ենթակետերում հիշատակված հանգամանքների վերաբերյալ
քննիչի կողմից, մինչև իրավական ընթացակարգի շրջանակներում դրանց պատշաճ
հետազոտումը, որևէ գնահատական չի տրվել, ապացույցներին առավել կամ նվազ
նշանակություն չի տրվել, որևէ որոշում չի կայացվել, այլ նախաքննության ավարտին,
քրեական գործում առկա ապացույցների համադրության հիման վրա և հիշատակված հոդվածի
1-ին մասի պահանջով` իր ներքին համոզմամբ, կայացրել է քրեական գործով վերջնական
որոշում: Ինչ վերաբերում է Մ.Գրիգորյանի և Հ.Մելքումյանի, Ջ.Գուլյանի և տուժողի
իրավահաջորդ Ա.Գուլյանի ցուցմունքներին` ոստիկանության աշխատակիցների կողմից
բռնություն գործադրելու վերաբերյալ, ապա վերջիններս իրենց ցուցմունքներում հստակ
նշել են, որ Լ.Գուլյանի մարմնի վրա մարմնական վնասվածքի որևէ հետք չեն տեսել: Իսկ
«Պանդոկ» հացատան աշխատակիցներ Մ.Գրիգորյանի և Հ.Մելքումյանի նկատմամբ բռնություն
գործադրելու վերաբերյալ Մ.Գրիգորյանն իր ցուցմունքներում ընդհանրապես նման
հանգամանք չի հիշատակել, իսկ Հ.Մելքումյանի ցուցմունքը` իրեն ծեծի ենթարկելու
մասին, հերքվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի
աշխատակիցների ցուցմունքներով և գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ
742 եզրակացությամբ, ըստ որի վերջինիս մարմնի վրա մարմնական վնասվածքի հետքեր չեն
հայտնաբերվել, որի վերաբերյալ 2008թ. մարտի 12-ին կայացվել է համապատասխան որոշում:
Քրեական գործով նշանակված փորձաքննություններում, միջազգային անկախ փորձագետների
եզրակացության մեջ որևէ տեղ արտացոլված չէ այնպիսի հետևություն, որ Լ.Գուլյանի
մարմնի վրա առկա են վնասվածքներ, որոնք պատճառվել են մինչև ընկնելը ձեռքի կամ
բռունցքի հարվածի հետևանքով: Ավելին` միջազգային անկախ փորձագետների եզրակացության
«Եզրակացություն» բաժնում հստակ նշված է. «... Տիպիկ պաշտպանողական վնասվածքներ
չկային: ... Վնասվածքները թարմ էին և ստացվել էին կենդանի վիճակում:
Դրանք հանդիսանում էին ուժեղ բութ հարվածի տրավմայի արդյունք, և ինչպես նշվել է,
կարող էին լինել մարդու` բարձրությունից ընկնելու հետևանք, որը հնարավոր էր 2-րդ
հարկի պատուհանից 2007թ. մայիսի 12-ին: Վնասվածքների բաշխումը և մարմնի դիրքը ցույց
էր տալիս, որ հանգուցյալը սկզբից դիպել է գետնին գլխով և մարմնի վերին մասով, և
հնարավոր է, որ նա ընկնելիս հարվածել է որևէ առարկայի, հնարավոր է` պատուհանի տակ
երևացող խողովակներին: Չկային այնպիսի վնասվածքներ, որոնց առկայությունը չբացատրվեր
բարձրությունից ընկնելով: /հատոր 4-րդ` գ.թ 79-120/»: Նշված եզրակացության
հետևությունն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ ԱՆ ՀԴԲԳԿ թիվ 402 և 418
եզրակացություններին /հատոր 3-րդ` 32-41/:
Լևոն Գուլյանի պատուհանագոգին ինքնուրույն բարձրանալու հանգամանքը հիմնավորվել է
գործով նշանակված դատամատնադրոշմային թիվ 16080702 եզրակացությամբ այն մասին, որ
ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկի ՔՀԳ-ի 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի
աշխատասենյակի պատուհանի միջանկյալ պատի ներսի մակերեսից, ինպես նաև պատուհանի
միջանկյալ պատի ձախ դրսի կողմի ապակու վրայից վերցված մատնահետքերը թողնված են
Լ.Գուլյանի համապատասխանաբար ձախ ձեռքի միջնամատի կողմից և աջ ձեռքի միջնամատի
կողմից /հատոր 2-րդ` գ.թ 54-58/, իսնչպես նաև քրեագիտական-մանրաթելային և
դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 161707005 եզրակացությամբ այն մասին, որ
հիշյալ պատուհանագոգի հատվածի վրա առկա քսվածքներն ունեն ընդհանուր սեռային
պատկանելիություն տուժողի կոշիկների ներբանների թաթային և կրկնային մասերից վերցված
նմուշների հետ /հատոր 3-րդ` գ.թ 1-11/:
Բողոքում նշված այն հանգամանքը, թե դատախազությունում հարցաքննությունից հետո ինչ
իրավական հիմքով են Լ.Գուլյանը և Մ.Գրիգորյանը հրավիրվել ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ,
ապա քրեական գործի ուսումնասիրությամբ առկա է, որ Ստեփան Վարդանյանի սպանության
փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվել են օպերատիվ-քննչական
միջոցառումներ, որի քննչական աշխատանքները կատարել են Շենգավիթի դատախազության
քննիչները, իսկ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ձեռնարկել են ՀՀ ոստիկանության
ՔՀԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՎ և Շենգավիթի բաժնի ՔՀ աշխատակիցները, որոնք,
Լ.Գուլյանին հրավիրելով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, առաջնորդվել են
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից հնարավոր չի եղել կատարելու միայն մանեկենի
միջոցով քննչական փորձարարություն, որը պատճառ է Հայաստանի Հանրապետությունում
տուժողի ֆիզիկական տվյալներին համապատասխանող մանեկենի և այդ բնույթի
փորձարարություն կատարող մասնագետների բացակայության: Քննիչի կողմից բավարարվել է
տուժողի իրավահաջորդի և ներկայացուցիչների խնդրանքը` Եվրոպայից մանեկեն ձեռք
բերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու վերաբերյալ, որի համար նախաքննության
ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով, սակայն նշված ժամանակահատվածում խոստացված
մանեկենը վերջիններիս կողմից նույնպես հնարավոր չի եղել ձեռք բերել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացված բողոքն այն մասին, որ
նախաքննության մարմնի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ
հոդվածի 1-ին մասի պահանջը. «չեն վերլուծվել քրեական գործով հավաքված ապացույցները,
չկա գեթ մեկ հղում դրանցից որևէ մեկի վրա, արված հետևությունները չեն հիմնավորվել
փաստական որևէ տվյալներով», ապա հարկ է նշել, որ բողոք ներկայացնող կողմը,
ընթերցելով 261-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, անտեսել է նույն հոդվածի 5-րդ մասի
պահանջը, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից կայացված
որոշումը` քրեական գործի վարույթը կարճելու մասին, բխում է ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի պահանջներից: Որոշման
նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված են ինչպես քրեական գործ հարուցելու
հիմքերը, այնպես էլ նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց
հիման վրա քրեական գործի վարույթը ենթակա է կարճման: Պահպանվել է նաև հիշյալ
հոդվածի 5-րդ մասի պահանջը, որով արգելվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով
վարույթը կարճելիս, որոշման մեջ նշել հանգամանքներ կամ տալ ձևակերպումներ, որոնք
կասկածի տակ կարող են դնել անձի անմեղությունը:
Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները
բողոքում նշել են, որ քննիչը չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ
հոդվածով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին պատճառաբանված որոշում
կայացնելու իր պարտականությունը, սակայն չի վկայակոչել այն ապացույցները, որոնք
հիմք են տալիս անձին ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով որպես մեղադրյալ
ներգրավելու համար:
Ներկայացված բողոքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններն անհիմն
որակվել են հանցավոր, իսկ նախաքննության մարմնինը` անգործություն, որը բողոքող
կողմը դիտարկել է որպես Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային-իրավական
պարտավորությունների խախտում: Չնայած, ծանոթանալով քրեական գործի ողջ նյութերին,
այնուհանդերձ, բողոքող կողմը չի մատնանշել, թե ոստիկանության աշխատակիցների
կոնկրետ, որ գործողություններն են հանցակազմ պարունակում: Իսկ քրեական գործում առկա
տվյալներով, ՀՀ ոստիկանության աշխատակիցների որևէ գործողություն իր մեջ հանցակազմ
չի պարունակել և, բնականաբար, նախաքննական մարմինն անգործություն չի դրսևորել»:
Շարադրվածի հիմք ընդունելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ
Գ.Պետրոսյանի 008թ. մարտի 12-ի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանի և Հ.Ղուկասյանի 2008թ. մարտի
20-ին ներկայացրած բողոքը մերժվել է` անհիմն լինելու հիմքով:
