NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նորը լավ մոռացված հինը չէ
Ապրիլի 9-ին ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցավ իշխանության արարողակարգային
փոխանցում` գործող նախագահից հաջորդին: Իսկ նորը լավ մոռացված հինը չէ, այդ իսկ
պատճառով լիովին և իրականում նորովի հանդես գալու խնդիր ունի:
Թեև նախագահական կամ կիսանախագահական տիպի ցանկացած երկրում նախագահի
երդմնակալության արարողությունը սիմվոլիկ եղանակով արտահայտում է «պետության» և «նախագահի իշխանության» նույնացումը` այդ նույնացումը դեռևս կարիք ունի հաստատման և
լեգիտիմացիայի ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ընդ որում, նման լեգիտիմության դիֆիցիտը ոչ միայն գիտակցվում է, այլև խնդրի մասին
հնչեցվում է նորահռչակ նախագահի կողմից. «Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր
ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք
միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ
հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կոչ եմ
անում, եկեք քանդենք այդ պատը»: Իհարկե, պատը քանդելու կոչը ոստիկաններից կազմված
կենդանի պատի ներսում երդված նախագահի կողմից ոչ միանշանակ մտորումների տեղիք է
տալիս, բայցևայնպես իրական հիմնախնդիրների բարձրաձայնումը գերագույն ղեկավարության
կողմից վերջին տարիների Հայաստանում կարևոր նորամուծություն է:
Ընդհանրապես, Հայաստանի երրորդ նախագահի իշխանակալությունը հարուստ էր ոչ միանշանակ
մեկնաբանելի և ամբիվալենտ իմաստայնությամբ սիմվոլներով` սկսած երդմնակալության
ամսաթվից, որ համընկնում էր մարտիմեկյան զոհերի մահվան 40-րդ օրվան: Գործող և
շարունակվող իշխանությունների կողմից ինաուգուրացիոն արարողակարգի համար սահմանված
օրվանից չհրաժարվելն արտահայտում էր մի կողմից նրանց անկոտրումությունն ու
հաստատունությունը, մյուս կողմից զոհերի համար սեփական պատասխանատվության մերժումը:
Իսկ իշխանության «կայունության հաստատումը» սեփական շարքերը պինդ պահելու էական
գրավական է: Կարծում եմ, եթե երկրում առնվազն 8 երիտասարդ զոհվեին մեկ այլ`
իշխանության կողմից ակնհայտ անմեղսակից հանգամանքներում, արարողակարգի հետաձգումը
ավելի քան հավանական կլիներ:
Միևնույն` դիրքերի ամրապնդման նպատակն էր հետապնդում նաև Ազատության հրապարակում
երդման արարողությանը հաջորդած զինվորական քայլերթի իրականացումը: Ազատության
հրապարակը` իբրև ոգեղեն սիմվոլ, բացի իր արդեն ավանդական իմաստային
բովանդակությունից, վերջին հետընտրական զարգացումներում նոր նշանակություններ էր
ձեռք բերել: Այն նախ ընդդիմության իշխանության կենտրոնն էր, որտեղ տասն օր շարունակ
տեր ու տնօրեն էին ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիները: Եվ երկրորդ` այն ոչ
միայն նոր պայքարի խորհրդանիշն էր, այլև պայքարի դաշտը, որտեղ գաղափարական կռվին
հաջորդեց նաև ֆիզիկականը. ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ իշխանության կողմից
բռնի ուժի կիրառումը սկսվեց այստեղից:
Այսպիսով, Ազատության հրապարակը ձեռք էր բերել հրապարակային իշխանության նստավայրի
նշանակությունը և, առհասարակ, իշխանության խորհրդանշական իմաստը. ով տիրում է
Ազատության հրապարակը, նա տիրապետում է իրավիճակին: Ազատության հրապարակի
ընդգրկումն արարողակարգում հենց իրավիճակի տիրապետության, սեփական իշխանության
փաստացի ամրագրման դեմոնստրացիան էր, որը շեշտադրվեց նորահռչակ գերագույն գլխավոր
հրամանատարի նկատմամբ ուժայինների ենթակայության ճանաչումով: Ընդ որում, զինվորական
քայլերթի մեն միակ հանդիսատեսը հենց ինքը նորահռչակն էր, ինչը հավանաբար
ուժայինների նկատմամբ տիրապետության ինքնուրույնությունն էր մատնանշում` թեև
ակնհայտորեն միայնակությունն էր ակնարկում:
Լեգիտիմության խիստ դեֆիցիտի պայմաններում իսկապես միայնակ մնացած նորահռչակ
նախագահին ուրիշ ոչինչ չի մնում, քան ինքնուրույն գործելը` առաջին հերթին
քոչարյանական հետքից ու բեռից ձերբազատվելը:
Հայաստանի այլևս նախկին նախագահի քաղաքական գծի շարունակությունը դեռևս հստակ
տեսանելի է և առավելապես դրսևորվում է մի քանի չակերտավոր քաղաքական դեմքերի
առկայությամբ, շարունակվող քաղաքական հետապնդումներով1 և հեռուստատեսությունների
վերահսկելիությամբ2: Այնուհանդերձ, նախորդի ժառանգությունից դուրս գալու և անկախ
գործելու հնարավորությունից է կախված թե’ նոր, բայց հին իշխանության և թե’
առհասարակ պետության ու հասարակության ապագան: Ընդհանրապես ընտրության միջոցով
լեգիտիմություն չվաստակած նախագահը չնչին շանսեր ունի հետընտրական լեգիտիմություն
հաստատելու համար: Սակայն նման հեռանկարը խոստացված «ցավոտ» փոփոխությունների
միջոցով տեղի ունենալու ռեալ հնարավորություն ունի` ձևավորված իրական ընդդիմության,
հասարակության մեջ քաղաքացիական աչալրջության, արտաքին ճնշումների և ղարաբաղյան
խնդրի սրացման սպառնալիքների ներքո: Այս չորս գործոն-սպառնալիքները կարող են
նորահռչակ նախագահի կողմից որպես զսպաշապիկ կիրառվել իր իշխանությունը պահող,
սակայն բարեփոխումներին ընդդիմացող տնտեսական, կիսակրիմինալ և ազգայնական ուժերի
նկատմամբ: Իսկ այդ հնարավորությունից օգտվելու նորահռչակի ցանկությունն ու
կարողությունը նկատելի կլինի կառավարության ձևավորման հարցում և առաջին լուրջ
քաղաքական քայլերում: Թեև ակնհայտորեն Տիգրան Սարգսյանի` որպես վարչապետի
նախընտրությունը քոչարյանական գծի հետ կոմպոմիսի արդյունք է` այն բերում է
բարեփոխումների հույսով սպասողական դրության:
Իսկ քաղաքական բարեփոխումների հիմնական ստուգատեսը հին, բայց և նոր իշխանությունը
կհանձնի առաջիկա ՏԻՄ ընտրություններում, ԶԼՄ-ների քայլ առ քայլ ազատականացման և
դատական իշխանության անկախացման հարցերում:
Բայց, ինչպես միշտ այս անգամ ևս մի բայց կա. տեսական դաշտում ցանկացած դատողություն
կատարվում է ռացիոնալության գործոնի հաշվարկմամբ, իսկ դրա չափաբաժինը Հայաստանի
գործնական քաղաքականության մեջ հաճախ բավականացնում է միայն մարտավարական մի քանի
քայլի և ոչ թե հեռանկարային ռազմավարական քայլերի իրականացման համար: Տեսնենք:
Դե ինչ, ի գործ, պարոնա'յք:
1Արդեն իսկ նորահռչակ նախագահի երդմնակալությունից հետո արձանագրվեցին ընդդիմադիր
ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր, կալանավորվեց հասարակական-քաղաքական
գործիչ Շանթ Հարությունյանը, ով ելույթ էր ունեցել մարտի 1-ի երեկոյան` իշխանության
բռնությունների դեմ ընդվզող ցուցարարների առջև, ինչպես նաև դեռևս շարունակում են
լուրջ կասկած հարուցել քաղաքական ենթատեքստով դատավարությունները:
2Ապրիլի 9-ին նորահռչակ նախագահի երդմնակալությունից հետո շարունակվեց տեղեկատվական
հոսքերի` ավանդական դարձած ընտրովի հեռարձակումը, ինչի ակնհայտ ցուցանիշն էր «Եվրոնյուզ» միջազգային հեռուստաընկերությամբ ցուցադրվող այն տեսանյութի ընդհատումը,
որն առնչվում էր Հայաստանում մարտիմեկյան զոհերի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ
սգո արարողությանը:
