NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջինը արտակարգ դրությունից հետո
Շաբաթ` ապրիլի 19-ին Երեւանում պաշտոնապես հայտարարված արտակարգ դրության 20
օրերից եւ ըստ էության արտակարգ դրության 30 օրերից հետո առաջին անգամ պաշտոնապես
արտոնված հանրահավաք անցկացվեց` «Կանայք հանուն խաղաղության» հասարակական
կազմակերպության նախաձեռնությամբ: Քաղաքապետարանի առաջարկով, հանրահավաքը անցկացվեց
քաղաքապետարանի մատույցներում գնտվող` Կոմայգի կոչվող այգում: Ելույթ ունեցողները,
հիմնականում իրենց քաղաքական կալանավոր համարողների կանայք եւ ընկերներն էին. ՀՀ
նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, «Հայկական
ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը,
Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Հայրապետյանը,
քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած ազատամարտիկ
Արշավիր Բոզինյանը, երջանահիշատակ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա
Ղազարյանը եւ այլք:
Հանրահավաքի եւ ելույթների հիմնական թեման Հայաստանում քաղաքական կալանավորները,
կարգախոսները` «Ազատություն», «Հաղթանակ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն
նախագահ», «Սերժիկ հեռացիր», «Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի»
եւ այլն: Հանրահավաքը պետք է տեղավորվեր 15:00-17:00 սահմաններում, սակայն
կազմակերպիչներին անհայտ պատճառներով հանրահավաքը մի քանի րոպեով «սառեց»` հոսանք
չկար: Ոստիկանոթյունը սակայն, Ոստիկանության Երեւանի կենտրոն համայնքի բաժնի պետի
տեղակալ Տարոն Բաղդասարյանի միջոցով տեղեկացրեց, որ «սառած» հատվածը 17:00-ից հետո
լրացնել չի կարելի եւ հարկ է ցրվել: Ցուցարարները «ցրվեցին» դեպի Հյուսիսային
պողոտա եւ տեղ հասնելուն պես պարզ դարձավ, որ Ազատության հրապարակը պաշարված է
ոստիկանական կուռ շարքերով: Ինչպես մարտի 1-ից առայսօր, ոստիկանները որեւէ կերպ
չէին բացատրում, թե ինչու Թումանյան կամ Տերյան փողոցներում, Հյուսիսային եւ
Մաշտոցի պողոտաներում զբոսնել կարելի է, իսկ Ազատության հրապարակում` ոչ: Հիշեցնենք,
որ մարտի 20-ից հետո մի որոշ ժամանակ ոստիկանները դարձյալ առանց պատճառաբանության
թույլ չէին տալիս զբոսնել նաեւ Հյուսիսային պողոտայում:
Ոստիկանների միջամտության արդյունքում հանպատրաստից ծագած Կոմայգի-Հյուսիսային
պողոտա երթը շատ ավելի լայն լսարան ունեցավ: Հյուսիսային պողոտայում մոտ 30 րոպե
նույն կարգախոսները վանկարկելուց հետո ցուցարարները ցրվեցին: Մեր տեղեկություններով,
Ոստիկանության Երեւանի կենտրոն համայնքի բաժնի պետի տեղակալ Տարոն Բաղդասարյանը
հանրահավաքի կազմակերպիչ «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության
նախագահ Գայանե Մարտիրոսյանին սպառնացել է պատասխանատվության ենթարկել չարտոնված
երթի եւ Հյուսիսային պողոտայում չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:
