Ոստիկանությունը չթողեց երթ կազմակերպել

Մայիսի 12-ին լրացավ մեկ տարին այն օրից, երբ ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանը մահացավ ՀՀ ոստիկանության շենքում, ուր կանչվել էր որպես մի սպանության գործով վկա։ Ըստ ոստիկանության վարկածի, Լեւոն Գուլյանը փորձել է փախչել, ընկել է երկրորդ հարկի պատուհանից եւ մահացել։ Ըստ Գուլյանի հարազատների, Լեւոնին դաժանաբար ծեծել եւ խոշտանգել են ոստիկանները։

Լեւոն Գուլյանի հարազատներն ու այս խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ որոշել էին Լեւոնի մահվան տարելիցը նշել Երեւանի հանրապետության հրապարակից դեպի ՀՀ ոստիկանության շենք բողոքի եւ սգո երթով։ Հանրապետության հրապարակում հավաքվածները սակայն չկարողացան երթի դուրս գալ, քանի որ ոստիկանությունը արգելեց։ Ներկա էին վերջին շրջանի տարբեր ակցիաները «հսկող» բարձրաստիճան ոստիկանները։ Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու եկածներն հենց հանրապետության հրապարակում մոմեր վառեցին, ծաղիկներ դրեցին մահացածի նկարի առջեւ եւ հեռացան։