NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լեւոն Գուլյանի մահվանից մեկ տարի անց. Պատասխաններ չեն գտնվել
Փարիզ – Երեւան, մայիսի 12, 2008
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա:
Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի տղամարդու միջեւ վեճի, որն ավարտվել է կրակոցներով եւ նրանցից մեկի սպանությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել Գուլյանին պատկանող ռեստորանի մոտակայքում։ Նույն օրը երեկոյան պարոն Գուլյանը եւ այդ ռեստորանի երկու աշխատակիցներ հրավիրվել էին Շենգավիթի ոստիկանության բաժին որպես սպանության վկա։ Այնտեղ Լեւոնը գրավոր ցուցմունք է տվել այն ամենի մասին, ինչին ականատես է եղել, սակայն պահվել է ոստիկանության բաժնում մինչեւ մայիսի 10–ի ուշ երեկո։ Դրանից հետո նրան երկու անգամ թույլ են տվել տուն գնալ, սակայն պահանջել են, որ վերադառնա։ Երկու դեպքերում էլ Լեւոն Գուլյանը ենթարկվել է պահանջին: Ըստ Գուլյանի ընտանիքի անդամների եւ ռեստորանի նշված երկու աշխատողների, բոլոր երեք վկաները քննչական գործողությունների ընթացքում ենթարկվել են հոգեբանական եւ/կամ ֆիզիկական բռնության։ Մայիսի 12–ին պարոն Գուլյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության շենք, չնայած այն փաստի, որ Շենգավիթի ոստիկանության բաժնի քննչական խումբը վստահեցնում է, որ բոլոր քննչական գործողությունները Լեւոն Գուլյանի հետ ավարտվել էին։ Մայիսի 12–ին, ժամը 17.00–ի սահմաններում պարոն Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ նա մահացել է։ Ոստիկանությունից Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնել են, որ Լեւոնը երկրորդ հարկում գտնվող սենյակից փախուստի փորձ կատարելիս ընկել է պատուհանից եւ մահացել կամ էլ ինքնասպանություն է գործել։
Մեկ տարվա ընթացքում այս խնդիրը հասարակական քննարկումների ուշադրության կենտրոնում է եղել, անցկացվել են կացվել բազմաթիվ ակցիաներ, միջոցառումներ եւ մամլո ասուլիսներ, որոնց պահանջն էր պարզել ճշմարտությունը։ Մարդը մուտք է գործել Ոստիկանության շենք եւ այլեւս այնտեղից դուրս չի եկել՝ անկախ պատճառներից իշխանությունները պատասխանատվություն են կրում նման դեպքի համար։
2008 թ–ի մարտի 12–ին Լեւոն Գուլյանի բռնի մահվան փաստի առնչությամբ բացված քրեական գործը կարճվեց «հանցակազմի բացակայության» հիմքով։ Լեւոն Գուլյանի ընտանիքի փաստաբանները բողոքարկել են այս որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մերժվելուց հետո փաստաբանները դիմեցին դատարան։ 2008 թվկանի ապրիլից անցկացվել է երեք դատական նիստ, սակայն դատարանը մինչ այժմ որոշում չի կայացրել։ Մենք պնդում ենք, որ քննությունը չի տվել կարեւորագույն հարցերի պատասխաններ եւ չեն տրվել բացատրություններ Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։
2007 թ–ի մայիսի 21–ին FIDH եւ ՔՀԻ–ին իրենց համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի իշխանություններին անցկացնել լիարժեք, անկախ եւ անկողմնակալ քննություն, հայտնաբերել փաստեր եւ պատասխանատվության կանչել մեղավորներին, գործել Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոնվենցիայի եւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների համաձայն: Ակնհայտ է, որ Լեւոն Գուլյանի մահվանից մեկ տարի անց գրեթե ոչինչ չի արվել վերընշված խնդիրները լուծելու համար։
Այսօր մենք կրկին կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերսկսել գործի քննությունը եւ անցկացնել Լեուն Գուլյանի գործի թափանցիկ եւ արդար քննություն ճշմարտությունը պարզելու, արդարությունը վերականգնելու եւ Գուլյանի մահվան համար պատասխանատուներին պատժելու նպատակով։
FIDH-ի մասին
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH /, որի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում` միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պաշտպանում է 1948 թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքները: Կազմակերպությունը ստեղծվել է 1922 թ-ին: Այն ներառում է 155 անդամ կազմակերպություններ 5 մայրցամաքներից: FIDH-ը հանդես է գալիս որպես միջնորդ իր անդամների եւ միջազգային իշխանությունների միջեւ: Այսօր FIDH-ը իրականացնում է հազարից ավելի առաքելություններ` հետազոտություններ, դատավարությունների դիտորդություն, միջնորդություն եւ ոսուցում շուրջ հարյուր երկրներում:
FIDH-ը նաեւ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաեւ դիտորդական կարգավիճակ ` Մարդու եւ ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում:
