Հարկ է վերացնել անհանդուրժողականությունը

«Սկսելա» երիտասարդական շարժման անդամ Արսեն Խառատյանի վրա հարձակումը գնահատում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։



Հելսինկյան քաղաքացիական ասամլբեայի Հայաստանի կոմիտեի նախագահ Նատալյա
Մարտիրոսյանը
կարծում է, որ տեղի ունեցածը մարդկանց ահաբեկելու փորձ է,
ուզում են ասել «խելոք» մնացեք. «Արսենը ակտիվ, հայտնի եւ ազնիվ տղա է, ցուցադրաբար
ուզում են ցույց տալ, որ ահաբեկելու են, ուզում են վախեցնել»։ Նատալյա Մարտիրոսյանը
կարծում է, որ հասարակական կազմակերպությունները իհարկե պետք է բարձրաձայնեն իրենց
կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ, բայց չսահմանափակվեն միայն հայտարարությամբ՝ «պետք
է լուրջ քայլեր անեն, որ սա Հայաստանում չդառնա սովորական երեւույթ, երբ ցանկացած
մարդու փողոցում կարող են ծեծել»։



Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը
կարծում է, որ տեղի ունեցածը հանրապետությունում ձեւավորված անհանդուրժողականության
հետեւանք է։ Ըստ Արտակ Կիրակոսյանի օրեր առաջ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ
ոստիկան Դավիթ Ղազարյանի նկատմամբ բռնությունը, Միքայել Դանիելյան–Տիգրան
Ուրիխանյան ծեծկռտուքը եւս այս անհանդուրժողականության մթնոլորտի ծնունդ են։ Արտակ
Կիրակոսյանը կարծում է, որ վիճակը շտկելու համար, առաջին քայլը պետք է անեն
իշխանությունները. «առաջին հերթին իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը
մեծացնելու միջոցով։ Միայն այս ձեւով հույս կներշնչի, որ անպատժելիության մթնոլորտը
կվերացվի»։ Արտակ Կիրակոսյանի կարծիքով, այս պահին ամեն ՀԿ պետք է իր գործը անի, բայց հիմնական նպատակը պետք է լինի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելը կամ
գոնե մեղմացնելը. «անհանդուրժողականությունը եւ թշնամանքը հիվանդության պես բան են, որ մտել են մեր հասարակության մեջ։ Ես կողմ եմ անհանդուրժողականությանը երեւույթների նկատմամբ, այդ թվում եւ՝ ծեծի, բայց դա չպետք է վերածվի մարդկանց նկատմամբ անհանդուրժողականության եւ թշնամանքի, ինչի ակատեսն ենք այսօր»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ Արսեն Խառատյանի հետ տեղի ունեցածը եւ վայրի եւ ժամի առումով նշանակում է «հաշվեհարդար բոլորի աչքի առաջ»: «Ընդ որում երիտասարդական շարժման ակտիվիստներից մեկի նկատմամբ, ում երկու անգամ բերման են ենթարկել ոստիկանություն: Սա նույն երեւույթի շրջանակներում է, ինչ Միքայել Դանիելյանի հետ կատարվածը», նկատեց Արթուր Սաքունցը:

Սրանից ելնելով, Արթուր Սաքունցը նկատում է, որ մի կողմից իշխանությունները ձեւ են անում, թե կատարում են ԵԽԽՎ պահանջները, մյուս կողմից «ամենաթողությունը հասել է ամենաբարձր աստիճանի, ընդ որում՝ ծրագրավորված ամենաթողություն, ոչ թե առանձին դեպքեր, երբ օգտագործվում են ոստիկանական ստորաբաժանումներ, այլ ինչ-որ հանցավոր խմբավորումներ են օգտագործվում ակտիվ քաղաքացիների նկատմամբ, որ վախեցնեն: Սա տեղավորվում է իշխանությունների խուլիգանական գործունեության տրամաբանության մեջ, որը իշխանությունը սկսել է կիրառել մարտի մեկի առավոտից»: Արթուր Սաքունցը համոզված է, որ այս անգամ էլ կատարողներին չեն հայտաբերելու, բայց «ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը՝ ռեժիմը: Ռեժիմին է բնորոշ թիկունքից հարվածելը»:

Արթուր Սաքունցը կարծում է, որ այս դեպքից հետո առավել եւս պիտի շարունակվեն բողոքի տարբեր դրսեւորումները՝ ցույցեր, քաղաքական զբոսանքներ եւ դեռ ավելին. «կարծում եմ պետք է ազատել Ազատության հրապարակը»:

Դեպքի առիթով «Հիմա» երիտասարդական շարժումը
հաղորդագրություն է տարածել.

«Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը



Այսօր, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի
է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:



Մի քանի օր առաջ Արսենին զանգահարել է մի երիտասարդ, որը ներկայացել է որպես
«Լայֆ» ամսագրի թղթակից և
հարցազրույց խնդրել: Խառատյանը համաձայնել է և, ըստ պայմանավորվածության, ժամը
14.00-ին գնացել Վերնիսաժին հարող տարածքը` հանդիպման: Մի քանի րոպեից նա թիկունքից
հարված է ստացել գլխին (հավանաբար, երկաթե իրով), ընկել է գետնին և դաժան ծեծի
ենթարկվել երեք երիտասարդների կողմից, որոնք իրենց գործը կատարելուց հետո փախել են:
Արսենը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Շտապ օգնուքյան հիվանդանոց:



Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան
համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ
փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է
որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների
և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի
հասարակության ամենատարբեր շրջանակներում: Արսենը «Հանուն
գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ է,
«Սկսել ա» և «Հիմա»
երիտասարդական շարժումների առաջնորդներից և ամենաակտիվ մասնակիցներից:



Կարևոր ենք համարում ընգծել, որ սույն հանցագործությունը Արսեն Խառատյանի նկատմամբ
կատարվել է բացեիբաց և հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մաթնոլորտ տարածել և
կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը:»