NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ իշխանափոխությունը 80 տոկոսով իրականացել է
Ազատագրված տարածքների պաշտպանություն եւ հայ կամավորականների համախմբում
հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանը այսօր՝ 1.5 տարվա
ազատազրկումից ազատվելուց երկու օր անց հանդիպեց լրագրողներին։ Ժիրայր Սեֆիլյանը
հայտարարեց, որ իրեն ազատազրկել են ապօրինի եւ այդ ապօրինության եւ պատվիրատուները
եւ իրականացնողները անպայման պատժվելու են։ Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ ինքը
ռեկորդ է սահմանել. «ապօրինի զենք զինամթերք պահելու համար» ազատազրկվածները որպես
կանոն ազատվում են վաղաժամկետ, Ժիրայր Սեֆիլյանը նստեց ողջ ժամկետը։
Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ մարտի մեկի դեպքերից հետո Ազատության հրապարակում
զինվորական շքերթ անելը «թաթար–մոնղոլական ավանդույթ է», իսկ հունիսի 20-ի
հանրահավաքը հերթական վճռորոշ քայլը դեպի իշխանափոխություն։ Սեֆիլյանը համոզված է,
որ համաժողովրդական շարժումը ճիշտ ճանապարհ է ընտրել, ոչ թե հեղաշրջում, այլ քայլ
առ քայլ իշխանափոխություն. «իշխանափոխության 80 տոկոսը իրականացված է, մնում է մի
քանի տեխնիկական հարց», նկատեց Սեֆիլյանը։ Համաժողովրդական շարժումը դիմել էր
քաղաքապետարան հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու համար, իսկ
քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք Մատենադարանին հարող տարածքում, Սեֆիլյանի
կարծիքով, սա խոսում է իշխանությունների փոքրոգության մասին։ Ժիրայր Սեֆիլյանը
մասնակցելու է այս հանրահավաքին եւ եթե պահանջ լինի՝ ելույթ էլ կունենա։
«Ես դեռ 2006 թվականի դեկտեմբերի 2-ին ասացի, որ սրանք առանց արյուն թափելու չեն
հեռանա, երանի սխալված լինեի, մարտի մեկը անկման ամենացածր կետն էր, որին ցավոք
հասանք։ Մարտի մեկը քաղաքական իմաստով այս իշխանությունների վերջակետն էր։ Նրանք
վերջացած են։ Եթե մարտի մեկի կազմակերպիչները չպատժվեն, պիտի մոռանանք, որ
պետականություն ունենք», հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։ Նա կարծում է, որ այսօր շատ
կառույցներ՝ եկեղեցի, բանակ, կուսակցություններ շեղված են իրենց առաքելությունից,
հիվանդ են եւ պիտի բուժենք։ Իսկ մինչ այդ այսօր ունենք մի վիճակ, երբ «մահափորձի
վտանգը կախված է բոլորիս գլխին, մարտի մեկը՝ վկա»։ Սեֆիլյանը կարծում է, որ
ղեկավարը պետք է պատրաստ լինի կծու խոսք լսել. «այս մարդիկ ապացուցեին, որ իրենք
ղեկավար չեն»։
Ասուլիսի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը խոսեց նաեւ իրեն արտաքսելու մասին։ Ասաց, եթե
արտաքսեն կգնամ, ընտանիքս կմնա Հայաստանում. «դռնից հանեն, պատուհանից ներս կմտնեմ,
ձեւեր կան, թող իրենք մտածեն»։
