NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ դեռ մտագոհ է եւ էլի կսպասի, որովհետեւ Քոչարյանը այլեւս նախագահ չէ
ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երեւան այցի նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների եւ քաղաքական հարթություններում կատարվող աշխատանքներին տեղում, անձամբ ծանոթանալն է։

Ըստ Դեյվիդ Կրամերի, Հայաստանը եւ ԱՄՆ–ը բարեկամներ են, իսկ բարեկամները անկեղծ եւ շիտակ են խոսում։ Հենց այդ տրամաբանության մեջ էր Կրամերը մեր իշխանություններին հերթական անգամ փոխանցել է ԱՄՆ մտահոգությունը մարտյան դեպքերի կապակցությամբ եւ առաջարկել այն ինչ առաջարկում է նաեւ Եվրոպան. ամբողջությամբ վերացնել մամուլի եւ հանրահավաքների ազատությունների սահմանափակումները, պաշտպանված լինեն եւ լրագրողները եւ խմբագրությունները, հեռուստաեթերում բազմազանություն լինի, ազատ արձակվեն քաղաքական տեսակետներ հայտնելու համար կալանավորվածները եւ իրականացվի լուրջ եւ արժանահավատ հետաքննություն մարտի մեկի դեպքերի վերաբերյալ, ու սկսվի լուրջ երկխոսություն։ Դեյվիդ Կրամերի խոսքով, նպատակահարմար չէ նշել քաղաքական բանտարկյալների անուններ, բոլորին է հայտնի, որ մարտի մեկի դեպքերից հետո կալանավորվածների «99 եթե չասենք 100 տոկոսը» ընդդիմության ներկայացուցիչներ են։ Դեյվիդ Կրամերը ասաց, որ ԱՄՆ–ն ուզում է Հայաստանը լինի ամուր եւ ժողովրդավարական, քանի որ հենց այդպիսի Հայաստանը կարող է լինել ամուր գործընկեր։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ժողովրդավարության ուղի, մենք ընդունում ենք, որ այդ ճանապարհին կարող են լինել վերելքներ եւ վայրէջքներ։ Բայց մենք կուզեինք, որ վերելքները նշանակալիորեն ավելի շատ լինեն եւ կարողանան վայընթաց շարժումներին ճնշել», հայտարարեց Դեյվիդ Կրամերը հավելելով, որ Հայաստանի ապագան միայն ու միայն Հայաստանի ժողովրդի ձեռքում է։ Սրանից բացի, ԱՄՆ հույս ունի, որ ընդդիմություն–իշխանություն երկխոսության ցանկություն եւ պատրաստակամություն ունի ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ՝ իշխանությունը, բայց «կառավարության կողմից որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն։ Էապես կարեւոր է, որ իշխանություն ունեցող կուսակցությունը խոսի իշխանական լծակներ չունեցող կուսակցությունների հետ։ Երկխոսությունը մյուս տարբերակների համեմատ ամենանախընտրելի տարբերակն է»։ Սա ասողը գիտի, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ կա վստահության պակաս ու էլի հույս ունի որ կառավարությունը լրջորեն կհետաքննի ու կբացահայտի նրանց, ովքեր պատասխանատու են 10 զոհերի համար։
Մարտյան դեպքերից հետո, հավանական տարբերակն էր համարվում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսական աջակցության կասեցումը։ Բանախոսը չասաց, թե այս հարցում վերջնական որոշում կա, թե ոչ, դա ավելի ուշ, բայց կորպորացիայի օգնության նախապայման է ժողովրդավարությունը եւ արդարացի կառավարումը, իսկ մարտյան իրադարձություններից հետո մտահոգություններ կան. «ծրագիրը շարունակելու լավագույն տարբերակը այն է, որ Հայաստանը վերադառնա ժողովրդավարության ուղի»։ ԱՄՆ ներկայացուցիչը չի ընդունում այն կարծիքը, թե մեր քաղաքացիները չեն կարող որեւէ դերակատարում ունենալ, քանի որ չեն ուզում իրենց ուսերին պատասխանատվություն վերցնել։ Այդ իշխանությունը պետք է աշխատի մարդկանց համար եւ կանոնավոր հանդիպումներ ունենա մարդկանց հետ՝ իշխանությունները ծառայեն ժողովրդին։
Երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնում նախագահի պաշտոնը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը հայտարարեց, որ ճիշտ կլինի նոր վարչակազմին հնարավորություն տալ շտկել իրավիճակը եւ ԱՄՆ–ում սովորաբար 100 օր են սպասում եզրակացություններ անելու համար։ 100 օրվա մեծ մասը արդեն անցել է, ինչ եզրակացություններ է արել ԱՄՆ–ը հարցին ի պատասխան Դեյվիդ Կրամերը ասաց. «անելիք դեռ շատ կա։ Ես չգիտեմ ինչքան են պաշտոնավարել, բայց այս իշխանությունները դեռ նոր են եւ ժամանակ դեռ կպահանջվի։ Մաթեմատիկան ես այնքան էլ լավ չեմ իմացել, բայց ուզում եմ նշել, որ հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքում մարտյան դեպքերի կրկնություն չեղավ։ Հուսով ենք առաջիկայում եւս նման հանրահավաքներ կլինեն եւ 40 ավելի անգամ դիմելու կարիք չի լինի»։ Բանախոսը սրան հավելեց, որ հանրահավաքը չարտոնելու հիմք հանդիսացած միջոցառումը այդպես էլ չի կայացել ու հույս հայտնեց, որ սրանից հետո հանրահավաքներ կլինեն հունիսի 20-ի հանրահավաքի նման՝ առանց ցնցումների։ Պարզվեց, որ Դեյվիդ Կրամերը ավելի շատ վստահում է ԱՄՆ դեսպանատան իր գործընկերներից ստացած տեղեկություններին, քան այն նյութերին, որոնք առկա են մարտյան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործում։ Ըստ գործի, մարտի մեկի դեպքերով տուժողներ չկան, Դեյվիդ Կրամերի կարծիքով «առողջ բանականության համաձայն, եթե կա 10 սպանված, պետք է հետաքննություն լինի։ Անգամ մեկ սպանությունը պետք է հետաքննվի»։
Դեյվիդ Կրամերը չասաց, թե ինչու ԱՄՆ նախագահը առայսօր չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, բայց ասաց, որ նոր նախագահին վերաբերվում են որպես նոր նախագահ, նոր վարչապետին՝ նոր վարչապետ, նոր վարչակազմին՝ նոր վարչակազմ, պարոն Քոչարյանը այլեւս նախագահ չէ։
