NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կարո՞ղ է Ղարաբաղը դառնալ Հայաստանի համար օրինակ
Վերջերս ղարաբաղյան հարցը իր բուն թեմայից շեղվել էր եւ վերածվել «հայաստանցի/ղարաբաղցի»,
«ղարաբաղի սպեցնազ», «ղարաբաղյան կլան» եւ այլ նմանատիպ հարցերի մանրամասն զննմանը։
Մի կողմից, այսպես կոչված բուն ղարաբաղյան թեման շուտվանից քննարկելու առարկա չէ։
Ինչ կարելի է քննարկել, եթե գաղտնի բանակցություններ են, անիմաստ միջնորդների այցեր,
խորիմաստ տեղեկատվական լցոնումներ եւ այլ անհասկանալի շարժումներ։ Մյուս կողմից,
կլան/սպեցնազը նույնպես առանձնապես քննարկելու բան չէ։ Ելնելով այլ պատճառներից,
որոնք ողջամիտ քաղաքացուն պետք էլ չէ բացատրել։
Սակայն պարզ է, որ Ղարաբաղի մասին խոսելը կարեւոր է։ Առավելեւս, որ վերոհիշյալ
երկու թեմաներից բացի շատ ուրիշները ու շատ ավելի կարեւորները կան, որոնց
ուշադրություն չի դարձվում։ Հաշվի առնելով, որ իրականությունն այն է, որ այսօր
գոյություն ունեն երկու հայկական պետություններ, դա մեծ առավելություն է զուտ փորձի
փոխանակման տեսանկյունից։ Պարզ է, որ Հայաստանի իշխանությունները եւ հասարակության
մի մասը ոտ ու ձեռ ընկած, հետաքրքրվում են արեւմտյան պետականության եւ քաղաքացիական
հասարակության կայացման փորձով։ Սակայն ոչ ոք չի հետաքրքրվում՝ թե ինչ է կատարվում
նույն Ղարաբաղում, որը ակնհայտորեն Հայաստանի կլոնը չի շուտվանից։
Ղարաբաղը, ելնելով իր բնակչության կոմպակտությունից եւ խառնվացքից, աշխարհագրական
դիրքից, պատերազմական փորձից եւ ապագա սպասելիքներից, իրենից ներկայացնում է
հնարավոր հայկական հանրապետության մի այլ տարբերակ, որին լավ կլիներ ուշադրություն
դարձնեին Հայաստանում։
Այս նյութը գրելիս, հանդիպեցի «Լրագրում» վարչապետի խոսքերը, որն ասվել էին հենց
Ղարաբաղում։ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
խոստովանել է, որ Ղարաբաղի քաղաքացիներն առավել հանդուրժողական են: ՀՀ նախարարները
կարող են արդյո՞ք ինչ-որ բան սովորել Ղարաբաղի իրենց գործընկերներից, հարցրել են
լրագրողները: «Երբ մենք այցելում ենք Ղարաբաղ, ակնհայտորեն երեւում են այստեղ առկա
հարաբերական առավելությունները. ակնհայտ է, որ կյանքն այստեղ ավելի կազմակերպված է,
Ստեփանակերտն ավելի մաքուր է, մարդիկ ավելի օրինապաշտ են, հարաբերություններում կան
ավելի շատ փոխըմբռնում, հանդուրժողականություն: Կարծում եմ, այս ակնհայտ
երեւույթները մեզ համար շատ ուսանելի են,- գտնում է ՀՀ վարչապետը: -
Կարգապահությունը, թափանցիկությունը, ստվերային տնտեսության ավելի ցածր մակարդակը,
հարկահավաքման արդյունավետությունը. այս բոլոր բնագավառներում մենք սովորելու բան
ունենք»:
Թվում է, թե Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են հասկանալ նման պարզ
իրողությունը։ Մնում է, որ նման մտքերը հայտնվեն նույնպես հասարակության մեջ եւ
չմնան միայն դատարկ խոսքեր։
Սակայն, որպեսզի Հայաստանի հասարակությունը նման գաղափարների գա, պետք է, որ
հայաստանցիք տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Այդ էլ այն պարագայում,
երբ շատերը չեն էլ եղել այստեղ եւ մտադրություն կամ հնարավորություն չունեն։ Իսկ
լրատվամիջոցները հնարավորություն չեն տալիս «ներսից» ծանոթանալ Ղարաբաղին։
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանում ներկայացվում է հիմնականում միայն հայ–ադրբեջանական
հարաբերությունների, ավելի ճիշտ՝ հակամարտության ներքո։ Հայաստանի բնակիչները եւ
սփյուռքի հայերը գրեթե տեղյակ չեն, թե ինչով են ապրում ղարաբաղցիները։
Երեւի թե տեղեկատվական դատարկությունը ամենացավալի հարցերից է։ Իսկ հայտնի է, որ
բնությունը դատարկություն չի սիրում։ Հայաստանյան մամուլը ընդհանրապես
ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղում կատարվող թե քաղաքական, թե
քաղաքացիական գործընթացներին։ Պարադոկսալ է, բայց հայերի համար ամենակարեւոր
տարացքում հայաստանյան մամուլը չունի իր սեփական թղթակիցներին։ Այս փաստը պարզապես
չունի ոչ մի տրամաբանական բացատրություն։
Իսկ Ղարաբաղից հայաստանցիք տեղեկատվություն ստանալու նույնպես մեծ այլընտրանք
չունեն։ «Karabakh Open» օն–լայն թերթը օրերս փակվեց, «Դեմո» թերթը փակվելու վրա է։
Իսկ «Ազատ Արցախ» թերթը փաշտոնական է, ինչը բնականաբար իր հետքն է թողնում այս
աղբյուրի վրա։ Բացի դրանից, այս աղբյուրները հիմնականում հայաստանցիների եւ
սփյուռքի համար հասանելի են միայն ինտերնետի միջոցով, ինչը խիստ նվազեցնում է
ընթերցողների թիվը։ Եվ մեկ ուրիշ հանգամանք՝ այս աղբյուրները գրեթե չեն գովազդվում
եւ հիմնականում ընթերցվում են հենց Ղարաբաղում։
Այնպես որ, վարչապետի խոսքերը որպեսզի գոնե մի քիչ մոտենան իրականությանը, խիստ
անհրաժեշտ է լցնել տեղեկատվական դատարկությունը եւ Հայաստանի հասարակությանը
ծանոթացնել Ղարաբաղի հետ։ Պարզ է, որ անհրաժեշտ է հակառակ ուղղությունը՝ Հայաստանից
դեպի Ղարաբաղ տեղեկատվական հոսքը, նույնպես զարգացնել։
