NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կվերադառնա, արդյոք, «Ա1+»-ը եթեր
Սա է այն գլխավոր հարցը, որ հետաքրքրում է հասարակությանը` Եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշումից հետո
Ինչպես երեւում է Հայաստանի իշխանությունները ցանկանում են կոծկելով մոռացության մատնել «Ա1+»-ի խնդիրը: Համենայն դեպս, մինչ այժմ նրանք չեն կատարել որեւէ քայլ, որը կվկայեր ընդդեմ ՀՀ-ի «Ա1+»-ի հայցով Եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ նշված` սեփական պատասխանատվությունն ընդունելու մասին: Նույնիսկ այն 20 հազար եվրոն, որը պետությունը պետք է վճարի հեռուստաընկերությանն իբրեւ փոխհատուցում, մինչ այժմ վճարված չէ, թեպետ որոշման հրապարակումից անցել է ավելի քան երկու ամիս:
Բանն, իհարկե, փողը չէ: Սակայն սրանով նույնպես երեւում է խնդիրը լուծելու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը. այն է` առավելագույնս ժամանակ ձգել, իսկ հնարավորության դեպքում` անտեսել Եվրոպական դատարանի վճիռը, կամ դրա կատարման պատրանք ստեղծել: Ճիշտ այնպես, ինչպես «իրականացվում են» միջազգային կառույցների առջեւ ստանձնած այլ պարտավորությունները:
Փոխհատուցում վճարելը, պետք է խոստովանել, «Ա1+»-ի հայցով Եվրոպական դատարանի որոշման ամենակոնկրետ կետն է: Եվ, ամենայն հավանականությամբ, մինչեւ ժամկետը լրանալը (սեպտեմբերի 17-ը) այդ գումարը կփոխանցվի հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ հաշվին: Իսկ ինչ վերաբերում է տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու խախտված իրավունքը վերականգնելու, թույլ տված անարդարությունը վերացնելու միջոցառումներ ձեռնարկելուն եւ հեռարձակման լիցենզիա տրամադրելուն, ապա սրանց դեմ իշխանությունները, հավանաբար, կփորձեն կիրառել իրենց «հնարամտության» ողջ զինանոցը: Բացառված չէ, որ այս անգամ էլ նրանք կփորձեն գլուխներն ազատել տարբեր կիսատ-պռատ միջոցառումներով, որոնք կարող են եվրոպական գործընկերներին ներկայացվել իբրեւ արդարության վերականգնմանն ու խոսքի ազատության զարգացմանը միտված քայլեր:
Հնարավոր է, որ նման քայլերը, ավելի ճիշտ` «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր վերադարձնալու հակաքայլերը, տան իշխող վերնախավին ցանկալի արդյունքը, ինչին ականատես ենք վերջին ավելի քան 6 տարիների ընթացքում: Հուսալ, թե Եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաեւ ԵԽԽՎ` Հայաստանին վերաբերող վերջին երկու բանաձեւերը (N1609 եւ N1620) իշխանությունների վրա սթափեցնող ազդեցություն կունենան, արդեն չենք կարողանում:
Ստեղծված իրավիճակում չափազանց կարեւոր է այդ փաստաթղթերի պահանջների կատարման վրա հասարակական հսկողության ակտիվացումը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն այս տարի կհայտարարվեն հեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ, որոնց, հավանաբար, նորից կմասնակցի «Ա1+» հեռուստաընկերությունը: Համենայն դեպս, Եվրոպական դատարանի որոշմամբ նախատեսված այդ մրցույթների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի մոնիտորինգը հնարավորություն կտա պարզելու, թե որքան անաչառ եւ արդար են դրանք, եւ ստեղծվա՞ծ են, արդյոք, «Ա1+»-ի եթեր վերադառնալու հնարավորություններ:
